(Խոսվել է Հոգեգալստյան տոնին)
«Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»( Գործք 2․1):
1920 թվականի տարեվերջն էր, երբ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայացուցիչներից կազմվեց Ազգերի միությունը (լիգան)։ 50 ազգերի այս ներկայացուցիչները, որ կազմում էին մարդկության ավելի քան երկու երրորդը, որքան մտքի, նույնքան էլ սրտի ու խղճի մարդիկ էին։
Նրանք շա՜տ աննպաստ պայմաններում արիաբար գործի լծվեցին՝ կազմակերպելու մի մնայուն միություն, որը տարբեր ժողովուրդների միջև բարվոք հարաբերություններ ու կապեր պիտի ստեղծեր այնպես, որ հնարավոր լիներ զերծ մնալ ապագայի նորանոր կնճիռներից ու բարբարոսություններից։
Նրանք սակայն սոսկումով էին լցված երեք հեռանկարի պատճառով, հեռանկարներ, որ համաշխարհային ահավոր պատերազմի հետևանք էին։ Նախ՝ նրանք ազդված էին անցյալի բոլոր պատերազմներից և մասնավորապես վերջին պատերազմից, որ ամենազարհուրելին եղավ և անհամար ավերներ գործեց մեր մոլորակում, որ արյան ու արցունքի հեղեղներ գոյացրեց, որ պատերազմի դաշտում շուրջ 10 միլիոն սպանված թողեց, որ 15 միլիոնից ավելի խեղանդամներ տվեց մարդկային ցեղին։ Անշուշտ հիշում եք, որ 1914-1918 թվականները համայն մարդկության և մասնավորապես հայերիս համար ամենասարսափելի ու ահավոր տարիներն էին։
Երկրորդ՝ նրանք ազդված էին ներկայի շփոթեցնող տագնապից, տագնապ, որը որքան քաղաքական, նույնքան էլ տնտեսական, սոցիալական ու մանավանդ բարոյական էր։ Ամենքն էլ ցայժմ տեսնում են այն անելանելի դրությունը, որին մատնվել է մարդկությունն ու որից չգիտե, թե ինչպես պիտի ելք գտնել՝ հակառակ հրավիրվող բոլոր խորհրդակցությունների և անվերջանալի թվով գումարվող ժողովների։
Երրորդ՝ այդ ներկայացուցիչները մանավանդ ազդված էին ապագայի հեռանկարով։ Որևէ մեկը, որն իր կրծքի տակ կարեկից սիրտ ունի և որը հեռու է անտարբերությունից, արդարև դյուրությամբ կարող է մտաբերել այն վրդովեցուցիչ, պիտի ասեի այն հրեշային հանգամանքը, որը գիտությունն ստացել է իր զարգացման բովում։
Գիտությունը թեև լուծել է անլուծելի թվացող խնդիրներ, ինչպիսիք են օդային ճամփորդությունը, ստորջրյա նավարկությունը, անթել հեռագրի ու հեռաձայնի ծանրագույն հարցերը, սակայն այդուամենայնիվ բարոյական առումով մարդուն հետընթացի է մղել՝ նրան դեպի հետ, շա՜տ հետ տանելով, դեպի նախապատմական ժողովուրդների վայրենությունը, և դա էլ այն տարբերությամբ, որ վերոնշյալ երբեմնի վայրենիները գոնե տարրական ու նվազ ահավոր զենքեր ունեին միայն, մինչդեռ արդի քաղաքակիրթ մարդը հորինում ու պատրաստում է զարհուրելի զենքեր և գաղտնաբար նախապատրաստվում է նոր պատերազմի, որը վերջին պատերազմի հետ համեմատած մանկական խաղի տպավորություն է թողնում։
Այս ամենը տեսնելով և ուսումնասիրելով ու մանավանդ համազված լինելով, որ նման աղետներն ի զորու են բոլորովին կորստյան մատնել մարդկային «սպիտակ ցեղը»՝ ահավասիկ սրտի, խղճի ու մտքի տեր ներկայացուցիչները ոտքի են ելել աշխարհի ավերակների վրա վերաշինության գործին ձեռնամուխ լինելու համար։
