Գրքեր

«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»

Մեր Փրկչի՝ Քրիստոսի կողմից հիմնադրված Սուրբ եկեղեցին առաջին քրիստոնյաների փոքր ընտանիքից վերածվել է մի մեծ ու հսկայական սուրբ ընտանիքի: Փրկչի՝ հոգատար Այգեպանի կողմից սերմանված փոքրիկ սերմն աճել ու վերածվել է բազմաճյուղ հսկայական մի ծառի, որ իր ճյուղերով ծածկել է ողջ աշխարհը: Գրեթե երկու հազար տարի է անցել այն օրվանից, երբ սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայոց աշխարհ թափանցեց աստվածային լույսը, և Քիստոսահիմն եկեղեցու բնի վրա աճեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ճյուղը: Երկնավոր Հոր և Իր զավակների համար մեծ ուրախություն է, երբ այդ ծառի ճյուղերն աճում են ու տարածվում:

Հուլիսի 30-ին հերթական անգամ այդ ուրախությունն ապրեցին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն ու բազում ուխտավորներ: Այդ օրը նշվեց եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձը, մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որին իրենց մասնակցությունը բերեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները հաղորդ դարձան Քրիստոսի Խաչափայտի մասունքի օրհնությանը, որ արդեն երկրորդ տարին է եկեղեցու վերաօծման առթիվ բերվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Այնուհետև երիտասարդ ուխտավորները եկեղեցու բակում մասնակից դարձան սիրո ճաշին, ապա՝ համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունն էին բերել Արագած գյուղի մշակույթի տան սաները: Ուխտի հոգեշահ օրը եզրափակվեց հոգեշահ զրույցով. երիտասարդաց միության անդամները հոգևոր զրույց ունեցան Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի հետ:

Եթե մարդկանցից յուրաքանչյուրը մարմնապես ծնվել է իր մոր կողմից, ապա  հոգեպես ծնվել է եկեղեցուց՝ իր հոգևոր մորից՝ սուրբ մկրտությամբ: Մկրտությունը յուրաքանչյուր անձի հոգևոր ծնունդն է, ինչի միջոցով մկրտվածը դառնում է Սուրբ եկեղեցու ընտանիքի անդամ և Երկնային Հոր զավակ: Մայրն իր երեխային կերակրում է նախ՝ կաթով, ապա՝ պինդ կերակրով: Մեր մայրը՝ եկեղեցին, բոլորին կերակրում է հոգևոր կերակուրներով՝ իր աղոթքներով, օրհնություններով, քարոզներով, խորհուրդներով, Սուրբ Հոգու շնորհներով, Սուրբ Հաղորդությամբ. յուրաքանչյուրն այս կերակուրներով հագեցնում է իր քաղցն ու ծարավը։ Մեր մայրը՝ եկեղեցին, ուսուցանում է ապրել քրիստոնյային արժանի կյանքով, որը կտակել է Հիսուս Քրիստոս և որն առաջնորդում է դեպի հավիտենական կյանք:

«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է և եկեղեցուց ամեն անջատում ուղղակի սիրո խախտում է: Եկեղեցուց դուրս չի կարող լինել ոչ միայն քրիստոնեական կյանք, այլև քրիստոնեական վարդապետություն: Միայն եկեղեցում է մաքուր հավատը: Նա, ով հակված չէ եկեղեցու միության, չի կարելի համարել, որ պահպանում է հավատը»,- ասել է սբ. Կիպրիանոս Կարթագենացին:

 

Կարինե Սուգիկյան

 

31.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․