Գրքեր

Աստվածամոր վերափոխման տոնը

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի 15-ի մոտակա, այսինքն՝ օգոստոսի 12-ից 18-ը հանդիպող կիրակի օրը: Այս տոնը ծագել է քրիստոնեության հնագույն ժամանակներից ու հաստատվել 582թ-ին Մավրիկիոս կայսեր կողմից:

Իր Աստվածային Որդու համբարձումից հետո Սուրբ Մարիամի ապրած կյանքի մասին խոսում է միայն ավանդությունը: Ըստ այդմ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամայրը՝ իր Որդու պատգամին հնազանդ (Հովհաննես 19:26-27), շուրջ 15 տարի ապրեց Հովհաննես աստվածաբան առաքյալի խնամատարության ներքո: Աստվածամայրը օրեր ու գիշերներ հարատևում էր պահքի ու աղոթքի մեջ: Հաճախ գնում էր Տիրոջ թափուր գերեզման և ծնկաչոք աղոթում: Վայելում էր աշակերտների ուշադրությունն ու հոգատարությունը: Սուրբ Կույսը խաղաղ ու հանգիստ մահ ունեցավ:

Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ նրա առջև հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը՝ խաղաղության խորհրդանիշ արմավենու ճյուղը ձեռքին ու ասաց. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Վերադառնալով տուն՝ նա պատմեց Հովհաննեսին, իսկ հետո մյուս առաքյալներին լուրի մասին ու ցույց տվեց Գաբրիել հրեշտակապետի կողմից բերված արմավենու ճյուղը, որից երկնային լույս էր տարածվում: Հովհաննես առաքյալը Սբ. Պատարագ մատուցեց, որպեսզի Կույսը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ստանա:

Այսպիսով, Աստվածածինը, պատրաստվելով երկնային աշխարհ ճանապարհվելուն, պատվիրեց զարդարել սենյակը և մոմեր վառել: Իր երկու հանդերձները ու այլ իրեր նվիրաբերեց իր հետ ապրող այրիներին ու կույսերին, այնուհետև ցանկություն հայտնեց, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում՝ իր բարեպաշտ ծնողների և Հովսեփի կողքին:

Վերջապես լրացավ այն ժամը, երբ պետք է կատարվեր նրա՝ երկրից երկինք վերափոխումը։

Բազմաթիվ մոմեր էին վառվում: Առաքյալները շրջապատել էին այն զարդարված մահիճը, ուր ընկողմանել էր Աստվածամայրը: Այդ պահին երկնավոր արքայուհու խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանում էր և օրհնում Աստծուն:

Հանկարծ շողաց չտեսնված մի լույս։ Ներկաները սարսափեցին, երբ սենյակի վերևում ճառագայթների ներքո, հայտնվեց Հիսուս Քրիստոս` հրեշտակների ու սրբերի ուղեկցությամբ։

Սրբուհին, հեզաբար շարժելով շրթունքները, Տիրոջն աղոթում էր ամբողջ աշխարհի փրկության համար: Աստվածամայրը թեթևորեն բարձրացավ մահճից, խոնարհվեց Տիրոջը և հանգիստ, ասես քնի մեջ, հոգին ավանդեց իր Միածին Որդու ձեռքը։ Սրբուհու հոգին ելավ ու խառնվեց լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չայլակերպվեց դիակի նման, այլ բուրում էր անուշահոտ խնկի պես:

Երբ հանդիսավոր թափորը՝ երանելի սուրբ առաքյալների ու մյուս բարեպաշտ քրիստոնյաների ուղեկցությամբ, ջահերով ու մոմերով, սաղմոսներով ու օրհնությամբ տանում էին մահիճը դեպի Գեթսեմանի, հանկարծ երկնքում՝ ներկաների անմիջապես գլխավերևում, մի ընդարձակ, լուսավոր ամպ գոյացավ և սկսեց ուղեկցել թափորը: Քաղաքը լցվեց նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով: Զայրացած ամբոխը, հարձակվելով առաքյալների վրա, կամեցավ ցրել թափորն ուղեկցողներին։

Այդ պահին պսակաձև ամպն իջավ ներքև ու կարծես պատնեշի նման շրջապատեց թափորը: Հետապնդողներից շատերը կուրացան: Ըստ ավանդության՝ այդ օրը մեկ այլ հրաշք ևս կատարվեց։ Սոփոնիա հրեա քահանայապետն ուժեղ հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գցել: Այդ պահին նրա ձեռքերն արմունկներից կտրվելով կախվեցին դագաղից: Եղկելին աղաղակով գետին տապալվեց՝ խորապես զղջալով իր խոսքերի և գործածի համար։ Պետրոսը, քահանայի անկեղծ զղջումը տեսնելով, բժշկեց նրա ձեռքերը: Քահանան դրանից հետո միացավ քրիստոնյաներին և դարձավ Քրիստոսի հետևորդը: Այդ օրը խավարյալները հավատալով լուսավորվեցին, և բազում հրեաներ ու հեթանոսներ մկրտվեցին:

Գեթսեմանի հասնելով՝ առաքյալները օրհնյալ մարմինը ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները Աստվածամոր գերեզմանի մոտ անընդմեջ աղոթում էին։ Այդ օրերին լսելի էր հրեշտակների քաղցրաձայն երգը և օրհնաբանությունը: Իսկ չորրորդ օրը՝ առավոտյան, հրեշտակների բանակը, Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ, իջավ երկնային բարձունքից և Աստվածամոր մարմինը երկինք փոխադրեց:

Աստվածամոր թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը ներկա չէր: Երբ վերադարձավ Երուսաղեմ, խորապես վշտացավ, որ չէր արժանացել Սուրբ Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն: Առաքյալներին խնդրեց բացել Տիրամոր գերեզմանը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել նրան և մխիթարվել:Առաքյալներն աղոթք արեցին ու հոժարեցին եղբոր փափագը կատարել: Երբ բացեցին գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չգտան, այլ միայն պատանքները: Եվ նրանք փառավորեցին Աստծուն՝ իմանալով Աստվածամոր վերափոխման մասին:

Սուրբ Աստվածածնի երկրավոր կյանքի վախճանը «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակվում՝ հասկանալի դարձնելու համար նրա՝ երկինք փոխադրված լինելը:

Հետագայում եկեղեցական հայրերը, հիմնվելով այս ավանդության վրա, հաստատեցին Վերափոխումն Սբ. Աստվածածնի տոնը:

Աստվածածնի մահվան պատմությանը կից հիշատակվում է նաև նրա կենդանագիր պատկերի մասին հուշը: Երբ Աստվածամայրը հրավիրվեց փոխվելու իր Միածին Որդու մոտ, Հովհաննես ավետարանիչը կիպարիսի փայտ վերցրեց, որից կենսատու խաչն էր պատրաստված և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը ու մյուս առաքյալների հետ միասին որոշեց աղաչել Տիրամորը, որ փայտեղեն անոթն իր աստվածատիպ երեսի վրա դնի, ապա օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը՝ բարիք անել աշխարհին, քանզի բորոտության ախտն չարաչար ցասմամբ եռում էր Պաղեստինում, իսկ Երուսաղեմում՝ առավե՛լ ևս: Լուսեղեն կամար կանգնեց Սրբուհու վրա, և ամպեղեն լույսը խաչանման կաթեց սուրբ պատկերի վրա: Եվ Սրբուհին պատկերն իր երեսի վրա դրեց ու թրջեց այն հորդառատ արտասուքներով, որ հեղում էր Տիրոջ առջև: Ապա Պետրոսը վերցրեց պատկերն Աստվածածնի ձեռքից, բոլորը երկրպագեցին Տիրամորը և նրանից կենդանարար օրհնություն խնդրեցին, որ և ընդունեցին մեծ ուրախությամբ:

Այդ պատկերը, որ Սբ. Կույսը տվել էր Հովհաննես Ավետարանչին, առաքյալները հանձնեցին Բարդուղիմեոսին, որպեսզի մխիթարվի դրանով և իր հետ տանի այն երկիրը, ուր պետք է քարոզության մեկնի: Հայկական աղբյուրներից հայտնի է, որ Բարդուղիմեոսն այն Հայաստան բերեց, բազմաթիվ հիվանդների բժշկեց ու դրեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղը, որտեղ եկեղեցի կառուցվեց Աստվածածնի անունով՝ ի պատիվ Տիրամոր պատկերի: Հետագայում այստեղ հիմնվեց կուսանոց, որ կոչվեց Հոգյաց վանք: Այս հնագույն օրինակով հայ եկեղեցիների բոլոր խորանները Աստվածամոր անունով են և նրա պատկերով:

Բարդուղիմեոս առաքյալի բերած պատկերի գտնվելու վայրի մասին այժմ տեղեկություններ չկան: Ավանդությունը պատմում է միայն այն մասին, որ սուրբ պատկերը հյուսել են պատի մեջ՝ պաշտպանելու համար զավթիչներից: Աստվածամորն են նվիրված բազմաթիվ գրական գոհարներ՝ շարականներ, մեծացուսցէներ, որոնք վերագրվում են Մովես Քերթողին: Նույնքան սքանչելի և գեղեցիկ են նաև Աստվածածնին նվիրված տաղերն ու մեղեդիները:

Աստվածամոր վերափոխման տոնակատարության օրը, Սբ. Պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում Խաղողօրհնեք:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

13.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․