Գրքեր

Հակոբոս 5.6-8

6. Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ո՛չ կայր ձեզ հակառակ:

Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Ահա պարզ խոսքով ասում է այն, ինչ բազում անգամներ հարուստների անիրավության մասին առակներով և օրինակներով ասաց: Եվ այդ նույն զրկանքները, որ իրենք մեղք չեն համարում, սպանություն կոչեց: Արդարև, իսկապես, եթե մեկը մարդ է սպանում, անմիջապես վերջ է դնում նրա մարմնական տանջանքներին, իսկ նա, ով գողանում է մեկի ունեցվածքը և նրան աղքատության կապում ինչպես երկաթներով, ապա բազում անգամներ է մահապարտ դառնում: Քանզի որքան մարմնական կարիքները նրան չարչարում են սովով, ծարավով, ցրտով և մերկությամբ, ապա այդքան նա մեռնում է, և երանի թե մեռներ անմիջապես, այլ ոչ թե երկարատև տառապանքների ենթարկվեր: Եվ հատկապես, եթե կին ու երեխա էլ ունենար նա, ում զրկում է, ապա ահավոր աղետ և իրապես սպանություն է ոչ թե մեկի, այլ մի քանիսի: Այդ պատճառով էլ ասում է. զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Արդար է ասում աղքատին և տնանկին կա՛մ նրա համար, որ արդար էին, կա՛մ, որ քրիստոնյա էին և սուրբ, այդ պատճառով էլ նրանց արդար է համարում, կա՛մ այն բանի համար, որ մեղք չէին գործել իրենց զրկողների հանդեպ, և նրանք զուր տեղը տանջում էին նրանց: Հետևաբար ավելացնում է՝ ասելով. որ ձեզ չէր հակառակում:

Արդ, եթե հասարակ մարդկանց, որ այդպիսին չեն, զրկելու և սպանելու համար գեհեն է տանում, ապա ով արդարին է զրկում և սպանում, որ մարդկանցից ոչ ոքի հանդեպ ոչ մի անիրավություն չի գործել, ո՞ր հուրը չի այրի նրանց կամ ո՞ր խավարը չի պատի: Նույնը նաև մարգարեն է ասում սաղմոսերգությամբ. «Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին», այնուհետև ավելացնում է նաև նրանց անմտության պատճառը՝ ասելով. «ասացին. Տերը դա չի տեսնում և Հակոբի Աստվածը ուշ չի դարձնում» (Սղմ. 93:7): Ապա ճիշտ է ասում. զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:

Արդ, երբ խոսեց հարուստների մոլեգնության և անտանելի չարիքների մասին, որոնցով աղքատներին էին տանջում, և որպես սպանողների դատեց, որ զրկում էին նրանց և խոսեց նաև զրկվածների աղաղակի և հնձվորների բողոքի մասին:

Եվ որպեսզի սրանից անմտության մեջ չընկնեն և Աստծուն հակառակ խոսքեր չասեն, սկսում է մխիթարել և քաջալերել նրանց, ովքեր նեղությունների մեջ են՝ ասելով.

7. Երկայնամի՛տ լերուք ե՛ղբարք իմ մինչև ի գալուստն Տեառն:

Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը:

Թեև այստեղ, ասում է, չեք կարող հատուցել ձեզ նեղողներին, այլ տեսնում եք նրանց բերկրանքի և լիության մեջ, մի՛ չարացեք, այլ միայն համբերեք մինչև Տիրոջ՝ անսուտ և անկաշառ դատավորի գալուստը, և այդ ժամանակ կտեսնեք ձեզ նեղողների հատուցումը՝ արդարությամբ չափված, ձեզ նեղողների համար պատրաստված նեղությունները և ձեր հավիտենական հանգիստը, և դա ոչ պակաս մխիթարություն է: Առօրյա կենցաղում փոքր-ինչ չարչարվել անիրավ մարդկանցից, և հավիտենական  հանգիստ ու արքայություն ստանալ Աստծո կողմից: Ընդ որում նաև Պողոսն է դա հաստատում՝ ասելով. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8:18), և նորից. «Մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ… որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ Կորթն. 4:17-18): Տեսնո՞ւմ ես մխիթարության կերպը, թե որքան պատվավոր է և հարգարժան:

Այս ասելուց հետո այնպիսի օրինակ է բերում, ինչը միշտ երկրագործ մշակների մոտ ենք տեսնում: Ուստի, թեև կարող էր նրանց առջև բերել առաքյալների համբերության մեծագույն օրինակը, որ քարոզում էին նրանց կյանքի խոսքը, թե որքան էին տանջվում, չարչարվում և համբերում, սակայն չցանկացավ, որպեսզի նրանք չասեն, թե մենք չենք կարող հասնել նրանց առաքինությանը: Այդ պատճառով էլ ավելի ցածր օրինակ է բերում՝ ասելով.

