Կիսահարբած մի հարբեցող նստում է նստարանին և մտախոհ այս ու այն կողմ նայում: Չար ոգին մոտենում է և ասում.
- Երբ այն պահեստի մոտով անցար, ինչո՞ւ ներս չմտար, չէ՞ որ տեսար այնտեղ բազամաթիվ ոգելից խմիչքներ կային: Մի՞թե կրկին այդպիսի հնարավորություն կունենաս:
Հարբեցողն ուշադիր լսում է և պատասխանում.
- Բայց բժիշկն ինձ արգելեց ոգելից խմիչք օգտագործել: Եթե շարունակեմ խմել, առողջությունս վերջնականապես կկորցնեմ:
Դևը ծիծաղում է և հորդորում.
- Դու դեռ ժամանակ ունես, որովհետև վաղվանից կարող ես կատարել բժշկի խորհուրդը: Քանի դեռ ուշ չէ և պահեստի պահակը չի վերադարձել՝ հիմա վայելիր կյանքը:
Հարբեցողի աչքերը փայլփլում են և շտապում է պահեստ: Անարգել ներս է մտնում և ագահությամբ սկսում իրար հետևից շշերը դատարկել: Քիչ անց հայտնվում է պահակը, գլուխը բռնում և ասում.
- Ո՛վ անմիտ մարդ, այդ օղու շշերի մեջ թույն էր լցված: Եթե խմել ես, այլևս կյանքիդ փրկության համար ժամանակ չունես:
Սատանայի լավագույն հնարքներից մեկն այն է, որ մարդուն համոզում է, թե նա միշտ ժամանակ ունի, կարող է այս պահին մեղք գործել, իսկ հետո ժամանակ կունենա և կապաշխարի...
Հովհաննես Մանուկյան