24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Գինեմոլության արհավիրքը

Գինու գործածությունն այնքան հին է, որ հասնում է մինչև Նոյի ժամանակը: Կարելի է էջերով ուրվագծել ամբողջական շարքեր, դեպքեր, ազդեցություններ, վատ ու չար արդյունքներ: Եվ որքան խորն է այդ պատմության հետքերի հյուսվածքը, այնքան էլ խորն են նրա ավերների անդունդները: Գինու չափազանց գործածումը մարդուն հասցնում է գինեմոլության, իսկ այն իր հետևից սփռում է աղետ ու մահ: Այն իր մեջ ունի ակնհայտ վնաս, վտանգ, հիվանդություն, ցավ: Հակառակ ամեն տեսակ արգելքների, այնուամենայնիվ արգելված պտուղը քաղցր է և ավելի համեղ է թվում: Աշխարհում տեղի ունեցող անիրավությունները, հարվածները, հալածանքները, ահաբեկումները չեն կարողացել այնքան անձեր ու տներ, ցեղեր ու ազգեր, պատիվներ ու հարստություններ ջնջել, քայքայել, թշվառացնել, որքան շշերն ու տակառները, որոնք անհամար կյանքեր ու ընտանիքներ են քայքայել ու քայքայում: Գինեմոլությունը քայլ առ քայլ տանում է դեպի մահվան անդունդը: Ինչպես հնում, այնպես էլ այսօր, ո՛չ մի օրենք, ո՛չ մի կրոն, ո՛չ մի գիրք ու գիտություն չի թույլատրում ինքնասպանությունը և այդ արարքը ոչ մի պարագայում չի ընդունվում: Գինեմոլությունն օրեցօր հարվածում է սրտին, սպանում է հոգին, խաթարում է կյանքը ու սպանող այդ գործիքները նման են կրակին, որի կայծերը հրդեհում, այրում և մոխրացնում են ամեն ինչ: Եվ ցավալի է, որ այս սարսռեցնող հատկություններով հանդերձ, մարդիկ սիրում են և փնտրում գինի՝ առանց նկատի առնելու դրա այրող, մոխրացնող զորությունը: Այդպիսիները շարունակ կրակի հետ են խաղում և կրկին ու կրկին շարունակում են այդ վնասակար խաղն ու փորձը:

Գինին և օղին հափշտակում են նաև նյութական ու բարոյական հարստությունը: Եթե գինեմոլ ես, ապա աղքատ ես ու թշվառ: Արբեցողը ճաշակում է աղքատություն, և ինչպես Սուրբ Գրքում է գրված. «Մի լինիր հարբեցող և մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետև գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի» (Առակներ 23:20-21): Այսպիսին արատավորում է պատիվը, հյուծում մարմինը, կործանում տունը, քայքայում ընտանիքը, մսխում քրտինքով վաստակածը: Ֆրանսիացի հրապարակախոս, գրող ու փիլիսոփա Լամեննեն ասել է. «Արբեցողն իր դողդողացող ձեռքին գտնվող բաժակով իր կնոջ ու զավակների արցունքը, արյունն ու կյանքն է, որ խմում է»: Հովհաննես Երզնկացին իր «Խրատ բոլոր քրիստոնյաներին»  գրքում նշում է. «Մի սիրիր գինին և հարբեցողությունը, որովհետև գինին մարդու մոտ չորս մեծ կորուստների դուռ է բացում` վնասում է հոգին, խելքը, ունեցվածքը և ընտանիքը: Ինչպես որ նավը, երբ շատ ծանր է լինում, ընկղմվում է ծովի մեջ, այնպես էլ այն մարդը, ով հարբելով ծանրանում է, կորցնում է բոլոր բարիքները»:

Ճիշտ է ոգելից խմիչքների չափավոր գործածությունն անվնաս է, սակայն ճշմարտություն է և իրական այն պարագան, որ գինու և օղու շարունակական գործածությունը վերջ ի վերջո չափազանցության է հանգեցնում և այն գործածողներին արբեցողներ դարձնում: Այս մասին է վկայում նաև Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին. «Թեպետ գինին ինքնըստինքյան չար չէ, բայց նրա չարաչար գործածությունը պատճառում է մեծամեծ չարիքներ` խռովություն, ծուլություն, հիվանդություն և այլ բազում անկարգություններ» («Խրատի թանգարան»):

Սուրբ Գրքում հանդիպում ենք բազում դեպքերի ու դեմքերի, ովքեր ապրեցին Աստծուն հաճելի և մարդկանց օրինակելի կյանքով, ովքեր պայքարեցին, խրատեցին, հորդորեցին ժողովրդին ապրել առողջ, մաքուր ու բարոյալից կյանքով, ճշմարտության ձայնը բարձրացրեցին առանց երկյուղի ու կեղծիքի՝ խտրություն չդնելով արքայի ու իշխանի, մեծի ու փոքրի միջև: Նրանք մերկացրեցին կեղծ բարքերը, ապականարար վարքերն ու գինովությունները: Աստվածաշունչ մատյանի բազում համարներ մատնանշում են արբեցողության դատապարտելի հանգամանքը: Գինի խմողը սանձարձակ է և անհնազանդ. «Եվ քաղաքի ծերերին ասացին. «Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող» (Երկրորդ օրենք 21:20):

