Գրքեր

«Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»

«Հոգւո՛վ գնացեք և զցանկութիւն մարմնոյ մի՛ կատարեք»:

«Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք» (Գաղատացիներ 5:16):

Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու.

Կյանքում ամենամեծ ուշադրության կարիք ունեցողը մեր հոգին է, որը յուրաքանչյուրիս հոգածության ներքո է: Յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն ու զբաղմունքներն ունի, սակայն մարդու հոգին նույնպես կարիք ունի իրենով զբաղվելու և իր սնունդն է պահանջում: Կյանքը մեզ տարբեր իրավիճակների մեջ է դնում՝ ամուսնություն, աշխատանք կամ աշխատանքի կորուստ, պաշտոնի բարձրացում, հարազատի կորուստ, հիվանդություն, հարստություն, աղքատություն, դավաճանություն, կեցության միջավայրի փոփոխություն, եկամտի նվազում կամ ավելացում, որոնք բոլորն էլ հոգու համար յուրօրինակ փորձություններ են և կարող են նպաստել հավատքից հեռանալուն կամ գոռոզամտության, հուսահատության, հիասթափության, վախի ձեռքբերման, կամ էլ հակառակը՝ դեպի Աստված դառնալուն,  զգոնության և զգաստության, լավ ընկերների ու բարեկամների ձեռքբերմանը և այլն:  Նոր պայմանները միշտ էլ նոր հարցեր ու խնդիրներ են առաջ բերում մարդու համար և նպաստում նրա մեղքերի կամ առաքինությունների դրսևորմանը: Ուստի հոգին մշտապես ուշադրության և հոգածության կարիք ունի, որովհետև եթե խնամք չտարվի, անհայտ են նոր իրադրության հետևանքները հոգու մեջ: Իսկ հոգու խնամքը առաջին հերթին մկրտությունն է, որ մարդիկ, մոռանալով իրենց կամ իրենց երեխաների հոգու փրկության մասին, երբեմն տարբեր պատճառներով հետաձգում են այն: Հոգու խնամքը պատարագի մասնակցությունն է, Սուրբ Հաղորդություն ստանալը, խոստովանությունն ու ապաշխարությունը, Աստվածաշնչի ընթերցումը և աղոթքը: Եթե մարդը չկարևորի աղոթքը, հոգին կմնա բարձիթողի վիճակում: Ինչպես մեր մարմինը սննդի և հագուստի կարիք ունի, այնպես էլ մեր հոգին հոգածության կարիք ունի: Բայց ոչ ինքնանպատակ, այլ հենց մեր իսկ փրկության համար:

Աշխարհում ամեն ինչ արվում է, որպեսզի մարդը կենտրոնանա մարմնի վրա. հագուստը լինի նորաձև, տունը հարմարավետ լինի՝ անհրաժեշտ իրերով ու պարագաներով շրջապատված, արդի հեռախոսներով ու համակարգիչներով ապահովված, հնամաշ իրերը փոխարինվեն նորերով, հանգիստը ժամանակին կազմակերպվի, կերակուրը լինի օգտակար և սննդարար: Բայց չէ՞ որ հոգին էլ իր խնամքն է պահանջում: Եվ ինչպես մարմնի խնամքից հետո այն գեղեցկանում է, այնպես էլ հոգին իր խնամքից հետո լուսավորվում է Աստծու լույսով, ձեռք է բերում Աստվածային առաքինություններ, մոտենում է սրբությանը, ազատվում է վատ սովորություններից, զարդարվում է քրիստոնեական բարոյականության սուրբ հատկանիշներով և դառնում է քրիստոնեական արժեհամակարգի կրողը:

