Աշխատանքն օրհնություն է

- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով:

- Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատելուց: Եթե դեռևս ուժ ունենալով նրանք դադարեն աշխատելուց, ապա կսկսեն վհատվել: Այդպիսի մարդկանց համար աշխատանքը դադարեցնելը հավասարազոր է մահվան: Հիշում եմ, Կոնիցայում մի իննսունամյա ծերունի անդադար աշխատում էր: Վերջ ի վերջո նա այդպես էլ արտում մահացավ, տնից երկու ժամվա ճանապարհի վրա:

Սակայն պետք է ասել նաև, որ ֆիզիկական հանգիստը, որին որոշ մարդիկ ձգտում են, իրենից որոշակի կայուն վիճակ չի ներկայացնում: Ֆիզիկական հանգստի վիճակում գտնվելով՝ մարդիկ կարող են միայն ժամանակավորապես մոռանալ իրենց հոգեկան խռովքը: Նրանք ամեն ինչ ունեն՝ ճաշ, աղանդեր, ցնցուղ, հանգիստ… Սակայն հենց այդ ամենն ավարտվում է՝ նրանք է՛լ ավելի մեծ հանգստի են ձգտում: Այդպիսով, մարդկանց անընդհատ ինչ-որ բան չի հերիքում և այդ պատճառով էլ մշտապես անտրամադիր են: Նրանք դատարկություն են զգում, և նրանց հոգին ձգտում է լրացնել այդ դատարկությունը: Իսկ ահա նա, ով հոգնում է աշխատանքից, մշտական ուրախություն ունի, հոգևո՛ր ուրախություն:

- Հա՛յր, բայց եթե, օրինակ, մեջքի խնդիր ունես, ապա ոչ մի աշխատանքով չես կարող զբաղվել:

- Իսկ քո կարծիքով մեջքը մարզելու կարիք չի՞ զգում: Մի՞թե աշխատանքը մեջքին չի օգնի, եթե այն դրա համար մարզում լինի: Ահա թե ինչ կասեմ քեզ․ եթե մարդ ուտում է, խմում, քնում և չի աշխատում, ապա նրա բոլոր ներքին «պտուտակները» թուլանում են, և նա անընդհատ քնել է ուզում, որովհետև նրա մարմինը, նրա նյարդերը թուլանում են: Այդպիսի մարդը հետզհետե այլևս ոչինչ չի կարողանում անել: Բավական է՝ մի փոքր քայլի, և շունչն սկսում է կտրվել: Իսկ եթե սկսի քիչ-քիչ աշխատել ու շարժվել, ապա նրա ձեռքերն ու ոտքերը կամրանան: Տե՛ս, աշխատանք սիրող մարդիկ երկար չեն քնում կամ ընդհանրապես չեն կարողանում քնել հոգնածությունից, սակայն, չնայած դրան, այդ մարդիկ ուժ ունեն: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ աշխատելով՝ նրանք կոփվում են և ֆիզիկապես ամրանում:

Աշխատանքն առողջություն է, հատկապես երիտասարդ մարդկանց համար: Ես նկատել եմ, որ որոշ «մայրիկի բալիկներ» բանակ գնալով՝ հասունանում են, կոփվում: Բանակն այդպիսի երիտասարդներին շատ մեծ օգուտ է բերում: Իհարկե, այն, ինչի մասին ասում եմ, անցյալին է վերաբերում: Այսօր բանակում վախենում են անհանգստացնել զինվորներին, ստիպել նրանց ինչ-որ բան անել, որովհետև բավական է նրանց ինչ-որ կերպ «անհանգստացնեն», նրանք սկսում են իրենց երակները կտրել, «նյարդային ցնցում են ապրում»… Որպեսզի երեխաներն առողջ լինեն, ես ծնողներին խորհուրդ եմ տալիս նրանց աշխատանքի ուղարկել ինչ-որ մեկի մոտ և նույնիսկ վճարել այդ մարդուն դրա համար: Միայն թե երեխաները սիրեն այն աշխատանքը, որը պետք է անեն: Քանի որ, եթե պատանին, ուժ ու գլուխ ունենալով, չի աշխատում, ապա թուլանում է, դառնում ալարկոտ ու թուլակամ: Իսկ եթե դրա հետ մեկտեղ նաև տեսնում է, որ մյուսները հաջողում են, ապա խճճվում է սեփական եսասիրության մեջ և ոչնչից չի ուրախանում: Նա մշտապես մտահոգ է, և նրա ուղեղը կարծես ծղոտով լեցուն լինի: Այնուհետև նրա մոտ է գալիս սատանան ու սկսում շշնջալ. «Դժբախտի մե՛կը, ի՜նչ անտաղանդ ես: Հասակակիցներիցդ մեկը դասավանդում է, մյուսը՝ սեփական գործ ունի և փող է աշխատում, իսկ դու ինչի՞ կհասնես»: Այդ կերպ սատանան այդ մարդուն հուսահատության գիրկն է գցում: Սակայն եթե պատանին սկսի աշխատել, ապա ինքնավստահություն ձեռք կբերի՝ այդ բառի բարի իմաստով: Նա կտեսնի, որ կարող է դժվարությունները հաղթահարել, սակայն, դրանից բացի, նրա ուղեղն աշխատանքով զբաղված կլինի և մտածմունքների ժամանակ չի մնա: Այսինքն՝ կրկնակի օգուտ կլինի:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

31.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․