Գրքեր

Ճշմարտասիրություն

«Սիրեցե՛ք զճշմարտություն» (Զաք. 8:19)

Հասարակության ներսում համերաշխ ապրելու համար անհրաժեշտ է, որ այն կազմող մարդիկ միմյանց հանդեպ վստահություն ունենան, որտեղ վստահությունը պակասում է, այնտեղ հասարակական հարաբերությունները կնճռոտվում են:

Այդ վստահությունը ճշմարտախոսությունից է ներշնչվում, գալիս: Ճշմարտությունը, որպես մարդկային հասարակարգի հաստատուն հիմք, հաստատուն և կանգուն է պահում իր վրա բարոյականության շենքերը [կառույցները]: Եթե մի անգամ ճշմարտությունը տեղի տա ստին և կեղծիքին, ապա ողջ բարոյական աշխարհի շենքերն ու հսկա կոթողները կընկնեն, կկործանվեն և ոչինչ հաստատուն չի մնա:

Անկեղծ, ճշմարտասեր լինելու համար մարդը նախ իր անձի հանդեպ անկեղծ և ճշմարիտ պիտի լինի. սիրտը մարդու արարքների կենտրոնն է, խարդախ սրտից խորամանկություն և խաբեբայություն է միայն բխում:

Լինել ճշմարտասեր, հարգել ճշմարտությունը, ատել ամեն մի կեղծիք և սուտ, սա ազնիվ և վեհանձն բնավորության հատկանիշ է, որով մարդն իրավամբ հասարակության մեջ վստահության և համակրանքի է արժանանում: Մարդու արժանիքը ոչ միայն ճշմարտությունը սեփականացնելու մեջ է կայանում, այլ նաև այն անկեղծ զգացմունքի մեջ, որով նա ջանում է ճշմարտությամբ և ճշմարտության համար հաղթանակել կեղծիքի և խաբեության դեմ: Նաև մարդու արժանիքը առավելաբար կայանում է ոչ թե ճշմարտությունը ընդունելուն հավանություն տալու մեջ, այլ ճշմարտությունը քննելու մեջ, որով միայն մարդը բարձրանում է, ազնվանում և իր կարողությունների սահմանում կատարելագործվում: Ավելի հեշտ է ճանաչել սխալը, քան գտնել ճշմարտությունը. սխալը նկատելի է մակերեսի վրա, մինչդեռ ճշմարտությունը թաքնված է խորքերում և այն գտնելը ամեն մարդու բան չէ:

Մարդիկ նախապես դժվարություն են ունենում ճշմարտությունը հասկանալու համար, սակայն երբ մի անգամ ըմբռնում են՝ այն որպես լույս փայլում է մտքում և այդ լույսի ներքո է, որ մարդը կարողանում է տեսնել շատ բաներ, որոնք ճշմարտությունը ճանաչելուց առաջ չէր տեսնում:

Մարդը ճշմարտությանը հասնելուց առաջ հազար ու մի սխալների միջով է անցնում, և որպես տկար և սխալական [մեկը] կարող է թյուր համոզմունքներ և ըմբռնումներ էլ ունենալ, սակայն եթե իր մեջ առկա է ճշմարտության հանդեպ սերը, ապա կճանաչի [իր] սխալները, և կփոխի իր քայլերը՝ դեպի ճշմարտություն ուղղվելու համար:

Ճշմարտությունը հարստություն է. ճշմարտության իրական արժեքը թաքնված և փակված է մնում, եթե երբեմն թաքցվում է անհիմն հավելվածներով և մակաբույծներով, բայց հանուն ճշմարտության տքնողը և գործողը մի օր այն գտնում է իր [ամբողջ] վեհությամբ, սրբությամբ, ազնվությամբ, գեղեցկությամբ և փրկարար ուժով, և այդ ջանքի մեջ էլ կայանում է մարդու արժեքը: Ճշմարտությունը ոսկու նման է, այն կարող է այլ հանքանյութերի հետ խառնված լինել, մարդու պարտականությունն այդ ոսկին՝ ճշմարտությունը գտնելու, առանձնացնելու համար բոլոր միջոցները ձեռնարկելն է:

Եթե մի անգամ ճշմարտության արժեքն իմանանք՝ կտեսնենք նրա զորությունը, ազատությունը, գեղեցկությունը և փրկարար ուժը. այլևս նրա հետ  կկապվենք և նրան կփարվենք, ինչպես բաղեղը ժայռերին է փաթաթվում:

Ճշմարտությունն աշխարհի փրկությունն է, բոլորի բարեկամն է, նույնիսկ նրանց, ովքեր չեն սիրում այն: Հաճախ ճշմարտությունը նշտարի նման կտրում և արյունոտում է, բայց բուժիչ և մաքրող է, մինչդեռ սուտը՝ որպես թույն, թունավորում և սպանում է:

Ճշմարտությունը զորություն է. պետք է հարգել այն, բարյացակամությամբ ծառայել նրան: Ճշմարտությո՜ւն… և կա՞ արդյոք որևէ անուն, իր, էություն, որը ավելի բուռն, ավելի աննվաճ բնությամբ ներկայանա մեզ. քննեք հասարակության կյանքի ընթացքը, կարդացեք դարերի պատմությունը և կհամոզվեք, որ միայն ճշմարտությունն է եղել վսեմագույնը, ընդունելին և նվիրականը:

Թե՛ գիտական, թե՛ բարոյական աշխարհներում ճշմարտության պաշտպանները և ջատագովները նախապես ընդունելություն չեն գտել, քանզի մարդը հակված է նախ չընդունել այն ամենն, ինչ ճշմարտությունից, բարձրից և ստուգությունից է գալիս, սակայն ուշ, թե շուտ ստիպված է լինում խոնարհությամբ, ծածուկ կամ բացահայտ խոստովանել ճշմարտության վեհությունը և սրբությունը: Հայտնի է մեծանուն գիտնական Գալիլեոյի ճշմարիտ խոսքը. «Եվ այն ու ամենայնիվ այն պտտվում է» (E pur si muove). նա մինչև վերջ ջերմորեն պաշտպանեց մի ճշմարտություն և այդ պատճառով շատերն իրենց կարծիքը փոխեցին նրա մասին, բայց նա չհուսահատվեց, նույնիսկ իր ճգնաժամերի պահին, գլուխն ափերի մեջ բռնած, գոչում էր. «Եվ այն ու ամենայնիվ այն պտտվում է»:

Երկիրը պտտվում էր և պտտվում է. մարդիկ այն ժամանակ շատ բաներ ասացին, այն ժամանակ Վատիկանը նզովեց Գալիլեոյին, ամենուր հայտարարությամբ թղթեր ուղարկեց, թե երկիրը չի պտտվում, թե այդ ուսմունքը Աստվածաշնչին հակառակ է, սակայն դրանով չհաստատվեց, որ չի պտտվում: Գալիլեոն, հակառակ նշանավոր աստվածաբանների կարծիքի, ավանդության և հակակրական աննպաստ պայմանների առկայությանը, պաշտպանեց ճշմարտությունը:

Բարոյական աշխարհի ճշմարտության հայտնությունը Քրիստոսի Ավետարանի միջոցով եղավ, սակայն որքա՜ն ընդդիմություններ, որքա՜ն խոչնդոտներ փորձեցին խափանել նրա հայտնությանը և ընդունելությանը: Քրիստոսն, իբրև ճշմարտության մարմնացում, երկնքից երկիր իջավ՝ խաբեության և կեղծիքի աշխարհի մեջ, և ճշմարտության համար մարտիրոսվեց Գողգոթայի բարձունքի վրա ու այնտեղ փայլեց Խաչի վրայից և լուսավորեց համայն բարոյական աշխարհը՝ ցույց տալով ուղղությունը, անկեղծությունը, ազնվությունը, ճշմարտությունը, վսեմությունը:

Եվ Ինքն է, որ որպես ճշմարտության Զորագլուխ, հրաման է տալիս Իր հետևորդներին՝ սիրել ճշմարտությունը և ապրել ճշմարտության համար. մեզ հրավիրում է հետամուտ լինել ճշմարտությանը: Խոնարհվե՛ք նրա մեծության առջև, հեռացե՛ք ստությունից և կեղծիքից, որոնք որպես ժանտախտ ապականում են մեր հոգին և մեր ներսը դժոխքի վերածում:

Ստությունը, կեղծիքն անկենդան արձաններ են, փորված գերեզմաններ, որոնցում փտած և նեխած ոսկորներ, կմախքներ կան. տերևազարդ, սակայն անպտուղ վայրի ձիթենու են նմանվում դրանք:

Կեղծավորը, կամ խաբեբան, կամ խարդախը վարդապետություն ունի, բայց Սադուկեցի աղանդավոր է. աղոթում է՝ բայց Փարիսեցի է. խուսում է աղքատների թշվառության և կարիքավորների մասին և կոչ է անում նրանց [օգնելու], սակայն գող Հուդա է. նվիրում է, բայց Կայեն է. հավատք ունի, բայց դև է, Ս. Գրքով ներկայանում է, սակայն սատանա է:

Սոկրատեսից առաջ և հետո քարոզվեց ճշմարտությունը, դրա զորությունն ու մեծությունը, բայց դեռ թերի էր, պետք էր, որ ճշմարտությունն իր կատարելությամբ հայտնվեր, և այն եղավ Հիսուս Քրիստոսի միջոցով: Նա աշխարհ եկավ ի լուր աշխարհին հայտնելու, թե «Ես եմ ճշմարտությունը»: Բայց պիտի լինեին այնպիսիներ, որոնք պիտի արհամարհեին ճշմարտությունը՝ ասելով. «Ի՞նչ է ճշմարտությունը»: Մենք քարոզում ենք Քրիստոսով հայտնված ճշմարտությունը, որն անկեղծություն և անբծություն է, որն ազնվություն և անմեղություն է, որը սրբություն և արդարություն է, և վերջապես Աստվածպաշտություն է:

Խոսքս ուղղելով ստախոսներին, խաբեբաներին, կեղծավորներին վերջին ողջույնս եմ տալիս՝ հետևյալ խոսքերով. «Ճշմարիտ եղեք ձեր աղոթքներում, ձեր գործերում, ձեր խոսքերում, ձեր ընթացքի և ձեր հարաբերությունների մեջ: Մի՛ հետևեք ձեր անձնական կրքերին, այլ այն ճշմարտությանը, որը Խաչի վրա, փայլող ադամանդի նման սեռակնաձև (Եկղ. քառաթև տարածված) գամվեց: Մի՛ եղեք նրանց նման, ովքեր անարժան ճանապարհներով՝ ստով, նենգությամբ և ճշմարտության դիմակի տակ [թաքնված] ցանկանում են աճել և առաջընթաց ունենալ, այլ մինչև ձեր կյանքի վախճանը սիրե՛ք ճշմարտությունը և ապրե՛ք ճշմարտության համար: Սիրեցե՛ք ճշմարտությունը, երբ երիտասարդ եք և ձեր ոսկորները խայտում են, երբ հասուն տարիք ունեք և խելահաս եք, երբ ծերացել եք, սակայն ձեր արյունը դեռևս չի ցամաքել: Տերը պիտի օրհնի ձեզ այստեղ, այս կյանքում և ձեր հաղթական ընթացքը պսակի անթառամ պսակներով:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

16.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․