Գրքեր

Եթե մարդ արդարամիտ է, ապա Աստված նրա կողմից է

Այսօր այս աշխարհում այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում:

- Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, հա՛յր:

- Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ կերպ ապրել է պետք: Օրինակ՝ գործատուն, որ խոտի վաճառքով է զբաղվում, իր աշխատողին ասում է. «Ես քեզ վստահում եմ, որովհետև չես գողանում: Բայց լավ խոտին պետք է նեխածն էլ խառնես»: Ազնիվ աշխատողին իր մոտ պահելու համար գործատուն նրան ինչ-որ ղեկավար պաշտոնի է նշանակում, սակայն վերջինս ստիպված է գործատուի ասածով գործել, հակառակ դեպքում նրան դուրս կշպրտեն: Հետո խեղճը քունն է կորցնում, սկսում է դեղահաբեր ընդունել: Գիտե՞ք, թե ինչպե՜ս են տանջվում խեղճ մարդիկ: Գիտե՞ք, թե ինչպիսի՜ դժվարություններ ու բռնություններ են շատերը կրում իրենց ղեկավարների կողմից աշխատավայրում: Նրանց կյանքը խավարի է վերածվում: Իսկ ի՞նչ անեն: Լքե՞ն աշխատանքը: Ընտանիք ունեն: Մնա՞ն: Տառապանք է: Այնպիսի փակուղի է, որ քայլ անել հնարավոր չէ: Կարծես երկու ջրաղացքարերի միջև մնացած ցորենի հատիկ լինի: Ստիպված համբերում է, պայքարում:

Նաև այնպես է պատահում, որ ողջ աշխատանքը մի մարդու վրա են բարձում, իսկ նրա գործընկերը միայն աշխատավարձ ստանալու համար է աշխատանքի գալիս: Մի այդպիսի մարդու եմ ճանաչում, որ մի կազմակերպության կառավարիչն էր: Ընտրություններից հետո նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից և կառավարության գլուխն անցած կուսակցության անդամներից մեկին նշանակեցին նրա փոխարեն: Այս նոր կառավարիչը նույնիսկ միջնակարգ կրթություն չուներ: Կառավարիչ դարձրին, բայց աշխատել չգիտեր, ուստի նրա նախորդին չէին կարող այլ տեղ տեղափոխել: Եվ ի՞նչ ելք գտան այս իրադրությունից: Ահա, թե ինչ. կառավարչի աշխատասենյակում ևս մեկ գրասեղան դրեցին: Ողջ աշխատանքը նախկին կառավարիչն էր անում, իսկ նորը միայն սուրճ էր խմում, ծխում ու շատախոսում... Ո՛չ խիղճ ունեն, ո՛չ՝ ամոթ: Եվ խելքով էլ չէր փայլում այդ մարդը, հիմարություններ էր դուրս տալիս, իսկ ողջ պատասխանատվությունը նախկին կառավարչի ուսերին էր մնացել: Եվ բանն այնտեղ հասավ, որ խեղճ մարդը ստիպված էր հեռանալ: «Լսիր,- ասաց նա նորեկին,- երևի ես հեռանամ: Մեր աշխատասենյակը նեղ է, երկու սեղան հազիվ է տեղավորվում: Ավելի լավ է մենակ մնաս»: Եվ հեռացավ, որովհետև իր կյանքը մթագնել էր այդտեղ: Քանի որ մեկ կամ երկու օր չէր, այլ երբ ամեն Աստծու օր այդպիսի մեկը շնչիդ է կանգնում, դա իսկական տանջանք է:

Արդարամիտ մարդուն սովորաբար ամենավերջին տեղերն են տալիս կամ ընդհանրապես տեղ չեն տալիս: Այդպիսի մարդկանց հետ անարդարացիորեն են վարվում, ոտքերն են սրբում նրանց վրա, ինչպես ասում են՝ դիակների վրայով են քայլում: Բայց որքան շատ են ճնշում այդպիսի արդարամիտ մարդուն, որքան շատ են ստորացնում, այնքան Աստված վեր է բարձրացնում նրան, ինչպես ջուրն է գինու խցանը վեր հանում: Սակայն ահռելի համբերություն է պահանջվում: Համբերությունը շատ բան է իր տեղը դնում: Նա, ով կամենում է առաքինաբար ապրել ու ազնիվ լինել իր աշխատանքում, լինի բանվոր, վաճառող, թե մեկ այլ մասնագետ, պետք է պատրաստ լինի, որ ազնիվ աշխատելով հնարավոր է, որ նույնիսկ տարածքի վարձակալության համար չկարողանա վճարել, եթե, ասենք, խանութ ունի: Բայց այդ կերպ Աստծու օրհնությունն է ստանում: Սակայն պետք չէ (ազնվությամբ ու ցածր գներով) ձգտել ավելի շատ հաճախորդներ գրավել քո կողմը: Դա չպետք է նպատակը լինի, այլապես Աստված ոչինչ չի տա: Աստված չի թողնի այն մարդուն, որն ասում է. «Աստծով պետք է ապրեմ: Ոչ ոքի անարդարացիորեն չեմ վերաբերվի: Յուրաքանչյուր ապրանքի իրական գինը կասեմ․ օրինակ՝ սրա գինը հիսուն դրահմ է, իսկ այս մեկինը՝ երկու հարյուր»: Իսկ մեկ այլ վաճառող այդ հիսուն դրահմանոց ապրանքը հինգ հարյուրով կվաճառի ու կհարստանա: Սակայն խաբեբային ի վերջո կբացահայտեն և գործը կհասնի նրան, որ ստիպված կլինի իր կրպակը փակել, որովհետև նույնիսկ տարածքի վարձավճարը չի կարողանա վճարել: Իսկ ազնիվ առևտրականի հաճախորդները կամաց-կամաց այնքան կշատանան, որ ստիպված կլինի նորանոր աշխատողներ վարձել, որպեսզի կարողանա բոլորին սպասարկել: Բայց սկզբնական շրջանում պետք է փորձությունների միջով անցնել: Երբ բարի մարդը չարերի ձեռքի տակով է անցնում՝ փորձվում է, ինչպես բուրդն է սանդերքի միջով անցնում:

Եթե մարդ սատանային է լսում՝ խորամանկությամբ ու նենգությամբ է ապրում, ապա Աստված չի օրհնում նրա աշխատանքը: Այն, ինչ մարդիկ խորամանկությամբ են անում՝ չի հաջողում: Կարող է թվալ, թե նենգ մարդկանց գործը բարգավաճում է, բայց վերջիվերջո փլուզվելու է: Յուրաքանչյուր գործում ամենակարևորն Աստծու օրհնությանը ձգտելն է, Նրան մերձենալը: Եթե մարդ ճշմարտությամբ է ապրում, ապա Աստված նրա կողմից է: Իսկ եթե նաև գոնե մի փոքր ձգտում ունի առ Աստված, ապա հրաշքներ են տեղի ունենում: Ըստ Ավետարանի ապրելով՝ մարդ Քրիստոսի հետ է ապրում և աստվածային օգնություն ստանալու իրավունք ունի: Այլ կերպ չի լինում: Քանի որ նա դրա իրավունքն ունի: Ամեն ինչ դրա վրա է հիմնված: Եթե այդպես է, ուրեմն վախենալու բան չկա: Կարևորն այն է, որ մեր յուրաքանչյուր արարք Քրիստոսին, Աստվածամորն ու սրբերին հաճո լինի: Այնժամ Քրիստոսի, Աստվածամոր ու սրբերի օրհնությունը կստանանք, այնժամ Սուրբ Հոգին մեզ վրա կհանգչի: Մարդու ազնվությունն ամենալավ Կյանքի Ծառն է: Եթե ինչ որ մեկն անազնիվ է ու Կյանքի Ծառի (Խաչի) մի մասնիկն է կրում, ապա նույնն է, թե ոչինչ չկրեր: Իսկ եթե ազնիվ մարդը Կյանքի Ծառի մասնիկը չունի էլ, ապա, միևնույն է, ստանում է Աստծու օգնությունը: Իսկ պատկերացնո՞ւմ ես, եթե իր ազնվության հետ մեկտեղ Կյանքի Ծառի մասնիկն էլ ունենա…

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

22.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․