Ներկայումս Ազգերի միության գործը հեռու է կատարյալ, անթերի լինելուց։ Դյուրին, շա՜տ դյուրին է քննադատել նրա կազմը, նրա ուղղվածությունը, նրա գործունեությունը։ Դա կարող ենք «ապացուցել»՝ ասելով, որ Ազգերի միությունն ավելի շուտ կառավարությունների ընկերակցություն է, քան ժողովուրդների համերաշխ միաբանություն։ Կարող ենք ասել նաև, որ այնտեղ մեծագույն դեր ունի շահախնդրությունը, կարող ենք դիտարկել, որ Ազգերի միության աշխատանքը ավելի լեցուն է խոսքերով, քան ծավալած գործունեությամբ, որ միության ներկայացուցիչները խուսափում են այրող ու կենսական հարցերի քննարկումից, և զբաղվում են միայն այնպիսի հարցերով, որոնք կարևորագույն չեն մարդկության համար և որոնք չենք «հետաքրքրում» մեզ՝ հայերիս։
Որքան էլ ճշմարտության հատիկներ պարունակի սույն քննադատությունը, այդուամենայնիվ պետք է ասել, որ այս հաստատությունը կոչված է նախախնամող դեր կատարելու համայն մարդկության ճակատագրի հարցում։
Նախ և առաջ՝ հարկ է նկատի ունենալ, որ պատերազմի հետևանքով ստեղծված քաոսային վիճակից հետո դյուրին չէ անմիջապես կարգապահություն պարտադրել և ներդաշնակություն ստեղծել։ Արդարև, շինարարության գործը դյուրին աշխատանք չէ։ Մյուս կողմից էլ քննադատները մոռանում են, որ Ազգերի միության կազմավորումից ի վեր քանիցս պատերազմի առիթներ են ստեղծվել, և Ազգերի միության զորեղ միջամտության շնորհիվ է միայն հնարավոր եղել սարսափելի հետևանքները կանխել։
Ես համոզվածությամբ հայտնում եմ, որ Հին Կտակարանի մարգարեների տեսիլքները հետզհետե իրականանալու ճանապարհին են։ Որքա՜ն քաղցրալուր են մարգարեի այս խոսքերը․ «Նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի,
և մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել: Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի և իր թզենու տակ» (Միք․ 4․3-4)։
Դարձյալ, ես համոզված եմ, որ համաշխարհային պատերազմից հետո Ինքը՝ Աստված, մի շարք մարդկանց ներշնչեց՝ հղանալու Ազգերի միության գաղափարը: Որքան ժամանակ այդ Միության ուղղվածությունը համապատասխանում է աստվածային ծրագրերին, այդքան ժամանակ այն լրումն է Հիսուսի խորունկ բաղձանքների. «Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, և պիտի լինի մի հոտ և մի հովիվ» (Հովհ. 10.16):
Մի օր՝ Սանհեդրինի ժողովի ընթացքում, երբ խորհում էին դատաստանի ենթարկել Քրիստոսի անունով խոսողներին, մի փարիսեցի՝ Գամաղիել անունով, որ օրենքի վարդապետ էր՝ ողջ ժողովրդի կողմից հարգված, ոտքի ելավ և առաքյալներին մի փոքր ժամանակով դուրս հանելուց հետո այս ուշագրավ խոսքն ուղղեց ժողովականներին. «Եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք ձախողեցնել, միգուցե աստվածամարտ էլ դառնաք» (Գործք. 5.38):
