Գրքեր

«Հարության հույսով սպասում ենք ապագա հույսին»

«Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները  բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ. 15:22): Օգոստինոս Երանելին նշում է, որ բոլոր մարդիկ իրենց առաջին՝ մարմնավոր ծնունդով, պատկանում են Ադամին, իսկ երկրորդ՝ հոգևոր ծնունդով՝ Քրիստոսին: Բոլոր մահացողները մահանում են Ադամով, իսկ կենդանանում՝ միայն Քրիստոսով:

Պողոս առաքյալը Քրիստոսի հարությունից բխեցնում է համընդհանուր հարության ճշմարտությունը, քանի որ Քրիստոս երկրորդ Ադամ է, իսկ առաջին Ադամն իր առաջին մեղքով մահվան դատապարտվեց, և բոլորը նրանից հետո մահը ժառանգեցին: Քրիստոս Իր անմեղությամբ մահը հաղթահարեց, քանզի մահը մեղքից էր, և բոլոր նրանք, ովքեր Նրա Մարմնից են, կյանքը ձեռք բերեցին: Ըստ Ս. Հովհաննես ավետարանչի՝ Քրիստոս հարություն է տալու բոլորին՝ թե՛ արդարներին և թե՛ անարդարներին. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն և կապրեն, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն և կդատապարտվեն» (Հովհ. 5:28): Անհավատները հարություն են առնելու պատժի համար, մարմնով հարություն են առնելու և չեն մահանալու՝ իրենց անհավատության համար կրելով հավիտենական տանջանքներ:

«Քանի որ Ադամը մահացավ մեղքի պատճառով, ապա Նա, Ով Իր վրա վերցրեց մեղքը, հարկ էր, որ ոչնչացներ մահվանը: Ինչպես Ադամին էր ասված՝ «այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:17), և այն օրը, երբ ճաշակեց արգելված պտուղը, չմահացավ, այլ ընդունեց մահը, զրկվեց իր փառքից, հասկացավ, որ մերկ է և նույնժամ, մահը տեսնելով, վախեցավ: Այդպես և մենք կյանք ստացանք Քրիստոսով, Նրա մարմինը ճաշակեցինք կյանքի ծառի փոխարեն, և Նրա Սեղանը փոխարինեց մեզ բերկրության դրախտին, և Նրա արդար արյունը սրբեց մեզ անեծքից: Եվ հարության հույսով սպասում ենք ապագա հույսին, արդեն ապրում ենք Նրա կյանքով, որը դարձավ մեր գրավականը»,- ասում է  Ս. Եփրեմ Ասորին:  

Որպեսզի մարդ Քրիստոսով հարություն առնի և կենդանանա, պետք է քայլի Նրա ուղենշած ճանապարհով: Քրիստոս չարչարվեց և մահացավ, որպեսզի խորտակի մահվան ուժը և հարություն առավ, որպեսզի արդարացնի Իրեն հուսացողին: «Նա Իր կյանքը տվեց մեր հանցանքները ջնջելու համար և հարություն առավ, որ արդարացնի մեզ» (Հռոմ. 4:25):  Պողոս առաքյալը, ի թիվս արդարների, օրինակ է բերում Աբրահամ նահապետին, ով հավատաց Աստծուն, որ կենդանացնում է մեռելներին և ինչպես գոյություն ունեցողի՝ կանչում նրանց, որ գոյություն չունեն տակավին: Արդարև, չնայած ոչ մի հույս չկար, Աբրահամը հավատաց և հուսաց, որ ինքը պիտի լինի «բազում ազգերի հայր», ինչպես որ Աստված ասել էր նրան: Եվ Աբրահամը չթուլացավ իր հավատի մեջ ու թեև շուրջ հարյուր տարեկան էր, չնայեց իր մարմնին, որն արդեն մեռած մարմնի նման էր, ոչ էլ նայեց Սառայի արգանդի ամլությանը: Անհավատությամբ բնավ չտարակուսեց Աստծո խոստման վրա, այլ զորացավ հավատով և փառք տվեց Աստծուն այն հաստատ համոզումով, թե Աստված, որ խոստացավ, կարող է նաև կատարել: Ահա, թե ինչու «Աստված արդար համարեց նրան» (Հռոմ. 4:13-23):

Աբրահամի օրինակի համաձայն՝ մեղքի մեջ մեռած մարդն էլ, երբ սկսում է իր կյանքը Քրիստոսով ապրել, իր անկենդանությունն անհետանում է և նրա փոխարեն հաստատվում է ճշմարիտ կյանքը:

Ս. Հովհան Ոսկեբերանը հարց ու պատասխանով ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեղավորն արդարանալ մեր Տիրոջ մահվամբ և հարությամբ: Առաջին հարցին, թե՝ ինչո՞ւ համար խաչվեց Քրիստոս, սուրբը պատասխանում է՝ ոչ Իր սեփական մեղքի պատճառով, եթե Նա մեղավոր լիներ, ինչպե՞ս հարություն կառներ, իսկ եթե հարություն է առել, պարզ է, որ մեղավոր չէ: Իսկ հաջորդ հարցին՝ եթե մեղավոր չէր, ապա ինչո՞ւ խաչեցին: Նա պատասխանում է. «Հանուն ուրիշի, իսկ եթե հանուն ուրիշի, ապա, անկասկած, և հարություն առավ: Որպեսզի դու չառարկես, թե ինչպես կարող ենք արդարանալ, բազում մեղքեր ունենալով, առաքյալը ցույց է տալիս Նրան, Ով ջնջեց մեր բոլոր մեղքերը, որպեսզի հաստատի Իր ուսուցումն արդարության մասին: Ինչպես Աբրահամն իր հավատով արդարացավ, այնպես էլ մենք ենք արդարանում՝ հավատալով այն փրկարար չարչարանքներին, որ ազատեցին մեզ մեղքերից: Առաքյալը, խոսելով Քրիստոսի մահվան մասին, խոսում է և հարության մասին: Քրիստոս չմահացավ, որ մեզ պատժի և դատապարտության ենթարկի, այլ Իր բարերարությունը մեզ ցուցաբերի: Նա և՛ մահացավ, և՛ հարություն առավ, որպեսզի մեզ արդարացնի»:

Ս. Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում, երբ ամեն օր փառաբանվում է Տիրոջ հրաշափառ Հարությունը, հարկ է, որ յուրաքանչյուր ոք, ըստ եկեղեցու հայրերի հորդորի, խորհի՝ Քրիստոս խաչվել և հարություն առե՞լ է իր համար, ինքը հարություն առե՞լ է Քրիստոսով: Եթե մենք հարություն ենք առել Քրիստոսով, Ով արդարություն է և քայլում ենք նոր ուղիով, ապրելով արդարությամբ, ապա Քրիստոս հարություն առավ՝ մեզ արդարացնելու համար: Իսկ եթե մենք չենք թողել հին մարդուն՝ իր գործերով, և ապրում ենք անարդար կյանքով, ապա Քրիստոս դեռ հարություն չի առել մեզ համար, որ արդարացնի մեզ, չի խաչվել՝ հանուն մեր մեղքերի: Քրիստոս Իր մահվամբ ջնջեց մեր մեղքերը ու հայտնվեց Իրեն հավատացողներին, որպեսզի հաստատի նրանց արդարությունը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

27.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․