Գրքեր

Անդամալույծի բժշկումը

«Քո մեղքերը քեզ ներված են» (Մարկոս 2:5):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօրվա ավետարանական ընթերցումը անդամալույծի բժշկության մասին է, որին իր բարեկամներն ու մտերիմները բերում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, որպեսզի նրան բժշկի, քանի որ լսել էին Նրա կատարած հրաշքների և բժշկությունների մասին: Սիրելինե՛ր, ավետարանական այս հատվածը խրատական պատմություն է մեզ համար՝ իբրև քրիստոնյաների և իբրև Աստծո հետևորդների: Մտերիմներն ու հարազատներն իրենց համար թանկ մարդուն բերում են Աստծո Որդու մոտ՝ պատգարակի վրա հասցնելով այն վայրը, որտեղ Քրիստոս քարոզում էր: Սա արդեն իսկ մեծագույն քայլ էր նրանց կողմից: Նրանց համար միևնույն չէր իրենց մտերմի հիվանդությունը, նրանք սոսկ հիվանդին տեսակցողներ չէին, այլ նրա առողջության, կյանքի, ապագայի համար իրապես անհանգստացողներ, նրան դեպի փրկությունն առաջնորդողներ: Նրանք հավատում էին Աստծո Որդուն, և իրենց ընկերոջը նույնպես առաջնորդում են դեպի Ճշմարիտ Աստված, դեպի Հիսուս Քրիստոս: Գալով տեսնում են, որ անհնար է ներս մտնել, անհնար է նաև տեռատես կնոջ նման անձայն և անաղմուկ դիպչել Տիրոջը և բժշկություն ակնկալել (Մարկոս 5:25-34), կամ էլ ճանապարհին նստած Երիքովի երկու կույրերի պես կանչել Հիսուսին. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի Որդի» (Մատթեոս 20:29-34): Նրանց ձեռնարկած հաջորդ քայլը լինում է երդիկը քանդելը: Թեպետ այսօր դժվար է դա պատկերացնել, բայց այն ժամանակ հեշտ էր դա իրականացնելը, սակայն կարևորը տվյալ պարագայում նրանց վճռականությունն էր, նրանց կողմից՝ ելքի փնտրտուքները: Քանդելով երդիկը՝ իրենց ընկերոջը իջեցնում են ցած՝ Հիսուսի առջև: «Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»: Այս խոսքերը անասելի խռովք են պատճառում օրենսգետներին, սա արդեն Քրիտոսի՝ Աստծուն ուղղված «հայհոյությունների» սահմանն էր: Մի՞թե իրեն Աստված է ներկայացնում, որ թողություն է տալիս մեղքերին. դա միայն Աստծո մենաշնորհն է: Հիսուս Քրիստոս գիտեր, որ անդամալույծի հիվանդությունը մեղքի հետևանք է, ուստի թողություն տվեց մեղքին և բժշկություն պարգևեց նրան: Իր հոգում Նա իմացավ փարիսեցիների և օրենսգետների անհանգստությունը և նրանց հարց ուղղեց. «Ո՞րն է ավելի դյուրին. անդամալույծին ասել քո մեղքերը քեզ ներված են, թե՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ և գնա՛ քո տունը: Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, – ասաց Նա անդամալույծին, – քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տունը»: Փարիսեցիները չէին հավատում ո՛չ Աստծո Որդու զորությանը, ո՛չ Նրա Աստվածությանը: Նրանք հայհոյանք էին ընդունում Հիսուսի այն խոսքերը, որ Նա թողություն էր տալիս մարդկանց մեղքերին: Իսկապես, ո՞րն է ավելի հեշտ՝ ասել՝ մեղքերդ ներված ե՞ն, թե՝ վե՛ր կաց և գնա՛ քո տունը: Իրականում երկուսն էլ ասելը հեշտ է, բայց գործով դրանք իրականացնելը մարդկային կարողությունների սահմաններից դուրս է: Այսօր՝ խղճի և մտքի ազատության այս դարում, մարդու կողմից ստեղծված հասարակական բարիքները ի զորու չեն մարդուն պարգևել մեղքերի թողություն, այսօր, երբ բժշկությունը շարունակում է վերելք ապրել և զարգանալ, հաշմանդամներին լիակատար, ամբողջական ապաքինում