20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Դժկամությա՞մբ ես պահք պահում

Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Որքան էլ տոներ գան, իմաստուն մարդը նա չէ, ով զվարճանում է տոնվող իրադարձությունները մոռանալու աստիճան, այլ նա, ով տոների ավարտից հետո շարունակում է ոչ միայն այդ ուրախությունը պահպանել իր ներսում, այլև ժուժկալումը, պահքը ոչ միայն շուրթերով է շարունակում, այլ իր բոլոր զգացմունքներով ու խոսքերով»: Մշտապես ճգնող քրիստոնյան էական որևէ բան չի փոխում, միայն ռիթմը, արագությունն է ավելացնում՝ աղոթում էր, այժմ էլ է աղոթում, ժուժկալ էր սնունդ ընդունելիս, վերահսկում էր իրեն, այժմ էլ նույնն է անում:

Քառասնօրյա պահոց շրջանը եկավ… Ուրախացե՛ք: Կրկին ասում եմ՝ ուրախացե՛ք: Ուրա՛խ եղեք, որ հասավ Եկեղեցու կյանքի այս հուզիչ շրջանը, որպեսզի այն ոչ միայն խանդաղատանքով, տրտմության ու վշտի մեջ անցկացնենք, այլև ուրախության: Սգում ենք, որովհետև գիտակցում ենք մեր տկարությունը, գիտակցում ենք, թե ինչպիսի մեղավորներ ենք դարձել: Մտորում ենք Քրիստոսի տանջանքների, Նրա խաչի մասին, ուզում ենք մեղավորներին գտնել, մտածում ենք ինքներս մեր մասին և գալիս այն եզրահանգմանը, որ մենք նույնպես կրկնում ենք Նրա խաչելությունը՝ մեր չար գործերով և թուլություններով, այդ ամենից ընկճվում ենք: Բայց միևնույն ժամանակ ուրախալի կանխագիտության մեջ ենք, քանի որ վերջում մեզ Սուրբ Հարությունն է սպասում, երկրպագությունը կենսաբաշխ գերեզմանին, որը կպարզվի՝ դատարկ է, բայց միևնույն ժամանակ նաև լի Քրիստոսով, Նրա շնորհով: Եվ ահա այդ դատարկությունը մեզ աննկարագրելի ու անվերջ ուրախությամբ է լցնում: Ճգնում ենք՝ իմանալով ուր ենք գնում: Գնում ենք հետքերով, որոնցով բոլոր սրբերն են անցել, ողջ Եկեղեցին, մեր բոլոր եղբայրները, գնում ենք արահետով, որի վերջում մեզ Հարություն է սպասվում:

Շուրջս այնպիսի մթնոլորտ եմ ստեղծում, որն անձամբ ինձ կօգնի: Ինչո՞ւմ կօգնի: Նրանում, որպեսզի լցվեմ վերապրած ժամանակահատվածի հիշողություններով, որպեսզի սրտումս Քրիստոսի ներկայության կնիքը մնա, սիրո, ջերմության, քնքշության, սթափության կնիքը:

Եթե այն ամենն, ինչ պահքի ընթացքում անում ենք, Քրիստոսի հանդեպ ունեցած սիրուց չէ, այդ դեպքում մեր պահքն իսկապես տանջանք ու անտանելի վիշտ է դառնում՝ սրտում միայն բարկության և նյարդայնության զգացում առաջացնելով: Եթե Քրիստոսին ընծայած աղոթքի, պահքի, ողորմության, ապաշխարության տեսքով զոհաբերությունը ստիպողաբար է, ապա նպատակիդ չես հասնի: Այդ ամենը պարտադիր չէ այն պատճառով, որ այդպես են թելադրում Եկեղեցու կանոնները: Կանոնները Քրիստոսին սիրող սրտի արտահայտությունն են: Մեր տկարությունը գիտակցելով, հասկանալով, թե սրբերն ինչ էին զգում՝ այդ ամենը կատարելով, փորձում ենք հետևել նրանց, որպեսզի մենք էլ առնչվենք նրանց ոգուն:

Երբ սիրում ես, չես հոգնում այդ անելուց: Երբ սիրում ես, զոհաբերում ես քեզ: Իր երեխաներին, իր ամուսնուն, իր տունը սիրող մայրը հոգնում է գնումներից, խոհանոցից, տարբեր հոգսերից, բայց ուշադիր նրա դեմքին նայի՛ր և միայն ուրախություն ու երջանկություն կտեսնես: Եթե սեր չկա, ապա նույնիսկ եթե մի բաժակ ջուր խնդրես նրանից՝ կծուլանա, չի ցանկանա անել, կհոգնի:

Ահա՛ թե ինչում է Մեծ պահքի գաղտնիքը:

Եթե սիրում ես Քրիստոսին, Նրա սերը զգում ես քո մեջ, ապա ամեն ինչ շատ հեշտ է ստացվում, չես հոգնում, ապրում ես այնպես, ինչպես մեր Տերն է ասում. «Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար»: Պա՞հք ես պահում: Դժկամությա՞մբ ես պահք պահում: Ուրեմն մի՛ պահիր: Եթե տանջվելով, տրտնջալով, ստիպում ես քեզ առանց բարի կամքի, այդ դեպքում իսկապես նաև ֆիզիկապես կհիվանդանաս, քանի որ պահքը զրկանք է, սխրանք: Իսկ երբ սիրով ես պահք պահում, այնժամ Տերը քեզ շատ հոգևոր վիտամիններ է տալիս: Երանելի Պաիսիոս Աթոսացին ասում է. «Պահքի ընթացքում քեզ հասարակ արարած ես զգում, և պարզ միտքդ ու խաղաղ ոգիդ մղում են աղոթքի կանգնելու: Այդ ցանկությունն առաջանում է մարդու՝ Արարչի հանդեպ տածած բոցավառ սիրուց: Պահքը հրաշալի միջոց է այդ սխրանքի համար»:

Կյանքում կան բաներ, որոնք եթե սեփական փորձով չես զգացել, ապա միայն ենթադրություններ կարող ես անել դրանց մասին: Պահք պահողները գիտեն, թե դա ինչ մեծ գործ է: Այս շրջանում Ուղղափառ Եկեղեցին պահք է պահում: Իսկ դո՞ւ: Դու նրան պատկանո՞ւմ ես: Չե՞ս ուզում պատկանել քրիստոնյաների համայնքին, որոնք դա անում են հանու Քրիստոսի սիրո: Ուժերիդ ներածին չափո՛վ պահք պահիր: Բժշկի՛ այցելիր, իմացի՛ր՝ չունես արդյոք առողջական խնդիրներ: Օրգանիզմիդ վնաս հասցնելու վախի պատճառով պահքը մի՛ անտեսիր: Մի՛ թերագնահատիր հոգիդ և մի՛ գերագնահատիր մարմինդ: Ուժերդ մի՛ թերագնահատիր, քանի որ շատ բան կարող ես անել հանուն Քրիստոսի, Նրա օգնությամբ, իհարկե: Ինչ-որ բաներից եմ զրկվում ես, բայց ուրիշները՝ նույնպես: Դժվարանում եմ սննդի ընտրության հարցում, բայց միայն ես չէ: Քաղցում ենք, որպեսզի հագենանք: Տառապում ենք այս աշխարհի որոշ հաճույքներ ստանալու ծարավից, իսկ Քրիստոս մեզ այլ վայելքներ է առաջարկում: Ոմանք, առաջին անգամ պահք պահելով, մեծ ուրախություն են զգում դրանից, քանի որ բոլորը, միասնաբար, յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով, իհարկե, այդ կերպ իրենց սերն են արտահայտում Քրիստոսին:

Պահքը հիշեցնում է մարդուն, որ նա քրիստոնյա է, հիշեցնում է արգելքի մասին, որ Աստված տվեց դրախտում՝ չուտել «պտղից»: Պտուղն ինքնին գոյաբանական առումով ինչ-որ վատ բան չէր, քանի որ Բարձրյալը մեղավոր ոչինչ չարարեց: Մսի գործածումը մեղք չէ, քանի որ եթե այդպես լիներ, մենք այն ուրիշ ժամանակ չէինք ուտի: Ոչ էլ պանիրը, ձուն կամ ձուկն են մեղք, քանի որ Տերն Ինքն էր դրանք ուտում և օրհնում: Աստված այնպես կամեցավ, որպեսզի Իր հանդեպ մեր սերն ու վստահությունը հենց ժուժկալության միջոցով արտահայտենք: Տերն ուզում է մեզ ուժեղ դարձնել: Այդ նպատակով այդպիսի վարժություն է առաջարկում մեզ, քանի որ դեռ նախքան անկումը մարդուն պահքի պատվիրան էր տրվել, որպեսզի կարողանար իր սերը գործով ապացուցել: Մեր հանդեպ սերը Տերն արտահայտեց խաչի վրա: Նա մեզնից ոչինչ չի պահանջում, քանի որ երբ սիրում ես, ինքդ քեզ ես առաջարկում՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:

Գիտեմ մարդկանց, որոնք Բուն Բարեկենդանից մեկ շաբաթ առաջ, կիրակի երեկոյից մինչև չորեքշաբթի օրվա Պատարագը (Литургия преждеосвященных Даров) ոչինչ չեն ուտում: Սուրբ Սկիհին քաղցած մոտենալով և Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդվելով, որոշ ժամանակ սննդի կարիք չեն զգում: Ահա թե իրական Կերակուրը որտեղ է, որը մարդն ընդունում է: Այդ կերակուրը մեզ Տերն Ինքն է տալիս: Այդպիսի մարդը տուն է գնում, հաց ուտում, ջուր խմում, զգում դրանց իրական համը և շնորհակալություն հայտնում Աստծուն Նրա բոլոր պարգևների համար:

Քրիստոսին մեր սրտերից նե՛րս թողենք, որպեսզի փոխի մեր կյանքը, անդադար Նրա անունը կանչե՛նք, Սուրբ Աստվածածնի անունը, սրբերի անունները, և այդժամ պահքը շատ արագ կանցնի: Չենք հասցնի աչքներս թարթել, երբ վրա կհասնի Ավագ Շաբաթը, իսկ հետո նաև՝ Զատիկը: Եվ որքա՜ն լավ կլիներ, եթե հետո ասեինք. «Որքա՜ն արագ թռավ ժամանակը: Սովորեցի սիրել, խոնարհվել, ներել, զղջալ: Քրիստոսինը դարձա: Փա՜ռք Աստծու»:

Բարի սկի՛զբ: Ուրախացե՛ք:

 

Ծայրագույն վարդապետ Անդրեաս Կոնանոս

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

15.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․