26 Դեկտեմբեր, Եշ
- Հա՛յր սուրբ, շատերը մեզ ասում են. «Դուք այստեղ կարծես դրախտում ապրելիս լինեք»:
- Աղոթեք, որպեսզի առանց մյուս դրախտի չմնաք: Ես գոհ կլինեի, եթե աշխարհիկ մարդկանց վրա ձեր հոգևոր աճը տպավորություն գործեր, սակայն դուք ինքներդ չնկատեիք ուրիշների վրա գործած տպավորությունը հենց այդ աճի պատճառով, չձգտեիք տպավորություն գործել, այլ այն բնական լիներ ու բխեր ներսից: Աշխատեք անօգուտ բաների պատճառով չկորցնել ձեզ, այլապես Քրիստոսին կկորցնեք: Աշխատեք, որ ձեր խիղճն ավելի վանական դառնա: Հոգևո՛ր կյանքով ապրեք, ինչպես միանձնուհիները: Մի՛ մոռացեք Քրիստոսի մասին, որպեսզի Նա էլ ձեզ հիշի: Իմ նպատակը ձեզ վշտացնելը չէ, այլ ձեզ օգնելն ու ամրացնելը: Աշխարհիկ ոգին, վանականության մեջ մտնելով, վշտացնում է Քրիստոսին: Փորձեք զանազանել այդ օտար ոգին ու հեռու վանել ձեզանից:
Ցավոք սրտի, աշխարհիկ ոգին շատ մենաստաններ է ներթափանցել: Որովհետև մեր ժամանակներում որոշ հոգևորականներ վանականության ուղղությունն աշխարհիկ հունով են տանում, և վանականների հոգիները չեն ձգվում դեպի Եկեղեցու հայրերի բարեբեր ոգին: Տեսնում եմ, որ մենաստաններում այսօր հայրերի ոգուն հակադիր մի ոգի է տիրում: Այսինքն՝ նրանք հոգևոր կյանքով չեն ապրում: Հնազանդության ու իրենց կամքից հրաժարվելու անվան տակ գործելով՝ հոգևոր բարձունքները հողին են հավասարեցնում ու իրենց աշխարհիկ կամայականություններով զբաղվում: Այսպես ապրելով նրանք չեն առաջադիմում, քանի որ գայթակղիչը՝ աշխարհիկ ոգին, նրանց հետ միասին «ճգնում» է մենաստանում: Մենք իրավունք չունենք Աստծու պատվիրանները մեկնել այնպես, ինչպես մեզ է հարմար: Իրավունք չունենք վանականությունը ներկայացնել այնպես, ինչպես ուզում ենք: Սեփական տկարություններն ընդունելն ու խոնարհաբար Աստծու ողորմածությունը խնդրելը լրիվ այլ բան է: Իմ կարծիքով մեծագույն չարիքն այն է, որ ոմանք այդ աշխարհիկ ոգին առաջընթաց են համարում, բայց պետք է այդ ոգին որպես անկում ընկալեն և դուրս «փսխեն» իրենց միջից, որպեսզի հոգին մաքրվի: Եվ այդժամ Սուրբ Հոգին, որ սրբում, լուսավորում ու հաստատում է հոգիները, կգա:
Բայց այնպիսի վանականներ էլ կան, որ ասում են. «Մենք պետք է մեր մշակույթը դրսևորենք»: Ի՞նչ մշակույթ: Աշխարհի՞կ: Բնական կլիներ, եթե մենք, որպես վանականներ, մեր հոգևոր մշակույթը, հոգևոր զարգացումը դրսևորեինք: Կհարցնեք, թե ի՞նչ հոգևոր զարգացում: Ահա, թե ինչ. չձգտել աշխարհիկ մարդկանց գերազանցել աշխարհիկ առաջընթացի մեջ, քանի որ դա նույնիսկ նրանց է տանջում, էլ ուր մնաց, թե վանականներին չտանջի: Մեր հոգևոր արագությունը պետք է այնքան բարձր լինի, որ այս աշխարհի մարդիկ էլ տարվեն ու գան մեր հետևից: Եթե մենք, վանականներս, նույնն ենք անում, ինչ որևէ բարձր հոգևոր արժեքների տեր աշխարհական, ապա դա օգուտ չի բերի աշխարհիկ մարդկանց, որովհետև աշխարհականի օրինակը նրանք առանց մեզ էլ ունեն: Մեր կյանքը պետք է ավելի վեր լինի, քան հոգևոր աշխարհականներինը: Վանականը չպետք է իր առջև նպատակ դնի ուրիշներին ինչ-որ աշխարհիկ զարգացում ցուցադրել: Դա վիրավորական է վանականության համար: Աշխարհիկ մտածելակերպ ունեցող վանականը ցույց է տալիս, որ ինքը շեղվել է ուղուց, Քրիստոսի համար է այդ ճանապարհն ընտրել, բայց նրա հոգին դեպի աշխարհ է ձգտում: Առաջընթաց համարվող աշխարհիկ զարգացումը վանականությանը դեպի հոգևոր քայքայում է տանում:
Ինչպես աշխարհից է անհետանում պատիվը, հարգանքը, և մարդիկ դրանք այլևս ժամանակակից չեն համարում, այդպես էլ շատ բաներ վանականությունից է անհետանում: Այդ պատճառով էլ սիրտս շատ է ցավում: Ուզում եմ մի հեռավոր անկյուն գնալ (որպեսզի այդ ամենը չտեսնեմ): Նա ով վեհ ոչինչ չի վերապրել իր կյանքում՝ շատ չի մտահոգվում իր հոգևոր կյանքի մասին, որում ամեն բան սեփական կանոններով է դասավորում: Սակայն գիտե՞ք, թե ինչպիսի տառապանք է այդպիսի կանոներով ապրել այն մարդու համար, ով ինչ-որ վեհ բան է զգացել: Եթե Քրիստոս ինձ արժանացնի այնպես ապրել, ինչպես ես ուզում եմ՝ վանական կյանքով և քաջաբար մեռնել, ապա ես դա կընդունեի որպես մահ կռվի դաշտում, առաջին գծում: Այժմ այնպիսի ժամանակ է, որ թեկուզ Եկեղեցու սուրբ հայրերի անունը բարձր պահելու համար միայն արժե մահանալ, ճշմարիտ հավատի խոստովանության ու զոհաբերության գնալ:
Մենք բոլորս կարդում ու կարդում ենք սուրբ հայրերի մասին, սակայն նույնիսկ մի փոքր չենք մտածում այն մասին, թե ինչպես և որտեղ են նրանք ապրել: Տերն ասել է. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթ. 8:20): Դա ցնցում է: Սուրբ հայրերը փորձում էին քարանձավներում ապրել ու Քրիստոսին նմանվել: Նրանք Քրիստոսի ուրախությունն էին զգում, քանի որ ամեն ինչում Նրան էին հետևում: Նրանց միայն դա էր հետաքրքրում: Սուրբ հայրերն անապատը հոգևոր քաղաքի էին վերածել, իսկ մենք այն աշխարհիկ քաղաքի ենք վերածում այսօր:
Քրիստոսի Եկեղեցին անապատ է փախչում փրկվելու համար*, իսկ մենք անապատն աշխարհիկ քաղաքի ենք վերածում: Իսկ մարդիկ կգայթակղվեն դրանով, առանց օգնության կմնան ու այլևս ոչինչ չեն ունենա, ինչից կարող են կառչել: Այդ մեծ վտանգն եմ տեսնում այս դժվարին տարիներին, որ ապրում ենք: Սակայն պետք է ավելի վանական կյանքով ապրեինք, որպեսզի աստվածային ուժը ստանայինք, բայց աշխարհիկ ոգու ազդեցության տակ ենք ընկնում, որն էլ մեզ վատն ու անզոր է դարձնում: Այսինքն՝ մենք ենք մեզանից մեր հոգին դուրս հանում ու դառնում ենք անշունչ մարմին:
Այսօր վանականներ կան, որ արտաքնապես վանական կյանքով են ապրում: Չեն ծխում, մարմնական մեղքեր չեն գործում, հոգևոր գրականություն են կարդում, մեջբերումներ են անում սուրբ հայրերից: Աշխարհիկ կյանքում, երբ երեխան չէր ստում, Եկեղեցի էր գնում, խաչակնքվում էր, իսկ երբ հասունանալով՝ որոշ չափով պահում էր բարոյական չափանիշները, ապա դա բավարար էր համարվում: Ճիշտ նույն կյանքով էլ որոշ մենաստաններում են ապրում, և դա գրավում է աշխարհական մարդկանց: Սակայն այդպիսի վանականներին ավելի լավ ծանոթանալով՝ տեսնում են, որ նրանք ոչնչով չեն տարբերվում այս աշխարհի մարդկանցից, որովհետև ողջ աշխարհիկ ոգին պահպանում են: Իսկ եթե նրանք ծխեին, թերթեր կարդային, քաղաքականության մասին խոսեին, ապա աշխարհականները գոնե կխուսափեին նրանցից, ինչպես աշխարհիկ մարդկանցից, և վանականությունը չէր վնասվի:
Հոգևոր առումով տկար վանականն ինչո՞վ կարող է աշխարհիկ մարդու սրտին դիպչել: Եթե սպիրտը բաց շշի մեջ թողնես, ապա այն իր որակը, թնդությունը կկորցնի, չի կարողանա ո՛չ մանրէները սպանել, ո՛չ այրվել: Իսկ եթե այդպիսի անորակ սպիրտը սպիրտայրոցի մեջ լցնես, ապա այն պատրույգն էլ կփչացնի: Այդպես էլ վանականը. անուշադիր լինելով՝ աստվածային բարեշնորհությունը վանում է իրենից և միայն սքեմն է մնում, արտաքին տեսքը: Նա որակը կորցրած սպիրտի է նմանվում ու չի կարող սատանային «այրել»: Քանի որ «վանականներին հրեշտակներն են լուսավորում, իսկ մարդկանց՝ վանականները»**: Սակայն «որակը կորցրած» վանականները դադարում են լուսավորելուց: Գիտեք, թե ի՜նչ կործանարար է աշխարհիկ մտածելակերպը: Եթե