Գրքեր

Հարատև աղոթք

Աղոթքը քրիստոնյայի կյանքի շնչառությունն է և հավատքի մեջ առաջադիմելու գրավականներից մեծագույնը: Որքան շատ է քրիստոնյայի կյանքում աղոթքը, այնքան նա ավելի մոտ և հարազատ է Աստծուն՝ կյանքի աղբյուրին, և հետևաբար առավել լիարժեք և բարի կյանքով է ապրում: Ոմանք մոլորվում են՝ կարծելով, թե հարատև աղոթքն անիմաստ է և հաճելի չէ Աստծուն: Քրիստոս մեզ պատվիրում է փորձության մեջ չընկնելու համար ամեն ժամ աղոթել (Մատթեոս 26:41), և Ինքն էլ բազում անգամներ ամբողջ գիշեր աղոթում էր (թեև Հիսուս աղոթքի կարիք չուներ)՝ մեզ հարատև աղոթքի օրինակ ծառայելով: Աղոթքի միջոցով Աստված մեզ մեծամեծ շնորհներ է մատակարարում, որոնցից զրկվում են այն արհամարհողները և ծուլության պատճառով աղոթքի մեջ չհարատևողները:

Նախ աղոթքի կանգնողը պետք է հասկանա, որ աղոթքի բուն նպատակը խնդրանքներն Աստծո առաջ թափելն ու ուզածն անմիջապես ստանալը չէ, այլ Աստծուն մոտենալը, Նրա հայրությունը զգալը և մեր որդիական սերը Նրա առաջ պարպելը: Նա, ով այսպիսի գիտակցությամբ է մոտենում աղոթքին, իր խնդրանքներն ստանալուց հետո, չի դադարում աղոթելուց, այլ ամեն ժամ հարատևում է աղոթքի մեջ՝ օրըստօրե աճելով Աստծո շնորհների մեջ:

Երկրորդ՝ աղոթքի կանգնողը պետք է զգուշանա հարատև աղոթքը խաթարող և անպտուղ դարձնող երևույթներից, որոնք մարդու տկարության կամ դևերի ներգործության պատճառով պատերազմում են աղոթողի դեմ: Այդ երևույթներից են.

* աղոթքի շտապողականությունը

* մտքի անզգայացումը (միտքն անջատած աղոթելը)

* խանգարող մտքերը

* աղոթքի տևողությունը նախապես որոշելը

* առանց ջանքի և եռանդի աղոթելը

* մտքի սխալ վիճակները (հիշաչարություն, ատելություն, բարկություն, չզղջացող միտք, անհնազանդություն, ուրիշների համար չարիք խնդրելը) և այն:

Աղոթքի ժամանակ չշտապելու համար անհրաժեշտ է նախապես չորոշել, թե քանի րոպե պետք է աղոթել, այլ պարզապես նվիրվել աղոթքին:

Մտքի անզգայացումն աղոթքի խոսքերը մտքից բաժանելն է, երբ մարդն առանց խոսքերին հետևելու իրար հետևից բառեր է շարում: Այս սխալը հաճախ է հանդիպում կանոնական աղոթքներով աղոթելու ժամանակ:

Աղոթքի ժամանակ տեղի ունեցող ամենամեծ պատերազմը խանգարող մտքերի պատերազմն է, որոնք առաջանում են առօրյա տպավորությունների, ինչպես նաև դևերի ներգործությամբ: Նման մտքերի առաջացման դեպքում պետք է աղոթքի սուրն ուղղել թշնամու դեմ, աղաչելով Աստծուն, որ հեռու վանի չար մտքերը:

Սառը սրտով աղոթքը թերի և ոչ կատարյալ է, քանզի Աստված ամենից առաջ մեր սրտի բաղձանքն ու տենչանքն է ուզում տեսնել, որ անուշաբույր խունկ է Նրա առաջ: Եթե աղոթքը չունենա այդ բաղձանքը և սերը, կնմանվի կրակի վրա չդրված խունկի, որ անուշահոտություն չի արձակում:

Շատ կարևոր է աղոթքից առաջ քննել, թե ի՞նչ վիճակում է միտքն ու սիրտը, արդյո՞ք քեն ու ոխ, սրտնեղություն, բարկություն չկա՞ կուտակված: Եթե այդպիսի չար մտքով աղոթքի կանգնենք, մեր աղոթքները դատարկաբանություն կլինեն: Նման դեպքերում պետք է բոլորին ի սրտե ներել մեր դեմ գործած հանցանքները, հեռացնել ամեն չար միտք և ջերմեռանդությամբ կանգնել աղոթքի՝ խոնարհությամբ թողություն խնդրելով մեր հանցանքների համար:

Վերջապես, պետք է հիշել համբերատարության մասին: Եթե չունենք ջանասիրություն կամ խանգարող մտքերը մեզ հանգիստ չեն տալիս, պետք չէ հուսահատվել, այլ առավել նվիրումով աղոթել և մշտապես օգնություն խնդրել Աստծուց՝ հիշելով, որ մարդն ինքն իրենով ոչինչ անել չի կարող, այլ ամեն ինչում Աստծո աջակցության կարիքն ունի:

Վերոնշյալ սխալներից զերծ մնացող աղոթարարը, հարատևելով աղոթքի մեջ, Աստծուց ստանում է շնորհներ: Հարատև աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին հանգչում է մեզ վրա և լուսավորում մեզ, մեր սիրտը լցնում խաղաղությամբ, սիրով, մխիթարում է մեզ, թողություն տալիս մեր հանցանքներին, ուժ և կարողություն՝ մեղքի դեմ պայքարելու, լուսավորում մեր խիղճը՝ բարին և չարը տարբերակելու համար, փրկում է փորձանքներից, խափանում սատանայի որոգայթները, տալիս սրբության քաղցրություն: Նրա ներկայությունից մարդ անպատմելի ցնծություն է ապրում, անսահման սեր, մեղքերը սրբող առատ արտասուքներ ստանում, որոնք մեծ մխիթարության պատճառ են ապաշխարողի համար: Բազմաթիվ են աղոթքի ժամանակ տրվող շնորհները, որոնք այս աշխարհիկ կյանքի ոչ մի ոլորտ երբեք չի կարող տալ մարդուն: Աղոթքի մեջ մարդը բժշկություն է ստանում այս դարի ամենածանր հիվանդություններից մեկից՝ դեպրեսիայից, որն Աստծուց հեռու լինելու հետևանք է: Աղոթող մարդը միշտ ունի ներքին մի խաղաղություն, ուրախություն, որ այս աշխարհից չէ, այլ Աստծուց է գալիս, որի մասին ասաց Տեր Հիսուս. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27) և «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28): Աղոթող մարդու սրտի մեջ Աստված դնում է Սուրբ Հոգու առհավատչյան, որի մասին խոսում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիներ 1:21-22): Դա Աստծո ներկայությունն է մարդու մեջ: Նման մարդը հավատալու համար այլևս արտաքին նշանների կարիք չունի, քանզի Աստված Ինքը բնակվում է նրա հոգում, ինչպես ասաց Տեր Հիսուս թե՝ Երկնքի Աքայությունը ձեր մեջ է:

Ուրեմն ջանասիրությամբ նվիրվենք աղոթքի՝ մեր գոհությունը, փառաբանությունը և աղերսները վերառաքելով Աստծուն, քանզի Նա ողորմած Հայր է և Իր շնորհները

առատորեն տալիս է բոլոր Իրեն փնտրողներին, որպեսզի Նրա որորմությամբ ապրենք այս կյանքը բարեպաշտությամբ, իսկ հետմահու արժանանանք հավիտենական բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Ում փառք հավիտյանս, ամեն:

 

Տարոն Սիմոնյան

24.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․