Աղոթքի մոբիլիզացիա

- Պատերազմ կլինի՞, հա՛յր:

- Դուք աղոթո՞ւմ եք: Ես գարնանից աշուն աղոթքի մոբիլիզացիա եմ անցկացնում անաղմուկ, աղոթում եմ, որպեսզի Աստված ողորմի մեզ, և խուսափենք պատերազմից ու մոբիլիզացիայից: Մի այսպիսի ծանուցում ստացա. «Թախանձագին աղոթե՛ք, որպեսզի թուրքերին խանգարեն, որովհետև կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, նրանք պատրաստվում են հարձակում գործել»(1): Փա՜ռք Աստծու, Աստվածածինն առայժմ պահպանում է մեզ, հուսանք, որ հետագայում էլ կպահպանի:

- Հա՛յր, իսկ այժմ, երբ վտանգն անցել է, կարիք կա՞ դրա համար աղոթելու:

- Իսկ ի՞նչ է, այլ տեղերում պատերազմ չկա՞: Ի՞նչ է նշանակում «մեզ մոտ» և «նրանց մոտ»: Այնտեղ, ուր այժմ պատերազմ կա, նույնպես մեր եղբայրներն են: Մի՞թե բոլորս Ադամից ու Եվայից չենք սերում: Սակայն մեր ընտանիքը մասնատվել է՝ ոմանք այստեղ են, մյուսներն՝ այնտեղ: Մյուս ուղղափառների հետ մենք և՛ մարմնավոր եղբայրներ ենք, և՛ հոգևոր, իսկ մնացյալ մարդկանց հետ միայն մարմնավոր եղբայրներ ենք: Նշանակում է ևս մի առիթ կա՝ նրանց համար ավելի շատ աղոթելու, քանի որ նրանք մեզնից դժբախտ են:

- Այժմ, երբ Հունաստանի համար ծանր ժամանակներ են, ես ավելի շատ եմ աղոթում, հա՛յր, սակայն միևնույն ժամանակ մտածում եմ, որ Հունաստանի փրկությունն իմ աղոթքից կախված չէ:

- Բանն այն չէ, որ Հունաստանի փրկությունը քո աղոթքից է կախված, այլ այն, որ եթե դու մտածում ես այն դժվարությունների մասին, որոնց միջով Հունաստանն անցնում է, նշանակում է սրտացավ ես հայրենիքիդ նկատմամբ և Աստծուց օգնություն ես խնդրում, և միայն Նա կարող է օգնել:

Աղոթեցե՛ք, որպեսզի Աստված ի հայտ բերի հոգևոր մարդկանց, Մակաբայեցիների(2), որովհետև նրանց կարիքը շատ կա: Հասել է չարի դեմ բարու պայքարի ժամանակը, որովհետև անօրինությունը օրենք է դարձել, իսկ մեղքը՝ նորաձև: Սակայն, երբ վշտեր տեսնեք Հունաստանում՝ կառավարությունը սկսի խելահեղ օրենքներ ընդունել և համատարած անկայություն լինի, մի՛ վախեցեք, քանի որ Աստված կօգնի(3):

- Դատելով նրանից, թե ինչ եք ասում, հա՛յր, մենք պիտի ամեն ինչ մի կողմ թողնենք և բոլոր ուժերն ուղղենք աղոթքի:

- Իհա՛րկե, բա էլ ի՞նչ: Ողջ աշխարհը մեծ կաթսայի պես եռ է գալիս: Եկեղեցին, պետությունը, ազգերը՝ ամեն ինչ շրջվել է գլխիվայր: Եվ ոչ մեկը չգիտի, թե այդ ամենն ուր է տանում: Հույսներս Աստծու օգնությանը դնենք: Վանականները պետք է թախանձագին աղոթեն: Պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր, նույնիսկ շտապ գործերն ու աղոթքով զբաղվեն:

Որքան ուժերը ներում են խոնարհությամբ աղոթե՛ք աշխարհի համար, որը բանսարկուին մեծ իրավունք է տվել իր վրա և տառապում է: Մի՛ մոռացեք, որ մենք վանական ենք դարձել և՛ հանուն մեր հոգու փրկության, և՛ որպեսզի աղոթքով օգնենք աշխարհին: Ջանանք, որպեսզի բարի վանականներ լինենք, աղոթե՛նք, ծնրադրություննե՛ր կատարենք մեզ համար և աշխարհի, որովհետև վանականն այդ կերպ օգնում է մարդկանց:

 

1. Ասվել է 1983թ.-ի նոյեմբերին: Այդ ծանուցումը մարդկային չէր, այլ՝ աստվածային:

2. «Մակաբէ» մականունը տրվել էր Հուդային՝ հուդայական ապստամբության առաջնորդին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 166 թվականին, Անտիոքոս IV Եպիփանոսի և նրա ժառանգների դեմ: Մակաբայեցիները աչքի ընկան հայրենական հավատի և ազատության համար մղվող պայքարում (տե՛ս՝ 1 Մակ., 2 Մակ. և 3 Մակ.):

3. Ասվել է 1981 թվականին:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

05.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․