18 Նոյեմբեր, Բշ, Հինանց պահքի Ա օր

Առատաձեռնություն

Միմյանց հետ խոսակցության ժամանակ մարդկանց գիտակցությունը կարծես թուլանում և ուժգնանում է` կախված այն բանից, թե որքանով է զրուցակցի ասածը հետաքրքրում դիմացինին: Անգամ խոսակցության մեջ մարդիկ սիրում են շահը, սեփական օգտակարության համար որևէ բան ստանալը: Սակայն առաքյալը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը, թե` երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը (Գործք 20.35): Հետևաբար, երանելի է ողորմություն անելը: Փիլիսոփաներից մեկն ասում է, որ Ալեքսանդր Մեծը թագավորություններ էր բաժանում, իսկ Ավետարանի այրի կինը ընդամենը երկու լումա էր գցում գանձանակը: Եվ չնայած նրանց տվածի չափը տարբեր է, բայց երկու դեպքում էլ նույն առատաձեռնությունն է դրսևորվում, որովհետև նրանցից յուրաքանչյուրը տվեց իր ունեցածից մեծագույնը: Դրա համար էլ քիչ ունեցողի քիչ տվածը շատ է համարվում, իսկ շատ ունեցողի քիչ տվածը համարվում է ժլատություն:

Փիլիսոփա Կանտն ասում էր, որ արարքը լավն է, երբ արվում է պարտքի զգացումից, նույնիսկ առավել գնահատելի է այն դեպքում, երբ մարդը հակառակ իր ցանկության, բայց պարտքի զգացումից ելնելով` բարի բան է անում: Սակայն այս կարծիքին հակադրվում էր փիլիսոփա Շոպենհաուերը, ով պնդում էր, որ անգամ արվեստի գործերն արարվում են ոչ թե գեղագիտության չոր օրենքնեով, այլ ներշնչումով ու ներշնչանքով: Նույնպես բարեգործությունը արժևորվում է գթասրտությամբ: Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Ինչ էլ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31):

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

04.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․