ԱՊԱՇԽԱՐՀՈՒԹՅՈՒՆ|Apashkharhutyun



Գրքեր

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապաշխարություն. հաշտեցում Աստծո հետ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ապաշխարությունը յոթ խորհուրդներից երրորդն է: Այն քրիստոնեական նոր կյանքի սկիզբն է: Մարդու ներքին և արտաքին կյանքի փոփոխությունն է, բաղկացած մեղքի վճռականորեն մերժումից և ցանկություն ապրելու Աստվածային կամքի համաձայն:

Ապաշխարությունը ենթադրում է կյանքի ֆունդամենտալ, այսինքն՝ հիմքային փոփոխություն: Մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում իր գործած մեղքերի և հանցանքների համար: Թողնում է իր եսասեր կյանքը և  ապրում Աստծո պատվիրանների համաձայն:

Ապաշխարությունը խորհուրդ է

Էդուարդ Աղայանը իր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «ապաշխարել» բառը հետևյալ կերպ է բացատրում՝ գործած հանցանքի՝ մեղքի  համար զղջալ, իսկ փոխաբերական առումով՝ նեղություն՝ չարչարանք կրել: Ըստ Հայկազյան բառարանի այն առաջացել է «ապա» (հետո) մասնիկից և «աշխարել»-ից, այսինքն՝ իբրև աշխարհից մեկուսացած: Աճառյանը «ապաշխարել»-ը իրանյան փոխառություն է համարում, որ նշանակում է՝ լալ արած հանցանքի համար: Բառին հոմանիշ է «ապաշավել»-ը նույն իմաստով: Մաշտոցն այդ բառով է թարգմանել ավետարանական «մեթանոյիա» հունարեն բառը, որը նշանակել է զղջալ արածի համար, ճանապարհները փոխել (Մատթեոս 3.2; 4.17): Հունարեն μετάνοια. բառը («մեթանոյիա»- ապաշխարություն) նաև նշանակում է «մտածողության, մտքի փոփոխություն»: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կոչ է անում մեր ապրելակերպի և մտածողության փոփոխություն՝ մերժելով մեղավոր գործերն ու մտքերը:

Ըստ Տաթևացու ապաշխարությունն իր մեջ ընդգրկում է սրտի զղջում, խոստովանություն և ապաշխարություն գործով, «քանի որ երեք ձևով ենք մեղանչում,- գրում է նա,- խորհրդով, խոսքով և գործով, ուստի պետք է երեք ձևով էլ ապաշխարենք»: Սուրբ Ներսես Շնորհալին իր «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարում այս նկատի ունի, երբ նշում է. «Իմաստութիւն Հօր Հիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս…» (ԺԱ):

Ապաշխարության կարգը

Զղջումն ապաշխարության սկիզբն է. առանց սրտաբուխ զղջման չի կարող լինել և ճշմարիտ ապաշխարություն: Զղջումը գործված մեղքից հրաժարվելն է. այն առաջ է գալիս հավատից: Ճշմարիտ զղջումով և անկեղծ խոստովանությամբ ներվում է ամեն մեղք:

Ապա մեղավորը իր գործած մեղքերի համար խոստովանում է հոգևորականի առջև՝ թողություն (ներում) ստանալու ակնկալիքով:

Այնուհետև՝ հոգևորականը խոստովանողի համար սահմանում է ապաշխարություն՝ աղոթք, պահք, ողորմություն, բարեգործություն և այլ բարի գործեր: 

Զղջումից, խոստովանությունից և քավությունից հետո եկեղեցում Սուրբ Հաղորդության միջոցով մարդը թողության է արժանանում, այսինքն՝ ներվում են նրա մեղքերը:

Ապաշխարությունը, աղոթքը, պահքը, խոստովանությունը մեր կյանքում միշտ պետք է «թարմացնենք», և ինչպես ասում են եկեղեցու հայրերը ամեն օր նորից պետք է ամեն ինչ սկսել:

Ապաշխարությունը կյանք է

Այն մի նոր ընթացք է քրիստոնյայի համար, ունի շարունակական բնույթ և սահմանափակված չէ ժամանակի ինչ-որ մի հատվածով:

Թեև մկրտությունը լվանում է մեր մեղքերը, սակայն մկրտությունից հետո էլ ենք մեղք գործում,  քանի որ չկա աշխարհում մարդ, որ մեղք չգործի, ուստի յուրաքանչյուր մարդ պետք է զղջա մինչև իր վերջին շունչը: Այդ պատճառով այս խորհուրդը կրկնելի է: Այս մասին Հովհաննես Աստվածաբան առաքյալը ասում է. «Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից» (Ա Հովհաննես 1.8-9): Քանի որ Աստված սեր է՝ այնքան մեծ, որ մեր ամենասոսկալի մեղքն իսկ որպես փոշեհատիկ կորչում է այդ սիրո օվկիանոսում, եթե մենք սրտանց զղջում ու վստահությամբ դիմում ենք Աստծուն:

Ապաշխարությունը սրբարար զորություն ունեցող խորհուրդ է. հաստատում է ընկածներին, վերստին կենդանացնում, նորոգում հոգևոր կյանքը և հաշտեցնում Աստծո հետ: Իսկ մարդկանց Աստծո հետ հաշտեցնելու համար Քրիստոս Իր առաքյալներին ընտրեց, որոնց իշխանություն տվեց՝ ասելով.  «Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ուղարկում եմ ձեզ: Ապա փչեց նրանց վրա և ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին. եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհաննես 20.22-23): Մեղքերի թողության այս իշխանությունը աշակերտները Քրիստոսից առնելով փոխանցեցին իրենց հաջորդներին: Այսօր մեղքեր արձակելու այս իշխանությունը տրված է հոգևորականներին, ովքեր ձեռնադրության և օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն են՝ ըստ մեր Տիրոջ վերոհիշյալ խոսքի: Որևէ այլ անձ, բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկին խոստովանեցնելու և մեղքերից արձակում տալու: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում վարդապետը, քահանան, սարկավագը կամ որևէ աշխարհական կարդում է «Զղջման» աղոթքը, իսկ նրա շուրջը հավաքված հավատացյալները կրկնում են. «Մեղայ Աստուծոյ»: Վերջում խոստովանահայրը կարդում է մեղքերի թողության աղոթքը: Սա ընդհանրական խոստովանության կերպն է: Հայ եկեղեցում կա նաև անհատական խոստովանություն: Խոստովանողը իր գործած մեղքերը անձնապես խոստովանում է քահանայի առաջ, և քահանան, իրեն տրված աստվածային իշխանության համաձայն, թողություն է տալիս՝ արձակելով և խրատելով, որ այսուհետ մեղավոր ճանապարհով գնալու փոխարեն բարեգործության ճանապարհն ընտրեն: Խոստովանահոր վրա դրվում են որոշակի պարտականություններ: Նա չպետք է հայտնի խոստովանությունը ոչ մեկին:

Անկեղծ խոստովանությամբ քրիստոնյան ոչ միայն մեղքերի թողություն է ստանում, այլ նաև  հոգևոր առողջություն է ձեռք բերում. վերականգնվում է խղճի հանգստությունը, հոգու խաղաղությունը, Աստծո օրհնությունն է իջնում մարդու վրա: Այս խորհրդով վերականգնվում է այն, ինչ ստանում ենք մկրտության ժամանակ:

Սուրբ Եփրեմ Ասորու շուրթերով մեր Տեր Հիսուս Քրիստոս հորդորում է. «Ո՛վ մեղավոր, եթե շունչ առնելիս մեղանչել ես 70-ապատիկ 7 անգամ, և եթե չարիքներդ երկնքի աստղերի նման անթիվ են, իսկ անօրինությունդ անհամար է ծովի ալիքների պես, ողջ տիեզերքի ավազից էլ շատ, անձրևի շիթերից էլ հոծ և օդում սփռված մանրամաղ փոշուց էլ բազում, եթե չարիքդ ավելի մեծ է ու ծանր, քան աշխարհի բոլոր լեռները…. եթե զղջաս, քավություն կշնորհեմ մեղքերիդ ողջ բազմությանը բյուրապատիկ ավելի արագ, քան ակնթարթն ու շունչ առնելը, արևի ճառագայթների տարածումը. քանզի ամենակարող Արարիչ եմ և կարիք չունեմ ժամանակի՝  մեղքերը քավելու համար» («Հորդորակ ապաշխարության», ԼԳ):

 

27.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․