Սուրբ Գրքի ընթերցումը զուտ գեղարվեստական գրքի ընթերցանություն չէ: Ավետարանը և առաքյալների նամակները մարդու հոգու դաստիարակն են: Շատ հաճախ մարդիկ չեն ցանկանում Սուրբ Գրքով առաջնորդվել, հրաժարվում են իրենց հոգին վստահել և հանձնել Աստվածային լույսի ճառագայթներին, որոնք այրում են մարդկային հոգու մեղքերը և լուսավորում են, լցնում սիրով և ջերմությամբ: Սուրբ Գիրքը Աստծու կամքի արտահայտությունն է, որի իրագործումը կյանքում պիտի հանգեցնի մարդու փրկությանը: Աստված կամենում է մարդու բարին, բայց հաճախ կարծում ենք, թե մեր կամքով շարժվելով՝ մենք մեր օգուտն ու վնասը ավելի լավ ենք հասկանում և ավելի շատ ենք կամենում մեր բարիքը, քան Աստված: Սակայն Աստծուց ավելի մենք մեզ սիրել և բարիք կամենալ չենք կարող: Դա է վկայում այն, որ Աստծու սերը, հոգածությունն ու դաստիարակությունը, խրատները մեզ վատը չեն դարձնում, վատ իրավիճակի մեջ չեն դնում, չեն փչացնում մեր հոգիները, ինչպես դա կարող են անել սեփական կամքի կատարումը, միայն սեփական անձի մասին մտածելը, սեփական ցանկություններին տուրք տալը: Ինչպես եղավ անառակ որդու պարագայում, որը ցանկացավ հեռանալ իր հորից, առանձնանալ, ապրել՝ սեփական ցանկություններին հետևելով, հագուրդ տալով իր բոլոր կրքերին: Անառակ որդին, իհարկե, ժամանակին կարողացավ հասկանալ, որ իր հոր տանը ինքն ապահովված էր, աղքատության մեջ չէր, լքված  ու անտեսված չէր, ամեն ինչ ընթանում էր իր հունով, խաղաղ և անվրդով, առանց ապագայի համար տագնապների, հոր վերահսկողությամբ, կարգուկանոնով և մտահոգվելու ոչինչ չկար: Եվ նա վերադարձավ իր հոր տուն, ներում խնդրեց և մնաց նրա մոտ: Մինչդեռ բազմաթիվ մարդիկ կյանքում սեփական ցանկություններով ու խորհուրդներով առաջնորդվելով սխալվելուց հետո անգամ Աստծու մոտ վերադառնալու, Աստծուց օգնություն հայցելու մասին չեն մտածում: Դասեր չքաղելով՝ փորձում են իրենց մտածելակերպով և հնարավորություններով, Աստծուց հեռու, լուծումներ գտնել կամ էլ կործանվում են և այլևս ոտքի չեն կանգնում:

Երբ մարդը լիովին ինքն իրեն ամեն ինչ թույլատրելի է համարում և ամեն բան անում է՝ մեղք չտեսնելով իր արարքների, քայլերի, մտքերի ու խոսքերի մեջ, հասնում է Սոդոմ-Գոմորի դուռը: Իսկ կապը Աստծու հետ, աղոթքը մշտապես օգնում են մարդուն հեռու մնալ մեղքերից, պաշտպանված լինել աշխարհային հոգեցունց իրողություններից, հոգեկան հավասարակշռությունը չկորցնել, վախից հուսահատության մեջ չընկնել, չձգտել  դեպի կործանարար երևույթները, աներևույթ թշնամու որոգայթը նկատել և հոգին զերծ պահել նրա համար վտանգավոր բաներից: Ահա թե ինչպես է մեկնում Սուրբ Հակոբոս առաքյալը աղոթքի բուժիչ ազդեցությունը տարբեր հոգեվիճակներում գտնվող մարդկանց համար. «Ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի, մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբոս 5:13-15):

Երբեմն մարդիկ Աստծուց հեռանում են անփութության, թեթևամտության կամ աշխարհը սիրելու պատճառով, ուրանում են Աստծուն և մոռանում են հոգ տանել իրենց հոգու փրկության համար՝ անիմաստ կամ սխալ համարելով քրիստոնեական հավատքն ու Աստվածային նախախնամությունը: Նման մարդկանց համար Սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է, որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը. քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և ետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց» (Բ Պետրոս 2:19-21):

Ուստի, սիրելինե՛ր, մաղթում եմ հաստատուն լինել հավատքի մեջ, հոգու համար հոգ տանել, որպեսզի հետևանքները հոգեկործան չլինեն: Հոգին ավելին է, քան մարմինը, նախանձախնդիր լինենք առաջին հերթին հոգու փրկությանը և պաշտպանությանը:  

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

07.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․