Գրքեր

Դեկտեմբերի 25 թե՞ հունվարի 6

Հայտնի է, որ Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին արձանագրված է Ավետարաններում: Սակայն հարկ է նշել, որ բոլոր քիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի ծնունդը նշել են հունվարի 6-ին:

4-րդ դարում՝ 336 թվականին, Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Այս փոփոխության էական պատճառներից մեկն այն էր, որ  հեթանոսական շրջանից մնացած Արև աստծո տոնակատարությունը տեղի էր ունենում դեկտեմբերի 21-31-ը, իսկ առավել հանդիսավորությամբ` դեկտեմբերի 25-ին, որ Միթրայի` արևի աստծո ծննդյան օրն էր: Այդ օրը հեթանոսները նշում էին Արևի ծննդյան օրը, այսինքն` լույսի հաղթանակը խավարի նկատմամբ: Հեթանոսական այս տոնին Հռոմի քրիստոնյաները հակադրեցին ճշմարիտ Լույսի, Արդարության Արևի` Քրիստոսի ծննդյան տոնը:  Մի շարք ուսումնասիրողներ կարծում են, որ Հռոմի եկեղեցու որոշումը`Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու վերաբերյալ քաղաքական քայլ է եղել` ժողովրդի միջից հին ավանդույթները արմատախիլ անելու և դրանք նորով փոխարինելու նպատակով: Միաժամանակ, Անանիա Շիրակացին, խոսելով Զաքարիայի պապանձման և Եղիսաբեթի հղության օրերի մեկնությունից, նշում է, որ հույները Զաքարիայի պապանձման միջոցով հնարում են Եղիսաբեթի վեցամսյա հղիությունը, որի հիման վրա էլ պետք է որոշվի Գաբրիելի Ավետարանելու օրը: Հույները ներկայացնում են, թե որ օրը որ պապանձվել է Զաքարիան, այդ օրն էլ հղիացել է Եղիսաբեթը, և, հաշվումները սկսելով այդ օրվանից, Ծննդյան օրը  ստանում դեկտեմբերի 25-ը:

Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հայ Եկեղեցին էր միայն, որ հավատարիմ մնաց Սբ. Ծնունդը եւ Մկրտությունը հունվարի 6-ին տոնելու հնամենի ավանդույթին`հաստատված Հայ Եկեղեցու աստվածաբանների տոմարական հաշվարկներով ու աստվածաբանական հիմնավորումներով: Վերջինիս հիմքում ևս ավետարանական հայտնի պատմությունն է Զաքարիայի պապանձման եւ Եղիսաբեթի հղիության մասին:

7-րդ դարում Անանիա Շիրակացին իր տոմարական-տոնացուցային ժողովածուի հատվածներից մեկը նվիրել  է Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնին`հանգամանալից բացատրելով հունվարի 6, թե դեկտեմբերի 25-ի խնդիրը: Նա պաշտպանում և հաստատում է Հայոց եկեղեցու` Քրիստոսի Ծննդյան ու Հայտնության տոնը միասնաբար հունվարի 6-ին կատարելու տեսակետը: Համաձայն Շիրակացու հիմնավորման` Զաքարիայի պապանձումը եղել է սեպտեմբերի 27-ին, սակայն նա տուն է գնացել 12 օր հետո: Ըստ հրեական օրենքի` քահանայապետը տարեկան մեկ անգամ էր մտնում սրբություն սրբոցը: Այդ տարվա քահանայապետը Զաքարիան էր: Տաղավարահարաց տոնն առջևում էր, և ողջ Իսրայելն այնտեղ էր հավաքված, որպեսզի յոթ օր շարունակ կատարեր մեծ տոնի կարգը: Այդ նույն օրն անպատշաճ էր, որ Զաքարիան մերձանար իր կնոջը: Եվ Ղուկաս Ավետարանիչը նշում է. «Երբ լրացան նրա պաշտամունքի օրերը, գնաց տուն» (Ղուկ.1:23): Այսինքն`թշրին ամսվա 10-ին (սեպտեմբերի 27-ին) տեղի է ունեցել Զաքարիայի պապանձումը, իսկ թշրին ամսվա 29-ին (հոկտեմբերի 9-ին)`Եղիսաբեթի հղիությունը: Վեց ամիսը հաշվելով 180 օր, հասնում է Նիսան 16-ին, որը համապատասխանում է հռոմեական ապրիլի 6-ին, երբ եղել է սուրբ կույսի ավետումը: Հաշվելով անդրանկածնության իննամսյա ժամանակը`Շիրակացին հաստատում է հունվարի 6-ի ամսաթիվը: 

