16 Նոյեմբեր, Շբ
«Արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա» (Ա Պետրոս 5:8): Զգոնության և ուշադրության է կոչում առաքյալը՝ զգուշացնելով չարի կործանարար ծուղակներից անփութության և անուշադրության մասին: Այս մոլություններին անձնատուր մարդը նույնիսկ ամենակարևոր հարցերի շուրջ մակերեսային մոտեցում ունի, նա, սովորաբար, անհաստատ է և նրա զգացումները զուրկ են խորությունից: Եկեղեցու հայրերի բնութագրմամբ՝ անփույթ մարդու համար խորթ է մերձավորի հանդեպ սերը, նա անտարբերությամբ է դիտում մարդկանց խնդիրներին: Այդպիսի մեկը կառչած է երկրից, իրեն հետաքրքրում է այն, ինչ ունայն է և ժամանակավոր: Ինչպես թիթեռը մի ծաղկից մյուսն է թռչում, այնպես էլ անտարբեր մարդն է մի երկրային հաճույքից մյուսին անցնում: Նրա համար անսպասելի են փորձությունները, քանի որ նա միայն ուրախության ակնկալիք ունի: Եթե նա մեծ, բայց կարճատև փորձության մեջ է ընկնում, ապա նա նույն պահին իր աղմկոտ հաճույքների մեջ մոռանում է այն, իսկ երկարատև փորձությունը խորտակում է նրան՝ խոր հուսահատության մատնելով: Անփույթ մարդը նման է նաև այն տանը, որ չունի դուռ և պատուհաններ, ուր ոչ մի գանձ հնարավոր չէ պահպանել, այն բաց է կողոպտիչների և ավազակների առջև:
Ուշադրությունն ու զգոնությունն ամրացնում են հոգևոր կյանքը: Ըստ եկեղեցու հայրերի՝ Աստծո կամքին և նախախնամությանը հանձնվել չի նշանակում անձնատուր լինել անփութությանը, ինչն անընդունելի է Աստծո կողմից: «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»,- պատգամում է Քրիստոս Իր առաքյալներին: Առանց զգոնության և ուշադրության հնարավոր չէ պատվիրանապահության մեջ մնալ: Եթե մարդիկ միմյանց հետ զրուցելիս փորձում են հնարավորինս ուշադիր լինել՝ միմյանց չվիրավորելու նպատակով, ապա որքան առավել ուշադիր պետք է լինեն նրանք, երբ զրուցում են Աստծո հետ: Եկեղեցու հայրերը հորդորում են՝ երբ աղոթելիս լինես, սիրտդ ուղղիր վե՛ր և աչքերդ՝ վար, մտի՛ր քո ներսը՝ քո ներքին մարդու մեջ: Նաև՝ եթե մենք, աղոթքի մեջ լինելով, մեր խորհուրդները դրսում ենք թափառեցնում և չենք հավաքում, ինքներս իսկ մատնում ենք մեզ և թողնում մեղանչական մտածողությունների մեջ: Իսկ առավել են վնասում իրենց նրանք, ովքեր խոսում են աղոթքի ժամանակ, իսկ ուրիշները ոչ միայն աղոթքի պահին, այլև՝ երբ քահանան խաղաղություն է տալիս ժողովրդին: Ի՜նչ սարսափելի բան, ինչպե՞ս կարող ենք, այս բաներն անելով, հաշտվել Աստծո հետ: Ինչպես, որ պատերազմի զինվորները միմյանցից առավել ամուր են բռնվում, նույնը պետք է այստեղ անենք, որովհետև աղոթքի ժամին ամենքս էլ սատանայի հետ ենք մարտնչում, և նա՝ մեզ հետ: Եվ ինչպես պատերազմի ժամանակ փոքր նահանջը շատերին է վնասում, նույնպես քչերն իրենց անկարգության պատճառով շատերին զրկում են աղոթքի շահից:
Բոլոր սրբերը ջանադրորեն փախչում էին անփութությունից, մինչև կյանքի վերջ նրանք զգոն էին և արթուն. «Ոմն սուրբ այր վախճանվելու վրա էր: Նույն պահին, երբ պետք է ավանդեր հոգին, սատանան կանգնեց նրա առաջ և ասաց. «Դու ճողոպրեցիր իմ ձեռքից»: Եվ ծերն ասաց. «Աստված գիտե»: Մինչև այդ պահն անգամ արթուն էին սուրբ հայրերը, որպեսզի երբեք չպարծենան»:
Փրկարար ուշադրությունը պահպանելու համար հարկ է, որ մարդ հաճախ առանձնանա իր հետ և խորհի՝ ինչպե՞ս է գործածում աստվածատուր ժամանակը:
«Հսկիր քեզ վրա,- հորդորում է Ս. Բարսեղ կեսարացին,- մի՛ կանգնիր դիտելու քեզնից դուրս, փնտրելով գտնել ինչ-որ մի բան, որով կարող կլինես հանդիմանել ուրիշներին, ինչպես վարվում էր այն հավակնոտ և ունայնափառ փարիսեցին, ով բարձրացնում էր իր սեփական անձը և արհամարհում մաքսավորին (Ղուկ. 18:10-14): Մի՛ դադարեցրու անձիդ զննումը, հարցնելով ինքդ քեզ, թե արդյոք մեղանչեցիր մտածումներովդ, կամ արդյոք լեզուդ, որ մտքից ավելի արագ է, ինչ-որ մի բան չասաց չափազանց. կամ թե ձեռքերիդ գործերով նպատակներիցդ ավելի բան չկատարեցիր: Եվ եթե գտնես կյանքիդ մեջ մեծ թվով մեղքեր, մարդ ես, հետևաբար՝ բավական թվով անկասկած կգտնես, կրկնիր մաքսավորի խոսքերը՝ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը