Աղոթքի արտաքին սովորույթը

- Հա՛յր, մարդ կարո՞ղ է մշտապես շշուկով աղոթել:

- Կարող է արտաքին սովորույթ ունենալ և ռիթմիկ աղոթել, ինչպես ժամացույցի սլաքներն են շարժվում՝ թիկ-թակ, իսկ միտքն այդ ընթացքում Աստծու մոտ չլինի:

- Իսկ դրանից օգուտ կա՞:

- Եթե մարդ մի փոքր խոնարհություն ունի և հասկանում է, որ իր միտքը Աստծու մոտ չէ, և որ աղոթքը մեքենայաբար է անում, այնժամ մի փոքր օգուտ կա: Սակայն եթե կարծում է, որ աղոթելով հոգևորապես աճել է, ապա վնասվում է:

- Հա՛յր, իսկ եթե մարդ մշտապես աղոթք է անում, դա նրան օգնո՞ւմ է իր սխրանքի մեջ:

- Հարցն այն է, թե ինչու է աղոթում: Եթե մարդ ճանաչել է իրեն և Աստծու ողորմության անհրաժեշտությունն է զգում ու մշտապես այն հայցում՝ աղոթելով, ապա օգուտ է ստանում: Կամ եթե իրեն չի ճանաչել, սակայն հասկանում է, որ հայտնվել է կրքերի աքցանում և դիմում է Աստծուն, ապա Աստված օգնում է նրան նրա պայքարում և ի հավելումն՝ մնում է աղոթելու սովորությունը: Բայց եթե մեքենայաբար է աղոթում՝ սեփական մեղքերը չգիտակցելով, ապա դա չի կարող նրան օգնել հին մարդուց ազատվել:

- Հա՛յր, միգուցե վտանգավո՞ր է, որ մարդ ձգտի աղոթելու սովորույթ ձեռք բերել:

- Վտանգավոր է, երբ մարդ դադարում է իրեն հետևելուց և զբաղվում է աղոթքով, ասես դա նորաձևություն լինի: Նա կարող է աղոթքի սովորույթ ձեռք բերել, սակայն նրանում շարունակի ապրել հին մարդը, նաև պատրանքի մեջ ընկնելու վտանգ կա:

Հիշում եմ, երբ առողջարանում էի գտնվում, այնտեղ մի վանական էր բուժվում, որը աղոթք ասելու սովորություն էր ձեռք բերել: Նա աչքերը փակում էր և անընդհատ կրկնում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս… Տե՛ր Հիսուս Քրիստոս…» Մի այցելու կին, նրան տեսնելով, սկսեց խաչակնքվել. «Ա՛յ, ի՜նչ սուրբ մարդ է»: Եվ ահա մի օր այդ վանականն ինձ ասաց. «Ես այսինչին մերկացրի, այնինչին մերկացրի: Այսինչ և այնինչ սրբազաններին գրեցի, որպեսզի իրենց մտածելակերպը փոխեն և ես նրանց կողմից կլինեմ»: «Հապա մի սպասի՛ր, եղբայր,- ասում եմ նրան:- Դու անգրագետ մարդ ես, թոքախտով ես տառապում: Ինչի՞ց ելնելով ես այդպես խոսում»: Եվ ի՜նչ է պատասխանում ինձ: «Ինձ պես մեկ-երկու հոգի որ լիներ, աշխարհը կփրկվեր»: Եթե գլխի հետ խնդիրներ ունենար, հարցեր չէին լինի, բայց խելքը տեղն էր: Քանի որ իրեն ստիպելով մշտապես աղոթք էր կրկնում, սովորություն էր ձեռք բերել, և այդ պատճառով գլխում ծագած յուրաքանչյուր միտք համարում էր Աստծուց: Եվ այդպիսով հասել էր այնտեղ, որ սկսել էր հավատալ, թե իբր աշխարհում այլևս իր պես մեկ ուրիշը չկար:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․