Եվ բնագիրը հավելում է, որ ժողովը համակարծիք էր Գամաղիելին: Արդ, նույնը պիտի ասեի նաև Ազգերի միությունը քննադատողներին: Ես համոզված եմ, որ այդ հաստատությունը ոչ միայն մարդկության կենաց-մահու հարցի լուծումն ու Աստծուց ընծայված փրկության վերջին լաստափայտը, այլև Աստծու թագավորության իրականացումն է. «Քո թագավորությունը թող գա» (Մատթ. 6.10):
Իսկ նրանք, ովքեր պայքարում են այդ հաստատության դեմ, ոչ թե մարդկանց դեմ են մարտնչում, այլ ընդդեմ Աստծու, ընդդեմ ճշմարիտ Աստծու, որ ոչ թե պատերազմների արյունարբու Աստված է, Հայր Աստված, սիրով ու ողորմությամբ լի Աստված, Որին մեզ հայտնեց Ինքը՝ Հիսուս Քրիստոս:
Հետախույզները Բաբելոնի հողաթմբերի տակ գտել են մեծ աշտարակի մնացորդները, որոնք ցույց են տալիս, թե այն ժամանակ մարդկային հանճարն ինչի էր ունակ: Բայց գիտենք, որ այն ժամանակ մարդիկ ըմբոստություն բարձրացրին և պայքար սկսեցին Աստծու դեմ՝ աշտարակի շինությամբ կամենալով պարտադրել իրենց կամքը. դրա հետևանքը եղավ շփոթությունը, լեզուների խառնումը և մարդկանց ցրվելը:
Դարեր անց՝ քրիստոնեության արշալույսին, հանդիպում ենք մեծագույն իրադարձության՝ Պենտեկոստեի հրաշքին: Այդժամ առաքյալները, Սուրբ Հոգին ստանալով, խոսում են զանազան լեզուներով, բայց լեզուների այդ զանազանությունը ցրում չի առաջացնում, այլ ընդհակառակը, միանգամից երեք հազար մարդ միաբանվում են:
Արդ, կարո՞ղ ենք ասել, որ Ազգերի միությունը Հոգեգալստյան նկարագիրն ունի: Ցայժմ գործադրված ջանքերը ցույց են տալիս, որ այս կազմակերպության միտվածությունը երկրում Աստծու թագավորության ամրապնդելն է: Սույն միության մեջ, հակառակ այլազան լեզուներով խոսող ազգերի ներկայացուցչության, սրտերը մոտ են, զգացումներն ու խղճերը՝ մերձավոր, և ամենքն էլ «խոսում» են Պենտեկոստեի սիրո, միաբանության ու խաղաղության լեզվով:
Ազգերի միությունը Բաբելոնյան ձոխողմանն է ենթարկվում միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ներկայացուցիչ ցանկանում է իր ազգի փառքն ու կամքը «պարտադրել» և հետապնդել սեփական շահերը:
Հայտնի է, որ մարդիկ չեն կարող համաձայնվել որևէ հարցի շուրջ, ոչ էլ կարող են որևէ տևական բան ստեղծել, եթե իրենց սեփական փառքը փնտրեն: Այդպիսիք անդադար պիտի պայքարեն միմյանց դեմ, քանի որ յուրաքանչյուրի անհատական փառքը հակադիր է դիմացինին։
Եվ ընդհակառակը, երբ առավելաբար Աստծու փառքն է փնտրվում, միությունը կայանում է, և փոխանակ Բաբելոնի խառնաշփոթության Պենտեկոստեի միաբանությունն ենք ունենում։ Ազգերի միությունն Աստծու փառքը կհետապնդի այն ժամանակ, երբ հավատքի, հույսի ու սիրո ձեռակերտը կլինի։
1․ Իսկ ի՞նչ է նշանակում հավատքի ձեռակերտ լինել։ Լավ գիտեմ, որ ոմանք, մանավանդ խելացի մարդիկ, նշում են, թե հավատքն ի՞նչ կարող է անել քաղաքական դաշտում։ Այո՛, կրոնական հավատքը մեծ դեր պիտի ունենա քաղաքականության մեջ։ Մեծ սխալ է Աստծու օգնությունը զանց առնելը։ Մարդ իր ձեռնարկումները կատարելիս ժամանակ առ ժամանակ պիտի վեր նայի, վերևից պիտի ներշնչվի։ Հաճախ շատ անելանելի կացություն է ստեղծվում, և դիվանագետները միջոցներ են փնտրում այդ անելանելի իրավիճակից դուրս գալու համար՝ կարծելով, որ մարդկային իմաստությամբ հնարավոր կլինի որևէ ելք գտնել։
