- Հա՛յր, ինչպե՞ս է ավելի լավ աղոթել՝ բարձրաձա՞յն, շշուկո՞վ, թե՞ մտովի:
- Բարձրաձայն աղոթելով շուտ կհոգնես: Ուստի երբեմն շշուկով աղոթիր, երբեմն էլ՝ մտովի: Մտքում աղոթելն ամենալավն է, բայց քանի որ ոչ բոլորը կարող են մշտապես մտովի աղոթել, օգտակար է նախ շշուկով աղոթել՝ որպես նախապատրաստություն: Կարող ես սկսել շշուկով աղոթելուց, ապա շարունակել մտովի, հետո կրկին՝ շշուկով, և ապա նորից՝ մտովի: Այդպես հաջորդաբար արա մինչև որ աղոթքը միայն մտովի արվի, այսինքն՝ մտքի աղոթք դառնա, ինչպես որ և կոչվում է: Մարդ այդժամ մտքով աղոթում է, իսկ սիրտը՝ խայտում, մարդն աստվածային սիրուն է հասնում, վերապրում երկնային վիճակներ:
- Վերջերս ամեն անգամ իմ խուցը մտնելիս ցրված եմ դառնում և անարգ մտքեր են ծագում գլխումս: Ինչո՞ւ է նման բան կատարվում:
- Երևում է, որ աղոթքի մասին մոռացել ես, այդ պատճառով էլ փորձությունը վրան է խփել խցիդ շեմին: Ազատ ժամանակ, երբ խցում ես, աշխատիր շշուկով աղոթել, որպեսզի հեռու վանես ցրվածությունդ ու մտքերը, որ քեզ թշնամին է ներշնչում: Հարձակման ժամանակ շշուկով աղոթելը շատ օգտակար է, որովհետև նման պահերին հարկավոր է ուշադիր լինել թշնամական զորաբանակից փրկվելու համար:
- Հա՛յր, իսկ երբ չար և անարգ մտքերի հարձակմանն եմ ենթարկվում, օգտակա՞ր է արդյոք դրանց դեմ պայքարել հակառակ, բարի մտքերով:
- Ավելի լավ է աղոթքով պայքարել, քան հակառակ մտքերով: Որքան կարող ես Քրիստոսի հետ խոսիր մտքի աղոթքի ժամանակ և սրա-նրա մասին մի մտածիր: Աղոթք մատուցիր, որը նախ քեզ չար մտքերից կազատի, իսկ վերջում շնչառությանդ հետ մեկ կլինի:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը