23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Աղոթք

Ի՞նչ է աղոթքը` խնդրա՞նք, ակնկալի՞ք, խոստովանությո՞ւն, հոգևոր հանգստությո՞ւն: Ի՞նչ է նշանակում «աղոթք» բառը:

Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» բառերի հիանալի ստուգաբանություններ է ներկայացնում, որոնց թվում և բացատրում է «աղոթք» բառի ծագումը` ի մի համախմբելով այդ մասին եղած բացատրությունները:

Նախ Սուրբ Գրիգոր Տաթևացին «աղոթք» բառն այս կերպ է մեկնաբանում: «Աղոթք» նշանակում է «թող արարէք մեղաց ձերոց ամենայն ժամ» կամ «յաղթութիւն արարէք ի վերայ դիւաց» և կամ «ախ և օթ արարէք», այսինքն` ախին` տրտմությանը օթևան արեք ձեզ, ինչը նշանակում է` զղջացեք մեղքերի համար: Տաթևացին «աղոթք» բառն ստուգաբանում է նաև «աղ» բառի հետ առնչելով, ասելով, որ ինչպես աղն ամեն ինչի խառնվում է և համի բերում, այսպես էլ աղոթքն ամեն բարի գործերի խառնվում է և քաղցր ու ընդունելի դարձնում Աստծո համար:

Ավելի գիտական ստուգաբանությամբ «աղոթք» բառն առնչվում է «աղաչել» բառի հետ, որը խնդրել, աղերսել է նշանակում, այսինքն` խնդրելու ավելի շեշտված ձևն է ներկայացնում: Այստեղ բուն արմատը «աղ»-ն է կամ «աղա», որը «չ» հոդակապով «աղաչել» բայի պարագայում կապվում է բայական վերջավորության հետ, ինչպես օրինակ` ճանաչել, ամաչել, փախչել: «Աղոթք» բառի մեջ բուն «աղ», «աղա» արմատը «չ» հոդակապով կապվում է «օթ» մասնիկի հետ, ինչպես ճանաչել-ծանօթ (դասական ուղղագրությամբ), ամաչել-ամօթ, այսպես և` աղաչել-աղօթ, իսկ «ք» մասնիկը հոգնակիության նշան է գրաբարում, ինչն աղոթքով բազմակի կամ հույժ ցանկությունների ակնարկն է կատարում:

Այլ լեզուներում «աղոթք» բառն անմիջականորեն նշանակում է խնդրել, աղաչել: Օրինակ`անգլ. - pray- նշանակում է աղոթք, նաև` խնդրել, աղաչել; ֆր.- priere-prier-աղաչել, իտ. preghiera - pregare - «աղաչել» բառից, նույն կերպ` ռուս. Молитва - молить - աղաչել: Հետևաբար, աղոթքը խնդրանք, ցանկություն է, որն ուղղված է Աստծուն: Սակայն աղոթքը միայն ցանկությունից չէ, որ բաղկանում է, այլ լինում է նաև փառաբանական, գոհաբանական, որովհետև, ըստ էության, աղոթքը զրույց է Աստծո հետ, և այդ հաղորդակցության մեջ բացի ցանկություններից լինում են նաև Աստծուն ուղղված երախտագիտության, գոհաբանության, փառաբանության արտահայտություններ` Երկնավոր Տիրոջ կողմից մարդու համար կատարած բարիքների համար:

 

Կա՞ հատուկ աղոթքի բանաձև: Ինչպե՞ս աղոթել:

Այսպիսի հարց նաև առաքյալները տվեցին Քրիստոսին և խնդրեցին. «Տե՛ր, մեզ աղոթել սովորեցրո՛ւ» (Ղուկ. 11.1): Եվ Քրիստոս նրանց սովորեցրեց Տերունական աղոթքը, կամ այլ կերպ ասած` «Հայր մեր» աղոթքը: Բայց քանի որ աղոթքը հոգևոր կապ ու հաղորդակցում է Աստծո հետ, ապա միայն Տիրոջ սովորացրած աղոթքը չէ, որ կարող ենք ասել: Աղոթքը կարող ենք բաժանել ընդհանրական, առանձնական, կանոնական տեսակների:

Ընդհանրական աղոթքը հիմնականում արվում է եկեղեցիներում, երբ ժամերգությունների ժամանակ հավատացյալները համախմբված աղոթում են: Սակայն ընդհանրական աղոթքը ենթադրում է նույն աղոթքի կամ նույն մտադրությունների համար աղոթքի կատարումը, որը հիմնականում լինում է ժամերգությունների ժամանակ, երբ արարողության ընթացքում աղոթասաց եկեղեցականը հատուկ կարգված աղոթքներն է ընթերցում, և մյուսները, լսելով աղոթքը, իրենց ներքին խնդրանքով միանում են այդ աղոթքին: Ժամերգությունների աղոթքներն ավելի ընդհանրական բնույթ ունեն` խնդրում են, որ Աստված ների մեր մեղքերը, իր ողորմություններին արժանացնի, նեղյալներին, հիվանդներին օգնի, ննջեցյալների հոգիներին հանգստություն պարգևի, աշխահին խաղաղություն շնորհի:

Առանձնական աղոթքով մարդն իր անձնական խնդրանքներն է ներկայացնում Աստծուն` խոսելով Աստծո հետ` որպես սիրող Հոր հետ: Անձնական աղոթք կարելի է անել եկեղեցում, ինչպես և ամեն պատշաճ վայրում, որովհետև Ամենակարող Աստված մարդկանց լսում է ամենուր: «Երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6.6),- ասվում է Ավետարանում: Այս խոսքերին անդրադարձ կա նաև պատարագամատույցում: Աղոթքի վերաբերյալ այս ուսուցումը, սակայն, փոխաբերաբար նշանակում է ներամփոփվել, ամենայն ուշադրությամբ աղոթել և այս իմաստով է այն բարձրաձայնվում պատարագի արարողության ժամանակ: Պետք է նկատի ունենալ, որ աղոթքը միշտ առավել արդյունավետ է լինում եկեղեցում, որովհետև եկեղեցու մթնոլորտը, հավերժության խորհրդանշանները, սրբապատկերները և այլն մարդկանց միտքը զգաստ են պահում և սևեռում հավիտենական իրողությունների վրա: Նաև Աստծուն նվիրված տաճարի մասին Հին Կտակարանում ասվում է, որ Աստված լսելու է բոլոր նրանց, ովքեր տաճարի ներսում աղոթքի կկանգնեն (Գ Թագ. 8.26-45):

Կանոնական աղոթքներն աղոթագրքերում զետեղված աղոթքներն են կամ` տարբեր սրբերի, եկեղեցական հեղինակների աղոթքները, որոնք արտահայտում են մարդկային տարբեր հոգեվիճակներ և առանձնական աղոթքի ժամանակ օգնում են իր սեփական աղոթքի բառերը դժվարությամբ գտնող մարդկանց աղոթել և կամ առավել լավ բառապաշարով ու հոգևոր տրամադրվածությամբ աղոթել: Այսպես են նաև Աստվածաշնչի սաղմոսները, որոնք առ Աստված ուղղված աղոթքներ են: Աղոթելու դժվար տրամադրվող մարդկանց սաղմոսասացությունն օգնում է խնդրանքները կամ գոհաբանությունը ներկայացնել Աստծուն, ինչպես և աղոթքի հակվածություն և տրամադրվածություն ու ներշնչանք ունենալ:

 

Աստվածաշնչում ասվում է, որ արդարի աղոթքը շատ զորավոր է: Ո՞վ է արդարը:

Այդ խոսքերն ասում է Հակոբոս առաքյալը, երբ խոսում է մեղքերի խոստովանության, բժշկության մասին` նշելով, որ արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է (Հակ. 5.16): Սակայն արդար լինելու մասին Պողոս առաքյալը hռոմեացիներին ուղղված թղթում ասում է. «Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի» (3.10): Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում խոսում է նաև հոգեպես կատարյալների մասին (2.6): Ուրեմն, պետք է արդար հասկացության մի քանի տեսակներ առանձնացնենք` բացարձակապես արդարություն, որ հատուկ է Աստծուն և համեմատական արդարություն, որ հատուկ է մարդուն: «Ոչ ոք արդար չէ» խոսքը վերաբերում է համեմատական արդարությանը, որովհետև Աստծո բացարձակ արդարության համեմատ ոչ ոք արդար չէ, բացի դրանից դա ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը: Մարդը մեղանչական է իր անկյալ բնությամբ, և կյանքում մեղքեր է գործում, որով և մարդը չի կարող բացարձակ արդար լինել, բայց սրբվում և արդարանում է, երբ Աստված մաքրում, ներում, քավում է մարդու մեղքերը, Իր արդարությունից փոխանցում մարդուն: Այս իմաստով կարող ենք իրապես ասել, որ ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի:

Պողոս առաքյալի նշած` հավատքով կատարյալներն արդեն այն մարդիկ են, ովքեր, մեղքերի համար զղջալով, հավատքի, հոգևոր ապրումների մեջ առաջանալով, հասել են հոգևոր առումով որևէ առաջընթացի: Առաքյալի մտածելակերպի մեջ մենք տեսնում ենք, որ նա հավատացյալներին երկու խմբի է բաժանում` սկսնակ հավատացյալներ, որոնց կոչում է մանուկներ, համեմատում երեխաների հետ և նրանց պարզ ձևով բացատրում հոգևոր իրողությունները, ինչպես որ մանուկներին կաթ են տալիս և ոչ պինդ կերակուր (Ա Կորնթ. 3.2): Եվ նշում է հոգեպես կատարյալներին, հասունացածներին (Ա Կորնթ. 2.6), որոնք մանուկների համեմատությամբ արդեն հոգևոր խորը ապրումներ ունեցող, հոգևոր փորձառությամբ մարդիկ են: Հակոբոս առաքյալը հենց այսպիսիներին նկատի ունի, երբ ասում է, որ արդարի աղոթքը զորավոր է և կարող է օգնել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդպիսի աղոթքը կարիքն ունի այն մարդու գործակցության, ում համար աղոթում են, որպեսզի այդ մարդը նաև իր կամքով չշարունակի մնալ մեղքերի մեջ և ապրի աստվածահաճո կերպով:

 

«Աղոթքը լսելի դարձնել Աստծուն». ո՞րն է լսելիության չափանիշը:

Ստեփանոս Սյունեցին, Ավետարանի մեկնության մեջ բա\ցատրելով Քրիստոսի խոսքերը` «խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մատթ. 7.7, Ղուկ. 11.9), ասում է. «Խնդրեցե՛ք այն փնտրելին, որը ձեզ պետք է գտնել»: Այսինքն` պետք է արժանավոր, աստվածահաճո բաներ խնդրենք: Եվ Աստծուց արժանավայել բաների խնդրանքի մասին ենք փոխաբերական ձևով ասում, թե այդպիսի աղոթքը լսելի է Աստծուն, այն իմաստով, որ հաճելի է Նրան: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է միայն երկնավոր բաներ խնդրենք, հավիտենական իրողությունների մասին միայն խորհենք, այլ կարելի է և հարկ է, որ նաև այս աշխարհում մեր ապրելու համար անհրաժեշտ բաներ խնդրենք, բայց չափից շատ չհասարակացնելով Աստծո հետ մեր խոսակցությունը, այն չվերածելով առևտրի, ցանկալի ապրանքն ստանալու սակարկության: Այլ նույնիսկ երկրավոր բաները, որոնք խիստ անհրաժեշտ են, պատշաճությամբ պետք է խնդրենք, և Աստված կլսի մեր խնդրանքները և համապատասխան ժամանակին կտա այն, ինչն օգտակար է մեզ:

 

Սուրբ Իսահակ Ասորին ասում է. «Մինչև քեզ վրա նեղություն գալն աղոթիր Աստծուն և դժբախտության ժամանակ կգտնես Նրան, և Նա քեզ կլսի»: Ինչո՞ւ նեղությունից ազատվելու համար աղոթել մինչև նեղ իրավիճակում հայտնվելը: Իսկ եթե ես անմեղ եմ, և ինձ հետ դժբախտություն է պատահել:

Եկեղեցական հայրերն ուսուցանել են, որ մարդ միայն նեղության ժամանակ չպետք է աղոթի Աստծուն, այսինքն` միայն նեղության ժամանակ չէ, որ պետք է Աստծո հետ հաղորդակցվել, այլ միշտ, որովհետև Աստված մեր երկնավոր Հայրն է և ոչ թե մի միջոց, որով մենք ուզում ենք մեր ցանկությունները բավարարել կամ դժվարին իրավիճակները թեթևացնել: Սա նշանակում է, որ Աստծո հետ կենդանի և սիրառատ հաղորդակցություն է պետք շահադիտական գործողությունների փոխարեն: Մարդու համար սխալ է ասելը, թե ես անմեղ եմ, և ինձ դժբախտություն է պատահել: Մարդը մեղքեր է գործում կյանքի ընթացքում մտքով, խոսքով կամ գործով: Հետևաբար, մարդ չի կարող ասել իր մասին, թե` ես սուրբ եմ և մեղք չեմ գործել: Անգամ սուրբ Գրիգոր Նարեկացին երբեք չի խոսում իր սրբության մասին, այլ իր մեղավորության, և իր «Մատյան ողբերգության» ողջ շարադրանքի մեջ մեղքերի թվարկումով Աստծո ներումն ու ողորմությունը խնդրում:

Երբեմն մարդը կարող է մտածել, որ որևէ նեղության մեջ ընկնելը համարժեք չէ իր կերպարին, քանի որ դա անարդար է իր հանդեպ: Սուրբ Եփրեմ Ասորին ուսուցանում է, որ ամեն ինչում, անգամ անարդար թվացող նեղության, պատժի մեջ կա Աստծո նախախնամությունը և խրատական գործողությունը: Նա իր օրինակով է բացատրում: Երբ մի մարդու ունեցվածքի` կենդանիների առնչությամբ սադրանք կազմակերպելու անհիմն մեղադրանքներով բանտ է ընկնում, այստեղ հայտնություն է լինում նրան, որ նախկինում գործած մի այլ մեղքի` մի աղքատի կովին հալածելու և մահվան հասցնելու, այդ մարդուն ունեցվածքից զրկելու համար է պատժվելով խրատվում: Սա նշանակում է, որ նեղության մեջ չպետք է տրտնջանք, այլ Աստծո օգնությունը խնդրենք, Աստծո ներումը հայցենք, քանզի այդ ժամանակ, ըստ Պողոս առաքյալի` Աստված փորձության հետ նաև ելք պիտի ցույց տա (Ա Կորնթ. 10.13):

 

Աղոթքի անպատասխան լինելու մասին. ինչո՞ւ են աղոթքները երբեմն անպատասխան մնում:

«Անպատասխան աղոթք» արտահայտությամբ նկատի ունենք, որ Աստծուն ուղղված որոշ խնդրանքներ չեն իրականացել: Աստված միշտ չէ, որ անմիջապես արձագանքնում է աղոթքներին, խնդրանքներն իրականություն դարձնում: Պատճառները մի քանիսն են. խնդրվածները արժանավոր բաներ չեն, կամ դեռ բարենպաստ ժամանակը չի եկել այդ խնդրանքների իրականացման համար, կամ դեռ չենք հասել այն բարձրության, որով հնարավոր կլիներ ընդունել խնդրանքների պատասխանները, և կամ էլ մեր խնդրանքների իրականացումը կարող է մեզ վնասել, և դրա համար է, որ Աստված անպատասխան է թողնում այդ աղոթքները: Այնուամենայնիվ, եթե աստվածահաճո բաներ ենք խնդրում, պետք է խնդրենք Աստծո հանդեպ պատշաճ վերաբերմունքով, Աստծուն պարզ միջոց չնկատելով մեր խնդրանքների իրականացման համար, այլ Նրան վերաբերվելով որպես սիրող Հոր: Երբ մեր լավ ու առաքինի խնդրանքներով մեր աղոթքներն անպատասխան են մնում, ապա պետք է շարունակել աղոթելը: Դա է մեզ սովորեցնում անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը (Ղուկ. 18.1-8), ինչպես նաև քանանացի կնոջ մասին ավետարանական պատմությունը (Մատթ. 15.21-28): Քրիստոս չէր կատարում կնոջ խնդրանքը` դստերը բուժելու, բայց կինն այնքան աղաչեց, որ պատասխան ստացավ և գովեստի արժանացավ Քրիստոսի կողմից: Քրիստոս ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի` ինչպես որ կամենում ես»:

 

Ինչո՞ւ պետք է աղոթենք, եթե Աստված ամեն ինչ գիտի, նույնիսկ այն, ինչ պետք է ասենք աղոթքի պահին:

Ժամագրքի աղոթքներից մեկում դրա մասին ասվում է. «Գիտես զպետս մեր և զկարիս առաւել, քան զոր խնդրեմք և իմանամք»: Այսինքն` Աստված մեր պետքերն ու կարիքները մեր խնդրածից և իմացածից ավելին գիտե: Սակայն մեզ համար բավական չէ միայն Աստծո իմացությունը, այլ հավատացյալի գործողությունը ևս անհրաժեշտ է: Այսպես նաև, երբ մի բան են տալիս, մյուսը պետք է ձեռք մեկնի ու վերցնի, և կամ հաճախ ձեռք են մեկնում ու խնդրում, և դիմացինը տալիս է խնդրածը: Այսպես է նաև աղոթքը, որը կարգվել է Աստծո հետ կենդանի հարաբերություններ, հաղորդակցություն պահպանելու, հոգևոր զգացումները զարգացնելու համար, ինչն այլ կերպ չի լինում, քան միայն Աստծո հետ կենդանի շփման ու հաղորդակցության մեջ: Նաև աղոթում ենք, որպեսզի իմանանք, որ Աստծո շնորհներով, պարգևներով ենք կյանքում բարիքներ ստանում: Աղոթքը մեզ մոտեցնում է Աստծուն, հոգևոր ոլորտ վեր հանում, հոգևոր փորձառություն տալիս, ներքին բերկրանքի կամ մխիթարության զգացումներ բերում, աղոթական ապրումներում մեզ միացնում Աստծո հետ, ինչպես սիրող հայրն ու որդին են գրկախառնվում և ջերմորեն զրուցում:

Եկեղեցական հեղինակներն զգուշացնում են, որ աղոթքի ժամանակ մտքի մեջ կամ մտավոր հայացքի առջև Աստծո երևակայական պատկերը չնկարենք, որովհետև դա կարող է շեղումների բերել, քանզի դրանով մարդն արդեն սկսում է աղոթել իր ստեղծած երևակայական պատկերին, և նրա հոգևոր ապրումները բանտարկված են մնում երևակայության սահմաններում: Բացի դրանից` սատանան նաև, ըստ Պողոս առաքյալի, կարող է ներկայանալ անգամ լուսե հրեշտակի կերպարանքով (Բ Կորնթ. 11.14): Դրա համար աղոթելիս հարկ է երևակայական պատկերներ չունենալ հոգեմտավոր հայացքի առջև:

 

Ո՞րն է Տերունական աղոթքի խորհուրդը:

«Հայր մեր» աղոթքը կոչվում է Տերունական, որովհետև Հիսուս Քրիստոս` մեր Տերն է այն սովորեցրել: Տերունական աղոթքը ցույց է տալիս ընդհանրապես աղոթքների բովանդակության ճիշտ կարգավորվածությունը: Այստեղ սկզբում խնդրվում է Աստծո կամքի իրագործումը, Աստծո թագավորության գալուստը, այնուհետ անցում է կատարվում երկրային, նյութական իրողություններին` ինչպես հանապազօրյա հացի, մեղքերի ներման, փորձություններից հեռու մնալու խնդրանքները: Այս աղոթքը ցույց է տալիս, թե որոնք պիտի լինեն հավատացյալի կյանքում նրա մտահոգությունների առաջնահերթությունները:

Քրիստոս նաև սովորեցնում է` ասելով. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33): Այսինքն` նյութականի մասին մտորումը, նյութականի փնտրտուքը չմերժելով` Քրիստոս իր ուսուցումներով, նաև Տերունական աղոթքով սովորեցնում է նախ և առաջ նախանձախնդիր լինել հոգևոր, վեհ արժեքների, և միայն հետո մտահոգվել նյութական իրողությունների համար: Հետևաբար, Քրիստոս տալիս է արժեհամակարգի կատարյալ օրինակ, դասավորվածություն, և այդ արժեհամակարգի խախտումը, որը ցավոք տեղ ունի նաև մեր հասարակության մեջ, բերում է մարդկային կյանքի, Աստծո հետ հարաբերությունների ու ներդաշնակության խանգարման: Մինչդեռ ավելի վեհ արժեքները նյութականին չզոհելը, չստորադասելն արդյունավորվում է կյանքի ծաղկումով ու առաջընթացով:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

18.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․