Գրքեր

Հայոց առաջին հայրապետը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կոչվում է նաև արմատ հավատո: Լուսավորիչ է ասվում նրա համար, որ մարդկանց հեթանոսության խավարից բերեց ճշմարիտ լույսի: Նաև Գրիգոր Լուսավորչի գերեզմանի մոտ շատ կույրեր բժշկվում էին և լուսավորվում: Արմատ հավատո է կոչվում Լուսավորիչը, որովհետև մարդկանց փոխանցեց աստվածային շնորհները: Ինչպես որ ծառի արմատը սկզբում է և օգտակարն իր միջով փոխանցում է ճյուղերին ու տերևներին, ճիշտ այդպես էլ Գրիգոր Լուսավորիչը աստվածային շնորհները փոխանցեց հայ ժողովրդին:

Հոգևոր առաքելության դժվարությունը

Շատ մեծ և չափազանց դժվարին առաքելություն կատարեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Նրա գործի ծանրությունը հասկանալու համար տեսնենք, թե ինչ են ասել եկեղեցական նշանավոր հեղինակները հոգևորականի ծառայության վերաբերյալ: Սուրբ Հովհան Ոսկեբերանը հովվությունը կամ ավետարանական պաշտոնեությունը կոչում է փոթորիկ մտաց: Հատկապես դժվար է ավելի մեծ պարտականություններ ունեցող հոգևորականների ծառայությունը: Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է, որ եպիսկոպոսն ավելի է հուզված հոգսերով և արհավիրքներով, քան ծովը` հողմերով և մրրիկներով: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ այժմ, երբ չկան հալածանքներ, որոնց ընթացքում եպիսկոպոսը առաջինն էր նետվում նահատակության` հանուն Քրիստոսի, եպիսկոպոսը չպետք է մտահոգվի հարուստ ու փարթամ ապրելով, այլ առաջին հերթին` Եկեղեցու պայծառությամբ, մարդկային հոգու փրկությամբ: Տաթևացին նշում է, որ երբ Մովսեսը լեռը ելավ, թեպետ և Ահարոն քահանային թողեց ժողովրդի հետ, ժողովուրդը, այնուամենայնիվ, մոլորվեց: Եվ եկեղեցական այս մեծ Սուրբը նշում է, որ այդ իսկ պատճառով, եպիսկոպոսը պետք է լուրջ հսկողություն հաստատի ու ինքը ևս ժամանակ առ ժամանակ շրջի ժողովրդի մեջ և ուսուցանի: Ահա այսպես դժվարին էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը, որի արդյունքում քրիստոնյա դարձավ ողջ հայ ժողովուրդը: Հայոց հողում Քրիստոսի իջման վերաբերյալ Լուսավորչի տեսիլքի մեջ շողի կաթելը նշանակում էր Ավետարանի քարոզությունը, այսինքն` ճշմարտության լույսով մեր երկրի լուսավորումը:

Մշակութային արժեքների ոչնչացում կամ հոգիների փրկություն

Ոմանք կարծում են, որ քրիստոնեության տարածումը Հայաստանում անբարենպաստ եղավ մեր հին շրջանի մշակույթի համար, որովհետև Գրիգոր Լուսավորիչը, Հայաստանում քրիստոնեությունը տարածելով, ոչնչացնում էր հայոց հեթանոսական շրջանի մշակույթի գեղեցիկ և ինքնատիպ արժեքները: Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում շատ կուռքերի, մեհյանների տեղում հաստատել է քրիստոնեական եկեղեցիներ կամ դրանք վերածել է եկեղեցիների: Սակայն իրականում, ինչպես հայտնում է Ագաթանգեղոս պատմիչը, Տրդատ թագավորն է իր զորքի և հավատացյալ ժողովրդի հետ ավերել մեհյանները` դրանց հարստությունները բաժանելով աղքատներին, մի մասն էլ ընծայելով Եկեղեցուն: Հեթանոսական տաճարների քրմական դասը, դարձի գալով, անցել է եկեղեցական սպասավորության: Կռապաշտական տաճարների կործանման ժամանակ Տրդատի հետ շրջում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Գրիգոր Լուսավորչի անձնապես և անմիջական մասնակցությունը տաճարների կործանմանը, ըստ պատմիչի, եղել է միայն մեկ անգամ, ուղեկցվել հրաշքով: Արտաշատում Անահիտ դիցուհու տաճարի դևերի դիմադրության ժամանակ Սուրբ Գրիգորը բարձր պահել է խաչը, որի զորությունից տաճարը քանդվել է: Մինչդեռ հեթանոսական, կռապաշտական առարկաներ ոչնչացնելու ուշագրավ դեպքեր կան Աստվածաշնչում և սրբերի կյանքում: Երբ Մովսես մարգարեն լեռը բարձրացավ` Տիրոջ պատվիրանները ստանալու, հրեաները նրա բացակայության ժամանակ մի ոսկե հորթ ձուլեցին և սկսեցին պաշտել այդ կուռքին: Վերադառնալով և այս ամենը տեսնելով՝ Մովսեսը ջարդուփշուր արեց կուռքը և ոչնչացրեց (Ելք 32.1-20): Այս պատմությունը գրեթե բոլորն էլ գիտեն, սակայն մինչև այսօր ոչ ոքի մտքով անգամ չի անցել Մովսես մարգարեին մեղադրել մշակութային արժեքների ոչնչացման մեջ: Մեր ժողովրդի կողմից ամենասիրված սրբերից են Սուրբ Գևորգը և Սուրբ Սարգիսը: Երբ նրանց ստիպեցին կուռքերին զոհ մատուցել, նրանք ոչ միայն հրաժարվեցին զոհ մատուցելուց, այլև կործանեցին կուռքերը: Եվ մեր ժողովուրդը, այս սրբերին սիրելով, մինչև այսօր նրանց չի մեղադրել մշակութային արժեքների ոչնչացման մեջ: Եվ ահա Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արեց այն նույն բանը, ինչ արեցին Մովսես մարգարեն և մյուս սրբերը:

Բազում ուսումնասիրություններ, փորձառություններ, զգացողություններ ցույց են տալիս, ապացուցում են, որ մարդը մարմնից և հոգուց կազմված մի ամբողջություն է: Երբ մարմնի վրա վերք է լինում, ապա բժշկության մեջ վերքը բուժում են առաջին հերթին ախտահանիչ որևէ միջոցով, որովհետև հակառակ դեպքում վերքը բորբոքվում է և մարդուն նույնիսկ մահվան է հասցնում: Այս նույն ձևով էլ հոգևոր իմաստով կան առարկաներ, որոնք սրբություն և կենդանություն են տարածում: Օրինակ` Քրիստոսի խաչափայտի շնորհիվ հարություն առավ մեռած պատանին, Եղիսե մարգարեի ոսկորներին դիպչելով՝ հարություն առավ մեռածը (Դ Թագավ. 13.21): Նույն կերպ էլ չարին նվիրված առարկաները մահ և պղծություն են սփռում: Չարի մասին հայտնի է, որ նա նյութական աշխարհի վրա կարողանում է ազդել հատկապես կուռքերի և նրանց նվիրված տաճարների միջից ու դրանց միջոցով: Երբ մի մարդ պատերազմի ժամանակ ականազերծ է անում ականապատված մի դաշտ, որպեսզի իր ետևից եկող զորքն ապահով անցնի և մահ չլինի, ապա այդպիսի մեկին չեն մեղադրում մարդու կողմից ստեղծված առարկաները, այն էլ այդպիսի հնարամիտ առարկաները ոչնչացնելու համար, այլ ընդհակառակը, գովում են և նույնիսկ շքանշաններ ու հերոսի կոչում տալիս: Եվ մենք այսօր էլ պետք է շնորհակալ լինենք Սուրբ Գրիգոր Լուսավորչից, որ Հայաստանը դիտելով իբրև հոգևոր դաշտ` այնտեղից արմատախիլ արեց թույնը և հաստատեց կյանք տվող եկեղեցիներ: Այս ամենն իմանալուց հետո մեզ համար հասկանալի է դառնում, թե ինչու էին սրբերը ոչ միայն հրաժարվում կուռքերին զոհ մատուցելուց, այլև կործանում էին դրանք: Այս արարքն իր մեջ երկու նպատակ ուներ: Սրբերը նախ ցանկանում էին ցույց տալ, որ դրանք աստվածներ չեն, և մարդը կարող է դրանք կործանել, և երկրորդ, որ ամենակարևորն է, սրբերը ցանկանում էին, որքան հնարավոր է, սահմանափակել չարի ազդեցության ոլորտները մարդկության վրա:

Խորհրդային Միության փլուզումից հետո նախկինում նրա կազմի մեջ մտնող բազմաթիվ երկրներ ոչնչացրին նախկին հասարակարգի առաջնորդների արձանները, վերացրին նրանց անունները փողոցների, մշակութային, հասարակական հաստատությունների վրայից: Եվ այսօր այդ ոչնչացումները չեն դիտվում որպես մշակութային արժեքների ոչնչացում:

Մուտն ի վիրապն

Եկեղեցում մեծ շուքով է նշվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակը: Գրիգոր Լուսավորիչը տասներեք կամ այլ վկայություններով տասնհինգ երկար տարիներ անցկացրեց բանտում` Խոր Վիրապում` խորը փոսի մեջ, և միայն Աստծո ողորմության շնորհիվ կարողացավ կենդանի մնալ: Ըստ ավանդության` երկնային հրեշտակը հայտնվում էր նրան, զորացնում և քաջալերում: Մինչև բանտ նետվելը Լուսավորչին մատնեցին ահավոր չարչարանքների` տանջելով բոլոր հնարավոր միջոցներով: Սակայն Սուրբն անդրդվելի մնաց Աստծո հանդեպ իր հավատքի և իր սիրո մեջ: Չենք կարող ասել, որ բանտարկության այդ տարիների ընթացքում Լուսավորիչը եղել է տխրության մեջ, որովհետև ներքին քրիստոնեական ուրախություն կա, որը միշտ հաստատուն է մնում: Այն նման չէ արտաքին ուրախությանը, որը տատանվում է հուսահատություններից և կյանքի դժվարություններից: Հոգևոր ուրախությունը միշտ անսասան է մնում: Պողոս առաքյալն ասում է, որ ոչինչ չի կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց` ո՛չ տառապանքը, ո՛չ անձկությունը, ո՛չ հալածանքը, ո՛չ սովը, ո՛չ մերկությունը, ո՛չ վտանգները և ո՛չ էլ սուրը (Հռ. 8.35): Եվ Քրիստոսի հանդեպ այս սերը միշտ ներկա էր Սուրբ Գրիգորի սրտում, իսկ որտեղ Քրիստոսի սերն է, այնտեղ անփոփոխելի հոգևոր ուրախությունն է:

Չարչարանքների մեջ մենք պետք է աղոթենք, որովհետև աղոթքի ուժը կարող է դադարեցնել չարչարանքները և կամ փոխել չարչարողներին, ովքեր իրենք կդադարեն տանջանք պատճառելուց: Այսպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր աղոթքներով փոխեց Տրդատ թագավորին, ով հետագայում քրիստոնյա դարձավ:

 

Մեր մեծագույն Կաթողիկոսներից Սիմեոն Երևանցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ասել է. «Թեպետ ուրիշ ազգերի հավատացյալները ևս սուրբ հովվապետներ և լուսավորիչներ ունեն, սակայն նրանք երկար տարիներ բազմատեսակ չարչարանքներով փորձության բովում չեն մաքրվել, ինչպես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»:

Գրիգորյան Եկեղեցի և Երկրորդ Լուսավորիչ

Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոն ունեն նաև մյուս Եկեղեցիները: Որոշ Եկեղեցիների կողմից մեր Եկեղեցին կոչվել է Գրիգորյան, բայց ոչ թե նրա համար, որ ավելի պանծացվի Լուսավորչի հիշատակը, ով նաև իրենց համար տոնելի սուրբ է, այլ առավել նսեմացնելու մեր Եկեղեցին: Այսպիսով ցանկանում էին առաքելական բառը հանել մեր Եկեղեցու անունից` շեշտելով, թե այն Լուսավորիչն է հիմնադրել, և ոչ թե առաքյալները: Ահա այստեղից է առաջացել մեր Եկեղեցու Գրիգորյան անվանումը:

Գրիգոր Լուսավորիչը կոչվում է երկրորդ Լուսավորիչ, որովհետև նախքան Սուրբ Գրիգորը Հայաստանում կային եպիսկոպոսական աթոռներ, հոգևոր առաջնորդներ, բազմաթիվ քրիստոնյաներ: Մեր առաջին լուսավորիչներ են համարվում Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր հիմնեցին քրիստոնեական Եկեղեցին Հայաստանում:

Լուսավորչի մասունքների մասին

Կյանքի վերջին տարիներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ճգնում էր Սեպուհ լեռան այն այրում, որտեղ ճգնությամբ ապրել էր Սուրբ Մանե կույսը: Սրբի վախճանվելուց որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ գտան նրան` ծնկի եկած, ձախ ձեռքին գավազան: Հովիվները չգիտեին, թե ով է այդ սուրբը, և իմանալով, որ նա վախճանված է, ամփոփեցին մարմինն ու հեռացան: Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ Աստված Գառնիկ անունով ճգնավորին տեսիլքով հայտնեց Սրբի մասունքների տեղը: Սրանից հետո Լուսավորչի նշխարներն ամփոփեցին Թորդանում: 5-րդ դարում Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքներն ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում: Լուսավորչի Աջի առկայությամբ է կատարվում սուրբ մյուռոնի օրհնության սրբազան արարողությունը: Լուսավորչի մասունքների գյուտի օրը Էջմիածնի Մայր տաճարում են դրվում Սրբի մասունքները, որպեսզի հավատացյալները մոտենան և խոնարհվեն իրենց մեջ զորություն ունեցող մասունքների առջև:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

02.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․