Մարդուն ավելի մեծ իմաստություն է հարկավոր, իմաստությո՛ւն, որ վեր է մարդկայինից, նույն Աստծու իմաստությո՛ւնն է անհրաժեշտ, որպեսզի դրանով հնարավոր լինի լուծել դյուրաբեկ և դժվարլուծելի խնդիրները։ Ահա թե ինչու Ազգերի միությունը պիտի ներշնչված լինի հավատքով ու պիտի լինի և մնա հավատքի ձեռակերտը։
Երբ ասում ենք, որ միայն հավատքը կարող է փրկել աշխարհը, չպիտի հասկանանք այն հավատքը, որ կապված է արարողություններին, վարդապետական բանաձևումներին և դավանաբանական հավատամքներին։ Այդպիսի հավատքն ավելի կկնճռոտի ստեղծված իրադրությունը՝ փոխանակ այն պարզեցնելու։
Աշխարհը փրկող հավատք ասելով՝ նկատի ունենք այն հավատքը, որն ամփոփվում է երկու փորձառությամբ․ հավատք Աստծու հայրության հանդեպ, և հավատք առ մարդկային եղբայրությունը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ավելի պարզ, ավելի խորունկ, ավելի գործնական ուրիշ ի՞նչ հավատք կա, եթե ոչ այս հավատքը։ Եթե հավատում ենք, որ Աստված բոլոր մարդկանց հայրն է, ուրեմն բոլոր մարդիկ բառի ամենաուղիղ իմաստով միևնույն արժեքն ունեն, միևնույն ակնածանքին ու հարգանքին են արժանի, և էական չէ՝ նրանք փո՞քր, թե՞ մեծ ազգի ներկայացուցիչ են, հետամնա՞ց, թե՞ առաջադեմ քաղաքակրթության կրող, ստորի՞ն, թե՞ բարձր դասի ներկայացուցիչ։
Մարդ պիտի ներշնչվի Աստծու հայրության հենց նույն գաղափարով, պիտի վստահություն ունենա Աստծու հայրության հանդեպ, որպեսզի դարմանվեն նրա վերքերն ու չքանան բոլոր այն անիրավությունները, որոնցով լեցուն է մարդկության պատմությունը։
Եթե մարդ մերժի Աստծու հայրության գաղափարը, իր կատարած անհամար բոլոր հայտնագործությունները պիտի գործածի իր նմանների դեմ, ընդդեմ նույնիսկ սեփական անձի։
Արդ, այս աստվածային հայրության և այս մարդկային եղբայրության գաղափարները կարող են արմատանալ ու զորանալ մարդկության Փրկչի հանդեպ ունեցած հավատքով միայն, քանի որ Նա մարդկության միջից միակն է, որ կարող է «Աստծու Որդի» և «մարդկանց Եղբայր» կոչվել։
Միանալով Փրկչին՝ մենք միացած կլինենք թե՛ երկնավոր Հորը, և թե՛ մեր նմաններին, ու ստուգապես պիտի տեսնենք, որ ավետարանական հավաստումներն իրականություն կդառնան․ «Որովհետեւ երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք 4․12)։ «Քանզի մե՛կ Աստված կա և մե՛կ միջնորդ՝ Աստծու և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս՝ մարդը» (Ա Տիմ․ 2․5)։ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար» (Ա Պետ․ 2․7)։
Վաղվա Սիոնը պիտի կառուցվի այդ անկյունաքարի վրա։
2․ Ի՞նչ է նշանակում հույսի ձեռակերտ լինել։ Հույսը շարժիչ մեծ ուժ է, որ քայլեցնում է մարդկությանը։ Հույսը բարեշրջման օրենք է, որ «անտեսում» է երկրի բոլոր էակներին․ այն խղճի և իմաստության բարեշրջում է։ Այդ հույսը ծորում է հավատքից։ Այն նման է արևի կենսունակ ճառագայթի, այն հավատքի ծառի ախորժահամ պտուղն է։
Մարդկությունը ծարավի է հույսի։ Մարդ շարժվում է այն ուղղությամբ, ուր հույս կա, գնում է նրանց մոտ, ովքեր հույս են տածում, ովքեր հույս ունեն՝ հակառակ ամեն հույս կորցրած լինելու։ Այդ հույսն այնքա՜ն լայն ու խորունկ պիտի լինի, որ կարողանա ընդգրկել ողջ աշխարհը, առանց բացառության բոլոր ազգերին, ինչպես նաև մեծ ու փոքր, ազնվացած կամ այլասերված բոլոր անձանց։
Այդ հույսը պիտի պատշաճի ու վերաբերի ինչպես մեծամասնությանը, այդպես էլ փոքրամասնությանը։ Եվ չկա ավելի մեծ հույս, քան Ավետարանի բերած հույսն է, որ ոչ միայն ծանուցում է նոր երկրի մասին, որտեղ արդարությունն է «բնակվելու», այլև ցույց է տալիս յուրաքանչյուր անհատի փոխակերպումը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պողոս առաքյալը հայտարարում է, որ Ավետարանի մեծագույն խորհուրդն այլ բան չէ, եթե ոչ միայն այն, որ «Քրիստոս՝ փառքի հույսը, ձեր մեջ է»։
Քանի որ մարդկությունը կազմված է անհատներից, ըստ այդմ անհատների արժանիքներով որոշվում է մարդկության արժանիքը։ Մենք չենք ունենա նոր մարդկություն, եթե չունենանք նոր անհատներ՝ Հիսուս Քրիստոսի «դպրոցում» պատրաստված։
Այդ «դպրոցի» միջոցով միայն կարող ենք դառնալ իմաստուն ու կարող ենք ըմբռնել, որ համընդհանուր շահը կախված է յուրաքանչյուրի շահից, իսկ յուրաքանչյուրի շահը՝ համընդհանուր օգուտից․ մեկը՝ ամենքի, և ամենքը՝ մեկի։
3․ Ի՞նչ է նշանակում սիրո ձեռակերտ լինել։ Սերը աշխարհի մեծագույն հրաշալիքն է։ Այն ձգողական ուժի պես իրար է կապում ամենամեծ բաներն ամենափոքրերին։ Այն նման է արևին, որ ձմռան սառնամանիքներից հետո առանց ճիգի արթնացնում է բնությունը։
Ոմանք սերը թուլություն են համարում՝ անարժեք մի բան, և դրա փոխարեն ժողովուրդների հարաբերությունները կարգավորելու համար «խորհուրդ են տալիս» արդարություն, ներողամտություն և փոխադարձ հարգանք։ Ինչպիսի՜ սխալ ըմբռնում։ Սիրո տեղը ոչինչ չի կարող գրավել։ Եթե «հնար» լիներ սերը վտարել մեր մոլորակից, հակառակ բոլոր առաջադիմությունների՝ աշխարհը կդառնար դժոխք, իսկ մարդիկ՝ դևեր։
Եվ ընդհակառակը, եթե սերը հաղթահարեր բոլոր դժվարություններն ու սերտ հարաբերություններ ներշնչեր, երկիրը դրախտ կդառնար, մարդիկ կեղբայրանային ու կապրեին երջանիկ։ Չեմ ուզում ասել, որ պետք է զանց առնել արդարությունը, ներողամտությունը կամ փոխադարձ հարգանքը, այլ կամենում եմ ասել, որ բոլոր առաքինությունները պիտի ներշնչված լինեն սիրո զգացումով, քանի որ միայն սերն է այդ հատկանիշներին արժեք և նշանակություն տալիս։ Դյուրին է ըմբռնել, որ բոլոր չարիքների պատճառը, բոլոր պատերազմների սկզբնավորումը հետևանք է ավելի կամ պակաս սքողված եսասիրության։
