Գրքեր

Երանելի են իրական սգավորները

Առաջին երանիին՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»  հաջորդում է «Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն» երանին: Ո՞վ է սգավորը, որի մասին խոսում է լեռան Քարոզիչը: Նրա՞նք են արդյոք,  որոնք չեն մասնակցում աշխարհիկ ուրախությանը և հետևաբար լալիս են իրենց անձնական դժբախտությունը: Կամ հուսահատնե՞րը, որոնք կորցրել են սեր, բարիք: Կամ էլ նրա՞նք, որոնք հույսով ու քաջությամբ սկսեցին կյանքը, բայց զգացին, թե իրենց երջանկությունը փշրված է: Սակայն կյանքից վիրավոր ամեն հոգի սգավոր չէ: Նրանք են իրական սգավորները, որոնք տրտում են Աստծուց բաժանված լինելու համար, մարդիկ, որոնց վիշտը կյանքի պատճառած դժվարությունների արդյունքը չէ: Եվ երանելի են նրանք, ովքեր խավարը փարատում են լույսով:

Հոգով աղքատությանը հետևում է սգավորությունը: Առաջին երանիից բխում է երկրորդը: Երբ մարդը հասկանում է, որ հոգով աղքատ է, այսինքն՝ գիտակցում է իր մեղավոր լինելը, պիտի սգա: Եվ երբ մարդը հրաժարվում է իր մեղսալից արարքներից, այն ժամանակ Աստծո օգնությամբ տեսնում է իր մեղքերը և դառնապես սգում դրանց համար: Եթե սգում ենք, այս դեպքում երանի ենք, այս դեպքում կատարվում է Քրիստոսի խոսքը. «Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն»: Եվ մխիթարվում են մեծ, հավիտենական մխիթարությամբ: Սգավորությունը մի վիճակ է, որտեղ հոգին սքողված չէ նյութականի մշուշով, և ավելի հստակ ու խորն է զգում ճշմարտության, արդարության և սիրո ծարավը: Այս սուգը չպետք է շփոթենք աշխարհի սգի հետ. հոգևոր սուգը տանում է դեպի ուրախության, քանի որ. «Տրտմությունը, ըստ Աստծո ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթացիներ 7:10): Աշխարհի սուգը մեզ ընկճում է ֆիզիկապես և բարոյապես, այն առաջնորդում է դեպի կորուստ: Իսկ հոգևոր սուգը հոգին օժտում է խորհրդավոր զորությամբ և արիացնում է մեզ: Այդ սուգն է, որ մեզ տանում է դեպի Աստված: Այս տրտմությունը ազնվացնում է հոգին, և մարդուն մոտեցնում ավելի բարձր ճշմարտություններին՝ առաջնորդելով դեպի Աստված: Եվ երբ տրտմում ենք մեր տկարությունների համար, սա մեր մեջ ստեղծում է երանական վիճակ, որտեղ մխիթարությունը բխում է աստվածային աղբյուրից՝ Մխիթարիչ Սուրբ Հոգուց: «Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի» (Հովհաննես 16:20): Ինչպես հորդառատ անձրևից հետո, սովորաբար պարզ եղանակ է լինում, այդպես էլ արցունքից հետո հոգին խաղաղվում է և պարուրվում ուրախությամբ: «Մի ուրախություն, որ ոչ ոք չի կարողանա խլել ձեզնից» (Հովհաննես 16:22):   

Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Թեև բոլորը սգավորներին համարում են ապերջանիկ, սակայն Քրիստոս երանի է տալիս նրանց: Իսկապես, եթե Աստված մխիթարում է, թեև հազարավոր ցավեր, դառնություններ քեզ հետ պատահեն, ամեն ինչ կհաղթահարես, որովհետև Աստված միշտ լիառատորեն է պարգևատրում ջանքերդ: Իրականում, սգավորները լաց են լինում իրենց մեղքերի համար, իսկ այդպիսիններին բավական է միայն ներում ստանալ: Քանի որ Քրիստոս մարդասեր է, ուստի Նա ոչ միայն չի սահմանափակում Իր պարգևները պատիժների և մեղքերի թողության դիմաց, այլ  ավելին՝ այդպիսի մարդկանց երանի է տալիս և մխիթարում»:  

«Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48): Այս խոսքերը մինչև սրտի խորքը ընդունողը, հնարավոր չէ դառնապես չսգա իր մեղքերի համար, որոնք խանգարում են իրեն կատարելության հասնել:  

Աստծո թագավորությունում մարդիկ լաց չեն լինելու, այդ մասին կարդում ենք Հովհաննու Հայտնության գրքում. «Ապա տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրն անցել էին. և այլևս ծով չկար: Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծուց և երկնքից՝ զարդարված ու պատրաստված, ինչպես հարսը իր փեսայի համար: Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծո խորանը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա էլ՝ նրանց Աստվածը. և պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք. և այլևս մահ չկա. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցավ» (Հայտնություն 21:1-4): Իսկ հավիտենական այդ երջանկությանը հասնելու համար մենք պետք է անցնենք սգավորի ճանապարհով:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

16.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․