չի տալիս: Նման ապաքինում, հոգու և մարմնի առողջություն և խղճի հանգստություն մարդուն կարող է պարգևել միմիայն մարդուն արարած Երկնային Տերն ու Դատավորը: Աստծո անսահման մարդասիրությունն ու ողորմածությունը մարդուն մշտապես հնարավորություն են տալիս ապաշխարությամբ և խոստովանությամբ մեղքերի թողություն ստանալ, խղճի հանգստություն գտնել և բժշկվել: Հիվանդությունները հաճախ մեղքի արդյունք են, սակայն Տերը ներում է մեր մեղքերը, և հիվանդությունները ի չիք են դառնում: Մեր Տերը սովորեցրեց մեզ, որ բոլոր մեղքերը չէ, որ հիվանդության հետևանք են, ինչպես բոլոր հրեաներն էին կարծում, որ, օրինակ, ամուլ կինը Աստծո պատիժն է կրում: Սիրելինե՛ր, բոլորդ հիշում եք Ղազարոսի հարությունը, երբ Ղազարոսի քույրերը կանչում են Հիսուսին, Նա ասում է, որ «այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի» (Հովհաննես 11:4), որպեսզի մարդը տեսնի Աստծո Որդու Աստվածային զորությունը, հավատա Նրան: Եվ դա տեսնում ենք անդամալույծի դեպքում ևս, որ ոչ միայն նա էր փառաբանում Աստծուն, այլև Նրան տեսնողները: Մատթեոս Ավետարանիչը գրում է. «Գնաց իր տունը և փառավորում էր Աստծուն: Բոլորին զարմանք պատեց և փառավորում էին Աստծուն» (Մատթեոս 5:25,26): Այսպիսով՝ անդամալույծը Աստվածորդու օրհնությամբ նոր կյանքի հնարավորություն ստացավ: Ոչ միայն նրա բաղձալի երազանքն էր ի կատար ածված, նա արդեն լիովին բուժվել էր, և բոլոր մարդկանց նման կարող էր շարունակել իր կյանքի ընթացքը, այլ նաև նրա մեղքերն էին ներված, որն առավել էական ու կարևոր է թե՛ Աստծո և թե՛ մարդկանց համար: Իսկ ի՞նչ ենք սովորում մենք ինքներս այս հրաշագործության մասին ընթերցելով: Միգուցե ավետարանական հերթական գեղեցիկ պատմությո՞ւնն է մեզ համար: Անշուշտ, ո՛չ: Հիսուս Քրիստոս ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13): Որքան բան նախաձեռնեցին անդամալույծի մերձավորները, մինչև հասան իրենց ուզածին: Տերը տեսավ անդամալույծի և նրա հետ եղողների աներեր ու անդրդվելի հավատը: Մենք ևս կյանքում մեր անելիքն ունենք, մեր սիրելիներին ու մտերիմներին դեպի Աստված ուղղորդելու, նրանց համար աղոթք վերառաքելու, սիրելու, խնամելու և անտարբեր չգտնվելու: Աստծո նկատմամբ մեր հավատի զորությունը հեղաշրջում է ոչ միայն մեր, այլև մեր մտերիմների կյանքը: Բացի այդ՝ մենք պիտի մեր սերն ու խնամքը չխնայենք դրանց կարիքն ունեցողների նկատմամբ: Անդամալույծի բժշկության այս պատմությունը հավերժական խրատ է մեզ՝ քրիստոնյաներիս համար, որ սովորեցնում է անտարբեր չլինել մեր շրջապատում եղած մարդկանց նկատմամբ, ոչ միայն նյութապես, բարոյապես, հոգեպես աջակից լինել, այլ նաև աղոթել նրանց համար, Աստծո մոտ առաջնորդել նրանց, պայքարել նրանց կյանքի ու բարեկեցության համար, ինչպես ինքներս մեզ համար ենք անում: Մարդիկ պետք է զգան մեր սերը, մեր ջերմությունը, իրենք իրենց ավելորդ չզգան կյանքում: Քրիստոնյան պետք է իր վարքով և գործերով, իր կյանքով դառնա Քրիստոսի Սուրբ Անվան օրհնաբանողն ու փառաբանողը, ինչպես ասվում է աղոթքում, որպեսզի նրան նայելով մյուսները ևս փառաբանեն Աստծուն և ձգտեն էլ ավելի մոտենալ Արարչին:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն: 

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

06.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․