Գրքեր

Հնազանդության մասին

Ծերերից մեկը պատմեց, թե ոմն սխոլաստիկ հնազանդ սպասավորում էր մի անապատականի և աղաչեց, որ մենակյաց դարձնի իրեն: Իսկ ծերն ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին՝  ըստ Տիրոջ պատվիրանի, (Մատթ. ԺԸ 21, Մարկ. Ժ 21, Ղուկ. ԺԸ 22) և ե՛կ ինձ մոտ»: Սխոլաստիկը գնաց և այդպես արեց: Երբ եկավ, ծերն  ասաց. «Քեզ պատվիրան եմ տալիս՝ բնավ չխոսել»: Իսկ նա հանձն առավ և այլևս չխոսեց: Իսկ ոմանք սկսեցին գովեստներով պատվել նրան: Աբբան նրան ասաց. «Այստեղ ոչնչով չես աճում, ե՛կ քեզ ուղարկեմ Եգիպտոս` միաբանների վանքը»: Նա ոչինչ չհարցրեց նրան խոսելու կամ չխոսելու մասին: Եվ կատարելով պատվիրանը` մնաց անխոս: Աբբան, որ ընդունել էր նրան, կամեցավ փորձել, թե արդյոք կխոսի՞, և ուղարկեց նրան գետի այն կողմը՝ գարնանային վարարումի պահին, որպեսզի եթե չկարողանա անցնել, ստիպված լինի խոսել: Հետևից ուղարկեց մի եղբոր` լռելյայն հետևելու, թե ինչ է անելու նա: Եվ երբ եկան գետի մոտ, և չկարողացավ անցնել, ծնկի իջավ աղոթքով, և իսկույն կոկորդիլոսը գալով՝ նրան գետի մյուս կողմն անցկացրեց: Եղբայրը վերադառնալով՝ պատմեց հորը կատարվածը, և բոլորը զարմացան: Ոչ շատ օրեր անց վախճանվեց սխոլաստիկը, և աբբան անապատականին լուր ուղարկեց և ասաց. «Եղբա՛յր, թեպետ և մեզ մոտ ուղարկեցիր այս անխոս (համր) եղբորը, սակայն Աստծո հրեշտակ էր»: Իսկ անապատականը պատասխանեց. «Ոչ թե անխոս էր, այլ պատվիրանը կատարեց, իրականում` հունաց ճարտարախոս ատենադպիր էր»: Այս լսելով՝ զարմացան և փառք տվեցին Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․