Ահա մշակ երկայնամտեալ սպասէ պատուական պտղոյն երկրի, մինչև առցէ զկանուխ և զանագան:

Մշակն ահա համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ ստանա առաջին և վերջին անձրևը:

Մշակներից, ասում է, պարտավոր եք սովորել համբերության օրինակը, քանզի թեև չափազանց շատ են աշխատում և տանջվում հողի վրա, որպեսզի փափկացնեն այն, վնասակար փշերն արմատախիլ անեն և այնուհետև նոր բարի սերմ ցանեն, և այդ ամենից հետո չեն անմտանում, թե կարող են արդեն պտուղ ստանալ, այլ նաև ջրով ոռոգում են, որոմներն՝ արմատախիլ անում և շատ երկար ժամանակ համբերությամբ սպասում այդքան ջանքից ու քրտինքից հետո  մինչև որ ստանան առաջին և վերջին անձրևը:

8. Երկայնամտեցէ՛ք և դո՛ւք, հաստատեցէ՛ք զսիրտս ձեր, զի գալուստն Տեառն մերձեա՛լ է:

Համբերեցե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է:

Երբ առաջին օրինակը բերեց, ապա հավաստեց երևելի այլ օրինակներով, այնուհետև նրանց առջև ստույգ պահանջ է դնում, քանզի եթե հողագործ մշակն այդքան համբերատարություն է ցուցաբերում անցավոր պտղի համար, հանուն որի այդքան աշխատեց, և մինչև պտղի հասունանալը երբեք չի անմտանում և չի տրտնջում, այլ համբերում է, մինչև ստանա առաջին և վերջին անձրևը: Իսկ դուք երկնավոր պտուղների համար, որ մնայուն են և անապական, ինչո՞ւ չեք համբերում: Դրա համար էլ ասում է. համբերեցե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է:

Կարծում եմ, թե հուսահատվել էին սաստիկ նեղություններից և զրկանքներից, որոնք մեծահարուստներն էին նրանց պատճառում և թերևս երկմտել էին Աստծու նախախնամության հանդեպ, կարծես այդ ամենի համար ի վերուստ վրեժխնդրություն կամ դատաստան չկա: Ուստի չարերն ու անիրավները բարեկեցության մեջ են, բայց մենք այդպես չենք, այլ՝ տառապանքի ու չարչարանքի մեջ: Եվ քանի որ ամեն տեսակի տրտմագին կարիքներն իրենց վնասակար հետքն են թողնում սրտի վրա, և այդ ամենին ենթարկվողը երկար տրտմության պատճառով նեղսրտության մեջ է ընկնում, իսկ նեղսրտությունից՝ հուսահատության, հուսահատությունից՝ անմտության, իսկ անմտությունից անհավատություն է ծնվում, ինչպես որ համբերությունից՝ հավատ: Այդ պատճառով էլ ասաց. ամրացրե՛ք ձեր սրտերը, ինչո՞ւ, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է:

Կարծում եմ սրա մասին նաև Պողոսը գրեց երկմիտներին և վհատվածներին՝ Եբրայեցիներին (= Փիլիպեցիներին) ուղղված գրքում՝ ասելով. «Տերը մոտ է: Հոգ մի արե՛ք» (Փիլ. 4:5-6): Եվ առաքյալների գլուխ Պետրոսն էլ նույն միտքն է արտահայտում՝ ասելով. «Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է» (Բ Պետր. 3:9), քանի որ խոսք է տվել, ապա գալու է և չի ուշանալու, քանզի «Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր» (Բ Պետր. 3:8):

Եվ քանի որ վերևում ասաց, թե եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը, և որպեսզի հուսահատվածները երբեք չասեն, թե ինչպես կարող ենք համբերել այսքան սաստիկ տանջանքներին, և կամ ե՞րբ է գալստյան ժամանակը, և եթե առաջին գալստյան ժամանակ մեզ պատվիրեց այսքան տանջանքներ կրել, ապա ո՞վ գիտե, թե այդ գալստյան ժամանակ ի՞նչ է լինելու, կամ թե ինչպիսի պարգևների ենք արժանանալու նրա կողմից: Այդ պատճառով նրանց քաջալերում է, մխիթարում և սրտապնդում՝ ասելով. քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է: Ուստի, եթե ասեր երկրավոր թագավորի գալստյան մասին, ապա մեծ հույս և ակնկալություն կլիներ բանտարկյալների համար, ոո հանուն թագավորի էին բանտի ու կապանքների մեջ, քանզի գիտեին, որ թագավորի մոտ լինելն իրենց համար ազատության առիթ ու պատճառ է: Ապա որքան առավել է երկնավոր թագավոր Քրիստոսի գալստյան մոտ լինելը, մեծ մխիթարություն է և բարի հույս նրանց համար, ովքեր հանուն նրա վշտերի ու չարչարանքների մեջ են:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

05.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․