Գրքեր

Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ

Ահաւասիկ կամ աղախին Տեառն, եղիցի ինձ ըստ բանի քում։

Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ (Ղուկաս 1։38)։

 Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր միասնաբար տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը։ Հայտնի է, որ նրա ծնողները տևական ժամանակ զավակ չէին ունենում և դրա համար անդադար աղոթում էին։ Ի վերջո Աստված նրանց զավակ պարգևեց, որ պիտի դառնար մարդկության Փրկչի մայրը։ Հովակիմն ու Աննան ապրեցին որդեծնության բերկրանքը, ինչպես ապրեցին դա Աբրահամն ու Սառան, Զաքարիան ու Եղիսաբեթը, Սամվելի մայրը՝ Աննան։ Իսահակը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սամվելը, Սուրբ Կույսը ծնվեցին միգուցե իրենց ծնողների համար ուշ, բայց ճիշտ իրենց ժամանակին և իրենց որոշակի առաքելությամբ։

Մենք էլ շարունակաբար աղոթում ենք ու Տիրոջից ակնկալում մեր խնդրանքների պատասխանը։ Աստվածաշնչյան այս անձինք, որոնք նույնպես շարունակաբար աղոթում էին իրենց նվիրական երազանքների համար, չէին էլ կարող կարծել, որ իրենք Աստծու ընտրյալ զավակներ կունենան։

Գեթսեմանիի պարտեզում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս սկզբում այսպես աղոթեց. «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող Ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես Ես եմ կամենում, այլ՝ ինչպես Դու» (Մատթեոս 26։39)։ Իսկ հետո արդեն աղոթեց այսպես. «Հա՛յր իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակը Ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. Քո կամքը թող լինի» (Մատթեոս 26։42)։ Հարկավոր է համբերատարությամբ աղոթել և վստահել Աստծուն։ Միգուցե մենք ինչ-որ խնդրում ենք, մեր կարծածով մեզ համար հույժ անհրաժեշտ է, սակայն Աստված, որ Ամենագետ է և Ամենատես և Իր զավակների համար լավագույնն է կամենում, դա վնասակար կամ անպետք է տեսնում մեզ համար, կամ էլ միգուցե պիտանի, բայց այն մեզ կտա իր ժամանակին։ Նույնիսկ եթե մարդ փորձության մեջ է, կամ խրատվում է Տիրոջ կողմից, կրկին պիտի վստահի Նրան։

Մենք պիտի ընդունենք, որ մեր կամքը Աստծու կամքը չէ, որ մեր ցանկություններն ու երազանքները, եթե հավատում և վստահում ենք Ամենակարող Արարչին, կարող են և՛ կատարվել, և՛ չկատարվել՝ մեր օգուտի, բարօրության և մեր փրկության համար։ «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,– ասում է Տերը,– այլ, ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (Եսայի 55։8-11)։ Սակայն պետք է իմանալ, որ եթե տարբեր են մեր խորհուրդները Տիրոջ խորհուրդներից, դա չի նշանակում, որ Տերը բարին չի կամենում։ Մեր մտածմունքները սկսվում և ավարտվում են այս կյանքով, այնինչ Տերը հոգում է մեր փրկության մասին։ Նա՛ միայն գիտի, թե ինչն է մեզ օգտակար, ինչը վնասակար։ Մեր բարին կամենալով է, որ Տերը կարող է տալ կամ չտալ մեր սրտի ուզածը։ Եվ կտա իր ժամանակին, ինչպես Սուրբ Կույսի ծնողներին, ժամանակը լրացավ, զավակ պարգևեց։

Սիրելինե՛ր, կյանքում ամենակարևորը աներեր հավատքն է Աստծու նկատմամբ, վստահությունը, հավատքի պահպանությունը, որ կախված չեն ինչ-ինչ երևույթներից և հեղհեղուկ չեն։ Ամեն ինչ ունենալ, բայց Աստծուն չհավատալ, նշանակում է հենասյուներ ընդհանրապես չունենալ։

Քրիստոսի պատմած սերմնացանի առակում սերմերի մի մասն ընկավ ապառաժի վրա։ Այդ սերմերը «նրանք են, որ, երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում, սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձությունների ժամանակ՝ հեռանում (Ղուկաս 8։13)։ Հետևաբար հարկ է զգոն լինել, որպեսզի հավատքը չսասանվի ու փորձությունների ժամանակ վերանա։ Իսկ պարարտ հողի վրա ընկած սերմերը «նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկաս 8։15)։ Այս պարարտ հողի վրա ընկած սերմերը այն մարդիկ չեն, որ փորձություններ, հիվանդություններ, դժբախտություններ ու նեղություններ չեն տեսնում կամ խաչ չունեն։ Ո՛չ, ընդհակառակը, միգուցե նրանց խաչն ավելի մեծ է, և փորձություններն էլ՝ ավելի շատ, բայց նրանք անընդհատ չեն բողոքում ու գանգատվում Աստծուց, այլ սիրով ու ժպիտով են ապրում ու տանում իրենց խաչը, և նրանց նայելով՝ մարդիկ Տիրոջը փառք են տալիս։ 

Սիրելինե՛ր, երբ Գաբրիել հրեշտակը երևաց Սուրբ Կույսին, նա ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1։38)։ Մենք ամեն օր տերունական աղոթքն ենք ասում՝ կրկնելով. «Եղիցին կամք Քո» (Թող Քո կամքը լինի)։ Սակայն կարևոր է, որ դա մեր սիրտը ասի Աստծուն, սիրով ընդունի Աստծու կամքը, հաշտ լինի Նրա հետ, չուրանա իր Արարչին, չհպարտանա ու ըմբոստանա։ Քանի որ հպարտությունն է, որ Աստծուն դուրս է մղում մեր սրտերից։ Շատ հաճախ Աստծուն չհավատացող մարդկանց սրտերում նեղացածությունն է, փորձությունը չհաղթահարած ու խոնարհության ու հնազանդության պակաս ունեցող մարդկային հոգին։

Մաղթում եմ, որ Սուրբ Կույսի բարեխոսությունը ուղեկցի մեզ մեր կյանքի բոլոր օրերին, որպեսզի կարողանանք հաղթահարել փորձությունները, աներեր մնանք հավատքի մեջ, Աստծու կամքը խոնարհաբար ընդունենք, մեր սրտերի հպարտությունը կոտրվի, Աստծուց չնեղանանք, վստահենք Նրան, որ կամենում է միմիայն մեր բարին և հոգում է մեր փրկության մասին։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

08.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․