Գրքեր

Հայոց Աշխարհի սրբության սրբոցը

«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա, 
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: 
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, 
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: 
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. 
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի» (Շարակնոց):

 

Սիրելի՛ բարեպաշտ զավակներ հայ ազգի, որ վերստին ծննդյամբ ծնունդ առաք Մայր Եկեղեցու սրբազան ծոցից,

Այսօր համայն աշխարհի Հայ Առաքելական եկեղեցիների զանգերի տոնական ղողանջներն ազդարարում են Հայոց Աշխարհի սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը, և երկնային ուրախությամբ լցնում Հայ Եկեղեցու հավատավոր զավակների սրտերը: Երեկ ևս մեծ ուրախությամբ նշեցինք մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելու տոնը և այս պանծալի իրադարձությանը հաջորդող դեպքերի աստվածահյուս շղթան էլ հասցրեց մեզ մինչև Մայր Աթոռի հաստատման օրը:

Վստահաբար բոլորիդ էլ հայտնի է Աստծո ընտրյալ անոթի՝ մեր առաջին հայրապետի վառած հավատի անմար կանթեղի անցած ճանապարհի պատմությունը, որն Աստծո կամոք և պատվիրմամբ պսակվեց Նրա համար աղոթքի տան կառուցմամբ: Ամենակալն անպատասխան չթողեց Իր առջև հայ ժողովրդին ներկայացնող զավակի մեծագույն հավատքով, սրտի անսահման խոնարհությամբ և անձանձիր աղոթքներով խոր գբում անցկացրած տասներեք երկար ու ձիգ տարիները, և դրանից հետո ծավալած անգնահատելի գործունեությունը, քանզի Խոր Վիրապից ազատվելուց և հայոց Տրդատ արքային դարձի բերելուց հետո, սուրբ հայրապետը լծվեց Քրիստոսի աստվածային լույսը Հայոց Աշխարհ և յուրաքանչյուր հայի սրտից ներս բերելու սրբազան գործին: Աստվածատունկ դրախտի երանավետ հիշողությունները սրտում կրող հողն սկսեց ազատագրվել հեթանոսական մեհյանների ճնշող ծանրությունից: Նոյ նահապետի ոտնահետքերը կրող հողը կրկին սկսեց ճշմարիտ Աստծո լույսով լցվել: Տապանն իր գիրկն առած բիբլիական լեռը Հայաստան Աշխարհին նայեց իր վեհության բարձունքից և ուրախացավ՝ Քրիստոսի աստվածային կնիքը տեսնելով դրա վրա: Սակայն Աստծո նվիրյալ զավակն ավելիին էր սպասում: Նա զօր ու գիշեր ծնրադիր աղոթում էր Իր Փրկչին՝ ողջ սրտով աղաչելով Նրան Հայոց հողն ու հայ ժողովրդին արժանացնել Իր աստվածային շնորհներին: Եվ արդարի աղոթքն ընդունելի եղավ Արդարադատի կողմից: Աստծո Միածինն Ինքը երկնքից հոգեզմայլ էջքով հայտնվեց Գրիգոր Լուսավորչին՝ հրաշափառ տեսիլքով մատնացույց անելով այն տեղը, որտեղ կամենում էր կառուցված տեսնել Իրեն ուղղված աղոթքի տունը: Այո՛, մեծագույն շնորհ և օրհնություն Հայ հողին, որ Քրիստոս Ինքը հաճեց բերել մեզ: Ինչպես տեսիլքում է նկարագրվում՝ Քրիստոսի լույսի շողերը կաթում էին մեր հայրենի հողի վրա՝ սրբելով և մաքրագործելով այն, տեղ պատրաստելով Աստծո տաճարի համար, որի պատկերը ևս տրվել էր տեսիլքում: Ահա՛ այսպես, Տեր Հիսուս Քրիստոսի կողմից դրվեց հայ եկեղեցիների Մայր Տաճարի՝ Սուրբ Էջմիածնի հիմքը, սիրելի՛ հավատացյալներ, որի սուրբ կամարների ներքո արդեն տասնյոթ դար չեն դադարում հնչել աղոթքներն ու շարականները: «Էջմիածինը հաստատություն լինելուց առաջ՝ առաքելություն է: Այս բառերը ցանկանում եմ կրկնել. Էջմիածինը անցյալի պատիվ, ներբող, գովք, պարծանք ու փառաբանանք լինելուց անդին՝ առաքելությո՛ւն է, Աստծու թարգմանությունը, Ավետարանի քարոզությունը, մեր հայրերի սուրբ ավանդների կենդանի փոխանցումը մեր ժողովրդի զավակներին: Ա՛յս է խորհուրդը Էջմիածնի: Եվ երբ մարդ հոգեղեն աչքերով կդիտի այս սրբավայրը, այն ատեն է, որ Ավետարանի բառերով՝ «քարերը կխոսեն»»,- ասել է Գարեգին Ա Կաթողիկոսը: Եվ այս անհերքելի փաստերը թող մտորելու տեղիք տան այն մոլորված հոգիներին, որ Քրիստոսահիմն եկեղեցին մերժելով՝ հարում են աղանդներին: Սա գիտենալով, թող յուրաքանչյուր ոք ընտրի իր համար՝ Քրիստոսի հիմնած և գլխավորած եկեղեցու վարդապետությանը հետևել, թե՞ հոգով և մտքով խեղաթյուրված անհատների հիմնած կազմակերպություններին:

Ինչևէ, Տիրոջ անհատնում ողորմածությունը թող լինի ամենքի վրա և փա՜ռք Նրան մեր Մայր եկեղեցու աներեր հիմքերի և դարավոր ծաղկման համար:

Սիրելինե՛ր, բոլորիդ էլ հայտնի են հայ ժողովրդի պատմության թե՛ քաղցր և թե՛ ավելի հաճախ արյունով, պատերազմներով ու տառապանքով լեցուն դառը էջերը: Բոլորս էլ գիտենք, թե քանի՜-քանի՜ անգամ է հայոց հողը կքել թշնամու լծի ծանրության տակ: Քանի հայորդի է իր արյունը հեղել հանուն հավատի և հայրենիքի: Քանի անգամներ են ավերվել և կրկին մոխիրների տակից հառնել մեր շեն քաղաքներն ու եկեղեցիները, այդ թվում նաև Մայր Աթոռը: Այո՛, ծանր է եղել մեր ընթացքը պատմության ոլորաններում, սակայն երբեք լքված չենք եղել Աստծո և Իր հիմնադիր Եկեղեցու կողմից: Հայ Եկեղեցին և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ իր հոգատար կամարների տակ է հավաքել հոգածության կարոտ իր զավակներին: Նրանց կողքին է եղել և կա թե՛ խաղաղ, և թե՛ պատերազմի օրերին: Հայ հոգևորականը միշտ առաջնորդել է իր հոտին թե՛ առաջնագծում մարտնչելիս, թե՛ կյանքի առօրյայում: Եկեղեցին հուսալի պաշտպան և հոգևոր ծնող է եղել իրենց մարմնավոր ծնողներին կորցրած որբուկների համար: Նա իր մայրական ծոցում սնել, դաստիարակել և հայ ժողովրդին է նվիրել ժամանակի մեծագույն մտածողների, թարգմանիչների, արվեստագետների և հայրենանվեր հոգևորականների: Հայ ժողովրդի ինքնությունը, լեզուն ու մշակույթը պահպանվել է Հայ եկեղեցու և նրա նվիրյալների շնորհիվ: Մինչ այսօր էլ Եկեղեցին է հանդիսանում այն սրբազան հավաքատեղին, որը միավորում և հայ է պահում աշխարհասփյուռ իր զավակներին: «Հայոց եկեղեցին եղած է այն միակ հոդակապը, որ Հայկա սերունդին ցրված մնացորդները կրցած է իրարմե անքակտելի պահել և իբրև մեկ ազգ պահպանել»,- իրավամբ նշել է Մաղաքիա պատրիարք Օրմանյանը:

Արդ, այսօր, այս պանծալի տոնական օրը, որ մենք էլ միասնաբար նշում ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հարկի ներքո, մեր հոգևոր հայացքը հառենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, տեսնենք աստվածային այն լույսը, որ երբեք չի դադարում փայլել Միածնի իջման վայրում: Մեր գոհությունն ու երկրպագությունը բերենք Ամենակալին՝ Իր անգնահատելի շնորհի համար և երախտապարտ սրտերով գլուխ խոնարհենք Հայոց հավատի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի առջև, և նրա բարեխոսությունն աղերսենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի անսասանության և բարգավաճման համար: Թող մեծն Լուսավորչի աղոթքներով հայ ժողովուրդն աճի Քրիստոսի սիրո մեջ և քիստոնեական առողջ ու առատ պտուղներ բերի համայն աշխարհին: Աղոթենք առ Երկնավոր Հայր, որպեսզի այսուհետ ևս անխախտ պահի Մայր Աթոռի և Հայ եկեղեցու հիմքերը: Հույս, հավատ, սեր, ուժ և կարողություն պարգևի Եկեղեցին կազմող հոգևոր դասին և հավատացյալ հոտին, որ շարունակեն անմար պահել հավատի այն կանթեղը, որ Տիրոջ ողորմածությամբ տասնյոթ դար առաջ վառեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ամենքիս և փառք տալիս Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

18.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․