Գրքեր

«Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի»

«Եւ ամենայն ինչ ձեր՝ պարկեշտութեամբ և ըստ կարգի լինիցի»:

«Ձեր ամեն ինչը պարկեշտությամբ և ըստ կարգի թող լինի» (Ա Կորնթ. 14:40):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Աստված տիեզերքն արարել է կարգուկանոնով: Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամեն ինչ ներդաշնակ է: Ի սկզբանե մարդկային մեղքն էր, որ արարչագործության մեջ աններդաշնակություն մտցրեց, բաժանում բերեց Աստծո և մարդու միջև: Սուրբ գրքում բազմիցս կիրառվում է «կարգել» բառը: Աստված կարգուկանոն է սահմանում մարդկանց համար և այդ ամենն անում է ի բարօրություն արարածների, որովհետև սիրում է Իր արարչագործությունը: Կարգուկանոնով կենցաղավարելը մարդու համար սկսվում է Աստվածաշնչով, որովհետև դրա միջոցով Աստված մարդուն պատվիրաններ է տալիս ճիշտ ապրելու համար, որովհետև Աստվածաշնչով ապրելը մարդուն վերադարձնում է այն երանական վիճակին, որից նա զրկվել էր մեղքի պատճառով:

Կարգուկանոնն ու ներդաշնակությունը արարչագործության հիմքն են: Երկնքում և երկրի վրա, ծովում թե ցամաքում ամեն ինչ, ինչպես նաև մարդկային հոգին, միտքն ու մարմինն իրար ներդաշնակ են, և ամեն ինչի ընթացքը կանոնակարգված է: Տիեզերքում ամեն ինչ համահունչ է և ներդաշնակ, ուստի այն ինքնարարվել չէր կարող:

Աստված ոչ միայն կարգուկանոնի մեջ է ստեղծել աշխարհն ու տիեզերքը, մարդկանց կարգել իրենց տեղերում՝ արժանացնելով նրանց բազմաթիվ շնորհների և օժտելով տարբեր ձիրքերով, այլև մարդու առջև դրել է կարգուկանոնով ապրելու պատվիրանը: Եթե կարգուկանոնը բացակայի անձնական և հասարակական կյանքից ու հարաբերություններից, ապա քաոս և խառնաշփոթ կստեղծվի: Ոչ միայն ամեն ինչ իր տեղում արարված է իր կոչմամբ և առաքելությամբ, այլև մարդու կյանքում ևս ամեն ինչ հերթագայվում է, կատարվում կարգով և ժամանակին, ինչպես նշվում է Ժողովող գրքում. «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, քարեր կտրելու ժամանակը և քարեր հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը» (3:1-8):

Աստվածաշնչի բոլոր գրքերն էլ մարդու փրկության ճանապարհն են ցույց տալիս և մարդկային կյանքի ճիշտ և անսխալ ընթացքը կազմակերպելու նպատակ են հետապնդում: Քրիստոնյայի կյանքը պետք է կազմակերպված լինի և անկարգ ու խառնափնթոր չլինի: Նա պետք է գիտակցի իր տեղն այս կյանքում և հստակ իմանա իր առաքելությունը: Քրիստոնեական մեծ ընտանիքի մասը կազմելով՝ Աստվածապաշտ մարդը փորձում է հասկանալ իր անելիքն այս աշխարհի վրա, ինչպես նաև իր կյանքի քայլերն է փորձում գիտակցել և գծել:

Աստված ոչինչ ի վնաս մարդու չի արարել: Նա սիրում է մարդուն և նրա մահն ու կործանումը երբեք չի կամենում,  Նա մարդու բարիքն է ցանկանում: Դավիթ թագավորն իր առաջին սաղմոսում ասում է. «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին: Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան» (Սաղմոս 1:1-3): Այո՛, սիրելինե՛ր, պատվիրանապահությունը մարդու կյանքում կարգուկանոն սահմանելուց զատ, նրան օրհնություն է բերում, հաջողեցնում է նրա նախաձեռնած գործերը և ոչ թե նրան հետ է մղում: Ինչպես թվում է շատ-շատերին, Աստվածաշունչը հնացած իրողություն է և մարդկանց հետ է պահում արդի առաջադեմ գործընթացներից: Ընդհակառակը, քրիստոնյայի կյանքն ու ընթացքը առավել քան հետաքրքիր են ու կազմակերպված: Նա փորձում է, առանց մարդկային մոլությունների, հաղթահարելով մեղքերը, հասնել իր նպատակին ու բարիք արարել ոչ միայն սեփական անձի համար, այլև իր շուրջը:

Աստծո պատվիրանները հնչում են՝ կարգուկանոն հաստատելու մարդկային կյանքում: Մեծերից մեկն ասել է. «Տան պսակը Աստվածապաշտությունն է, գեղեցկությունը կանոնավորությունն է, օրհնությունը գոհունակությունն է»: Այդ կանոնավորությունն ու կազմակերպվածությունը տուն են ներմուծում շնորհներ, քանի որ, ինչպես երկրի վրա և երկնքում, այնպես էլ ընտանեկան հարկի ներքո, ամեն ինչ պետք է կարգուկանոնով ընթանա: Հետևաբար այն հնազանդությունը, որն Աստված մարդուն պատվիրում է դրսևորել, մարդու փրկության համար է, և միաժամանակ նպաստում է թե՛ ընտանիքում երջանկության ապահովմանը , թե՛ հասարակական հարաբերությունների ճիշտ կառուցմանն ու պահպանմանը: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով: Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. և ինքն է Փրկիչը այդ մարմնի: Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում» (Եփեսացիներ 5: 21-24):

Անկախ այն բանից, որ մարդկային մեղքի պատճառով տիեզերակառույցի ներդաշնակությունը խախտվեց, այնուամենայնիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս եկավ՝ Իր զոհաբերությամբ այդ ներդաշնակությունը վերականգնելու: Մեղքերն ու հանցանքներն արգելող (հրաժարական), ինչպես նաև բարիք գործելու (հանձնառական) պատվիրանները աշխարհի կարգուկանոնի, արդարության և ճշմարտության հաստատման, մարդկային կյանքի խաղաղության ու երջանկության բաղադրիչ և անհրաժեշտ գործոններն են: Ուստի, սիրելի՛ հավատացյալ հայորդիներ, մաղթում եմ Աստվածաշնչյան պատվիրանապահությամբ վերահաստատել սեփական կյանքի կարգուկանոնը, անդորրն ու խաղաղությունը: Հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին՝ միմիայն մարդու փրկությանն է նպաստում, նրա ֆիզիկական և հոգևոր առողջությանը, մարմնի և հոգու ներդաշնակության հաստատմանը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

20.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․