Գրքեր

Երբ պատկերացումդ և իրականությունը չեն համընկնում

Հավատքի մասին խոսելիս Տիխոն միտրոպոլիտը “Несвятые святые и другие рассказы” գրքում հավատի վերաբերյալ հետաքրքիր պատմությունների է անդրադառնում, որտեղ փորձում է ցույց տալ, որ ուրիշների հավատքի արժևորման վերաբերյալ մեր պատկերացումները կարող են լիովին տարբեր լինել և չհամընկնել Աստծո մոտեցմանը: Այդ պատմություններից մեկում հիշատակում է, որ քրիստոնեական հնագույն ժամանակներում շատ մեծ վանքեր կային Եգիպտոսում, ուր մի վանական ընկերացել էր անգրագետ մի հողագործ գյուղացու հետ: Մի անգամ գյուղացին ասում է վանականին.

- Ես նույնպես երկրպագում եմ Աստծուն, Ով արարել է այս աշխարհը: Ամեն երեկո այծի կաթ եմ լցնում մի ամանի մեջ և դնում ​​արմավենու տակ: Գիշերն Աստված գալիս և խմում է իմ դրած կաթը: Նա իրոք սիրում է այն: Երբեք այնտեղ ոչինչ չի մնացել:

Այս խոսքերը լսելով վանականը ծիծաղում է: Նա բարեհոգությամբ ու խելամտորեն իր ընկերոջը բացատրում է, որ Աստված այծի կաթի կարիք չունի: Սակայն գյուղացին համառորեն պնդում է իր ասածը: Վանականն էլ առաջարկում է հաջորդ գիշեր գաղտնի հետևել, թե ինչ է լինում արմավենու տակ դրված ամանով կաթը: Եվ պայմանավորվում են այդպես անել: Գիշերը վանականն ու գյուղացին մոտակայքում թաքնվում են և լուսնի լույսի ներքո շուտով տեսնում են, որ մի աղվես գաղտագողի մոտենում է ամանին և ամբողջ կաթը մինչև վերջ խմում:

Այս բացահայտումն ամպրոպի պես ճայթում է գյուղացու գլխին:

- Այո՛,- վշտացած խոստովանում է նա,- հիմա տեսնում եմ, որ դա Աստված չէր:

Վանականը փորձում է գյուղացուն մխիթարել և սկսում է բացատրել, թե Ով է Աստված, որ Հոգի է, որ Նա ամբողջովին տարբեր է մեր աշխարհից, որ մարդիկ յուրահատուկ կերպով են Նրան ճանաչում... Բայց գյուղացին պարզապես գլուխը կախ կանգնել էր նրա դիմաց, իսկ հետո արտասվելով հեռանում իր խրճիթը: Վանականը նույնպես գնում է իր խուցը: Սակայն մոտենալով դրան զարմացած տեսնում է դռան մոտ մի հրեշտակ, որն իր ճանապարհը փակել էր: Սարսափած վանականը ծնկի է իջնում, և հրեշտակն ասում է.

- Այդ պարզ մարդը ո՛չ կրթություն, ո՛չ իմաստություն, ո՛չ էլ գրագիտություն ուներ, որպեսզի Աստծուն այլ կերպով երկրպագեր: Իսկ դու քո իմաստությամբ և գրագիտությամբ նրանից այդ հնարավորությունը վերցրիր: Բայց մի բան հաշվի չես առել, ո՛վ իմաստուն` Աստված, նայելով այս գյուղացու անկեղծ սրտին, ամեն գիշեր արմավենու մոտ մի աղվես էր ուղարկում, որպեսզի մխիթարեր նրան և ընդուներ նրա զոհաբերությունը:

Այս պատմությունը ցույց է տալիս, որ երբեք պետք չէ թերագնահատել նույնիսկ այն մարդու հավատքը, որը շատ պարզունակ կերպով, բայց ի սրտե անկեղծորեն ընդունում և հավատում է Աստծուն, որովհետև իսկության մեջ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում մարդկանց սրտերում և կարող ենք մեր անզգույշ քայլով վնասել տվյալ անձի հավատքն առ Աստված: Հետևաբար, հոգևոր կյանքում էական է հասկանալ, թե մերձավորների սրտերում ինչ է կատարվում և այնուհետև համապատասխան կերպով օգնել, խորհուրդ տալ, ինչպես բժիշկն է նախքան դեղամիջոց տալը հստակեցնում, թե հիվանդն ինչպիսի հիվանդությամբ է տառապում և համապատասխան դեղամիջոց է նշանակում, քանի որ գլխացավի դեղ չի տալիս նրան, ում ոտքն է ցավում, կամ հարբուխի դեղամիջոց չի նշանակում նրան, ում սիրտն է ցավում: Նմանապես հոգևոր կյանքում է. եթե ուզում ենք օգնել, երբեք չպետք է մեծամտությամբ առաջնորդվենք` ցուցադրելով գիտելիքների առատությունը և իմացությունը, այլ իսկապես բարի սամարացու պես հոգատարություն և օգնություն ցուցաբերենք մարդկանց (Ղուկ. 10.29-37):  

Սբ. Տիխոն Զադոնացին մատնանշում է, որ «Աստծո ամեն մի պարգևը վերածվում է վնասակարության, երբ դրանում մեր փառքն ենք փնտրում, այլ ոչ թե Աստծո»: Իսկ Սերբ ուղղափառ եկեղեցու սրբակյաց Պողոս պատրիարքը նշում է, որ միտքը մեզ լույս է տալիս, այն մեր ներքին աչքն է, բայց սառն է: Իսկ բարությունը ջերմ է, բայց՝ կույր: Ուստի պետք է հավասարակշռություն ստեղծել մտքի և բարության զարգացման միջև... Հակառակ դեպքում, միտքն առանց բարության վերածվում է չարության, իսկ բարությունն առանց մտքի` հիմարության:  Հետևաբար, մեր միտքն առանց բարության և սիրո կարող է լիովին սխալ և ոչ ճիշտ գնահատականներ տալ այլոց հավատքի կամ անհավատ լինելու վերաբերյալ: 

Այս առումով Տիխոն միտրոպոլիտը վերը հիշատակված գրքում մեկ այլ պատմության մեջ նշում է, որ Ռուսաստանի հեռավոր անկյուններից մեկում նախքան հեղափոխությունը մի վանք է եղել, որի մասին մռայլ ասեկոսեներ են հյուսվել, իբր վանականներն այդտեղ ծույլ և հարբեցողներ էին: Քաղաքացիական պատերազմի ժամանակ բոլշևիկները ժամանում են այդ վանքի մոտ գտնվող քաղաքը: Նրանք շուկայի հրապարակում հավաքում են բնակիչներին և պահակախմբի հսկողությամբ վանականներին նույնպես այդտեղ են բերում:

Կոմիսարը բարձրախոսով դիմում է ժողովրդին` մատնացույց անելով դատապարտյալներին.

- Քաղաքացինե՛ր, քաղաքի՛ բնակիչներ: Դուք բոլորդ ինձանից ավելի լավ գիտեք այդ հարբեցողներին, որկրամոլներին և անբաններին: Այժմ նրանց իշխանությունը վերջացել է: Բայց որպեսզի կարողանաք լիովին հասկանալ, թե ինչպես են այդ մակաբույծները դարեր շարունակ հիմարեցրել աշխատավոր մարդկանց, մենք նրանց Խաչն ու Ավետարանը դնում ենք գետնին` նրանց առջև: Այժմ ձեր աչքի առաջ նրանցից յուրաքանչյուրը կոխկրտելու է ժողովրդին խաբելու և ստրկացնելու այդ գործիքները: Դրանից հետո նրանց բաց կթողնենք, թող կորչեն գրողի ծոցը:

Ամբոխը ծիծաղում է: Եվ ժողովրդի բարձրաձայն ծաղրի ներքո առաջ է գալիս վանականների առաջնորդը` գիրուկ դեմքով և կարմիր քթով մի տղամարդ և ասում իր վանականներին.

- Դե՛, եղբայրնե՛ր, ապրում էինք խոզերի պես, գոնե քրիստոնյաների պես մեռնենք:

Եվ ոչ մի վանական իր տեղից չի շարժվում: Նույն օրը բոլորին մահապատժի են ենթարկում կոմիսարի հրամանը չկատարելու համար:

Մեր ակնկալիքները որոշակի մարդկանցից կարող են չիրականանալ, փոխարենը այդ սպասումները կարող են իրականություն դարձնել այն մարդիկ, որոնցից չէինք սպասում, ինչպես ժողովրդի մեջ վատ համբավ ունեցող վերոհիշյալ վանականներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Ավետարանի և Սուրբ Խաչի:

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը



 

 

08.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․