14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր
1 Օգոստոս, Շբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

Արիստակես Հայրապետ 264-333

Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին է, Կեսարիայում 264 թ.-ին ծնված: Մանկությունից իսկ, իր կենսագրի բառերով. «Մեծացել էր Աստվածագործ ծառայության համաձայն» (Ագաթանգեղոս), այսինքն դաստիարակվել էր աստվածապաշտական ծառայության համար: Վաղ երիտասարդությունից ճգնողական կյանքին հետևեց. «մենակյաց լեռնակաների օրենքը ընդունեց», այսինքն միայնակ լեռնաբնակ կրոնավորների կարգերն էր անցել և ոմն Նիկոմաքոս անունով ճգնավորի առաջնորդությամբ, ինքն իրեն քաղցի, ծարավի տքնության և «բանջարաճաշակ ու խարազանազգեստ» կենցաղավարության էր ենթարկել:

Երբ չափահաս դարձավ և հոգևոր կատարելության բոլոր կանոններին տիրացավ, ինքն էլ իր հերթին աշակերտների մի յուրահատուկ խումբ ունեցավ, որոնց կրթում էր թե՛ կրոնական կատարելության կանոններով և թե՛ «ավետարանին սպասավորելուն», ինչը նշանակում է, որ նա քարոզչությամբ էլ է զբաղվել: Ամեն տեսակ փորձությունները և ինքնազրկանքները «կամայական քաջությամբ» տարավ, այսինքն սիրահոժար արիությամբ ամեն տեսակ փորձություններին և նեղություններին համբերելով և հաղթահարելով դրանք, մի «լուսավորված և պայծառացած» հոգեվիճակի հասավ, այսինքն տիրացավ բարձրագույն միստիկ կատարելությանը՝ «Աստծուն և բոլոր մարդկանց հայտնի և հաճելի եղավ»: Ուրեմն համաձայն իր կենսագիր Ագաթանգեղոսի ժուժկալ նկարագրության, Արիստակեսը մինչև եկեղեցական ասպարեզ մտնելը արդեն հասել էր օրինակելի կրոնական հոգևոր կատարելությանը: Այս ամենը Հայաստանից դուրս՝ Կեսարիայում եղավ՝ «մենակյաց և լեռնաբնակ» կյանքի ընթացքում և «ավետարանին սպասավորության» ժամանակ:

Ինչպես գիտենք, Լուսավորիչը, երկրի հեռավոր մասերում ավետարանելու և կամ իր առանձնասիրությանը գոհացում տալու համար, հաճախակի բացակայում էր Հայրապետանոցից;

Տրդատ թագավորը, անդրադառնալով այս իրողությանը մի կողմից, մյուս կողմից էլ Լուսավորչի որդիների մասին ավելի հանգամանալից տեղեկանալով, վերջ ի վերջո մարդ ուղարկեց, որ նրանց իր մոտ բերեն: Կենսագիրը պատմում է, որ Արիստակեսին գտան «իր անապատական մենաստանում», այսինք մի ամայի վայրում, իր մենաստանում կենցաղավարելու ժամանակ: Երբ հայոց թագավորի հրավերը ներկայացրին, Արիստակեսը չցանկացավ թողնել իր «մենաստանը», մինչև որ «քրիստոնյաների բազմությունը»  համոզեց նրան, որ ընդունի առաջարկը, ասելով «ավելի լավ է, որ Աստծո անդաստանի մշակության գործին նվիրվես, քան անապատում մենակեցությանը»: Ուստի երկու եղբայները՝ Վրթանեսն ու Արիստակեսը, հետևեցին Տրդատի պատվիրակներին: Երբ Հայաստան հասան, թագավորի հետ միասին իրենց հորը փնտրեցին և նրան գտան Դարանաղյաց գավառի Մանյայի Այր կոչվող ճգնարանում: Տրդատը Ս. Լուսավորչին խնդրեց, որ իր երկու որդիներին եպիսկոպոս ձեռնադրի: Այս կապակցությամբ Օրմանյանը ավելացնում է. «Ընդհանուրի ցանկությամբ, Արիստակեսը որպես ավելի հոգևոր անձնավորություն, իր ավագ եղբորից առաջ է եպիսկոպոսության կոչվում և իր հորից հայրապետական պաշտոնի օգնական նշանակվում« (Ազգ հատ. 73): Այս կապակցությամբ կնսագիրը (Ագաթանգեղոսը) խտացված, բայց գերազաց գովեստ է անում Արիստակեսի վերաբերյալ՝ ասելով, որ նա ձեռնադրությունից հետո քարոզչական և հովվական աշխատանքներ ձեռնարկեց և իր հորից առավել «գերագույն էր իր վարդապետությունը»: Այսինքն ուսուցանելու մեջ հորից առավել գերազանց էր:

Արիստակեսի մասին շատ դեպքեր, կամ գործունեության դրվագներ չեն պատմում: Նա հարատև և մշտական քարոզիչ է եղել Հայաստանի բոլոր կողմերում՝ նահանգից-նահանգ, գավառից-գավառ: Հիշատակության արժանի գլխավոր գործը, Նիկիայում 325 թվականին գումարված, համաքրիստոնեական Առաջին ժողովին, իր հոր փոխարեն, իբրև Հայաստանի Եկեղեցու ներկայացուցիչ, նրա մասնակցությունն էր: Նիկիայի ժողովին գնալու ժամանակ նրան ուղեկցում էին Արևելյան եպիսկոպոսներ Հովհաննես Տիզբոնցին, Հակոբ Մծբնեցին, Եվթաղ Եդեսիացին և Ղևոնդիոս Կեսարացին: Նիկիայում իր մասին հետևյալ զրույցն են պատմում. մի խումբ արիոսականներ, տեսնելով Արիստակեսի ճգնություններից նիհարած և հալումաշ եղած կերպարանքը, ծաղրելով ասում էին, որ Հայոց Եպիսկոպոսը ավելի մշակի նման է, քան Հայրապետի, և հեգնելով առաջարկեցին, որ դիմացը լծված արորը վերցնի և ծովը հերկի: Արիստակեսը անվարան ընդունեց առաջարկը և ինչպես հաստատուն գետինն են հերկում, հերկեց ծովը: Վերադառնալով իրեն ծաղրողներին ասաց. «Եթե դուք էլ ուղիղ հավատք ունեք, գնացեք և իմ հերկածի վրա սերմեր ցանեք»: Մարդիկ ամոթահար եղան և նրանց հարգանքն ու ակնածանքը ավելի մեծացավ նրա հանդեպ:

Արիստակեսի եպիսկոպոս ձեռնադրվելուց և հոր փոխանորդ նշանակվելուց հետո, Ս. Գր. Լուսավորիչը ավելի հանգիստ սրտով նվիրվեց իր միայնությանը, վստահ լինելով, որ Հայրապետական պաշտոնը արթուն և կարող ձեռքերում է: Եվ երբ Նիկիական Հավատքի Հանգանակը ստանալուց հետո Ս. Գրիգորը այլևս հանրության աչքին չերևաց և նրա հետքն էլ չկարողացան գտնել, ինքնաբերաբար Արիստակեսը ստանձնեց հայրապետական պաշտոնը, որն արդեն այդքան հեղինակորեն և տիրաբար էր վարում հոր բացակայության ժամանակ: Այսպիսով 326 թ.-ին, 60 տարեկան հասակում, եղավ Հայ Եկեղեցու երկրորդ Կաթողիկոսը. մի հասուն և գործունյա հոգևորական: Յոթամյա կաթողիկոսությունից հետո նահատակությամբ պսակեց իր ընթացքը:

Խորենացու կողմից Արիստակեսը անվանվել է «Հոգևոր Սուսեր» և այս իսկ պատճառով «բոլոր զազրագործությունների և անիրավությունների թշնամին էր» (Խորենացի): Այդ «անիրավ և զազրագործներից» մեկը թվում է, որ հայ նախարարներից ամենաազդեցիկը համարված Ծոփած գավառի Արքեղայոս մեծ իշխանն էր, որն իր անբարո և անարդար գործերի պատճառով հանդիմանված, կամ նույնիսկ բանադրված պիտի լիներ Արիստակեսի կողմից, թշնամացել էր հայրապետի հետ և հարմար առիթի էր սպասում իր վրեժը լուծելու համար: Ուստի երբ հայրապետը իր հովվապետական շրջագայության և քարոզչության ընթացքում նրա նահանգն էր (Չորրորդ Հայք) այցելում, «Ծոփքի ճանապարհին» անձամբ Արքեղայոսին հանդիպելով «նրա սրով սպանվեց» (Խորենացի): Նահատակյալ Հայրապետի մարմինն, իր աշակերտների և հետևորդների կողմից, իր հայրենի կալվածքը՝ Թիլ ավանը փոխադրվեց և այնտեղ էլ թաղվեց: Նրա գերեզմանը, սրանից 60-65 տարիներ առաջ Երզնկայի շրջանի «Ջուխտակ Հայրապետ» վանքի մեջ էր:

Տոնվում է Լուսավորչի «որդիների և թոռների» հետ, Տարեգրի Չ-Ք եղած դեպքում Ս. Ծննդյանը հաջորդող երրորդ շաբաթ օրը, իսկ երբ Մեծ Պահքի և Ս. Ծննդյան միջև եղած հատվածը կարճ է լինում, այն տեղափոխվում է Վարդավառին հաջորդող երրորդ շաբաթ օրը: Այս պատահում է երբ տարեգիրը Ա-Ո է լինում, իսկ նահանջ տարիների համար տես տոնացույցի Բ հատորում Վարդավառի կիրակիի համար դրված խրատը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի Որդիներ և Թոռներ» ընդհանուր խորագրով «կանոն» կա մեր շարականոցում, միայն հարց և հարակից շարականներով: «Մանկունք» շարականում տոնելիներից յուրաքանչյուրն անվանապես հիշատակվում է առանձին-առանձին, յուրաքանչյուր տան մեջ: Առաջին տունը նվիրված է Արիստակես հայրապետին, որը հայտնի է նաև Ռստակես տարբերակով: Շարականի այդ տունը, ակնարկելով իր ձեռքով Հայաստան բերված Նիկիական Հանգանակը, հետևյալն է.

Սուրբ Հայրերի Աստվածային հավատքի դավանությունը, քեզնով որպես լույս ծագեց ամբողջ հայության վրա, Ս. Ռստակես.

Անդադար բարեխոսիր մեր անձերի համար:

 

Վրթանես Հայրապետ 262-341

Լուսավորչի ավագ որդին, ծնված 262 թ.-ին Կեսարիայում: Աշխարհիկ կյանք մտավ, ամուսնացավ և երկվորյակ որդիներ ունեցավ՝ Գրիգորիսը և Հուսիկը: Հայաստան եկավ իր զավակներով և իր կրտսեր եղբոր՝ Արիստակեսի հետ, մոտավորապես 310 թ.-ին:

Այստեղ միջանկյալ նշենք, որ ոմանք Ս. Գր. Լուսավորչի, իր որդիների և թոռների զավակներ ունենալու փաստը շահարկում են, ասելով, որ հին ժամանակներում եպիսկոպոսները, կամ կաթողիկոսներն նույնպես ամուսնացած էին լինում: Սակայն այս կապակցությամբ երկու կարևոր կետեր պիտի հստակեցնենք: Նախ խնդրո առարկա հայրապետները ամուսնացած են եղել իրենց աշխարհական կենցաղավարության ժամանակ, ոչ մի պատմական փաստ գոյություն չունի, որը հաստատեր, որ երբ նրանք եկեղեցական դարձան նրանց կանայք տակավին իրենց հետ մնացին: Իրականությունը կամ այն է, որ փոխադարձ համաձայնությամբ իրենց կանանցից բաժանվել էին, որոնք էլ կուսանոց էին գնացել, կամ նրանց կանայք վաղամեռիկ են եղել, ինչը որ, արդարև, եղել է մեզ ժամանակակից Խրիմյան Հայրիկի հետ, որը որպես աշխարհական ամուսնացած էր, բայց կնոջ մահվանից հետո եկեղեցական ասպարեզ մտավ և Պատրիարքության, ապա Կաթողիկոսության հասավ:

Նույն պարագան է նաև Բարիզի Վռամշապուհ Եպիսկոպոսի համար, որը նախ ամուսնացյալ քահանա է եղել, ապա երեցկնոջը կորցնելուց հետո վարդապետական և եպիսկոպոսական աստիճաններ է ստացել: Իր զավակները դեռևս կենդանի են: Այնպես որ, ինչպես Գրիգոր Լոիսավորիչը, այդպես էլ Վրթանեսը, երբ Հայաստան եկավ իր կինը իր հետ չէր, այլ միայն իր երկվորյակ զավակները, որոնք 10-12 տարեկան առույգ պատանիներ էին և Տրդատ թագավորը նրանց իր պալատում ընդունեց, և մյուս պալատական տղաների հետ կրթության տվեց: Իսկ Վրթանեսը, հավանաբար իբրև բարձր զարգացած միանձնավորություն, պալատում պաշտոն ստանձնեց:

Վրթանեսն էլ, իր քահանայական և եպիսկոպոսական ձեռնադրությունը հորից ստացավ, հավանաբար Արիստակեսի Նիկիայի ժողովին մեկնելուց հետո, և իր եղբոր բացակայությամբ ստանձնեց Հայրապետանոցի գործերը: Արիստակեսի վերադառնալուց հետո էլ շարունակեց վարել հայրապետանոցի գործերը, քանի որ Արիստակեսը առհասարակ քարոզչական գործերով էր զբաղվում: Այնպես որ, երբ իր եղբոր նահատակության լուրը Վաղարշապատ հասավ, Վրթանեսը ինքնաբերաբար, 333 թ.-ին, 70 տարեկան պատկառելի հասակում, իբրև Հայ Եկեղեցու երրորդ Կաթողիկոս, հաջորդեց նրան: Վրթանեսի Կաթողիկոսության առաջին տարիները խաղաղ և բարգավաճ անցան: Ինքն էլ նվիրվել էր խաղաղ և արդյունաշահ գործունեությանը. «սուրբ Վրթանեսը հոր և եղբոր նման լուսավորում և առաջնորդում էր նրանց, իրավունք ու արդարությունը ծաղկում էին այն դարում»: (Բյուզանդ էջ 7):

Վրթանեսը հազիվ էր Կաթողիկոսական աթոռին բարձրացել, երբ կռապաշտությունը կրկին գլուխ բարձրացրեց, մինչև իսկ նրա կյանքին սպառնալու աստիճան: Սկզբնաղբյուր հանդիսացող Փավստոս Բյուզանդը մի հետաքրքրական դրվագ է պատմում, որը թարգմանաբար մեջ ենք բերում:

«Վրթանես Եպիսկոպոսը գնացել էր Տարոն երկրի Հայ եկեղեցիներից մեծը, առաջինը և մայրը համարվող տաճարը, որտեղ Գրիգոր մեծ քահանայապետի oրոք կատարված հրաշքներով կործանվեցին մեհյանների բագնիները: Այնտեղ, սովորության համաձայն, կատարում էր Տիրոջ խաչելությամբ իրականացած փրկության գոհության պատարագը, այսինքն չարչարանքների հիշատակության հաղորդությունը, որն է կենդանարար և ազատիչ մարմինն ու արյունը մեր Աստվածորդի Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Որովհետև Հայոց Եպիսկոպոսապետերը, թագավորներով և մեծամեծներով, նախարարներով և աշխարհախումբ բազմությամբ սովորություն ունեին պատվել այդ տեղերը, որոնք թեև առաջ կուռքերի պատկերներ կանգնեցնելու տեղեր էին, սակայն հետո աստվածության համար սրբվեցին և աղոթքի տուն և ուխտատեղի դարձան բոլորի համար: Մանավանդ սովորություն ունեին, այնտեղի սրբերի հիշատակի համար, տարին յոթ անգամ հավաքվել այդ գլխավոր եկեղեցում, Ս. Կարապետի վանքում, հատկապես մեծ մարգարեարանի՝ Հովհանեսի մատուռի մեջ…: Այն ժամանակ, երբ Վրթանես մեծ Քահանայապետը օրհնության պատարագ կատարելու համար փոքրաթիվ մարդկանցով շրջում էր այն կողմերում, մի դեպք պատահեց. նրանք, ովքեր հին հեթանոսական կռապաշտական սովորությունները դեռևս գաղտնի կերպով պահում էին, շուրջ երկու հազար հոգի, միաբանվեցին, հետաքրքրվելով հասան այնտեղ՝ մտադրվելով սպանել Աստծո Քահանայապետ Վրթանեսին: Սրանք այս գործը անելու համար մասամբ էլ համարձակություն էին ստացել թագավորի կնոջից, քանի որ Սուրբը նրան գաղտնի շնության և պոռնկության բարքի համար հանդիմանում էր: Սրանք եկան և պաշարեցին Աշտիշատի եկեղեցու գավիթը: Մինչդեռ Վրթանեսը ներսը պատարագ էր անում, այս զորքի բազմությունը ցանկացավ փակել և պաշարել այս տեղը: Սակայն սրանց բազուկներն իրենց թիկունքի կողմը դարձան և առանց որևէ մեկի կողմից կապված լինելու հրաշքով կաշկանդվեցին: Այսպես նրանք բռնված և կծկված իրենց տեղում, առհասարակ անձայն գետին ընկած մնացին, սրանք աշխարհակեր և աշխարհավեր ժանտագույն քուրմերի ցեղից ու տոհմից էին:

Արդարև, երբ եկեղեցու գավիթում այսպես բռնված և դիզված էին, հենց ինքը՝ Վրթանեսը, պաշտամունքի ավարտին, մոտենալով հարցնում է նրանց. «Ո՞վ եք դուք, կամ որտեղի՞ց եք եկել, կամ ո՞ւմ եք ուզում, կամ ինչո՞ւ եք եկել»: Իսկ նրանք ուղիղ խոսելով խոստովանեցին, որ եկել էին այս վայրը ավերելու ու «քեզ սպանելու, նաև հրաման և համարձակություն ենք ստացել Հայոց Մեծ տիկնոջից, սակայն Տեր Աստվածը Իր զորությունը հայտնեց և մեզ ցույց տվեց, որ Ինքն է Միակ Աստվածը, և այժմ ճանաչեցինք և հավատացինք՝ Նա է Միակ Աստվածը: Այժմ, ստուգապես այսպես կծկված ենք և նույնիսկ չենք կարող այստեղից շարժվել»: Իսկ երանելի Վրթանեսը սկսեց երկարորեն սովորեցնել նրանց Աստծո խոսքը և  նրանց մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հավատքի վրա հաստատել: Ապա աղոթքով խնդրեց Աստծուց և բժշկեց ու արձակեց նրանց այն աներևույթ կապանքներից և կծկված վիճակի ծանր տանջանքներից: Եվ երբ նրանք ազատվեցին, առհասարակ բոլորն ընկնում էին նրա առջև և նրանից ապաշխարության դեղն էին խնդրում: Ու նա նրանց համար ապաշխարհության շրջան է սահմանում: Եվ երբ նրանք սովորեցին Ս. Երրորդության հավատքը, մկրտեց նրանց, որոնք շուրջ երկու հազար հոգի էին, չհաշված նրանց կանանց և մանուկներին, և այսպես հավատացյալների գնդերին է խառնում նրանց, որոնք իբրև հավատացյալներ սրբված և արձակված էին» (Փ. Բյուզանդ):