Իր հերթին, Ներսես Շնորհալին «Նամականի»-ում գրում է. «Ըստ ամսաթվի՝ նույն օրն էլ, որում ծնվեց, երեսուն տարի հետո՝ հունվարի վեցին, տեղի ունեցավ Նրա մկրտությունը Հորդանանում։ Եվ սա անսխալ է, որովհետև եթե [Քրիստոսը] երեսնամյա էր և ոչ ավելի ու ոչ պակաս, ապա հարկ է, որ Ծննդյան օրը լինի նաև Մկրտության օրը, եթե պիտի երեսուն տարին մնա առանց պակասի և ավելցուկի։ Իսկ եթե նախ Ծնունդն է, և տասներկու օր հետո՝ Մկրտությունը, [ավետարանիչը] չէր ասի. «Հիսուսը [սկսելով] ՝ շուրջ երեսուն տարեկան էր» (Ղուկ. 3:23), այլ՝ «Հիսուսը սկսելով՝ շուրջ երեսունմեկ տարեկան էր», ինչպես կարելի է տեսնել նաև օրերի անվանումներում: …Ասվածներին կարելի է ավելացնել և մեկ այլ խորհրդական խոսք. ինչպես որ [Քրիստոսը] մարմնով ծնվեց սուրբ Կույսից, մկրտությամբ էլ ծնվեց Հորդանանից՝ մեզ օրինակ ծառայելով։ Եվ քանի որ երկուսն էլ ծնունդ են, թեպետ միմյանցից խորհրդով ու ժամանակով տարբեր, այդ պատճառով էլ սահմանվեց առաջին ծննդյան հետ միասին տոնել նաև երկրորդ ծնունդը»։

Հայ Եկեղեցու փաստարկներից մեկն էլ այն է, որ Քրիստոսի Ծնունդը Մկրտությունից 12 օր առաջ տոնելը կարգված չէ ո՛չ առաքյալների, ո՛չ էլ նրանց հաջորդների կողմից: Առաքյալները կարգել էին մեկ տոն` Հայտնության և Սուրբ Ծննդյան, և ոչ թե երկու տարբեր տոներ: Շիրակացին մեջբերում է Առաքելական Զ կանոնը. «Քանի որ կանոնների 6-րդ գլխում այսպես է գրված. Առաքյալները կարգեցին և սահմանեցին, որ մեր Տիրոջ ու Փրկչի Ծննդյան ու Հայտնության տոնը հանդիսանա եկեղեցական տոների գլխավորը և առաջնեկը`տիբեթ ամսվա 21-ին, որ համապատասխանում է հռոմեական հունվար ամսի 6-ին»: Հույների պատճառաբանությանը, թե առաքյալները ժամանակ չունեին ստուգապես քննելու տոնական օրերը, քանի որ նրանց գործը ավետարանելն էր և հեթանոսական տոներից զատելը, Շիրակացին հակադարձում է, որ առաքյալները  եթե մեզ սովորեցրել են արևելք դառնալով աղոթել, տոնել կիրակին, պատվել և գործ չանել, պահել չորեքշաբթի և ուրբաթ օրերը,  չէին կարող անփույթ գտնվել տոների կարգավորման նկատմամբ: 

Հարկ է նշել նաև, որ Քրիստոսի մարդացմամբ Աստված հայտնվում է մարդկանց, իսկ մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է` «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ.3:17, հմմտ. Մարկ. 1:11, Ղուկ. 3:22): Ս. Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա, այդպիսով տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Ահա Քրիստոսի թե՛ Ծննդյան, թե՛ Մկրտության միջոցով հաստատված Աստվածահայտնությունն էլ պատճառ է դարձել, որ այդ երկու հիշատակները եկեղեցում տոնվեն միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվան տակ:

Եվ, ի վերջո, այս հաշվարկները մի կողմ թողնելով, չմոռանանք Սուրբ Ծննդյան առավել կարևոր խորհուրդը. Քրիստոս աշխարհ եկավ մեզ հավիտենական կյանք պարգևելու, ազատելու մեղքի, անգիտության խավարից և Իր աստվածային լույսին ու ճշմարտությանն արժանացնելու: Մեզ մնում է մեր սրտի մի անկյունում տեղ պատրաստելու Նրա համար…

 

Պատրաստեց` Մարիամ Ավետիսյանը

 

 

 

23.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․