Գրքեր

Առաջավորաց պահքի բարեկենդան

Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ  ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ: Առաջավորաց հնգօրյա պահքը նախորդում է Մեծ պահքին և հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այս պահքը հայոց առաջին պահքն է, այդ պատճառով էլ կոչվում է Առաջավորաց: Ըստ ավանդության՝ Առաջավորաց պահքն առնչվում է Ս. Գրիգոր Լուսավորչի քարոզչության և հայոց դարձի հետ: Վերջինս հաստատեց առաջին շաբաթապահքը՝ ի հիշատակ հեթանոսության խավարից մեր ազատագրման:

Առաջավորաց պահքը տարբերվում է մյուս պահքերից, քանի որ միակ պահքն է, որի ընթացքում Աստվածաշնչից ընթերցանություն չկա, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար հիշատակվում է նաև Ադամի անկումը, իսկ Ադամի ժամանակ Գիրք և մարգարեներ չկային: Առաջին չորս օրերին ոչինչ չի ընթերցվում, իսկ հինգերորդ՝ ուրբաթ օրը, նվիրված է Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարության հիշատակին և ընթերցվում է Հովնան մարգարեի գիրքը: Ժողովուրդն այս պահքը երբեմն սխալմամբ անվանում է Ս. Սարգսի պահք: Սակայն այն Ս. Սարգսի հետ ոչ մի առնչություն չունի, պարզապես Առաջավորաց պահքին հաջորդում է Ս. Սարգսի տոնը:

Ինչպես յուրաքանչյուր պահքի շրջան, այնպես էլ Առաջավորաց պահքի օրերն առիթ են մեզ խորհրդածելու մեր երկրային կյանքի մասին, կարևոր նախահիմք է հոգևոր արթնության հասնելու և ապաշխարության արժանի պտուղներ արարելու համար: Եվ ինչպես ավետարանիչն է ասում. «Այսուհետև գործո՛վ ցույց տվեք, որ ապաշխարել եք» (Մատթեոս 3:8): Այսպես պահքը հանգեցնում է ապաշխարության՝ նպաստելով սրտի սրբագործմանը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

05.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․