Իր օրերին վախճանվում է Տրդատ թագավորը: Նրան հաջորդեց Խոսրովը, որը իր հոր հակապատկերն էր, ֆիզիկապես փոքրակազմ էր, որի համար ժառանգեց «կոտակ» մականունը և զուրկ էր հոր կարողություններից: Ուստի Վրթանեսը նրան աջակից և առաջնորդ եղավ ոչ միայն կրոնական և պալատական գործերում, այլև քաղաքականության և զինվորական գործողությունների ընթացքում: Հայոց բանակը, նրա քաջալերմամբ, մեծամեծ հաղթանակներ էր տանում պարսից բանակի նկատմամբ, որը Հայաստանին տիրանալու համար վերստին սկսել էր հարձակվել: Սակայն վերջին ճակատամարտերից մեկի ժամանակ ընկնում է Հայոց Վաչե Մամիկոնյան սպարապետը.

«Ամբողջ Հայոց Աշխարհում սաստիկ սուգ տիրեց, քանի որ բազում անգամ Տերը նրա ձեռքով փրկել էր Հայոց Աշխարհը: Իսկ Վրթանես Եպիսկոպոսապետը բոլորին իմի էր բերում և մխիթարում էր, այդ թվում նաև Խոսրով թագավորին և ամբողջ զորքին, որոնք ծանրաթախիծ տրտմության էին մատնվել» (Բյուզանդ):

Այս կապակցությամբ Վրթանես Հայրապետի մխիթարական ճառի ամփոփումն է տրվում «Քրիստոսով մխիթարվեցեք» սկզբնավորությամբ: Այս ճառը հայրենասիրական և կրոնասիրական զգացմունքների սքանչելի մի խառնուրդ է, որը սրանից հետո, դարերի ընթացքում, Հայ Եկեղեցու իրական և մեծ առաջնորդների հիմնական հատկանիշներից մեկը պիտի լիներ; Երանելի Հայրապետը այդ ճառի մեջ ասում է.

«Պատերազմի մեջ ընկնողները, ընկան հայրենիքի, եկեղեցու և Աստծո օրենքները պահպանելու համար… Որպեսզի Հայոց աշխարհը գերվելով չքանդվի և սուրբ եկեղեցիները չպղծվեն…: Մեր բարեպաշտ նահատակները… պատերազմելով՝ չարը հեռու պահեցին և այն հալածեցին մեր աշխարհից, մեռան որպեսզի այսպիսի աստվածապաշտ և աստվածասեր աշխարհ, անօրինանալով, չարի ծառայության կամքի տակ չընկնի… իրենց անձերը Տիրոջ ճշմարտության փոխարեն տվեցին, իրենց կյանքերը զոհեցին եկեղեցիների, մարտիրոսների, Օրենքի, Սուրբ Ուխտի, հավատքի կանոնների, քահանայության ուխտի և ի Քրիստոս մկրտված անթիվ հավատացյալների համար: Նրանք, որ այս ամենի ինչի համար իրենց անձերը չեն խնայում, Քրիստոսի վկաների հետ է նրանց պատվի աստիճանը: Ուստի չողբանք նրանց, այլ ճշմարտության հետ պատվենք, նրանց հավիտյանս հավիտենից նահատակներ համարենք, թող ամեն մեկը նրանց քաջության հիշատակը, որպես Քրիստոսի նահատակներինը, անընդատ կատարի: Եվ մենք տոն պատրաստենք և ուրախանանք, որովհետև մենք սրանց շնորհիվ հաճելի պիտի լինենք Աստծուն, Որը սրանից հետո խաղաղություն պիտի շնորհի մեզ»:

Եվ շարունակում է Փավստոս Բյուզանդ պատմագիրը:

«Մեծ քահանայապետ Վրթանեսը երկրում օրենք հաստատեց, որ նրանց հիշատակը ամեն տարի կատարվի: Միաժամանակ տնօրինեց, որ նրանց հետ հիշվեն նաև բոլոր նրանք, որոնք գալիք ժամանակներում, իրենց հայրենիքի փրկության համար կմահանան, կանոնով հաստատեց, որ նրանք Պատարագի ժամանակ, երբ սրբերի անուններն են կարդացվում, դրանցից հետո նրանց անուններն էլ հիշվեն Սուրբ Սեղանի մոտ, որովհետև «Մակաբայեցի Մադաթյան Հուդան իր եղբայների պես պատերազմի ժամանակ ընկավ» իրենց ժողովրդի, հայրենիքի և կրոնի պաշտպանության համար (Բյուզանդ):

Վրթանես Հայրապետը ինչ-ինչ ծիսական և եկեղեցա-վարչական խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել Երուսաղեմի Մակար հայրապետին (314-334): Այս հարցերին պատասխանելու համար Մակար Հայրապետը խնամքով շարադրված գրություն է ուղարկել, որ մեր «Կանոնագրքի» մեջ է ներգրավված «Մակարի Կանոններ» խորագրով, այն բաղկացած է 9 հոդվածներից;

