ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ|Haghordutyun



Գրքեր

ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Սիրո խորհուրդ Սուրբ Հաղորդությունը

Հացն ու գինին, Տեր կենդանին,

Մարութա բարձր Աստվածածին:

Ծանոթ տողեր են մեզ քաջ ծանոթ «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսից: Ինչո՞ւ է հացն ու գինին համարվել Տեր կենդանին:

Այդ հացն ու գինին այսօր ե՞րբ, որտե՞ղ և ո՞ր դեպքում է, որ կարող ենք ճաշակել որպես Տեր կենդանի:

Խորհրդի հաստատումը

Քրիստոնյա դառնում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք ապրել Քրիստոսով, երբ մասնակից ենք լինում եկեղեցական կյանքին և խորհուրդներին: Սուրբ Հաղորդությունը, ինչպես և մյուս խորհուրդները ունեն աստվածային և ոչ մարդկային ծագում, որ հիշատակվում է Սուրբ Գրքում: Սուրբ Հաղորդության խորհրդի առաջին կատարողը և հաստատողը Հիսուս Քրիստոսն է Վերջին ընթրիքի ժամանակ, որ հաճախ կոչում ենք նաև Խորհրդավոր:

Տասներկու առաքյալների հետ զատկական սեղան նստած՝ Հիսուս վերցրեց հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»:

Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Խմեցե՛ք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:

Այնուհետև պատվիրեց. «Այս արե՛ք Իմ հիշատակի համար» (Մատթեոս 26.26-29, Ղուկաս 22.19):

Սուրբ Հաղորդության խորհուրդը

Խորհուրդը միայն հիշողություն չէ, որ կատարվել է ավելի քան երկու հազար տարի առաջ: Այլ այն այսօր էլ Վերջին ընթրիքի ռեալ կրկնումն է: Առանց այս խորհրդի Եկեղեցին չի կարող ապրել, քրիստոնյան չի կարող դառնալ ժառանգորդ Երկնքի Արքայության, հետևաբար չի կարող հավիտենական կյանք ունենալ. «Լա՛վ իմացեք, եթե չուտեք Մարդու Որդու Մարմնից և չխմեք Նրա Արյունից, կյանք չեք ունենա ձեր մեջ: Ով ուտի Իմ Մարմնից և խմի Իմ Արյունից, հավիտենական կյանք կունենա, և Ես վերջին օրը հարություն առնել կտամ իրեն, քանի որ Իմ Մարմինը ճշմարիտ կերակուր է, իսկ Իմ Արյունը՝ ճշմարիտ խմելիք: Ով ուտի Իմ Մարմնից և խմի Իմ Արյունից, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհաննես 6.53-56):

Սուրբ Պատարագի արարողության առանցքը Հաղորդության խորհուրդն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոս՝ Անմահ Գառը, որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ սեղանի վրա՝ բաշխելով մեզ Իր Սուրբ Մարմինը և Սուրբ Արյունը, որով քավություն և թողություն է տրվում մեր մեղքերին: Այդ պատճառով էլ Սուրբ Հաղորդության խորհուրդը կոչվում է նաև Անարյուն Պատարագ: Խորհրդի կատարողը օծյալ հոգևորականն է:

«Հաղորդությունը սիրո խորհուրդն է, քանի որ այս խորհրդով Աստված մոտենում է մարդուն, իսկ մարդը՝ Աստծուն» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

Հաղորդվել նշանակում է մասնակից լինել, մասնակից լինել ոչ թե հասարակ և սովորական, այլ փառավոր մի ճաշի, որ Ինքը՝ Քրիստոսն է պատրաստել մեզ համար: Այն չտեսնված է և չլսված, քանի որ Տերը հացի փոխարեն տալիս է Իր Մարմինը և գինու փոխարեն Իր Արյունը: Այն հասարակ մի սեղան չէ, այլ թագավորական և աստվածային, որ լի է ամեն բարիքներով: Երկնային թագավորը Իր թագավորական սեղանին բաժնեկից է դարձնում ամեն մի մարդու, ով կցանկանա: Մեր Տերը բավական չհամարեց մարդանալով մեկ լինել մեզ հետ, այլ ցանկացավ Սուրբ Հաղորդությամբ յուրաքանչյուրիս հետ միանալ:

«Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում և դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս և Աստծո որդի: Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչավոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգևոր: Ադամի մարմնով ժամանակավոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի Մարմնով՝ անմահ և հավիտյան» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

Սուրբ Իոանն Կրոնշտադտցին իր խոսքերն է հղում Սիմեոն ծերունուն, ով Աստծո խոստման համաձայն, այն երանությանը արժանացավ, որ Երուսաղեմի տաճարում քառասուն օրեկան մանուկ Հիսուսին գրկեց. «Չենք նախանձում քեզ արդար ծերունի, մենք նույնպես ունենք քո երջանկությունը. Աստվածորդուն գրկել ոչ միայն ձեռքերի վրա, այլ շրթունքներին և սրտում, ինչպես դու էիր դեռևս Նրան չտեսած, սպասում էիր, և կրում Նրան քո սրտում: Այդ երջանկությունը մենք կարող ենք ունենալ ոչ միայն մեկ կամ տաս անգամ, այլ որքան որ կցանկանանք: Ո՞վ չհասկացավ, որ խոսքը Քրիստոսի կենդանարար Մարմնի և Արյան մասին է: Այո, մենք ունենք ավելի մեծ երջանկություն, քան Սիմեոն ծերունին: Քրիստոսին հավատացողները հետագա բոլոր ժամանակներում մինչև աշխարհի վախճանը պետք է ընդունեն և կրեն Նրան ոչ միայն իրենց ձեռքերին, այլ հենց իրենց սրտում»:

Այդ պատճառով էլ Սուրբ Հաղորդության խորհուրդը պետք է միշտ ուղեկցի քրիստոնյային իր ողջ կյանքի ընթացքում, քանի որ այստեղ՝ երկրի վրա, Աստծո հետ միավորվողը հույսով է, որ հավիտենության մեջ էլ կլինի Նրա հետ:

Սուրբ Խորհրդին չհաղորդվողները իրենց հեռվացնում են Կյանքի աղբյուրից՝ Քրիստոսից: Եվ հակառակը, քրիստոնյան, ով երկյուղածությամբ և անհրաժեշտ պատրաստվածությամբ հաճախակի մոտենում է Սուրբ Հաղորդությանը, Տիրոջ խոսքի համաձայն, «ապրում է Նրա մեջ»: Սուրբ Հովհան Մանդակունին ասում է, որ նրանք, ովքեր հավատով և երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում: Ուրեմն շատ կարևոր է, որ մեծագույն հավատով մոտենանք Սուրբ խորհրդին:

Խորհրդի նյութը

Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին: Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում խորհուրդը. «Հաղորդությունը իր մեջ պարունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Հացն ու գինին խորհրդավոր կերպով Քրիստոսի ճշմարիտ Մարմնի ու Արյան են փոխակերպվում Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սրբագործման պահին: Հացի ու գինու արտաքին հատկանիշները մնում են նույնը, իսկ ներքին էությունը փոխակերպվում է Քրիստոսի Մարմնի ու Արյան:

Հաղորդվելուց առաջ

Սուրբ Հաղորդություն ստանալու համար անձը նախ պետք է մկրտված լինի, իմանա հավատո խոստովանությունը, թե ինչ ենք ճաշակում՝ սովորական հաց և գինի, թե՞ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, այդ պատճառով էլ խորհրդի ժամանակ հնչում է հավատո խոստովանության մի դրվագ:

Սուրբ Հաղորդություն ընդունելու հաջորդ կարևոր պայմանը հոգևոր մաքրությունն է: Պողոս առաքյալը հետևյալ խրատն է տալիս մեզ. «Ով անարժանորեն ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակից, մեղանչած կլինի Տիրոջ Մարմնի և Արյան դեմ: Ուստի ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այս հացից ու խմի այս բաժակից, որովհետև, ով անարժանորեն է ուտում և խմում, այդ ուտելով և խմելով դատապարտության է ենթարկում ինքն իրեն, քանի որ զանազանություն չի դնում սովորական հացի և Տիրոջ Մարմնի միջև: Այս է ահա պատճառը, որ ձեր մեջ կան բազում հիվանդներ ու ցավագարներ, և շատ են նրանք, որ մեռան նույն պատճառով» (Ա Կորնթացիներ 11. 27-30):

Այդ պատճառով էլ Սուրբ Հաղորդություն ստանալուց առաջ շատ կարևոր է ինքնաքննությունը, մեղքերի համար զղջումը և խոստովանումը Աստծո և Նրա պաշտոնյայի՝ հոգևորականի առջև: Պետք է հիշենք նաև այն կարևոր պայմանները, որոնց առկայության դեպքում իրավունք կունենանք հաղորդվելու: Սուրբ Հաղորդությունից առաջ արգելվում է որևէ կերակուր ճաշակել, բայց սա չի վերաբերվում հղի կանանց, երեխաներին մինչև տասներկու տարեկան, նաև նրանց, ովքեր դեղորայք են ընդունում: Ծանր հիվանդները կարող են հաղորդվել տանը: Հաղորդություն չի տրվում հետ ծննդաբերության քառասունքի մեջ գտնվող կանանց և ամսականի ժամանակ:

Մեծ Պահոց շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդություն չի տրվում: Սուրբ Հաղորդություն տրվում է բոլոր բաց Պատարագների ժամանակ՝ Տերունի, սրբոց, մեռելոց և այլն:

Սուրբ Հաղորդության ստանալու բուն պահը Պատարագի վերջում է, երբ սարկավագը ասում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք»:

Սուրբ Հաղորդության խորհուրդը մեծագույն հրաշքն է երկրի վրա, որ իրականանում է մշտապես: Ինչպես այն ժամանակ անպարագրելի Աստված աշխարհ եկավ, ապրեց մարդկանց մեջ, այնպես էլ հիմա աստվածությունը միախառնվում է Սուրբ Հոգու շնորհներին, և մենք կարող ենք հաղորդվել մեծագույն օրհնությանը: Չէ՞ որ Քրիստոս ասել է.«Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20):

Սուրբ Պատարագի ժամին ճաշակելով Տիրոջ Մարմինը և Արյունը իսկապես դառնում ենք Քրիստոսի Մարմնի անդամները, խորհրդաբար միանում ենք ոչ միայն Աստծուն, այլև իրար, և այդպիսով կազմում ենք Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին:

 

26.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․