Գրքեր

Երանելի է հանուն Քրիստոսի նախատվելն ու ծաղրվելը

«Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները» (Մատթ. 5:11-12): Այս վերջին երանին բացահայտում է քրիստոնյայի հավատքի բացահայտման բուն իմաստը: Այն հորդորում է, ոչ միայն համբերել, այլ նաև ցնծալ և ուրախությամբ դիմակայել հոգեկան և մարմնական տառապանքներին: Ըստ եկեղեցու հայրերի՝ մարմնավոր տառապանքների և վշտերի համար կան զանազան մխիթարություններ, սակայն մարդու սիրտը խոցող չարախոսության, նախատինքի ու բամբասանքի համար չկան մխիթարության միջոցներ: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ ամեն նախատինք չէ, որ մարդուն դարձնում է երանելի, այլ, երբ համբերում ենք հանուն Քրիստոսի: Մեր Տերն էլ միաժամանակ շեշտում է, որ երանելի եք, երբ ձեզ նախատեն Իմ պատճառով, Իմ հետևորդը լինելու համար, այլ ոչ թե ինչ-որ արժանիքների, առաքինությունների, դիրքի կամ օժտվածության համար բամբասվելու և չարախոսվելու համար: Հակառակ պարագայում այդպիսինները ոչ միայն երանելի են, այլև՝ արժանի կարեկցանքի: Ապա սուրբը մատնանշում է, որ Քրիստոս Ղուկասի ավետարանում ոչ միայն երանի է տալիս նրանց, ովքեր հանուն Քրիստոսի համբերում են հալածանքների, այլ դժբախտներ է անվանում նրանց, ում մասին բոլորը բարի են արտահայտվում: Նա ասում է. «Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մարգարեներին այդպէս էին անում» (Ղուկաս 6:26): Առաքյալների մասին էլ էին բարին խոսում, բայց ոչ բոլորը: Այդ պատճառով Քրիստոս չասաց, երբ բարին կխոսեն ձեր մասին մարդիկ, բայց ավելացնում է «ամենայն» բառը: Իրապես, հնարավոր չէ, որ բարեգործները բոլորի կողմից գովաբանվեն: Եվ նորից ասում է. «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, մերժեն ձեզ ընդունել, նախատեն և վարկաբեկեն ձեզ՝ Մարդու Որդուն հետևելու պատճառով: Ուրախացե՛ք և ցնծացե՛ք այդ օրը, որովհետև մեծ պիտի լինի ձեր վարձատրությունը երկնքում: Նրանց նախահայրերը նույն վերաբերմունքն ունեցան մարգարեների հանդեպ» (Ղուկաս 6:22-23): 

Հալածանքն իր բոլոր հետևանքներով քրիստոնյայի կյանքում անխուսափելի է: «Նույնպես բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների» (Բ Տիմոթ. 3:12): Սիրո դեմ «սուրն» էլ պիտի շողա, հաշտարար համբույրի դեմ «բաժանումն» էլ իր պառակտիչ ձեռքը պիտի երկարի: Հալածանքը, նախատինքը, զրպարտություններն անպակաս են ու պիտի անպակաս լինեն քրիստոնեական կյանքում: Այդ բոլորը հարկ է տանել երանավետ զվարթամտությամբ՝ գտնելու համար բարոյական վարձատրության գոհունակությունը երկնային թագավորության բարիքների պարգևատրման մեջ:

Նեղություններն անհրաժեշտ են հոգու փրկության ու սրտի մաքրության համար, որպեսզի քրիստոնյան հասկանա իր տկարությունները, խոնարհվի և համբերությամբ տանի իր խաչը: Եվ ավելին. «Բազում նեղություններ պետք է կրենք Աստծո Արքայությունը մտնելու համար» (Գործք Առաքելոց 14:22): Մարդն ապրում է Երկրորդ գալստյան սպասումով և հարության հույսով, և ովքեր խաչակից են լինում Քրիստոսին, մասնակիցը կլինեն Քրիստոսի հարությանը: Այդպիսիններին սպասում են բազում պարգևներ երկնքում: Ի տարբերություն մյուս երանիների՝ այստեղ Տերը երկնքում վարձք է խոստանում, այդ պատճառով Պողոս առաքյալն ուրախանում էր նեղությունների համար, որ կրում էր հանուն Քրիստոսի, այդ պատճառով և Հակոբոս առաքյալը հավատացնում էր բոլոր քրիստոնյաներին. «Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք» (Հակ. 1:2):

Ինը երանիներով մեր Տերը ցույց տվեց այն ճանապարհը, որ տանում է դեպի Երկնային Արքայություն: Իրականում խոնարհ մարդը կսգա իր մեղքերի համար, իր մեղքերի համար սգացողը կլինի հեզ, արդար և ողորմած, ողորմածությունը, արդարությունը անպատճառ մաքուր սրտերին է հատուկ, իսկ այդպիսին խաղաղարար է, իսկ ով այս ամենին հասնում է, այդպիսին պատրաստ կլինի ամեն հալածանքի ու նախատինքի:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

24.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․