Գրքեր

Անապատում կանչողի ձայնը

Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը արտասովոր եղավ: Նրա ծննդյանը նախորդող և հաջորդող իրադարձությունները մեծ հիացմունք և երկյուղածություն են պատճառում մարդուն: Ընդունել մտքով և ստեղծել տրամաբանական որևէ շղթա ավետարանական այս պատմության հետ կապված, անհնար է և այդ պատճառով այն անհավատի համար անհավանական է և հեքիաթանման, այնինչ հավատավորի համար…

Քրիստոսի Նախակարապետը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, բարեպաշտ ծնողների՝ Զաքարիա քահանայի և Եղիսաբեթի զավակն էր: Նա խոստումի զավակ էր: Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Աստվածածնին Փրկչի ծննդյան բարի լուրը ավետելուց վեց ամիս առաջ այցելեց Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի կունենա, որը կլինի Փրկչի Նախակարապետը. «Նա ուրախության և ցնծության պատճառ կլինի քեզ համար, և շատերը կուրախանան նրա ծնունդով: Նա մեծ կլինի Տիրոջ աչքին, գինի և օղի չի խմի: Դեռ չծնված, Սուրբ Հոգով կլցվի և Իսրայելի ժողովրդից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը: Եղիայի հոգով և զորությամբ լցված՝ նա կքայլի Տիրոջ առջևից, որպեսզի հայրերին հաշտեցնի իրենց որդիների հետ, անհնազանդներին առաջնորդի դեպի արդարների իմաստությունը և այդպիսով Տիրոջ գալստյանը նախապատրաստված մի ժողովուրդ պատրաստի» (Ղուկաս 1:14-17): Սակայն Զաքարիան կասկածեց հրեշտակի խոսքերին, քանի որ ինքն ու իր կինը ծեր էին: Հրեշտակը հանդիմանեց Զաքարիա քահանային. «Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, որ այս բաները կատարվեն, որովհետև չհավատացիր իմ այս խոսքերին, որ իրենց ժամանակին կիրականանան» (Ղուկաս 1:20): Խոստման համաձայն մանուկը ծնվեց: Երբ ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ Հովհաննեսը կլինի Նրա Նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի՝ ընդունելու աշխարհի Փրկչին: Կարճ ժամանակում նրա մասին լուրը տարածվեց ողջ երկրով մեկ:

Հովհաննեսը վաղ կորցրեց ծնողներին: Մինչ երեսուն տարեկանը ապրում էր անապատում, բնակության վայրերից հեռու մենության մեջ՝ խստակյաց ճգնավորի կյանքով: Նրա հագուստը մի հովվական քուրձ էր՝ պատրաստված ուխտի մազից, մեջքին կաշվե գոտի էր, ոտքերին՝ տրեխներ: Մազերը չէր կտրում, գինի չէր խմում: Նրա կերակուրն էր արևի տակ չորացրած մորեխ և վայրի մեղր: Անապատական կյանքով էր ապրում, բայց չէր հեռացել աշխարհից:

Երբ Հովհաննեսի երեսուն տարին լրացավ, Աստված նրան պատվիրեց թողնել անապատը: Իր վրա առաքելություն էր դրված դառնալ «կանչողի ձայնը», Փրկչի Նախակարապետը: Անապատից Հովհաննեսը անցավ Հորդանանի հովիտը, որտեղ և սկսեց իր քարոզչությունը, քարոզել ողջ Իսրայելի ժողովրդին: Նրա քարոզչությունը իր հոգու և կյանքի՝ զգեստի և կերակուրի պես պարզ էր ու ժուժկալ: Կարելի է երկու բառի մեջ խտացնել՝ ապաշխարանք և արդարություն: «Ապաշխարեցե՛ք,-ասում էր մարգարեն,-որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը» (Մատթեոս 3:2): Նրա խոսքերն ընկնում էին արդեն պատրաստ հողի մեջ և անմիջապես լայն արձագանք էին գտնում: Շրջակայքի քաղաքներից և գյուղերից մարդիկ խուռներամ խմբերով դեպի գետն էին գնում: Գնում էին դպիրներ և զինվորներ, պաշտոնյաներ և գյուղացիներ: Մարգարեի խոսքերի և հենց արտաքինի տպավորությունը հսկայական էր: Նա խոսում էր աշխարհի դատաստանի մասին, հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, կկործանվեն շուտով, քանի որ մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Նա պահանջում էր ողջ կյանքի վերարժեքավորում, անկեղծ ապաշխարություն: Մկրտությունից առաջ մարդիկ խոստովանում էին իրենց մեղքերը: Բայց դա էլ քիչ էր: Հարկավոր էին ներքին փոփոխությունների իրական արդյունքներ: «Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛ք…Կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթեոս 3:8-10):

Ի՞նչ էր ցանկանում Հովհաննեսը: Ժողովրդին կոչ էր անում փախչել աշխարհից և փակվել տաճարի պատերից ներս: Դա ճգնավորի շուրթերից միանգամայն բնական կհնչեր: Բայց Մկրտիչը ցանկանում էր ավելին. որպեսզի մարդիկ մնալով այնտեղ, որտեղ ապրում են, պահպանեին հավատարմությունը Աստծո խոսքին: Նա առաջին տեղում էր դնում մարդու բարոյական պարտքը. «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի» (Ղուկաս 3:11): Մարգարեն չէր առաջարկում զինվորներին թողնել իրենց ծառայությունը և ասում էր, որ նրանց համար շատ կարևոր է խուսափել բռնություններից և ամբաստանություններից: Ի զարմանս բոլորի, նա չդատապարտեց նույնիսկ հարկահավաքների՝ մաքսավորների արհամարհելի զբաղմունքը, բայց պահանջում էր միայն, որպեսզի ընդունվածից ավելին չշորթեն:

Հովհաննեսի ազդեցությունը աճում էր օր օրի: Ժողովուրդն սկսում էր Հովհաննեսի մեջ տեսնել իր սպասած Փրկչին. բոլորն էլ իրենք իրենց մեջ մտածում էին, թե արդյոք Հովհաննե՞սն է Քրիստոսը: Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց գալու է ինձնից ավելի հզորը, որը ձեզ պիտի մկրտի Սուրբ Հոգով և կրակով: Ես Նրա կոշիկների կապերն իսկ արձակելու արժանի չեմ: Քամհարն Իր ձեռքին է, Նա կմաքրի Իր կալը, ցորենը կհավաքի Իր շտեմարանում, իսկ հարդը կայրի անշեջ կրակով» (Ղուկաս 3:16-17):

Բոլորը հասկացան, թե ինչ է նշանակում դա: Աշխարհը պետք է անցնի Աստծո Ճշմարտության կրակի միջով: Հովհաննեսը մաքրող ամպրոպի լոկ ավետաբերն է:

Ներկա ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց: Այն պահին, երբ Հիսուսը կանգնած էր ջրի մեջ և աղոթում էր, տեղի ունեցավ ինչ-որ հրաշախորհուրդ բան: Հետագայում Հովհաննեսն իր աշակերտներին ասաց. «Տեսա Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և մնում Նրա վրա: Այո՛, ես չէի ճանաչում Նրան, բայց Նա, Ով ուղարկեց մկրտելու ջրով, ասաց ինձ. «Ում վրա, որ տեսնում ես, թե իջնում ու մնում է Հոգին, Նա՛ է, որ մկրտելու է Սուրբ Հոգով»: Ես այդ տեսա և վկայում եմ, թե Ի՛նքն է Աստծո Որդին» (Հովհաննես 1:32-34):

Սբ. Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» (Մատթեոս 11:11):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հունվարի 14-ին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Բացի այս տոնից Հայ եկեղեցին նշում է նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի ու Աթանագինե եպիսկոպոսի, Սուրբ Հովհաննես Մկրտչի ու Հոբ Արդարի և Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունները:

Սբ. Հովհաննես Մկրտչի կերպարը իր բացառիկ դրսևորումն է գտել միջնադարի քրիստոնեական մշակույթի բոլոր ոլորտներում: Հայ ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ ստեղծվել են Սուրբ Հովհաննեսին նվիրված բազմաթիվ ճառեր, ներբողներ, քարոզներ, շարականներ, որտեղ գովերգվում են նրա արժանիքները: Միջնադարյան Հայաստանում (Մուշ, Բաղեշ, Սառնագյուղ, Երևան և այլուր) Սբ. Հովհաննես Մկրտչի անունով բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ են կառուցվել:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

22.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․