Ազգերի միությունը կարող է վստահ լինել իր հաջողությանն ու տևականությանը, եթե գործի վերոնշյալ երեք մեծագույն սկզբունքներով ներշնչված, սկզբունքներ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ քրիստոնեական եռյակ հատկանիշներ։ Միությունն անշուշտ կձախողի իր առաքելությունը, եթե մոռացության ենթարկի այս սկզբունքները։
Քրիստոնեական այս սկզբունքները նման են անսասան վեմի, որի վրա միայն կարելի է կառուցել ամենաբուռն փոթորիկներին դիմակայող տունը։ Մոռանալ այս սկզբունքները՝ կնշանակի տունը կառուցել ավազի վրա, իսկ այդպիսի տան կործանումը չի ուշանա։
Խիստ անհրաժեշտ է, որ Ազգերի միության ներկայացուցիչները, հօգուտ իրենց իսկ շահի, ներշնչվեն Նրա՛ օրինակով ու վարդապետությամբ, Ով ասում էր․ «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավորներ համարվածները տիրում են նրանց, և նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրա․ ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը, և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի, որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու Իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ․ 10․42-45):
Ազգերի միության գործունեությունը վստահաբար անհաջողության կմատնվի ու նոր հուսախաբություններ կբերի մարդկությանը՝ ողբալի ավերածություն և Բաբելոնյան խառնակություն առաջացնելով, եթե միության ներկայացուցիչները չկռթնեն իրենց մտքին ու իմաստությանը։
Ազգերի միությունը մեծագույն ու ամենազորավոր հաստատությունը կլինի՝ Աստծու թագավորության ամենավավերական հայտնությունն ու անսահմանորեն հրաշալի մի նոր Պենտեկոստե, եթե իհարկե միության ներկայացուցիչները խոսեն ու գործեն Աստծուց ներշնչված ու Նրա հոգու իմաստությամբ առաջնորդված։
Իմ ունկնդիրներից ոմանք թերևս ասեն․ «Մեզ համար ի՞նչ օգուտ ունի Ազգերի միությունը, ի՞նչ կարիք կա Եկեղեցու խորանից պանծացնել նրա գոյությունը, երբ մեր ակնկալիքներից որևէ մեկն իրականացած չէ»։ Ո՜վ հավատացյալներ, խորհեք այն մասին, որ Ազգերի միության՝ միայն աշխարհի խաղաղության պահպանման համար գործադրված ջանքերը բավականին մեծ բարիք են մեզ՝ հայերիս համար։ Մի՛ կարծեք, որ երկրորդ պատերազմից հետո դեպքերն ի նպաստ մեզ են զարգանալու։ Վստա՛հ եղեք, որ աշխարհի նոր խառնաշփոթությունը կարող է պատճառ դառնալ մեր հալածված ժողովրդի մնացորդների վերջնական կորստին։
Պատերազմը ոչ մի ազգի բարիք չի բերել, մանավանդ հայերիս համար անհամեմատ ու անսահման աղետաբեր է եղել։ Արդ, մեզնից յուրաքանչյուրը, ինչ դիրք ու կարգավիճակ էլ ունենա, ոչ միայն պիտի ուրախ լինի աշխարհի խաղաղությունը պահպանող այսպիսի հաստատության գոյության համար, այլև պիտի ցանկանա, որ այդ հաստատությունը զորանա իմ հիշատակած սկզբունքներով, որպեսզի Ազգերի միության յուրաքանչյուր անդամ խոսի ու գործի Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ հօգուտ և ի նպաստ մեզ նման կոտորված ու ջախջախված ժողովուրդների, որոնք ուզում են սնվել և ապրել արդարության ու ճշմարտության ոգով։
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը