Գրքեր

Բոլոր սրբերի տոնին նվիրված քարոզ

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Այսօր Մայր Եկեղեցին անբավ սիրով ու գորովանքով նշում է իր սիրասուն զավակների՝ բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը, և ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս այս կարևոր ու գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Յուրաքանչյուր ոք, ով երբևիցե լսել է քրիստոնեության ու քրիստոնեական Եկեղեցու մասին, անպայման լսել է նաև գեթ մեկ սրբի անուն կամ գոնե տեսել նրա սրբապատկերը: Եկեղեցին կանգուն է սրբերով, և հավատքը՝ կենդանի նրանցով: Տիրոջը հավատարիմ ու նվիրյալ այդ հոգիներն իրենց կյանքով են ապացուցել, որ իրագործելի են Աստծու պատվիրանները, եթե պահպանում ես Սուրբ Հոգու շնորհն ու առաջնորդվում աստվածային սիրո օրենքներով: Նրանք ապացուցել և ապացուցում են, որ մեղավոր մարդը կարող է և պետք է ձգտի սրբության, որովհետև իրենք էլ սուրբ չծնվեցին, այլ շահեցին այն անկոտրուն հավատի, հոգևոր հարատև պայքարի ու ջերմեռանդ աշխատանքի շնորհիվ: Սեփական մեղավոր անձը ուրանալով՝ մեռան աշխարհի համար ու ձեռք բերեցին երկրի վրա երկնաբնակներ լինելու և Աստծուն տեսնելու մեծագույն պատիվը, քանի որ սուրբ ու մաքուր սիրտն է միայն ի զորու Նրան տեսնելու (հմմտ. Մատթ. 5:8, Եբր. 12:14): Անապատներում ու քարքարոտ ծերպերի վրա ճգնելով ու զօրուգիշեր աղոթելով իրենց և ողջ աշխարհի համար՝ հոգու տատասկն ու փուշը երկնային բուրաստանի վերածեցին: Սրտի արյամբ լվացին և ապաշխարության արտասուքով ճերմակեցրին իրենց հոգին և Քրիստոսին հրավիրեցին մշտապես բնակվելու իրենց սրտում և Սուրբ Աստվածածնին՝ իրենց հոգու անգին զարդը դառնալու: Նրանք ապրեցին արտաքուստ դժվարին, սակայն ներքուստ երանելի կյանք, քանի որ սրբությունը հաստատվում է Աստծու մշտական ներկայությամբ և այն չի կարող գոյատևել առանց դրա արտաքին դրսևորման: Այդ պատճառով է, որ նաև սրբերի միջոցով ենք տեսնում աստվածային լույսն ու զգում դրա կենարար ներգործությունը մեր կյանքում: Նրանք բոցավառվեցին Քրիստոս Արեգակի սիրուց, երախտագիտությամբ ընդունեցին Ավետարանի լույսն ու իրենք էլ մի-մի անշեջ կանթեղ դարձան Երկնքում վառված, որ լուսավորում են փրկության ճանապարհն ու ճշմարիտ ուղեցույց հանդիսանում տունդարձի ճամփան բռնածների համար:

Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես արդեն նշեցի, Եկեղեցին այսօր հիշատակում է նաև անհայտ սրբերին, որոնք միշտ եղել են և վստահ եմ այժմ էլ կան մեր կողքին, սակայն որոնց սրբությունը միայն Ամենակալին հայտնի պատճառներով անհայտ է մնացել մարդկությանը, սակայն, բնականաբար, հայտնի է Ամենատես Աստծուն: Աղաչենք, որպեսզի նրանք էլ բարեխոսեն Ողորմած ու Սիրող Հորը մեր հոգիների փրկության համար: Սակայն այժմ դառնանք այն սրբերին, որոնց կյանքն ու վարքը հայտնի են մեզ և ակնառու օրինակ՝ մեր ընթացքի համար: Հիշե՛նք, մեր եկեղեցու սիրելի սուրբ Անանիա առաքյալին, մեր սուրբ հայրապետ Գրիգոր Լուսավորչին, սուրբ Գրիգոր Նարեկացուն և սուրբ Գրիգոր ու Մովսես Տաթևացիներին: Հիշե՛նք սուրբ Գևորգ և Սարգիս Զորավարներին ու սուրբ Վարդանանց: Հիշե՛նք սուրբ Մարիամ Եգիպտացուն, սուրբ Աբդլմսեհին, սուրբ Կիրակոս մանկանն ու նրա երանելի մայր Հուղիտային: Հիշե՛նք Սուրբ Բարսեղ Մեծի ընտանիքն ու սուրբ Հռիփսիմյանց կույսերին, Սուրբ Անտիոք և Պանդալեոն անարծաթ բժիշկներին, սուրբ Հովհան Ոսկեբերին ու սուրբ Նիկողայոս Սքանչելագործին: Մեզ հայտնի սրբերի անունները կարելի է անվերջ թվարկել, քանի որ նրանք մի մեծ ու պայծառ աստղաբույլ են կազմում Երկնքում և դրա համար փա՜ռք ու պատիվ Զորությունների Տիրոջը, սակայն նպատակս այժմ ոչ թե իմ գիտելիքները ցուցադրելն է, կամ ձերը ստուգելը, այլ ձեր ուշադրությունը հրավիրելն այն փաստին, որ սրբությունը հասանելի է բոլորին անխտիր՝ անկախ սեռից, տարիքից, դիրքից ու ազգությունից: Եվ որպես ձեր հոգևոր հովիվ հորդորս է, որպեսզի այսօր և առաջիկա օրերին անպայման ընթերցեք սրբերի վարքն ու տեսնեք, թե մեղավոր բնությամբ մարդն ինչպես կարող է հաղթահարել դժվարութունները, մաքրվել ախտերից ու սրբության բարձունքին հասնել:

Սրբության մասին Ներսես Շնորհալին ասում է. «Առաջին` սուրբ է նա, ով մաքուր է հոգու հետ պատերազմող ամեն ախտից, ով սկզբից ո՛չ վերքեր է ընդունում և ո՛չ էլ` դեղերի է կարոտ: Երկրորդ` սուրբ է նա, ով թեպետ խոցվում է մեղքերի նետերով, սակայն մինչև վերջ չի ենթարկվում թշնամուն, ախտերի հեշտանքին տեղի տալով` չի խոցոտում իր հոգին և դա, սովորության վերածելով, իր համար չի դարձնում երկրորդ բնություն, այլ մանավանդ` անցյալի խոցերը բժշկում է ապաշխարության դեղերով և առաջիկայում սպասվողներից զգուշանում է աղոթքի ու պահքի զենքերով և զգայարանների պահպանությամբ` սովորական նետերով վերստին չխոցվելու և դրանք այնքան ատելու, որ մինչև իսկ դրանց հիշատակումը ոչ թե հեշտություն, այլ տրտմություն բերի մտքին»: Եվ սրբությանը, սիրելինե՛ր, կոչված ենք բոլորս, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Իսկ առաքյալը հավելեց. «…. նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սո՛ւրբ եղեք. քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետ. 1:15, 16): Սրբության անհրաժեշտությունը անմիջապես հաջորդեց նախամարդու անկմանը, իսկ սրբության ծարավը Ադամին մղեց դառնորեն լաց լինելու և ողբալու իր մերժվածությունը: Սրբության գաղափարն ատելի է մեղքերի մեջ կործանվող աշխարհին և նա կատաղի պայքար է մղում դրա յուրաքանչյուր դրսևորման դեմ: Սակայն մարդու աստվածապատկեր հոգին մշտապես սրբության ու դրան մերձենալու որոնումնների մեջ է, թեկուզ և մարդը դա չգիտակցի: Սրբությանն առնչվելու մղումն է, որ մարդուն տանում է դժվարամատչելի սրբավայրեր, ստիպում համբերությամբ կանգնել երկար հերթերում սրբի գերեզմանին կամ մասունքներին մոտենալու համար: Սրբությանը հաղորդակից լինելու ներքին մղումն է անհավատ մարդու քայլերը եկեղեցի ուղղում կամ ստիպում սրբության վերաբերյալ որևէ նյութ կարդալ կամ դիտել: Սրբության ձգտումը մարդու աներևույթ ուղեկիցն է նրա  ողջ կյանքում և պարբերաբար հիշեցնում է իր մասին խղճի ձայնի և զանազան այլ միջոցներով: Մարդը կարող է և պետք է սուրբ կյանքի ձգտի, սիրելինե՛ր, դրա համար նրանից միայն անկեղծ ցանկություն և հաստատակամություն է պահանջվում, իսկ մնացածը Սիրող Հայրը կհավելի, ինչպես սուրբ Մակար Մեծն է ասում. «Թեկուզ մանկիկն անզոր է ինքնուրույն որևէ բան անելու և չի կարող իր ոտքով մոտենալ մորը, սակայն նրան փնտրելով՝ շարժվում է, բղավում ու լաց լինում: Եվ մայրը խղճում է նրան: Նա ուրախ է, որ մանուկն այդպիսի ջանքով ու աղաղակով փնտրում է իրեն: Իսկ քանի որ մանկիկը չի կարող մոր մոտ գնալ, ապա մայրն ինքը, մանկան հանդեպ տածած սիրուց հաղթվելով, նրա երկարատև փնտրտուքի համար, մոտենում է նրան և մեծ սիրով գիրկն առնում, շոյում ու կերակրում: Նույնն անում է նաև մարդասեր Աստված այն հոգուն, որը գալով՝ Իրեն է պահանջում»:

Ուստի հերթական ընտրության առջև կանգնելիս, ապավինելով Երկնավոր Հորն ու հետևելով մեր սուրբ եղբայրների ու քույրերի օրինակին, քայլ անենք սրբությանն ընդառաջ՝ հրաժարվելով այն ամենից, ինչը հեռացնում է մեզ Սրբության Աղբյուրից: Ժամանակավոր ու սին հաճույքների ետևից գնալով՝ չզրկենք մեզ Քրիստոսի հարատև ու երանություն պարգևող ներկայությունից, պատճառաբանելով, թե՝ սուրբ չենք, այլ միշտ հիշենք այն խոսքը, որ. «Սրբերն անցյալ ունեն, իսկ մեղավորներն՝ ապագա»: Հիշենք սա ու մեղավոր ներկան մաքրելով՝ քայլենք դեպի սրբակենցաղ ապագան: Քայլենք՝ Երկինք նայելով: Քայլենք՝ հոգեհարազատ որևէ սրբի ձեռքը բռնած և վստահ լինենք, որ Գթառատ Տերը չի անտեսելու մեր ձգտումն ու ջանքը, այլ օգնելու է, որպեսզի սիրով հաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները և պատվով միանանք Հաղթանակած Եկեղեցուն: Եվ քարոզս ավարտեմ Պողոս առաքյալի խոսքով, որ ասում է. «Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. նայենք Հիսուսին՝ հավատի Զորագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծո աթոռի աջ կողմում» (Եբր. 12:1-2), Որին փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

02.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․