Վրթանեսը ութ տարի մնում է կաթողիկոսական պաշտոնին և միշտ մեծամեծ դժվարությունների դեմ արիաբար մաքառելով և փորձառու, շատ գործունյա և սրբակենցաղ հովվապետի անուն թողնելով, շուրջ ութսուն տարեկան հասակում մահանում է: Իր կյանքը լեցուն էր տառապանքներով և իր շրջանը, Տրդատի մահից հետո, ազգային դժվարություններով, որոնք բոլորն էլ հաղթահարեց և թույլ չտվեց, որ հայոց թագավորության տկար գահը տապալվեր կրակապաշտ պարսիկների հարձակումներով: Առնվազն երկու անգամ, ազդեցիկ միջամտությամբ, ապահովեց արևմտյան զինվորների միջամությունը և իրենց գահերի վրա վերահաստատեց իրեն ժամանակակից երկու հայոց թագավորներին էլ, որոնց միշտ առաջնորդ, զորավիգ և խորհրդատու էր եղել: Սակայն ինչքան որ նա աշխատում էր նրանց աստվածապաշտության մեջ պահել, կարծես այնքան ավելի էին հեռանում նրանք Աստծո ճանապարհից:

Վրթանես Հայրապետը բնական մահով վախճանվեց և Դարանաղյաց գավառի Թորդան ավանում թաղվեց: Այստեղ էին թաղված նաև իր հայրը՝ Ս. Գր. Լուսավորիչը և Տրդատ թագավորը: Ժամանակին այստեղ կար «Իննսրբոց Ս. Փրկիչ վանք», որտեղ այլոց հետ մատնացույց էին անում և հարգում էին վերոհիշյալ սրբերի և գործիչների գերեզմանները:

Հիշատակվում է «Ս. Գր. Լուսավորչի որդիների և թոռների» հիշատակության ժամանակ: Մանկունք շարականի իրեն նվիրված տունը հետևյալն է.

Քրիստոսի բանավոր հոտի քաջ հովիվ ընտրվեցիր,

Լույս հորից ծաղկեցիր որպես բարի շառավիղ, Տեր Վրթանես,

Մեր անձերի համար անդադար բարեխոսի՛ր:

 

Հուսիկ Հայրապետ 295-347

Վրթանես Հայրապետի երկվորյակներից կրտսերը, որին գրեթե բռնի ամուսնացրել էին Տրդատ թագավորի քրոջ, կամ աղջկա հետ: Ըստ պատմիչի վկայության, առագաստի առաջին գիշերը մի երազ տեսավ, որ թեև երկվորյակ զավակներ պիտի ունենար, «սակայն որոնք Աստծուն հաճելի չպիտի լինեին» և եկեղեցական ասպարեզ չպիտի մտնեին, որի պատճառով Հուսիկը զղջաց, որ ամուսնացել է: «Արտասվում և աղաչում էր Աստծուն և մեծ տառապանքներով ապաշխարում էր»: Դրանից հետո իրեն կնոջից հեռու պահեց և «իր հայրերի և եղբոր Գիրգորիսի նման» ամբողջությամբ հոգևոր կյանքին նվիրեց: Որոշ ժամանակ հետո կինը մահացավ, այդպիսով ազատվեց մի դժվար իրավիճակից; Սակայն չազատվեց իր որդիների եկեղեցական ասպարեզ չմտնելու ցավից և մտահոգությունից, քանի որ նա արդեն համակերպվել էր պարզապես սերունդ թողնելուն և ապա քահանայապետական պաշտոնը շարունակելուն, որն այլևս իրենց գերդաստանի համար որոշ չափով, Հին Ուխտի Ահարոնյան քահանայապետության նման, ժառանգական էր դարձել: Սակայն Աստված երկրորդ տեսիլքով մխիթարեց նրան, ըստ որի իր զավակներից բարի զավակ պիտի ծնվեր, նրանից էլ՝ մի ուրիշը, որոնք նոր լուսավորության հիմքերը պիտի դնեին, որպես «Հայաստան Աշխարհի հոգևոր իմաստության աղբյուրներ…, որոնք եկեղեցու սյուները պիտի լինեն և Կենաց Բանի մատակարարներ»: Ակնարկությունը ապագա Ներսես և Սահակ Պարթև հայրապետներին էր վերաբերվում, այս պատճառով «Հուսիկը մեծ գոհունակությամբ Աստծուն գոհություն էր մատուցում, որ իրեն այսպիսի հայտնության և պատասխանի արժանացրեց» (Բյուզանդ):

Հուսիկը, մատաղ տարիքում ամուսնացած լինելու համար, եկեղեցական աստիճան չէր ստացել: Ուստի, երբ իր հայրը մահացավ և 341 թ.-ին բնականորեն հայրապետական պաշտոնը իրեն վիճակվեց, երբ նա 40-45 տարեկան էր, օրվա Հայոց թագավորը և իր խնամին՝ Տիրանը, նրան ձեռնադրության համար մեծամեծ նախարարներով, արքունական կառքերով Կեսարիա ուղարկեց: Այս նախարարներից 13-ի անունները և տոհմանունները պատմիչը հիշատակում է (Բյուզանդ): «Եվ Հուսիկին նստեցրին Թադեոսի Առաքելական աթոռին և իր պապի Մեծ Գրիգորի Աթոռին»: Տիրան թագավորը մինչև Արտաշատ քաղաքն ընդառաջ գնաց նոր ձեռնադրյալ Հայրապետին:

Պատմիչը Հուսիկի ներքին կյանքի մասին հետևյալ վկայությունը ունի.

«Հուսիկն իր հորից՝ Վրթանեսից հետո հաջորդեց Առաքելական աթոռին, նա որ հոր համանման զավակն էր, ամբողջությամբ և ամեն բանում հրեշտակակրոն կենցաղ էր որդեգրում, ամեն ինչ Աստծո պարգևների և շնորհների համաձայն էր անում; Հովվելով Քրիստոսի բանավոր հոտը, ավետարանական պատգամներով խրատում էր ամենքին: Թեև երիտասարդ էր, բայց առույգ և բարձրահասակ էր, դեմքով գեղեցիկ և չքնաղ, ուստի նրա նմանը երկրի վրա չկար: Սուրբ և պայծառ էր հոգով, երբեք երկրավոր գործերով չէր զբաղվում, Քրիստոսի քաջ սպառազինված զինվորի նման, ընդդիմանում էր աներևույթ թշնամուն և հաղթելով՝ սպառնում էր նրան: Մարդահաճություն, կամ աչառություն երբեք չէր անում: Այլ Ս. Հոգու խոսքը սրի նման գործածում էր: Իսկ շնորհատու Հոգին նրան գիտությամբ էր լցրել, որն աղբյուրի պես հորդում էր նրան լսողների ականջների և սրտերի մեջ»:

Այս ամենին հակառակ, Տիրան թագավորը, մյուս մեծամեծ իշխանները և «ամբողջ երկիրը», սրանց վատ օրինակից վարակվելով, Աստծո կամքին համաձայն չէին ապրում, սպանությունները և արդարի արյուն թափելը և «ուրիշ բազմաթիվ մեղքեր» սովորական մեղքեր էին: Այս բոլոր անիրավությունների դեմ Հուսիկը «վարժ և համեստ խոսքերով և քրիստոնեական հորդարներով շարունակ հանդիմանում, խրատում և կշտամբում էր, նրանց հիշեցնելով անմար կրակի և հավիտենական դատապարտության մասին»: Հուսիկը Տիրոջ երկյուղով այնքան էր լցված, որ թագավորի սերը, կամ երկյուղը ոչինչ էր համարում: Աստծո գիտությամբ և Ս. Գրքերի «դպրությամբ» լցված՝ նրանց պատուհասում և հանդիմանում էր, մինչև իսկ արգելեց նրանց եկեղեցի մտնել: «Մեծամեծ պատիժներով կապանքներ էր դնում  և քահանայական իշխանությամբ նրանց հանդիմանում էր իրենց գործած անօրենությունների, պոռնկությունների, արվագիտության, արյունահեղության, զրկանքներ պատճառելու, հափշտակության, աղքատներին ատելու և այլ բազմաթիվ նմանատիպ մեղքերի համար» (Բյուզանդ):

Այս սաստումների համար թագավորն ու իշխանավորները թշնամացել էին կորովի Կաթողիկոսի հետ: Այնպես, որ երբ մի օր Տիրան թագավորն, իր ավագանու հետ, փորձեց եկեղեցի մտնել, Հուսիկը, որն այդ պահին այնտեղ պաշտամունք էր անում, համարձակորեն նրանց դեմ է ելնում և իր խոսքը թագավորին ուղղելով ասում է. «Արժանի չես, ինչո՞ւ ես ներս մտնում, մի՛ մտնիր»: Նույն տեղում հորդվեց Տիրանի բարկության բաժանը և իր հետևորդներին հրամայեց եկեղեցում «նրան բրածեծ անել, և Աստծո սուրբ քահանային ջախջախելով՝ կիսամեռ վիճակի են հասցնում»: Դեպքը պատահեց Ծոփաց գավառի Բնաբեղ բերդում: Եկեղեցու պաշտոնյաները կիսամեռ Հայրապետին, վերցնելով, տարան Թորդան գավառ՝ իր հայրական կալվածքը, որտեղ երանելի հայրապետը, հազիվ վեց տարի պաշտոնավարելուց հետո վախճանվում է և թաղվում իր հոր և պապի կողքին:

Մահվան ձևը նույնը լինելով հանդերձ, Խորենացու տեսակետը, թե Հուլիանոս կայսեր պատկերը ջախջախելու համար Հուսիկը բրածեծ եղավ, ժամանակագրությանը չի համապատասխանում, քանի որ Հուլիանոս Կայսրը պաշտոնավարել է 360-363 թթ.-ին, իսկ Հուսիկը մահացած է համարվում 350 թ.-ից առաջ:

«Ս. Գր. Լուսավորչի որդիներին և թոռներին» նվիրված «մանկունք» շարականի իրեն վերապահված տան մեջ ակնարկությունը Խորենացու հիշատակած ավանդությանն է վերաբերվում:

Վկաների մեջ գովյալ և դու հար և նման հորդ,

Քաջությամբ անօրենների պատկերը փշրեցիր, Տեր Ս. Հուսիկ,

Անդադար բարեխոսիր մեր անձերի համար:

 

Գրիգորիս - Աղվանքի կաթողիկոս 295-337

Վրթանես Կաթողիկոսի երկվորյակ զավակներից առաջինն է, ծնվել է 295 թ.-ին Կեսարիայում և իր հոր ու եղբոր՝ Հուսիկի հետ Հայաստան է եկել 310 թ.-ին: Հակառակ Հայոց արքունիքում ապրած և կրթված լինելուն, կուսակրոն կյանքի փափագով լցված, իր հորեղբոր՝ Արիստակեսի մոտ, նրանից վաղ տարիքում կուսակրոն ձեռնադրվելով, եկեղեցական ծառայության անցավ. «Հոգեկիր առաքինությունների արգասիքների, հոգևոր բարքի ու հասակի և Աստծո գիտությունն իր անձի մեջ կրելու պատճառով» (Բյուզանդ): Թեև դեռևս տարիքով շատ երիտասարդ կարելի էր համարել, բայց հաշվի առնելով նրա արժանիքները, կարողությունը և հոգևոր հարստությունը եպիսկոպոս ձեռնադրեցին «Աղվանքի և Վիրքի կողմերի համար, այսինքն Մազքթանց սահմաններում»:

Ս. Գր. Լուսավորիչը նախապես քարոզել էր այս կովկասյան ժողովրդներին, բայց երևում է որ Ավետարանական խոսքի սերմերը դեռևս ամուր չէին արմատավորվել: Բացի այդ, հյուսիսային այս կողմերի բարեմիտների կողմից մի պատգամավորություն էր եկել Տրդատ թագավորի մոտ, խնդրելով, որ Լուսավորչի սերունդներից որևէ մեկին ուղարկի այդ կողմերը՝ քրիստոնեությունն ավելի զորացնելու համար: Ուստի, 320 թվականին երբ Գիրգորիսը հազիվ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր, սակայն արտաքինից բարետես և մի ներկայանալի երիտասարդ, եպիսկոպոս ձեռնադրվեց և Կովկաս ուղարկվեց: Նախապես իր գործերը հաջող էին ընթանում. «Գնաց և այնտեղի եկեղեցիները լուսավոր կարգադրություններով նորոգեց, առաջին Գրիգորի՝ իր պապի գործերի նման», իր գործունեությունը նաև Ատրպատականի սահմաններում էլ տարածեց: «Քրիստոսի ճշմարիտ հավատքի քարոզիչն էր լինում, բոլորի վրա սքանչելի և զարմանալի տպավորություն էր թողնում»: Իսկ իր ներքին կյանքի խստություններից, իր և մնացածի օգտի համար, չէր հրաժարվում.

«Դվարագույն, անհամար և ամենախիստ ինքնակրթություններով, պահքով և սրբությամբ, անքուն գիշերային հսկումներով և անձանձրույթ աղոթքներով և ջերմությամբ, բոլորի համար Աստծուն էր դիմում: Ավետարանական ընթացքը և սուրբ եկեղեցու վերակացությունը Աստծո շնորհով անպակաս առաջ էր տանում: Փութով և եռանդով բոլորին հորդորում էր քաջությամբ բարի կենցաղ ստանձնեն, և գիշեր ու ցերեկ աղոթքով և խնդրվածքներով հեռավորներին և մերձավորներին հոգևոր եռանդ էր ներշնչում (Բյուզանդ):

Երբ այսպես երկրի միջին և հարավային մասերում «ուղղեց և նորոգեց եկեղեցին», դարձավ դեպի հյուսիս և մտավ Մազքութներու թագավորի բանակը, որը բաղկացած էր կովկասյան տարբեր տեսակի ցեղերից, և «սկսեց նրանց Քրիստոսը քարոզել և ավետարանել»: Նախ լսեցին և ընդունեցին, որպեսզի հավատան Ճշմարիտ Աստծուն: Երբ հերթը եկավ Քրիստոսի օրենքը և պատգամները քարոզելուն, վերահասու եղան,  որ ճշմարիտ Աստծու համար «ատելի է ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշներին զրկելը, ուրիշների ունեցվածքը ուտելը, նրանց ունեցվածքի վրա աչք դնելը» և այլն, այդ խոսքերը լսելով՝ զայրացան և ասացին. «Եթե չհափշտակենք, ավարառություն չանենք, ուրիշի ունեցածը չվերցնենք, այսքան զորքի բազմությունը ինչպե՞ս պիտի պահենք»: Թեև Գրիգորիսը «բազում բարի խոսքերով» ջանք էր թափում նրանց սիրաշահել խաղաղ աշխատանքով ապրելու համար, բայց «նրանք ավել բան չցանկացան լսել» և միմյանց ասացին. «Այս մարդն, իր այս խոսքերով, ցանկանում է զրկել մեզ մեր քաջությունից… Եթե սրան լսենք և քրիստոնյա դառնանք, ինչո՞վ պիտի ապրենք, նույնիսկ մեր բանական սովորության համաձայն չպիտի կարողանանք ձի հեծնել»: Եվ եզրակացրին, որ սա Հայոց թագավորի խաղն է, որպեսզի «այս վարդապետությամբ կանխի մեր ասպատակութունները», որ սովոր էին գործել իրենց անմիջական դրացի եղող Հայոց աշխարհի վրա:

Ուստի որոշեցին մեջտեղից վերացնել երանելի քարոզչին: Մի ամեհի ձի բերեցին, Գրիգորիսին պարաններով նրա պոչից կապեցին և նրան բաց թողեցին Կասպից ծովի ափին գտնվող Վատնյաց կոչվող դաշտում և այսպես նահատակվեց Քրիստոսի առաքինի քարոզիչը: Նրան ընկերակցողները նրա նշխարները, վերցնելով, բերեցին Ամարաս կոչվող գյուղը և այնտեղ մի եկեղեցու մեջ ամփոփեցին: Եվ եզրակացնում է պատմիչը. «Ամեն տարի այդ շրջանի ժողովուրդն իր տոնի օրը գալիս և նրա քաջության հիշատակն է կատարում» (Բյուզանդ): Այսպիսով, 337 թ.-ին չարաչար նահատակվեց Գրիգորիսը, երբ դեռ հազիվ քառասուն տարեկան էր:

Իր գերեզմանը մինչև այսօր պահպանվում է Ղարաբաղի Ամարաս գյուղում, իր անունը կրող եկեղեցու մեջ:

Նրա հիշատակը երկու անգամ ենք տոնում, առաջինը՝ Ս. Գր. Լուսավորչի որդիների և թոռների տոնի օրը, մյուսն՝ իր նշխարների գյուտի օրը, որ կատարվում Ս. Խաչին հաջորդող հինգերորդ երկուշաբթի օրը, այլ 12 հայ ճգնավորների հետ:

«Ս. Գր. Լուսավորչի որդիներին և թոռներին նվիրված «Մանկունք» շարականի իր տունը հետևյալն է.

Մաքուր կուսությամբ, անմարմին հրեշտակների հետ դասվեցիր,

Ճշմարիտ քահանայապետ և Քրիստոսի վկա, Ս. Գրիգորիս,

Անդադար բարեխոսիր մեր անձերի համար:

 

Դանիել Ասորի Քորեպիսկոպոս 374

Հայացած և հայերի մեջ գործած մի ասորի, որը Ս. Գր. Լուսավորչի հոգեզավակն է համարվում և որը հայոց թագավորի ձեռքով նահատակվեց Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետության պաշտպանն ու զորավիգը լինելու համար: Փավստոս Բյուզանդը մի երկար գլուխ է հատկացրել նրան՝ ԺԴ: Աշակերտել է Ս. Գրիգորին և նրա ձեռամբ էլ ձեռնադրվել է քորեպիսկոպոս, այսինքն գյուղի եպիսկոպոս, մի այլ եպիսկոպոսի իշխանության ներքո եղող եպիսկոպոս: «Սքանչելի այր» է կոչվել և Տարոն նահանգի եկեղեցիների վերակացու է նշանակված եղել: Փավստոս Բյուզանդը նրան է վերագրում նաև «Մեծ դատավարությունների գործակալությունը»: Խորենացու մոտ նա «Հյուպերետ» է կոչվում, որը Օրմանյանը մեկնաբանում է, որպես «Մատակարարական տեսչություն Գրիգորի տոհմի, կամ Հայրապետական աթոռի կալվածքների վրա, որից գլխավորն էր Տարոնի Աշտիշատը, որը նաև Դանիելի գործունեության կենտրոնն էր (Ազգապատում 107): Սակայն Բյուզանդի մոտ այս պաշտոնի սահմանները ավելի ընդարձակ են՝ «վերակացու և հրամանատար, տեսուչ և հոգեբարձու բոլոր Հայոց Մեծ Եկեղեցիների» (Գլ. Ժդ): Այս նույն վերջին աղբյուրը նրան վերագրում է նաև առաքելական և ավետարանչական գործունեություն. «Պարսից կողմերի օտար տեղերում նա քարոզեց և անթիվ մարդիկ մոլորությունից դարձի բերեց» դեպի ճշմարիտ աստվածպաշտություն: «Հավատարիմ էր».- ասում է Բյուզանդը, ոչ միայն իր պաշտոնում, այլև «Հայրապետական աթոռի իշխանությանը և Հայ ընդհանրական եկեղեցու հավատքի հաստատությունն ունի »:

Ավետարանական քարոզչության հետ նաև իրեն են վերագրում հրաշագործություններ. «Եվ նա մի սքանչելի մարդ էր, որը հրաշքներ և զորավոր գործեր էր անում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով»: Տաքը և սառը, հեռավորությունը և մոտիկությունը նրա համար նշանակություն չունեին, քանի որ «ձմռանը հանկարծակի ձյունը հալվում էր նրա առջև», իսկ ճամփորդության ժամանակ «փայլակի պես սլանում էր և թռչունի նման հանկարծակի հասնում էր իր գնալու վայրը: Մեռելներին հարություն էր տալիս, հիվանդներին՝ բժշկում, և այնքան բազում մեծամեծ հրաշքներ և զորավոր գործեր էր կատարում, որոնք հնարավոր չէ գրով մեկ առ մեկ գրի առնել»:

Հակառակ իր ճգնավորական կյանքով անմարդաբնակ վայրերում ապրելուն, մարդկանց կարիքները հոգալու մեջ անտարբեր չէր: Հանդերձները պարզ էին, անգամ գավազան էլ չէր օգտագործում: Իսկ կերակուրը «բանջարի արմատն էր: Եվ Աստծո մոտ նրա խոսքը զորեղ էր, ինչ որ խնդրում էր՝ ստանում էր, ինչ որ ասում էր՝ կատարվում էր»: Նրան թվով չորս նշանավոր ճգնավորներ են աշակերտել, որոնց հատուկ փոքր գլուխներ է հատկացրել Բյուզանդն իր գործի մեջ: Շաղիտան՝ «որի հետ ավելի քան 20 առյուծներ էին շրջում… շատ հիվանդներ էր բժշկել»:  Եպիփան. «հեթանոսությունից շատերին քրիստոնեության լույսին էր դարձնում… Ծոփք երկրի լույսն էր»: Արտիթ, Բասենի եպիսկոպոսը, Սրբությամբ և Ս. Հոգով լցված մի անձնավորություն, որը «շրջում էր մեծ զորությամբ և մեծամեծ հրաշքներ էր գործում»: Գինդ Տարոնեցին, որը մի առաքինի մարդ էր, որն իր ժամանակի հայող բոլոր անապատական աբեղաների գլխավորն էր և «մենակյացների վարդապետը», այսինքն հայոց վանքերի վերակացուն և բոլոր վանականների ուսուցիչն էր (Բյուզանդ):

Հուսիկի մահվանից հետո նոր կաթողիկոս նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Հուսիկի որդիները զինվորական և աշխարհական կյանքն էին ընտրել և հոգևորական դառնալու ցանկություն չունեին: Ուստի բոլորի ուշադրությունը, իբրև առաքինի և ուսյալ անձնավորություն և մանավանդ իբրև Լուսավորչի հոգևոր ժառանգ, կենտրոնացավ Դանիելի վրա: Թիլ ավան մարդ ուղարկեցին, որտեղ նա այդ ժամանակ գտնվում էր, և Տիրանի մոտ բերեցին: Մի պատկառելի ծերունի էր, որը գիտեր, թե ինչու են իրեն հրավիրել, նախքան թագավորի խոսելը ինքը բերանը բացեց և նրան և բոլոր ներկաներին ամենախիստ ձևով հանդիմանեց: Բյուզանդը ավելի քան երեք էջ է հատկացնում այս հանդիմանական մարգարեությանը.

«Ինո՞ւ դուք, մոռացած ձեր արարիչ Աստծուն, ձեր հանդեպ Նրա ունեցած գութն ու սքանչելիքները, վերստին ձեր նախնիների կռապաշտությանը մոլորությանը դարձաք և ձեր անձերը ատելության, ագահության, աղքատներին զրկելուն, պոռնկության, նենգության և իրար զրկելուն ու սպանելուն… տվեցիք:

Դուք հրեա ազգին նմանվեցիք, որոնք ոչ միայն իրենց մոտ ուղարկված առաքյալներին և մարգարեներին չլսեցին, այլև նրանց սպանեցին: Դուք էլ նույնը արեցիք…», ապա մարգարեանում է.

«Տերը ձեր թագավորությունն ու քահանայապետությունն պիտի վերցնի, և Իսրայելի պես պիտի բաժանվեք և ցրվեք աշխարհի բոլոր կողմերը, հովիվ չունեցող ոչխարների նման անտեր և անխնամ պիտի մնաք…»

Եվ արդար ծերունին եզրակացնում է.

«Ինձ կանչել եք, որ ձեզ գլուխ և առաջնորդ լինեմ: Ինչպե՞ս կարող եմ առաջնորդ լինել նրանց, ովքեր չեն շրջվում դեպի Տերը, կամ ի՞նչպես կարող եմ լինել մի ազգի գլուխ, որին Տերը թողեց, կամ ինչպես կարող եմ ձեռքերս վեր բարձրացնել առ Աստված և աղոթել նրանց համար, որոնց ձեռքերը շաղախված են իրենց սուրբ տերերի արյունով»…:

Նախ «զարմացավ» և մեկ րոպե լռեց թագավորը: Ապա բարկության նոպայով բռնված հրամայեց «խեղդամահ» անել նրան: Նրա հետևորդները և աշակերտները վերցրեցին երանելի նահատակի անշնչացած մարմինը և տարան թաղեցին «Հացյաց Դրախտ» կոչված տեղում, որը միաժամանակ իր ճգնության գլխավոր վայրն էր, և որտեղ մինչ վերջերս գտնվում էր Ս. Դանիելի վանքը, որի մեջ սրբի գերեզմանն էր:

Տոնվում է «Ս. Գր. Լուսավորչի որդիների և թոռների» հետ, որի «Մանկունք» շարականի վերջին գլուխը իրեն է նվիրված.

Ճգնությամբ երկրի վրա երկնայինների հաղորդակից եղար.

Թագավորին հանդիմանելով, նահատակվեցիր Տիրոջ անվան համար, Ս Դանիել,

Մեր անձերի համար անդադար բարեխոսիր:

 

«Հայազգի Սուրբեր» Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․