19 Նոյեմբեր, Գշ, Հինանց պահքի Բ օր

Երբ ջանքերը զուր են գործադրվում

Մարդու ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը:

Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծու կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծուն մոտենալու փոխարեն հեռվանում է Նրանից: Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի ապրում է և գործում: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14):

Քրիստոնեական կյանքում աղոթքը, պահքը, բարեգործությունը, եկեղեցի այցելելն ու արարողություններին մասնակցելը ջանքեր են, որ մեզ մոտեցնում են Աստծուն և Նրա օրհնությանը: Յուրաքանչյուր քրիստոնյա նկարիչ է, որի ստեղծագործությունն իր իսկ հոգին է: Նա հանուն Աստծու նկարում է և գունավորում իր հոգին՝ օգտագործելով իր «ներկանյութերը»՝ աղոթքը, պահքը, բարեգործությունը, խոստովանությունը, Սբ. Հաղորդությունը և այլն: Երբ պատկերը ներդաշնակ է իր գույներով և գեղեցիկ, ապա հոգին վայելում է անասելի ուրախություն՝ Աստծու ներկայությունը: Աստված բնակվում է նրա հոգում՝ ինչպես տաճարում: Այս ուրախությունը մշտապես վայելելու համար անհրաժեշտ է մոռացության չենթարկել հոգին և ուշադիր լինել ճշտելու համար՝ կա՞ այնտեղ Աստված, հոգևոր պտուղներ:

Ինչպե՞ս դա կարելի է իմանալ: Գաղատացիներին ուղղված նամակում սբ. Պողոս առաքյալը մատնանշում է հոգևոր պտուղները՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, ժուժկալություն (Գաղատացիներ 5:22): Զգո՞ւմ է մարդն այս բոլորը իր հոգում։ Եթե քիչ է զգում կամ ոչ հաճախակի, ապա պետք է լրջորեն մտահոգվի՝ ինչո՞ւ Սուրբ Հոգին չի բնակվում իր մեջ, ի՞նչ մեղքեր և սխալներ ունի, որ հեռվացնում են իրեն Աստծուց: Հարցեր, որոնց պատասխանները կարևոր է գտնել:

Լինում են դեպքեր, երբ մարդ հաճախակի աղոթում է, բայց իր աղոթքը սառն է և անպտուղ: Կամ էլ ուշադիր աղոթում է, խոստովանում մեղքերը, Սբ. Հաղորդություն ստանում, բայց հոգևոր աճ չի ապրում: Մեկ ուրիշ օրինակով մարդ ջանք է թափում, Աստծուց ներում խնդրում, բայց և միևնույն ժամանակ չի կարողանում ամբողջ սրտով ներել իրեն վիրավորողներին և արդյունքում, ըստ տերունական խոսքի, չներելով՝ ինքն էլ չի ներվում և զուր են անցնում նրա ջանքերը: Աստծու օգնությանը ապավինելով, երբ մարդ սկսում է ինքն իրեն քննել, գտնում է բոլոր խնդիրների պատճառները:

Մի դիպուկ օրինակ ևս․ եթե ինչ-որ մարզիկ առանց դատավորի թույլտվության ինքնակամ դուրս գա վազքի, թեկուզ և համաշխարհային ռեկորդ սահմանի, միևնույն է, արդյունքը չի գրանցվի և չի արժանանա մրցանակի, քանի որ զուր էին իր ջանքերը:

Մարդ սկսում է աստվածահաճո խորհել, խոսել և գործել, երբ խոնարհաբար խնդրում է Աստծուց երկնային իմաստություն. «Իմաստութիւն Հօր Յիսուս, տուր ինձ զիմաստութիւն զբարիս խորհիլ և խօսիլ և գործել առաջի Քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց՝ ի բանից և ի գործոց փրկեա զիս: Եւ ողորմեա Քո արարածոց և ինձ՝ բազմամեղիս» (սբ. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարքից):

Աստծու օգնությամբ հեշտ է նկատել, թե ինչն է մարդուն հեռվացնում Նրանից և ինչը մոտեցնում ու միավորում Նրան: Երբ աստվածային ճշմարտությունը կամ հավատի լույսը բնակվում է մարդու սրտում, այն հանգիստ է, ամուր, ուժեղ և կենդանի, իսկ հակառակ դեպքում՝ սիրտն անհանգիստ է, թույլ և անկենդան: Քրիստոնյայի գերագույն նպատակն Աստծու հետ միավորվելն է, ինչին խանգարում է մեղքը, այդ պատճառով պետք է փախչել մեղքից, ինչպես դաժան թշնամուց կամ մարդասպանից, որովհետև, ըստ եկեղեցու հայրերի, առանց Աստծու կյանքը կյանք չէ, այլ՝ մահ:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17):

 

Կարինե Սուգիկյան

20.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․