Գրքեր

Հոգեգալուստ

Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ,

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնից հիսուն և Համբարձման տոնից տասը օր է անցել արդեն և կրկին ուրախությամբ հավաքվել ենք ահա՛ մեր Երկնային Հոր տանը՝ միասնաբար նշելու տերունական տոների լրումը հանդիսացող Հոգեգալստյան տոնը, որ այսօր նշում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:

Մոտ քսան դար առաջ, գարնանային այս օրերին դեպքերը բավականին արագ զարգացան «խաղաղության քաղաքում» և հոգեկան մեծ հույզերի փոթորկումների պատճառ դարձան նազովրեցի Վարդապետի աշակերտների սրտերում:

Մի քանի ձկնորս, մի մաքսավոր, պարզ ու հասարակ մարդիկ, որ ապրում էին իրենց առօրյա հոգսերով, շարունակում պապերի ավանդույթներն ու սպասում Աստծո Մեսիային՝ Իսրայելի թագավորության վերահաստատման հույսով: Նրանք երազել անգամ չէին կարող, որ մի օր ընտրվելու են մարդացյալ Աստծո կողմից, վայելելու Նրա անմիջական ընկերակցությունը, սովորելու Նրանից, արժանանալու Սուրբ Հոգու շնորհներին և դառնալու Աստծո զորության կենդանի գործիքները: Երեք տարի շարունակ նրանք ականատես էին լինում բժշկումների ու հրաշքների, լսում էին առակներ և ուսուցումներ ամենակարևորի մասին, սովորում էին աստվածային ճշմարիտ սիրով սիրել ու ներել թշնամիներին: Երեք տարի նրանք միասին էին և որքան էլ լսում էին, որ մի օր գալու է բաժանման անխուսափելի պահը, միևնույն է՝ պատրաստ չէին կորցնել իրենց սիրելի Հովվին:

Սիրելիի կորստի ցավն ամենադաժանն է մարդուն պատահած բոլոր ցավերի մեջ: Ծնողի կորստից հետո մարդը մոլորվում է, որբանում՝ որ տարիքում էլ, որ դա պատահի: Զավակի կորուստը մահացու հարված է հասցնում ծնողի ուղիղ սրտին և զրկում ապրելու ցանկությունից: Սիրած մարդու կորստով դատարկվում է ողջ աշխարհը, խամրում են գույներն ու կյանքը դառնում է անգույն: Աստծուն կորցնելիս այդ բոլոր ցավագին զգացումները միավորվում են:

Ադամն առաջին մարդն էր, ով զգաց այդ ցավը, երբ կորցրեց սիրելի Արարչի հետ կապը: Այդ պահից ի վեր կորուստը դարձավ մարդու կյանքի անբաժանելի մասը: Մարդը նախ իր Արարչի, իրեն կյանք պարգևողի կենդանի ներկայությունը կորցրեց, և դրանից հետևեց սեփական կյանքի և մյուս արարածների կորուստը: Քրիստոսի աշակերտներին էլ չէր շրջանցելու կորստի անխուսափելի ցավը, եթե խաչելությունից հետո Նրա լուսապայծառ հարությունը չլիներ, և համբարձմանը չհաջորդեր շնորհառատ հոգեգալուստը: «Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:7): Տիրոջ հայտնած այս սքանչելի լուրն էր հնչում առաքյալների սրտերում՝ Ձիթենյաց լեռան բարձունքից դեպի երկինք համբարձվող իրենց սիրելի Վարդապետին նայելիս, և ցրում այնտեղ կուտակված տխրության ամպերը: Առաքյալները մեկ անգամ չէ, որ արդեն համոզվել էին Հիսուս Քրիստոսի խոսքերի ճշմարտացիությանը, ուստի, Նրա խոստմամբ զորացած և Նրա պատվիրանին հնազանդ՝ վերադարձան Երուսաղեմ և ինչպես Գործք Առաքելոցում է նկարագրվում «Սրանք բոլորը, միասիրտ, հարատևորեն աղոթքի մեջ էին կանանց և Հիսուսի մոր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ» (Գործք 1:14) մինչև որ Սուրբ Երրորդության երրորդ անձը՝ Սուրբ Հոգի Աստված գար որպես Մխիթարիչ:

Աստծո Խոսքը պատմում է մեզ, որ Աստծո հոգին ներկա էր աշխարհի ստեղծման առաջին իսկ պահից և լիարժեք մասնակիցն էր ողջ արարչագործության (Ծննդ. 1:2): Աստծո հոգու ներկայությունը հիշատակվում է Դատավորաց գրքում (3:10), Եսայու մարգարեության մեջ (63:10, 14), Սողոմոնի իմաստության (1:7) և Հոբի գրքերում (33:4), Դավթի սաղմոսներում (138:7) և այլն, և այլն… Այսինքն, սիրելինե՛ր, Սուրբ Հոգին, ինչպես և Հայրն ու Որդին հավասարապես ներկա են բոլոր ժամանակներում, բայց Սուրբ Երրորդության անձերից յուրաքանչյուրը բացահայտում է Իր գործունեությունը՝ համաձայն աստվածային ծրագրի: Հայրն ուղարկեց Որդուն՝ որպես Փրկիչ, Որդին էլ՝ Սուրբ Հոգուն՝ որպես օգնական և մխիթարիչ: Եվ Քրիստոսի համբարձումից տասը օր անց, հրեական Պենտեկոստեի օրը Սիոն լեռան վրա գտնվող վերնատանը Սուրբ Հոգին հայտնվեց բոլորովին այլ կերպ, քան առաջներում էր եղել: Նա հայտնապես գործեց իր ողջ զորությամբ՝ հողմաձայն հայտնվելով և բոցեղեն լեզուների տեսքով նստելով ներկաների վրա:

Քրիստոսի մարդեղացմամբ և զոհագործությամբ բացվեցին Երկնային Արքայության դարպասները, և հիմքը դրվեց մարդկության փրկագործության: Սուրբ Հոգու գալստյամբ ամրագրվեցին Տիրոջ խոստումները և փրկչական ծրագիրը պիտի շարունակվի մինչև ժամանակների լրումը: Սուրբ Հոգու էջքով առաքյալները դադարեցին այլևս պարզ ու հասարակ մարդիկ լինելուց: Նրանց հոգիներում հավիտենական բնակություն հաստատեց աստվածային սիրո հուրը, որով առաքյալները սրբվեցին, մաքրագործվեցին, թրծվեցին ու զորացան և այդ զարմանահրաշ պահից ի վեր դարձան քրիստոնեական հավատի բոցավառ ջատագովները: Քրիստոս աշխարհին բերեց Աստծո Արքայության բարի լուրը, Սուրբ Հոգու զորությամբ առաքյաներն ու աշակերտներն այդ ավետիսը տարածեցին ամբողջ աշխարհում: Մարտիրոսները, Սուրբ Հոգով զորացած, վկայեցին միակ ճշմարիտ Աստծո մասին իրենց դահիճների առջև և անթառամ պսակների արժանացան իրենց զորացնողի կողմից: Սուրբ Հոգու անոթներ դարձած առաքյալների գրվածքներով ամբողջացավ Աստծո Խոսքն ու տրվեց մարդկանց՝ իբրև ուղեցույց և փարոս աշխարհի մոլորեցնող լաբիրինթոսում: Սուրբ Հոգու ներկայությամբ հաստատվեցին Քրիստոսահիմն եկեղեցու հիմքերը, ու նրա սյուներն անսասան են մնում՝ անկախ աշխարհում տեղի ունեցող վայրիվերումներից: Սուրբ Մկրտության խորհրդի ժամանակ Սուրբ Հոգու միջոցով սրբվում ենք ադամական մեղքից, որի համար Քրիստոս Իր սուրբ արյամբ վճարեց: Այսինքն, սիրելի՛ հավատացյալներ, Սուրբ Հոգու միջոցով Քրիստոս շարունակում է այցելել մեզ, բնակվել ու գործել մեր սրտերում: Եվ մեր խնդիրը՝ որպես քրիստոնյաներ, որպես Երկնային Հոր որդեգիր զավակներ, Քրիստոսին որպես կյանքի կենտրոն ունեցողներ, մեր սրտերն ու հոգիները մաքուր պահելն է, ինչպես որ սուրբ առաքյալներն էին Վերնատանը հարատև աղոթքով անում, որպեսզի Սուրբ Հոգին չխորշի դրանց աղտոտությունից, այլ մաքուր ու պատրաստ տեսնի՝ Իր աստվածաբույր շնորհները բաշխելու համար: Եվ ինչպես Վերնատանն Աստծո Հոգու էջքն առաքյալների վրա ինքնանպատակ չէր, այլ, որպեսզի կատարվի տերունական այն խոսքը, թե՝ գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը: Այնպես էլ այսօր, Սուրբ Մկրտության և Սուրբ Պատարագի ժամանակ ստացած Սուրբ Հոգու շնորհները պետք է ուղղվեն ի փառս Ամենակալի և Նրա սուրբ անվան: Քանի որ Քրիստոսի հետևորդ լինելը նշանակում է, որ Սուրբ Հոգին մեր սրտերին էլ է դիպչել, խոսել է դրանց հետ, մխիթարել ու հավատ ներշնչել: Այն մշտապես ուղղորդում է մեզ զղջման ու ապաշխարության, ուղղորդում է դեպի նոր կյանք Քրիստոսով, մղում մշտական հոգևոր աշխատանքի՝ մեր տկարություններն ու կրքերը հատելու համար: Արդ, սիրելինե՛ր, եթե տարեցտարի նշում ենք Հոգեգալստյան տոնն ու սուրբ առաքյալների հետ կիսում նրանց հոգևոր ուրախությունը, եթե մեր հոգիներում անապական մի կղզյակ է գտնվում Սուրբ Հոգու շնորհների համար, ապա շտապենք մեր ստացած շնորհներով, աստվածային սիրով ու բարի լուրով կիսվելու մեր կյանքի ճանապարհին հանդիպող մարդկանց հետ: Մեր առաքինի ու բարեպաշտ, Աստծո պատվիրաններին հնազանդ կյանքերով փառավորենք Ամենասուրբ Երրորդությանը, և միասնաբար աղաչենք Ամենակալին, որպեսզի Իր անհուն ողորմածությամբ և գթությամբ մեզ էլ բաժին հանի Սուրբ Հոգու շնորհներից և ուղղորդի մեր հոգիները դեպի հավիտենական փրկություն: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

20.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․