Գրքեր

Ավետման տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Աստվածամորը նվիրված տոնը բազմաթիվ հայորդիների քայլերն ուղղորդել էր դեպի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ներկաները վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային և Առավոտյան ժամերգություններին, ապա Ս. Պատարագին իրենց աղոթքները միահյուսեցին Տիրամորը նվիրված բարեխոսական աղոթքներին և շարականներին: Պատարագիչը՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը, նախքան քարոզը շնորհավորեց կանանց և աղջիկներին, նրանց փոխանցելով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, և մաղթեց, որ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ արժանանան Տիրոջ օրհնությանը՝ ապրելով խաղաղ և երջանիկ օրեր: Իսկ քարոզին Տեր Հայրը մասնավորաբար նշեց. «Տիրամոր բարեխոսությանը ապավինելով՝ մենք ոչ միայն ապրում ենք մեր կյանքը ներկայում, այսօր, այս պահին, այլ նաև փորձում ենք կառուցել մեր ապագայի տեսիլքը: Ուրեմն՝ խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի միշտ կարողանանք հաղթահարել ամեն տեսակի փորձություն մեր կյանքում և փաստենք մեր հավատքն առ Աստված, ընթանանք մեր կյանքի ճանապարհը՝ մեզ հանձնելով Աստծո նախախնամությանը, վստահ լինելով, որ խոնարհության ու հնազանդության հետևից գալու է երկնային փառքը, որին արժանացավ Փրկչի մայրը: Մեր մաղթանքն է, որ այս տոնի շնորհները հորդեն մայրական բերկրանքին սպասող բոլոր կանանց վրա, նրանք, ովքեր դեռ չեն արժանացել այդ կոչմանը, մաղթում ենք Աստվածածնի բարեխոսությամբ արժանանալու որդեծնության շնորհին: Թող Աստվածամոր անմնացորդ սիրո քայլերով կարողանանք հետևել մեր Տիրոջը: Սուրբ Մարիամ Աստվածածինը առաքինության հրավեր է անում մեզ բոլորիս: Նմանվենք նրան՝ նրա աղոթքներով…»:

Ս. Պատարագի մասնակիցները Ս. Հաղորդությամբ հաղորդվեցին սիրո խորհրդին՝ բաժնեկից դառնալով Երկնային թագավորի սեղանին: «Ս. Պատարագի ընթացքում մեր Փրկչի Մարմնի և Արյան խորհրդին հաղորդվելով՝ նույն պահին էլ, անշուշտ, հաղորդվում ենք Աստվածամոր արյանը, իսկական մոր նման նրա արյունն ենք ունենում մեր մեջ, և իր արյան սուրբ խորհրդով նա ծնում է մեզ՝ իբրև իր հավատացյալ զավակներ և այս կերպով դառնում է մեր բոլորիս Մայրը» (Վաչե Ծայրագույն վարդապետ Իգնատիոսյան «Աստվածամայրը»):

Օրն առանձնահատուկ էր ապագա մայրերի համար, քանի որ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքի տղամարդիկ վարդեր ու բացիկներ նվիրեցին եկեղեցում ներկա կանանց և աղջիկներին: Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը հոգևոր ուրախությամբ և ջերմությամբ էր համակել բոլորին:

Նկատելի է, թե ինչ նախանձախնդրությամբ և եռանդով է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը պատրաստվում տոնական օրերին: Համայնքը՝ որպես փոքր ընտանիք, աճում է և զորանում՝ իր մասնակցությունը բերելով համայնքային կյանքից ներս իրականացվող տոնական միջոցառումներին և բազմաթիվ ծրագրերին: Եվ Տերունական յուրաքանչյուր օր համայնքի անդամներին խորհրդաբար միավորում է ոչ միայն Աստծուն, այլև միմյանց՝ այդպիսով կազմելով Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին:

«Աստծո և միմյանց հանդեպ ունեցած ճշմարիտ սիրով ու միասնականությամբ է, որ եկեղեցու համայնք ենք կազմում, ասել է թե՝ հոգևոր ընտանիք: Երկնավոր Հոր կամքը կատարելով է, որ եղբայրակից ենք դառնում Քրիստոսին ու ժառանգակից՝ Աստծո Արքայության: Եվ Քրիստոս է, որ միավորում է մեզ այդ սիրո մեջ՝ մեր հոգևոր հայացքներն ուղղելով դեպի մեզ Սիրող Հայրը»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

 

 

Կարինե Սուգիկյան

07.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․