Դավթի սաղմոսներն Աստծուց են ներշնչված

- Հա՛յր, ինձ զարմացնում է այն փաստը, որ երեխաները հասկանում են Սաղմոսարանն ու ուզում են այն կարդալ:

- Սաղմոսների գիրքը յուրաքանչյուր տարիքի էլ հարմար է: Այն կարող է երեխաներին ավելի դուր գալ, քան ինձ ու քեզ: Սաղմոսներն Աստծուց են ներշնչված, գրվել են Աստծու լույսով, ուստի և այդքան խորն ու զորեղ մտքերն են պարունակում: Եթե բոլոր աստվածաբաններին ու բանասերներին հավաքես, նման բովանդակությամբ անգամ մեկ սաղմոս չեն գրի: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան էլ գրեն, ապա դա արհեստական ծաղկի կնմանվի: Դավիթը կրթություն չուներ, բայց ինչպիսի՜ խորությամբ էր գրում: Պարզ երևում է, որ Աստծու Հոգով էր ղեկավարվում:

- Հա՛յր, ես չեմ հասցնում Սաղմոսարանն ընթերցել:

- Լավ կլինի, եթե ցերեկը մի փոքր ժամանակ գտնես դրա համար: Բայց եթե ժամանակ չկա, ապա ավելի լավ է կաթիզմայի(1) կեսը կարդալ՝ մտքին հետևելով, քան ամբողջ Սաղմոսարանը՝ շնչակտուր: Կարդացած մտքերն, այնուհետև, անընդհատ մտքումդ պահիր: Սաղմոսարանն աղոթք է:

Ոմանք Դավիթ մարգարեին սխալ են հասկանում և ասում են, որ նրա որոշ սաղմոսների մեջ անեծք կա: Սակայն երբ Դավիթն ասում է. «Թող մեղավորները պակասեն աշխարհից, և ամբարիշտներ թող չգտնվեն նրա մեջ» (Սղմ. 103:35), նա ոչ թե նկատի ունի, որ մեղավորները կործանվեն, այլ որ ապաշխարեն, և այլևս մեղավորներ չլինեն աշխարհում:

Ես ուրախություն եմ ապրում Սաղմոսների գրքից. այնտեղ ամենուր մարգարեություններ են, ամենուր մխիթարություն է: Երբ դժվարին իրավիճակում կարդում ես Սաղմոսարանը, թեթևություն ես զգում, ազատության զգացում ունենում, վստահություն, որ Աստված կօգնի: «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սղմ. 36:39),- ասվում է այնտեղ:

 

* Կաթիզմա (հուն. κάθισμα) – բյուզանդական ծիսակարգի աստվածպաշտական ավանդության մեջ Սաղմոսարանի բաժին է: Սաղմոսարանը բաժանված է քսան կաթիզմայի այնպես, որ բոլոր կաթիզմաները մոտավորապես նույն երկարության են: Այդ է պատճառը, որ տարբեր կաթիզմաներ տարբեր քանակությամբ սաղմոսներ են պարունակում:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

03.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․