Աստվածաշնչում գինու չարաչար գործածման մասին հետևյալ օրինակները կան՝ գինին ամոթով պատեց Նոյ նահապետին և իր որդուն նզովելու պատճառ դարձավ: Գինին հիմարացրեց Ղովտին և թելադրեց նրան հիմարությամբ չար խառնակություն գործել իր երկու դուստրերի հետ, երբ դուրս եկան Սոդոմից: Գինի գործածողը իմաստուն չէ. «Գինին անառակության է մղում, հարբեցողությունը՝ թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ» (Առակներ 20:1):

Գինի և օղի խմողներն իրենց գլխին վայեր ու անեծքներ ունեն. «Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով՝ ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց» (Եսայի 5:11):

Հարբեցությունը բթացնում է միտքը, տկարացնում սիրտը, ջլատում է հոգեկան կարողությունները: Հարբեցողը անվերջ ծեծկռտուքի մեջ է բարեկամի, ընկերոջ, ամեն հանդիպողի հետ, նա անարգում է մեծերին: Հարբած մարդը կորցնում է իր դատողությունը, մոռանում է մարդկություն, պարկեշտություն, զգաստություն, քաղաքավարություն, արհամարհում է պատկառանք, հարգանք, անտեսում է հորդորը, չի զիջում, բանականությունից իջնում է անասնության, հանդարտությունից՝ խռովության, պարկեշտությունից՝ լրբության: Անում է այն ամենը, ինչն անասնական է և անբնական՝ ի վնաս ուրիշների: Չի դադարում անիրավելուց, նախատելուց, ստելուց, բարբաջելուց:

Գինեմոլությունը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, այն ծնում է բազում չարիքներ՝ առաջ բերելով ջղային անհանգստություններ, սրտի տկարություն, ստամոքսի բորբոքում, լյարդի հիվանդություններ և ուրիշ բազմաթիվ անդարմանելի անհանգստություններ, որոնք առաջնորդում են դեպի մահ:

Գինու և հարբեցողության մասին բավականին հիմնավոր տեղեկություններ կան հայկական պատմագրական աղբյուրներում: Հովհաննես Մանդակունին (Vդ.) իր «Ճառերի» մեջ բավականին մանրամասնորեն նկարագրում է հարբեցողության վնասակար հետևանքները: Նա նշում է, որ «գինեթույնը վնասում է մարդու մարմինը, քայքայում նրան, և չափից ավելի հարբեցողությունը առաջ է բերում մի շարք հիվանդություններ: Ինչպես նաև գինու հետևանքով հարբեցողությանը տրված մարդու հոգին գտնվում է մթության մեջ և նրա հոգին թուլանում է»:

Գինեմոլներն Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն. «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արմավոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառագեն» (Ա Կորնթացիներ 6:9-10):

Ստուգված իրողություն է, որ կենդանիները չեն մոտենում վնասակար և թունավոր բույսերին: Հայտնի ասացվածք կա, թե՝ «Էշը, որ մի տեղով անցավ ցեխն ընկավ, երկրորդ անգամ այդ տեղով չի անցի»: Իսկ մարդիկ, որ բանական էակներ են, առանց հաշվի առնելու իրենց վնասող թունավոր մոլությունների բույսերը, պտուղները, ճաշակում են և ըմպում: Առանց ահ ու դողի նետվում են դեպի անհատակ անդունդը:

Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում հորդորում է. «Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ. ուրեմն դեն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը. շարժվենք առաքինությամբ, ինչպես ցերեկով, ո՛չ անառակություններով և հարբեցողությամբ, ո՛չ պոռնկությամբ և պղծությամբ, ո՛չ նախանձով և կռվազանցությամբ. զգեստավորվեցեք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնին խնամք մի՛ տարեք ցանկությունները գոհացնելու համար» (Հռոմ. 13:12-14):

Կյանքերի նպատակը երջանիկ լինելն է ու վախճանը փառավորվելն է և ոչ թե ստրկանալն ու անհետանալը: «Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը: Եվ մի հարբեք գինով. դրա մեջ զեխություն կա. այլ մանավանդ լցվեցեք Հոգով» (Եփես. 5:17-18):

Պետք է հավատալ ու խոր համոզում ունենալ, որ մեր Երկնավոր Հայրն Իր անսահման բարությամբ, Իր անծայրածիր գթությամբ սեր ու գորով ունի մարդու նկատմամբ, և Իր սերը արտահայտեց Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկելով: Իր բարությամբ ու իմաստությամբ աշխարհը ողողվեց բարիքով, ու չմոռացավ օրենքներ տալ, սահմանել, պատգամել ու դարձյալ այս ամենը մարդու համար, որպեսզի մարդն իր բոլոր գործերում ու արարքներում զինվի և առաջնորդվի դրանցով:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

13.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․