Գրքեր

Եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու

«Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ. 4:3-7)։

Սքանչելի, խոստումնալից ու կյանք պարգևող տողեր, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որ Պողոս Առաքյալը գրում է Գաղատացիներին ուղղված իր նամակում: Առաքյալը մեզ Աստծո ժառանգներ ու որդիներ է կոչում, քանզի Աստվածորդու փրկչական զոհագործության միջոցով որդեգրություն ընդունեցինք և կրկին Աստծո զավակներ կոչվեցինք: Երբ Արարիչ Աստված ստեղծեց իր սիրելի զավակին՝ մարդուն, Իր պատկերն ու նմանությունը տվեց նրան և դա այն մեծագույն առանձնահատկությունն է, որով տարբերվում ենք մնացյալ բոլոր արարածներից: Սակայն Աստծո զավակ լինելու երանելի վիճակը կորցրեցինք դրախտում՝ մեր նախահոր պատվիրանազանցության հետևանքով: Այն սարսափելի սխալն, իր մահաբեր հետևանքով, կործանարար եղավ ողջ մարդկային ցեղի համար և մարդուն զրկեց ամենամեծ շնորհից, որ ուներ: Մարդն այլևս կորցրեց Աստծո զավակը լինելու մեծագույն պարգևն ու մեղքի ստրուկը դարձավ: Բազում դարեր դեգերեց նա մարդկության դառը պատմության ոլորաններում՝ մերթ մոտենալով իր Արարչին, մերթ հեռանալով Նրանից, արժանի չլինելով Նրան «Հայր» կոչել: Եվ այս ողջ ընթացքը սպասում էր. ներման, ողորմածության ու հրաշքի սպասում, որ մարդկությունը կրկին պիտի արժանանար Ամենակարողի բարեհաճությանն ու հավիտենական կյանքի ժառանգորդը դառնար: Երկնավոր Հայրը ևս սպասում էր: Նա սպասում էր ժամանակի լրումին, այսինքն այն պահին, երբ դեռևս մանկան գիտակցական աստիճանին գտնվող մարդկությունը զարգացում ապրեր ու անցում կատարեր դեպի չափահասություն, երբ պատրաստ կլիներ դուրս գալու չոր օրենքի սահմաններից ու մտնելու Քրիստոսի փրկարար սիրո դաշտ:

Սակայն մինչ մեզ պարգևված այս մեծագույն շնորհին անդրադառնալը, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, կկամենայի մի փոքր խոսել այն օրենքի մասին, որի տակ մարդիկ գտնվում էին մինչ Քրիստոսի մարդեղացումն ու Սուրբ Կույսից ծնվելը:

Հրեական միջավայրում օրենքի վառ ներկայացուցիչներն էին քահանայապետերը, որոնք տաճարի հոգևոր բարձր դասն էին կազմում և իրենց այդ աստիճանը ժառանգաբար ստանում էին իրենց հայրերից: Օրենքի ներկայացուցիչ էին համարվում նաև ղևտացիները, որոնք տաճարի ավելի ցածր դասի սպասավորներ էին, քան քահանայապետերը: Կային նաև օրենսգետներ, փարիսեցիներ ու սադուկեցիներ, որոնք միմյանցից տարբերվում էին մովսիսական օրենքի մեկնաբանության ու դրան հետևելու տարբերությամբ: Սակայն նրանց մի բան էր միավորում. Կրոնականությունը կամ աստվածպաշտությունը նրանց համար կանոնների մի չոր հանրագումար էր լոկ, ուստիև արտաքին բնույթ էր կրում միայն: Նրանք շաբաթը երկու անգամ խիստ պահք էին պահում, տասանորդ էին վճարում տաճարին, սակայն Աստծուն ծառայելու գործընթացին նրանց սիրտն ու հոգին չէին մասնակցում: Նրանց համար դա մովսիսական օրենքի հիման վրա մշակված կանոնների բազմահատորանոց գրքերն էին միայն, որոնց բովանդակությունն իրենք անգիր սովորում էին, որպեսզի կյանքի յուրաքանչյուր պարագայում գիտենան, թե որ կանոնն է պետք կիրառել, սակայն յուրաքանչյուր կանոնն էլ, իր հերթին, իր բացառություններն ուներ: Խիստ ու հստակ տրված հրահանգներ, որ թելադրում էր Աստված. ահա սա էր կրոնի մասին ունեցած նրանց պատկերացումը, որ Քրիստոս եկավ լրացնելու: Քրիստոսի աշխարհ գալով մարդկությունն իր նախկին կարգավիճակը վերականգնելու ևս մեկ հնարավորության իրավունք ստացավ Բարձրյալի կողմից. այժմ հերթը մերն էր ընտրելու, թե ովքեր ենք մենք՝ Աստծո որդինե՞ր, թե՞ շարունակելու ենք ստրուկի ու ծառայի վերաբերմունք ցույց տալ:

Այս դեպքում նկատի չունեմ զուտ կրոնական «ծառա» հասկացությունը, քանի որ այն մինչև այժմ էլ գործածվում է Աստծո սպասավորների և Նրան ծառայություն բերող մարդկանց նկատմամբ և շատ բարձր արժեք ունի այս պարագայում: Այստեղ խոսքը գնում է հենց այն վերաբերմունքի մասին, որ մենք ենք ցուցաբերում առ Աստված: Եկեղեցու Հայրերն այս վերաբերմունքը կամ ծառայությունը երեք տեսակի են բաժանում՝ ստրուկի, ծառայի և որդու: Երբ մենք Տիրոջ սուրբ կամքը կատարելուն և Նրան ծառայելուն որպես ստրուկներ ենք մոտենում, ապա դա անում ենք վախից դրդված: Ինչպես ստրկատիրական ժամանակներում էր ստրուկն իր տիրոջ հանձնարարությունը կատարում, քանի որ հակառակ դեպքում պատժվելու էր, այնպես էլ մենք, եթե Տիրոջը ծառայում ենք միայն պատժի ու դժոխքի տանջանքներին չարժանանալու վախից, ապա ստրուկի հոգեբանությամբ ենք Աստծուն ծառայություն մատուցում: Եթե աշխատում ենք հնարավորինս Աստծո պատվիրանները պահել ու մեր ծառայությունը բերել նրան՝ երկրի վրա կամ երկնքում վարձքի ակնկալիքով միայն, ապա այս դեպքում էլ մեր Երկնավոր Հորը մոտենում ենք որպես ծառաներ: Սակայն Քրիստոս սովորեցրեց մեզ Տերունական աղոթքում Աստծուն «Հայր» կոչել, և Մկրտության խորհրդով էլ Նրա որդեգիրները դարձանք, ինչն էլ ենթադրում է, որ ինքներս էլ որդու վերաբերմունք պիտի դրսևորենք առ Հայրը: Արդ, եկեք միասին քննեք, սիրելի՛ հավատացյալներ, թե որն է այդ երրորդ, բարձրագույն կոչումը և ինչպես կարող ենք այն կիրառել մեր կյանքերից ներս: Դրա համար բավական է միայն նայել ծնող-զավակ մարդկային հարաբերություններին: Մանավանդ մեր հայ ավանդական ընտանիքներում շատ ակնառու է այն խորին հարգանքն ու ակնածությունը հոր նկատմամբ, որը բնականաբար հիմնված է որդիական սիրո և հնազանդության վրա: Հայրն ընտանիքի գլուխն է, խնամատարն ու պաշտպանը: Նա այն առաջին ու մեծ օրինակն է, այն հեղինակությունը, որ զավակներն ունեն իրենց առջև: Եվ առողջ, ճիշտ ընտանիքներում զավակները հնազանդվում են իրենց հորը, հետևում են նրան, որովհետև աներկբայորեն վստահում ու սիրում են՝ անկեղծ, մաքուր, վախից ու շահադիտությունից զերծ սիրով:

Ո՛չ ստրուկին, ո՛չ էլ ծառային չի հուզում, թե ինչպես են ընթանում իրենց Տիրոջ գործերը, նրանց համար կարևորը չպատժվելն ու ժամանակին վարձատրվելն է: Միայն զավակն է, ժառանգորդն է, որ հետաքրքրվում ու մտահոգվում է Հոր գործերով: Եվ հոժարաբար պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ և՛ Հոր գործերի առաջխաղացման, և՛ դրանում իր մասնակցության հարցում: Ահա այսպիսին պիտի լինի մեր վերաբերմունքը առ Երկնավոր Հայր՝ անսահման վստահությամբ, անկեղծ սիրով, հարգանքով ու ակնածանքով լի: Նրան սիրելով է, որ պիտի բերենք մեր ծառայությունը, հետևաբար այդ ծառայությունն էլ բնական պիտի համարենք, առանց այն հարցադրումների, թե ինչո՞ւ պիտի ծառայեմ կամ ի՞նչ կստանամ դրա դիմաց: ««Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը: Երկրորդը սրա նման է. «Սիրիր ընկերոջդ քո անձի պես»» (Մատթ. 22:37-39),- սովորեցրեց Հիսուս Քրիստոս: Եվ Իր ողջ երկրային ուղին այս պատվիրանի վկայությունը եղավ մեզ համար: Քրիստոս աշխարհին սիրո մի նոր տեսակ բերեց՝ անմնացորդ նվիրում ու զոհողություն պահանջող սեր: Այս սերն էր, որ Ամենակալ Աստծուն խաչը բարձրացրեց և Նրա հրաշափառ հարությունն էլ ապացույց եղավ, որ այդ զոհաբերությունն իզուր չէր: Քրիստոսի փրկչական սերն ազատեց մարդկությանը ծառայի կարգավիճակից և բարձրացրեց Աստծո ժառանգների կարգավիճակին: Քրիստոսի գալուց առաջ մեր Երկնավոր Հայրը միայն Աստված էր մարդկային ցեղի համար, իսկ Քրիստոսի շնորհիվ մենք Ամենակալին «Հայր» կոչելու պատիվն ունեցանք: Արդ, ողջ հոգով զգանք մեզ ընծայված այս շնորհի ողջ մեծությունը, սիրելինե՛ր: Գիտակցենք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք Նրա որդիները դարձանք և այլևս ուրիշ կարգավիճակ չենք ունենալու: Ինչպես երեխան կարող է մոլորվել, հանցանք գործել, շեղվել ծնողների մատնանշած ուղուց, բարկացնել նրանց, սակայն երբեք չդադարել զավակ լինելուց, այնպես էլ մենք՝ այլևս Ամենակալի զավակներն ենք, Նա էլ մեր բազումողորմ Հայրը: Այս ցնծալի ավետիսն են բերում մեզ Ավետարանները և կամենում եմ, որպեսզի դրա բերած սքանչելի լույսն ու ջերմությունը ձեր հոգիներում ունենալով՝ ապրեք որպես Բազումողորմ, Բարեգութ, Ողորմած, Գթառատ ու Ամենասիրող Հոր համերաշխ զավակներ: Թող ձեր բարությունից, խոնարհությունից ու ցուցաբերած սիրուց ճառագող լույսը ջերմացնի ձեզ շրջապատողների սրտերն ու նրանց էլ դեպի իրենց Սիրող Հայրը բերի:

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը թող լինի ձեր բոլորի հետ: Ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

16.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․