19 Դեկտեմբեր, Եշ
- Հա՛յր, հոգևոր կյանքով ապրող աշխարհականները հոգնում են աշխատավայրում և երեկոյան տուն վերադառնալով, ի վիճակի չեն լինում երեկոյան աղոթքները կարդալու: Դրա պատճառով էլ տանջվում են:
- Եթե նրանք ուշ երեկոյան հոգնած են տուն վերադառնում, ապա կարիք չկա հոգեկան տագնապով իրենց մաշելու: Պետք է նախանձախնդրությամբ ինքդ քեզ ասես. «Եթե չես կարող ամբողջությամբ կարդալ, ապա կեսը կամ մեկ երրորդը կարդա»: Եվ հաջորդ անգամ պետք է ջանալ շատ չհոգնել ցերեկը: Պետք է հնարավորինս նախանձախնդրությամբ ծառայություն մատուցել և ամեն ինչում վստահել Աստծուն: Իսկ Աստված Իր գործը կանի: Միտքը միշտ պետք է Աստծուն մոտ գտնվի: Դա ամենալավ բանն է:
- Հա՛յր, իսկ չափազանց խստակեցությունն ի՞նչ գին ունի Աստծու աչքին:
- Եթե այն նախանձախնդրությունից մղված է արվում, ապա և՛ մարդն ինքն է ուրախանում, և՛ Աստված է ուրախանում Իր նախանձախնդիր զավակով: Եթե մարդ սիրով է իրեն նեղություն պատճառում, ապա դրանից մեղր է ծորում նրա սրտում: Իսկ եթե եսասիրությունից դրդված է իրեն նեղում, ապա դա տանջանք է բերում նրան: Մի մարդ, որ եսասիրությամբ էր խիզախումների գնում ու անհանգիստ հոգով նեղություններ կրում, մի անգամ ասաց. «Ի՜մ Քրիստոս, դարպասները, որ կանգնեցրիր, չափազանց նեղ են: Չեմ կարող դրանց միջով անցնել»: Բայց եթե նա խոնարհությամբ խիզախեր, ապա այդ դարպասները նրա համար նեղ չէին լինի: Նրանք, ովքեր պահքերի, հսկումների և այլ խիզախումների ժամանակ եսասիրությամբ են գործում, իրենք իրենց տանջում են՝ առանց հոգևոր օգուտ ստանալու, որովհետև «օդ են կրակում», այլ ոչ թե՝ դևերին: Դիվական գայթակղություններն իրենցից վանելու փոխարեն, ավելի մեծ քանակությամբ են ընդունում դրանք և որպես հետևանք՝ բազմաթիվ դժվարությունների են հանդիպում իրենց խիզախումների մեջ, զգում են, թե ներքին անհանգստությունն ինչպես է նրանց խեղդում: Իսկ այն մարդիկ, ովքեր մեծ խոնարհությամբ և առ Աստված մեծ վստահությամբ են ճգնում, նրանց սիրտն ուրախանում է և հոգին՝ թևեր առնում:
Հոգևոր կյանքը ուշադրություն է պահանջում: Երբ հոգևոր մարդիկ որևէ բան փառասիրությամբ են անում, նրանց հոգում դատարկություն է մնում: Նրանց սիրտը չի լիանում, թևեր չի առնում: Որքան շատ են ավելացնում իրենց փառասիրությունը, այնքան նրանց ներքին դատարկությունը մեծանում է և ավելի են տառապում: Այնտեղ, որտեղ հոգեկան տագնապ ու հուսահատություն կա՝ դիվական հոգևոր կյանք է: Ոչ մի բանի համար հոգեպես մի՛ անհանգստացեք: Հոգու տագնապը սատանայից է գալիս: Հոգու տագնապ տեսնելիս՝ իմացեք, որ բանսարկուն է այնտեղ ամեն ինչ իր պոչով խառնել: Սատանան մեզ հակառակ չի գնում: Եթե մարդ հակված է որևէ բանի, ապա սատանան նրան դրդում է հենց այդ ուղղությամբ շարժվելու, որպեսզի ուժասպառ անի ու գայթակղեցնի: Օրինակ՝ զգայուն մարդուն չափազանց նրբազգաց է դարձնում: Եթե ճգնավորը հակված է երկրպագություն կատարելու, ապա սատանան նրան դրդում է իր ուժերից վեր երկրպագություններ կատարելու: Ու եթե ուժերդ սահմանափակ են, ապա նախ՝ որոշակի նյարդայնություն է առաջանում, որովհետև տեսնում ես, որ ուժերդ բավարար չեն, այնուհետև՝ սատանան քեզ հոգեկան անհանգստության մեջ է դնում՝ նախ՝ հուսահատության թեթև զգացումով, ապա՝ այդ վիճակն ավելի ու ավելի է խորացնում… Հիշում եմ իմ վանականության սկիզբը: Մի որոշ ժամանակ, հենց պառկում էի քնելու, բանսարկուն ինձ ասում էր. «Ինչ է, քնո՞ւմ ես: Վե՛ր կաց: Այնքան մարդիկ են տառապում, այնքան մարդկանց է պետք օգնել»… Ես վեր էի կենում ու որքան կարողանում էի՝ երկրպագություն էի կատարում: Բավական էր կրկին պառկեի, ինչպես նորից սկսում էր. «Մարդիկ տառապում են, իսկ դու քնո՞ւմ ես: Վե՛ր կաց»: Եվ ես կրկին վեր էի կենում: Այնտեղ հասա, որ մի օր ասացի. «Որքա՜ն լավ կլիներ, որ ոտքերս թուլանային: Այնժամ հարգելի պատճառ կունենայի երկրպագություն չանելու»: Նման փորձության մեջ լինելով՝ հազիվ դիմացա Մեծ Պահքին, որովհետև փորձում էի ուժերիցս վեր նեղություններ կրել:
Եթե ճգնելիս հոգեկան տագնապ ենք զգում, ապա պետք է գիտակցենք, որ ճգնելու մեր կերպն Աստծուց չէ: Աստված բռնակալ չէ, որ շնչահեղձ անի մեզ: Յուրաքանչյուր ոք պետք է նախանձախնդրությամբ և իր ուժերի ներածին չափով ճգնի: Պետք է քո մեջ նախանձախնդրության զգացում մշակես, որպեսզի Աստծու հանդեպ ունեցած մեր սերն աճի: Այդ դեպքում նախանձախնդրությունը մարդուն կդրդի խիզախելու, և այդ խիզախումը՝ երկրպագությունները, պահքերը և այլն, կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ նրա սիրո զեղումը: Եվ այնժամ նա հոգևոր արիությամբ առաջ կընթանա:
Հետևաբար, կարիք չկա հիվանդագին սխոլաստիկությամբ խիզախելու, որպեսզի հետո, մտքերից պաշտպանվելով, շնչահեղձ լինել հոգեկան տագնապի պատճառով: Ո՛չ, անհրաժեշտ է պայքարն ավելի պարզ դարձնել և Քրիստոսին հուսալ, այլ ոչ թե՝ ինքդ քեզ: Քրիստոսն ինքը սերն է, բարությունն ու մխիթարությունը: Նա երբեք շնչահեղձ չի անում մարդուն: Նա լիությամբ ունի հոգևոր թթվածինը՝ աստվածային մխիթարությունը: Հոգևոր նուրբ աշխատանքը մի բան է, իսկ հիվանդագին սխոլաստիկությունը, որ արտաքին խիզախումի դրդող անմիտ ստիպողականության պատճառով հոգեկան տագնապով խեղդում է մարդուն ու գլուխը ցավից «պայթեցնում»՝ բոլորովին այլ բան:
- Հա՛յր, իսկ եթե մարդ իր էությամբ այնպիսին է, որ չափազանց շատ է մտածում, ու բազմաթիվ մտքերը ճնշում են գլուխը, ապա այս կամ այն խնդրին ինչպե՞ս պետք է վերաբերվի, որպեսզի ուժասպառ չլինի:
- Եթե մարդ իրեն հասարակ է պահում, ուժասպառ չի լինում: Բայց եթե նույնիսկ մի փոքր եսասիրություն է խառնվում, ապա նա լարվում է և ուժասպառ լինում՝ վախենալով սխալվելուց: Դե լավ, ասենք ինչ-որ սխալ է գործել, դե մի քիչ կհանդիմանեն նրան, սարսափելի ոչինչ չկա դրանում: Այն վիճակը, որի մասին հարցնում ես, կարող է արդարացվել, օրինակ, այն դատավորի դեպքում, ով անընդհատ խճճված գործերի է հանդիպում և վախենում է սխալ դատավճիռ կայացնելուց ու անմեղ մարդկանց պատժելու պատճառը լինելուց: Իսկ հոգևոր կյանքում գլխացավն այն ժամանակ է առաջանում, երբ որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը չգիտի՝ ինչպես վարվել, որովհետև այնպիսի որոշում պետք է կայացնի, որը որևէ մեկի շահերը կոտնահարի, իսկ եթե չկայացնի, ապա անարդարացի կվարվի ուրիշ մարդկանց նկատմամբ: Նման մարդու խիղճը մշտական լարվածության մեջ է գտնվում: Ահա այդպիսի բաներ, քո՛ւյր իմ: Իսկ դու ուշադիր եղիր, որպեսզի հոգևոր առումով գործելիս ոչ թե ուղեղով, այլ սրտով առաջնորդվես: Եվ առանց Աստծու հանդեպ ունեցած խոնարհ վստահության՝ հոգևոր գործեր մի՛ գործիր: Հակառակ դեպքում կսկսես անհանգստանալ, գլուխդ հոգնեցնել և հոգեպես քեզ վատ զգալ: Սովորաբար հոգեկան անհանգստության տակ անհավատությունն է թաքնված, բայց նաև կարող է հպարտության հետևանք լինել:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը