1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Աշխատանքը

«Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ Ե 17)։

Հիսուս այսպես պատասխանեց բոլոր նրանց, ովքեր Իրեն քննադատում էին շաբաթ օրերին ևս բժշկություններ կատարելու և աշխատելու համար։ Ո՜վ սիրելի ունկնդիրներ, աշխատելն Աստծուն նմանվել է նշանակում, քանի որ Աստված միշտ աշխատանքի մեջ է, ուստի և հարկ է, որ մարդն էլ մշտապես աշխատանքի մեջ լինի։ Համայն տիեզերքը աշխատանքի մեջ է․ ամեն ինչ շարժվում է, հակվում որևէ կետի, միտվում, փոփոխվում։

Երկրի ընդերքում անգամ շարժում գոյություն ունի, հյուլեներն անգամ շարժվում են, իրար ձգում ու վանում։ Բույսերն էլ աշխատանքի մեջ են․ նրանք զմայլելիորեն ծլարձակում են, ծաղկում, փթթում և պտղաբերում։ Տիեզերքի անշարժությունը մահ է։ Տիեզերքն, իր ամբողջության մեջ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ աշխատանք ու, հետևաբար, կյանք։

Կենդանի արարածների համար ևս աշխատանքը մեծ առաջնահերթություն ունի։ Թռչունը հյուսում է իր բույնը, կերակրում իր ձագերին, մշտապես զգուշանում է որսորդից ու որոգայթից և ամեն հնարանք գործի է դնում իր գոյությունը պահպանելու համար։ Մեղուն հրաշալի ճարտարությամբ պատրաստում է իր փեթակը։ Մեղուները պարսերով գնում ու շրջում են ծաղկավետ հովիտներում՝ մեղրի հյութը հավաքելու և իրենց պաշարն ապահովելու համար։

Նույն կերպով և սարդն էլ իր հիանալի «գործունեությամբ», երկրաչափական ճշգրտությամբ ոստայն է հյուսում՝ համաչափությամբ իրար միացնելով այդ ոստայնի յուրաքանչյուր թելը։ Սարդի նպատակն ուրիշ բան չէ, այլ միայն՝ սնունդ գտնելն ու այդ որսի միջոցով իր կյանքն ապահովելը։ Ներքևում՝ հողի վրա, ուրիշ, խիստ փոքր միջատներ, անհամար ու անթիվ մրջյուններ են, նրբանցքներ բանալով, «աշխատում» ցորենի արտի կամ մարգերի մեջ ու այդպիսով հայթայթում իրենց ձմռան պաշարը։

Մրջյունի աշխատասիրությունը այնպիսի՜ սքանչացում է պատճառել Իմաստունին, որ վերջինս, իր խոսքը ծույլերին ուղղելով, ասում է․

«Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ,
Նախանձի՛ր նրա գործերին և իմաստո՛ւն եղիր նրանից ավելի.
Քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու
Եվ ո՛չ էլ գլխին տեր ունի,
Բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը
Եվ հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը» (Առակաց Զ 6-8):

Եթե մարդու ոսկորները, ջլերն ու մկանները կարող են համեմատվել կենդանիների ոսկորների, ջլերի ու մկանների հետ, սակայն հոգեկան աշխարհը համեմատել չենք կարող, քանի որ մարդն իր աշխատանքով առաջադիմում է, իր շնորհները բազմապատկում, մինչդեռ կենդանին, ինչքան էլ որ աշխատի, մնում է այնտեղ, որտեղ որ էր։ Կենդանիների կենսակերպի մեջ առաջադիմության որևէ նշան չեք կարող ցույց տալ։ Կենդանիների այն տեսակները, որոնք աչքի են ընկնում իբրև աշխատող ու ժրաջան կենդանիներ, ինչպիսին են, օրինակ, մեղուն, սարդն ու մրջյունը, իրենց բնազդից դուրս, իրենց սովորությունների մեջ երբևէ փոփոխության կամ առաջադիմության նշույլ իսկ ցույց չեն տվել։

Այսպես, ուրեմն, համայն տիեզերքն ամեն կողմից հրավիրում է աշխատանքի: «Աշխատա՜նք» է բղավում երկիրն իր ընդերքի խորքերից: «Աշխատա՜նք» են մռնչում բռնաշունչ հողմերն ու ծովի փրփրադեզ ալիքները: «Աշխատա՜նք» են ձայներգում գեղեցկատեսիլ թռչունները: «Աշխատա՜նք» են շշնջում մրջյուններն ու բզզում՝ մեղուները: Մեր կարիքներն ու պահանջներն էլ այս ձայների հետ աղաղակում են ու ասում մեզ. «Աշխատա՜նք, աշխատա՜նք»: Դարձյալ, մեր միտքն ու փորձառությունը մեզ առաջնորդում են դեպի աշխատանքի ճանապարհն ու համոզում, որ աշխատանքը, որքան էլ ծանր լինի, մարդու համար պատիժ չէ, այլ՝ քաղցր ու բարերար մի օրհնություն:

1. Աշխատանքը մեր մեջ արթնացնում է քնած ուժերն ու խթանում մեր ունեցած ձիրքերի և արժանիքների զարգացումը, ինչպես նաև բարձր է պահում մեր պատիվն ու մեծավայելչությունը: Երբ ընթերցում ենք գիտական կամ պետական նշանավոր գործիչների կյանքի պատմությունը, տեսնում ենք, որ նրանք բարձր դիրքի են հասել միմիայն աշխատանքի ու տքնաջան ջանքերի միջոցով:

Այսպես, Դեմոսթենեսը միայն աշխատանքի՛ շնորհիվ կարողացավ առաջնակարգ հռետոր դառնալ: Դեկարտը իր տքնաջան աշխատանքի՛ միջոցով լուծեց հոգեբանությանն առնչվող խնդիրները: Նյուտոնը մանրակրկիտ աշխատանքի՛ շնորհիվ մեծ գիտնական դարձավ: Նապոլեոնն անդադար աշխատանքո՛վ կարողացավ աշխարհի մեծագույն հրամանատարներից մեկը լինել: Ֆրանկլինն իր մեղվաջան աշխատանքո՛վ մեծապատիվ քաղաքացի դարձավ:

Սրանք բոլորն էլ միմիայն իրենց աշխատասիրության շնորհիվ էր, որ մարդկության ռահվիրաները եղան: Վաշինգթոնի կյանքը ուսումնասիրողը կտեսնի, որ նա 12 տարեկանից սկսած կարգապահ և լուրջ աշխատող է եղել: Վաշինգթոնի դպրոցական տետրերն ու աշխատությունները խնամքով պահվում են մինչև օրս և մարդ հիացմունքով տեսնում է, թե ինչպես է նա իմացել այնքա՜ն վաղ հասակից իր կյանքը «աշխատանքի մեջ գործածել»:

2. Աշխատանքը կառուցում է մարդու նկարագիրը: Աշխատանքը արմատախիլ է անում մարդու մեջ սաղմնավորված մոլությունները: Ծուլությունը մայրն է բոլոր չարիքների: Այն աշխարհի մեծագույն չարիքն է: Ծույլը մարդկային ոգու կրող չէ. նա մի անասուն է. «Որտեղ որ դատարկությունն է, այնտեղ է ամենայն ախտ ու մոլություն»: Չար զգացումները միայն ծուլության մեջ են ծիլ տալիս: Աշխատանքի ժամանակ մոլությունը կամ ախտը չեն համարձակվում մոտենալ մարդուն: Ամեն ինչով ապահովված հանգիստ կյանքը արագացնում է մահվան գալուստը:

Իսկ աշխատասեր մարդը կարգապահ ու զգոն է լինում: Կյանքի դժվարությունները մարդու համար վտանգներ չեն հարուցում, երբ մարդը կարողանում է այդ դժվարությունները հաղթահարել իր աշխատասիրության միջոցով: Թեթև գործերը չեն կարող մարդուն զորավոր նկարագրի տեր դարձնել ու ազնվացնել նրան: Մի՛ վախեցեք ծանր աշխատանքից. այն ձեզ օրհնություններ է բերում, քանի որ աշխատանքը մարդուն խոհեմ, հեռատես, զգուշավոր ու համբերատար է դարձնում:

Այն երկրներում, որտեղ բնությունն ամեն ինչով առատ ու արգասաբեր է, որտեղ առանց մեծ աշխատանքի ու ճիգ գործադրելու դյուրությամբ կարելի է ապրել, այդ երկրների բնակիչների մեջ մեղկություն, անհոգություն, անկարգապահություն, անխոհեմություն ու մարդկային նկարագրի անկում է ի հայտ գալիս: Մինչդեռ այն երկրներում, որտեղ բնությունն ամուլ է և մեծամեծ դժվարություններով, գիտական միջոցներով ու ճարտարարվեստի հնարքներով է միայն կարելի ապահովել կյանքը, այդ երկրների ժողովուրդների մեջ ավելի պարզ ու որոշակիորեն նկատելի են ոչ միայն մեծասքանչ առաջադիմություններ, այլ նաև՝ նկարագրի ազնվություն, զգոն բնավորություն, կարգապահություն, հեռատեսություն, զգուշավորություն և շրջահայացություն:

3. Աշխատանքը մարդուն երջանիկ և առողջ է դարձնում: Մի անգամ համալսարանի ուսանողները Բիսմարկի հետ հանդիպման ժամանակ մեծ դիվանագետին հարցրին, թե որն է կյանքի երջանկության «Ավետարանը»: Նա պատասխանեց. «Աշխատա՛նքը, աշխատա՛նքը և դարձյալ՝ աշխատա՛նքը»: Եվ Բիսմարկը իր աշխատանքի շնորհիվ աշխարհում մի այնպիսի ժողովրդի նկարագիրը կերտեց, որը նույնիսկ իր ամենամեծ կորուստների ժամանակ չդադարեց երջանկութունը գովերգելուց:

Դարձյալ՝ առողջության միակ ու գլխավոր պայմանն աշխատանքն է: Նրանք, ովքեր աշխատում են, ավելի առողջ են, քան նրանք, ովքեր հանգստի մեջ են ու հանգստություն են փնտրում: Սպարտացիները սիրահոժարությամբ սնվում էին թանապուրով, որը ոչ միայն ախորժելի չէր, այլև լեղու համ ուներ, սակայն նրանք ուտում էին մեծ ախորժակով ու հաճույքով:

Մի օր, երբ Դիոնիսիոս բռնավորը պատահաբար տեսավ, որ սպարտացիները մեծ ախորժակով են ուտում թանապուրը, կամեցավ ինքն էլ տեսնել այդ թանապուրի համը: Այդ ապուրից հազիվ մեկ գդալ ճաշակած՝ Դիոնիսիոսը հարցրեց, թե ինչպես են նրանք ախորժակով ճաշակում այդքան անախորժ ու դառնահամ կերակուրը: «Զարմանալի չէ,- պատասխանեց մի սպարտացի կտրիճ,- քանի որ ձեր ճաշակածի մեջ պակասում է համեմունքը»: «Ի՞նչ համեմունք է պակասում»,- հարցրեց բռնավորը: «Աշխատանքը, քաղցն ու ծարավը»,- պատասխանեց սպարտացին: Իսկապես, որքան էլ որ անախորժ լինի կերակուրը, միևնույն է, աշխատանքից հետո այդ կերակուրը, ասես պալատական մի ուտեստ, մեծ ախորժակով է ճաշակվում:

Սուրբ Հեղինե կղզում Նապոլեոնին տեղեկացրին, որ իր հին բարեկամներից մեկը, որ իտալական բանակի նախկին գնդապետ էր, մահացել է: «Ի՞նչ հիվանդությունից է մահացել»,- հարցրեց կայսրը: «Չգործելու հետևանքով»,- պատասխանեցին Նապոլեոնին: «Հավատում եմ,- ասաց Նապոլեոնը,- այդ չարիքը մահվան պատճառ է դառնում նաև կայսրերի՛ համար»:

Այո՛, հարկավոր է աշխատել՝ բարոյական ու ֆիզիկական մահը մեզնից հեռացնելու համար: Մեզ պարտադրված ստիպողական աշխատանքից դուրս աշխատանք ստեղծենք մեր անհատական, ընկերական, հասարակական զարգացման համար: Աշխատե՛նք, որովհետև ամենքս էլ գործարարներ ենք՝ առևտրական գործարարներ, մտքի գործարարներ, գործարարներ՝ հողի, հանրային, ընտանիքի գործարարներ ու գործարարներ՝ Եկեղեցու: Այո՛, ամենքս էլ գործարարներ ենք, քանի որ գործ, աշխատա՛նք ունենք անելու:

Հավատարմորե՛ն աշխատենք: Յուրաքանչյուրս մեր հակումի և ընդունակության համեմա՛տ գործենք: Եթե անգամ խոպան ու անմշակ մի տարածք կամ փշերով ու տատասկներով ծածկված մի հողակտոր բաժին ընկնի մեզ, մեր աշխատանքի շնորհիվ պիտի կարողանանք այն վերածել շեն ու պայծառ մի դրախտի, որտեղ ճառագայթում է ոսկեփայլ արևը, որտեղ զվարթագին երգում է թռչնակն ու որտեղ ծաղիկն իր անուշ բուրմունքով քաղցրաբույր մթնոլորտ է ստեղծում:

Աշխատե՛նք ուղղամտությամբ և երախտագիտությամբ, եռանդով ու զվարթությամբ: Այլևս երկինքն՝ իր շանթերով, երկիրն՝ իր խութերով և ծովն՝ իր կոհակներով սարսափ ու երկյուղ չեն պատճառի մեզ, քանի որ աշխատանքի շնորհիվ պիտի չեզոքացվեն ու դադարեցվեն այդ բոլոր պատուհասները:

Երիտասարդ ուկնդիրներիս ուղղված այս խոսքերս կամենում են ավարտել իմ պատանեկության տարիների դաստիարակ-ուսուցչի՝ բարեհիշատակ ուսուցչապետ Ռ. Բերբերյանի հորինած երգի մեկ տնով.

«Ո՜վ աշխատանք, մեր զորությո՛ւն,

Քեզնով դառնում ենք մենք աննկուն,

Բյո՜ւր պատիվ ու բյո՜ւր օրհնություն

Քեզ, արարի՛չ-աշխատություն»:

 

(Խոսվել է Մանչեստրի «Հայ երիտասարդաց» ժողովատեղիում)

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատորՓարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

24.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․