Գրքեր
12 Դեկտեմբեր, Շբ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր

Հակոբ Մծբինի Հայրապետ

Հայտնի և սիրելի սուրբ է որքան ասորիների, նույնքան էլ հայերիս մոտ: Ծնվել մեծացել, գործել և վախճանվել է Մծբին քաղաքում, որն այսօր հայտնի է Նուսեյբին անվամբ, գտնվում է Թուրքիայի հարավ-արևելյան սահմանին: Իր կյանքի առաջին տարիները անց է կացրել ուսմամբ և հոգևոր կրթությամբ: Երիտասարդ հասակից ճգնողական և աղոթական կյանք վարելու նպատակով առանձնացել է անապատում:

Երբ Մծբին քաղաքի իր ժամանակակից եպիսկոպոսը մահացավ՝ քաղաքի երկու հակադիր հոսանքների կողմից երկու թեկնածուներ ներկայացվեցին: Սակայն Մարուգե ճգնավորի խորհրդով բոլորն էլ միաբանվեցին Հակոբ ճգնավորի շուրջ և նրան անապատից բերել տալով՝ 320 թ.-ին եպիսկոպոս ձեռնադրեցին Ամիդայի մեջ:

Ս. Հակոբի կյանքը լեցուն է հրաշագործ դրվագներով, որոնք պարզապես վկայում են, թե ինչ աստիճանի ժողովրդականություն վայելող հոգևոր գործիչ էր նա: Նրա ուսուցիչը եղել է Մարուգե Ճգնավորը, իսկ ինքն էլ հանդիսացել է Եփրեմ Խուրի Ասորի մեծ մատենագրի ուսուցիչը: Ներկա է եղել 325 թ.-ի Նիկիո Տիեզերական Ժողովին, որտեղ, ըստ ավանդության, մեծ հարգանքի է արժանացել Կոստանդիանոս Մեծ կայսեր և ժողովականների կողմից: Արդարև, ընդդեմ Արիոսի և Արիոսականության, որոնք դատապարտված էին Նիկիական Ժողովում, Քրիստոսի Եկեղեցու ուղղափառության մեծ պաշտպաններից մեկը եղավ: Մինչև իսկ ավանդությունը ասում է, որ Արիոսը նրա անեծքի, կամ աղոթքի միջոցով արժանացել է չարաչար մահվան: Աղոթքով, հնարամտությամբ և իր ժողովրդին սրտապնդելով՝ երկու-երեք անգամ իր քաղաքն ազատել է պարսկական պաշարումից: Իրապես եղել է իր ժողովրդի անձանձիր հովիվը և հոգեշահ քարոզիչը: Ինչպես նաև մեծ գրող է եղել ոչ միայն աստվածաբանական հարցերի վերաբերյալ, այլ նաև կյանքի հետ սերտ կապ ունեցող կրոնաբարոյական գործնական խնդիրների վերաբերյալ: Թեև, նախքան եկեղեցական դառնալը հալածանքների է ենթարկվել Մաքսիմինոս Դաժի հարուցած հալածանքների ժամանակ, սակայն իր կյանքը խաղաղության մեջ է կնքել 338 թ.-ին: Նրա նշխարները, որոնցից շատ կա մեր Եկեղեցում, 970 թ.-ին, նաև Կ. Պոլիս են տարվել, որտեղ՝ կայսրական մայրաքաղաքում, մեծ հարգանքի են արժանացել:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ շաբաթ օրը:

 

Մարուգե Ճգնավոր

Նրա առանձնական վարքը չկարողացանք գտնել ո՛չ մեր Հայսմավուրքներում, ո՛չ հունա-հռոմեական տոնացույցներում և ոչ էլ ասորիների մոտ: Մեր եկեղեցում նրա հիշատակությունը և անունը անբաժան է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետից, ինչ որ արդարև հաստատում է «Սրբերի լիակատար Վարքը և Վկայաբանություն»-ը, նրանց հետ միաբանելով նաև Մելես կամ Մելիտոս Եպիսկոպոսին. «Այս երեք սուրբերն իրար հետ ունեցած հարազատության պատճառով միասին են տոնվում, և այս իսկ պատճառով Մարուգեի և Մելիտոսի վարքը Հակոբ Մեծի վարքի հետ է մատուցվում»:

Առաջին ընդհանրությունն այն է, որ Մարուգեն խորհրդատուն և ուսուցիչն է Ս. Հակոբի, որն իր երիտասարդության տարիներին առանձին ճգնելուց հետո գալիս է այն վանքը, որի վանահայրն էր Մարուգեն: Մարուգեն «հոգետես մարդ էր և մարգարեության հոգի ուներ», որն արդարև մարգարեացավ, որ մի օր այս խոնարհ երիտասարդը Մծբինի մեծանուն Եպիսկոպոսը պիտի դառնա: Այս երկուսը՝ Մարուգեն և Հակոբը, «որպես լծակիցներ, որոնք լծված են Քրիստոսի Խաչի լծին, կամաց-կամաց հերկեցին ասորիների և Հայոց Միջագետքի ժողովրդին և նրանց սրբության համբավը և ճգնողական վարքը հայտնի դարձավ»:

Երբ մի օր Մարուգեն ասաց Հակոբին, թե այստեղից ոմանք կասկածում են Նոյի տապանի և ջրհեղեղի պատմության իսկության վրա, իսկ մնացածն էլ երկմտում են, թե որտեղ է հանգրվանել տապանը, այստեղ, մեր Կոդվաց լեռներում, թե Հայոց Արարատ լեռան վրա, Հակոբը մտադրվեց փարատել այս կասկածները: Ուստի ուղևորվեց դեպի Արարատ լեռ, և նախքան լեռ բարձրանալը, երբ մի պահ քնով անցավ լեռան ստորոտին, Աստծո հրեշտակը երազում ասաց, որ կարիք չունի մինչև լեռան գագաթը բարձրանալու նեղությունը կրել, քանի որ տապանից մի կտոր արդեն իսկ նրա գլխի տակ է: Հակոբը մեծ ուրախությամբ վերցրեց այն և բերեց Մարուգեի մոտ, որն այն տեսնելով մեծապես ուրախացավ «և այն վերցնելով համբուրում և աչքերին էր հպում»:

Մծբին քաղաքի եպիսկոպոսի մահվանից հետո ամբողջ քաղաքը մի քանի մասի էր բաժանվել զանազան թեկնածուների պատճառով: Մարուգեին հաջողվեց բոլոր ձգտումները միավորել Հակոբի շուրջ:

Միասնաբար կատարած տարբեր հրաշքներ են վերագրվում երկուսին: Օրինակ՝ Մարուգեն մի տասնհինգ տարվա անդամալույծ տեսնելով, ասում է Հակոբին. «Արի այս մարդու բժշկության համար աղոթենք»: Աղոթելուց հետո մեկը աջ թևից մյուսը ձախ թևից բոլորովին բժշկված վեր են բարձրացնում անդամալույծին: Երկուսը միասին բժշկում են նաև Մծբին քաղաքի կառավարչի եղբոր որդուն, որը երկու ոտքերն իրար սերտաճած էր ծնվել: Մարուգեն Հակոբից խնդրեց, որպեսզի մկրտի երեխային, որից հետո փոքրիկը ողջանդամ դուրս եկավ ավազանից:

Մարուգեի և Հակոբի կապը հար և նման է Ռեթեոսի և Դիոնեսիոսի միջև եղած անբաժան կապին, բայց Մարուգեի պատմականությունը և անձի սրբությունը կասկածից վեր է:

 

Մելիտոս կամ Մելես Եպիսկոպոս

Մեր տոնացույցում երկու Մելիտոսներ ունենք, մեկը՝ Անտիոքի Հայրապետն է, մյուսը հիշատակվում է Հակոբ Մծբինի Հայրապետի հետ: Մեր Հայսմավուրքներում որևէ Մելիտոս անունով սրբի հիշատակություն չկա: Միայն կա Մելի, կամ Մելես մի եպիսկոպոսի հիշատակություն՝ նոյեմբերի 22-ին: Մենք վերոհիշյալ վերջին Մելիտոսին պիտի նույնացնենք Հայսմավուրքի Մելեսի հետ և նախ կխոսենք իր մասին և ապա ըստ առիթի՝ Անտիոքի Մելիտոսի մասին:

Համաձայն Հայսմավուրքի տվյալների՝ Մելեսը ազգությամբ պարսիկ էր: Նախապես պարսկական բանակում մի քրիստոնյա զինվորական էր: Հրաժարվելով զինվորական կյանքից, նվիրվել է հոգևոր կյանքին: Ապա Բիթրազան քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվել: Սակայն նշվում է, որ քաղաքն առավելապես արևապաշտներով էր բնակեցված, ուստի նրանք այդ քաղաքից հալածեցին նրան: Այս դեպքերի հետևանքով մի երկար ճանապարհորդություն ձեռնարկեց դեպի Երուսաղեմ և դեպի Ալեքսանդրիա, որտեղ հանդիպեց Անտոն Մեծին: Վերջինս խորհուրդ տվեց նրան վերադառնալ Պարսկաստան և այնտեղ շարունակել իր քարոզչությունը:

Վերադարձի ճանապարհին հանդիպեց Հակոբ Մծբնեցուն: Ապա իր ավետարանչական գործունեությունը տարածեց մինչև Տիզբոն՝ այն օրերի Պարսից մայրաքաղաքը: Աշխատեց հարթել քրիստոնյաների մեջ առկա վեճերը և հեթանոսներից շատերին քրիստոնեության բերեց; Տեղի իշխանությունները նրան բանտարկեցին և ստիպեցին, որպեսզի արեգակին զոհ մատուցի: Երանելին այս հիմար առաջարկի համար նրանց խիստ կշտամբեց, որից զայրանալով իշխանն իր իսկ սրով սպանեց նրան:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց երրորդ շաբաթ օրը:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․