հոգևոր ուժը հեռանում է վանականությունից, ապա նրանում այլևս ոչինչ չի մնում: Որովհետև «եթե աղը անհամանա» (Մատթ. 5:13), ապա նույնիսկ որպես պարարտանյութ չի կարող ծառայել: Աղբը, կեղտաջուրը բուսահող են դառնում, բայց աղը՝ ոչ: Եթե աղով «պարարտեցնես» հողը, ապա այն կայրի բույսը: Վանականությունը պետք է պայծառ շողա այս դարաշրջանում: Այս ողջ փտածության ու նեխածության համար աղ է պահանջվում: Հասարակության համար մեծագույն նվերն այն կլինի, որ վանքերից վերանա աշխարհիկ մտածելակերպն ու նրանք հոգևոր վիճակում գտնվեն: Նրանք խոսելու կամ ինչ-որ բան անելու կարիք չեն ունենա, քանի որ իրենց կյանքերով կխոսեն: Այսօր աշխարհը հենց դրա կարիքն ունի:
Իսկ տեսեք, թե կաթոլիկներն ուր են հասել: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ ես Ստոմիոն վանքում էի, ինչ-որ մեկն ինձ թերթից մի հատված բերեց, ուր գրված էր. «Երեք հարյուր կաթոլիկ միանձնուհիներ բողոքի ակցիա են կազմակերպել այն պատճառով, որ նախ՝ իրենց թույլ չեն տվել կինոթատրոնում գեղարվեստական ֆիլմ դիտել, իսկ ապա, որ իրենց զգեստները ծնկներից չեն, այլ կոճերից»: Ես այնքան էի վրդովվել դրանից, որ նույնիսկ ասացի. «Իսկ ինչո՞ւ եք միանձնուհի դարձել վերջիվերջո»: Իսկ հոդվածի վերջում գրված էր, որ նրանք հանել են միանձնուհու զգեստն ու աշխարհիկ կյանքի վերադարձել: Սակայն այդպիսի մտածելակերպով նրանք ավելի վաղուց էին աշխարհ վերադարձել: Իսկ մեկ ուրիշ անգամ, մի կաթոլիկ միանձնուհու տեսա, ով իբրև թե միսիոներական աշխատանքով էր զբաղվում, բայց ինչպես արտահայտվեմ․․․ Նույնն էր, ինչ չափից դուրս աշխարհիկ աղջիկները: Բացարձակ ոչ մի տարբերություն: Ուրեմն թույլ չտանք, որ այդ եվրոպական ոգին մեր մեջ էլ մտնի, որպեսզի մենք էլ դրան չհասնենք:
- Հա՛յր, ինձ թվում է, որ աշխարհիկ մտածելակերպից հրաժարվելը դժվար գործ է:
- Դժվար չէ, սակայն զգոնություն է պահանջվում: Մշտապես այն մասին մտածիր, թե Արսեն Մեծն ինչ է ասել. «Հանուն ինչի՞ ես թողել աշխարհը»: Մենք մոռանում ենք, թե ինչի համար ենք վանք եկել: Բոլորն էլ ինչ-որ չափով լավ են սկսում, բայց ոչ բոլորն են լավ ավարտում, որովհետև մոռանում են, թե ինչի համար են մենաստան գնացել:
- Հա՛յր սուրբ, ասացիք, որ այս աշխարհի ոգին վանականության մեջ է ներթափանցում, և դրա հոգևոր չափանիշները ջնջվում են: Իսկ վանականության ճշմարիտ ոգին կանգուն կմնա՞:
- Սա փոթորիկ է, բայց Աստված չի լքի:
- Հա՛յր, մտածում եմ, թե հոգևոր ուղղվածություն ունեցող վանական միաբանություններ դեռ կա՞ն:
- Այդ էր պակաս, որ այդպիսի միաբանություններ չլինեին: Սուրբ Աստվածամայրն այնժամ մեր ողջ «եղբայրությանը» պահակախմբի ուղեկցությամբ դեպի ազատազրկման վայրեր կուղարկեր… Վանականներ կան, որ շատ հոգևոր կյանքով են ապրում, անաղմուկ: Յուրաքանչյուր մենաստանում, յուրաքանչյուր թեմում կան այդպիսիք: Եվ հենց այդպիսի եզակի հոգիներն էլ Աստծուն ողորմածության են մղում, և այդ պատճառով էլ Նա համբերում է մեզ:
* Հմմտ. Հայտն. 12:6
** "Свет монахов суть Ангелы, а свет для всех человеков монашеское житие; и поэтому да подвизаются иноки быть благим примером во всем, никому же ни в чем же претыкание дающе ни делом, ни словами (2 Кор. 6:3-5). Если же свет сей бывает тма, то оная тма, то есть сущие в мире кольми паче помрачаются". Преподобного Отца Аввы Иоанна Игумена Синайской Горы Лествица в русском переводе. Свято-Троице-Сергиева Лавра, 1898, С. 181.
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը