22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հույս բառը, ըստ Մալխասեանցի բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. մի լավ բանի սպասելը, 2. հավանականություն, որ մի բան պիտի լինի, 3. փափագ:
Այս հոդվածի նպատակն է հույսի տեսակների օրինակներ բերել Աստվածաշնչում հիշված որոշ դեպքերից ու դեմքերից, որպեսզի մեր մտքում, սրտում և հոգում միշտ հույսի ճրագը վառած մնա նույնիսկ կյանքի դժվար պայմաններում: Միշտ հիշենք, որ Աստվածաշնչում շատ մարդիկ մեզանից ավելի նեղությունների մեջ գտնվեցին, բայց ոչ մի վայրկյան Սատանայի կողմից հուսահատության թակարդը չընկան:
Ֆիզիկապես սնվելու հույսը: Ֆիզիկապես սնվելու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք Իսրայելի ժողովրդի կյանքում, երբ Աստված երկնքից մանանա և լորամարգիներ ուղարկեց Սինայի անապատում գտնվող՝ Բարձյալի դեմ դժգոհած Իսրայելի ժողովրդին (Ելք. 16): Իսրայելի որդիների թիվը, որ Եգիպտոսից դուրս եկան Աստծու զորությամբ, շուրջ երկու միլիոն էր, որովհետև տղամարդկանց թիվը միայն վեց հարյուր հազար էր. «Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ» (Ելք 12:37): Ուստի Ամենակերակրիչ Աստված այդ մեծ թվով ժողովրդին քառասուն տարի կերակրեց անապատում:
Ֆիզիկապես բժշկվելու հույսը: Ֆիզիկապես բժշկվելու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք այն կնոջ կյանքում, որը տասներկու տարի ի վեր արյունահոսությունից տառապելուց հետո տեսավ բժիշկների բժշկին՝ Քրիստոսին, դիպավ Նրա զգեստի քղանցքին և նույն ժամին բժշկվեց (Մատթ. 9:20–22, Մարկ. 5:25–34, Ղուկ. 8:42-48):
Ֆիզիկական փրկության հույսը: Ֆիզիկական փրկության հույսի օրինակներից մեկը տեսնում ենք Դանիել մարգարեի կյանքում, երբ նրան բերեցին ու նետեցին առյուծների գուբը՝ Դարեհ թագավորի հրամանով, որովհետև պաշտում էր ճշմարիտ Աստծուն՝ մերժում էր թագավորի կողմից վավերացված նոր օրենքը. «Եթե մեկը մինչև երեսուն օր որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛, նետվի առյուծների գուբը» (Դան. 7:7), որ նախանձոտ և հեթանոս զորավարների, նախարարների, իշխանների ու կուսակալների կողմից պատրաստվեց՝ աստվածասեր Դանիելից ազատվելու համար: Ուստի, Դանիելը գտնվում էր մահվան դիմաց, որովհետև մի կողմից գուբի մեջ կային առյուծներ, և մյուս կողմից գուբի վրայի վեմը կնքված էր թագավորի և մեծամեծների մատանիներով (Դան. 7:17): Ամենազոր Աստված ֆիզիկապես փրկեց մարգարեին, երբ Իր հրեշտակին ուղարկելով՝ խցանեց առյուծների բերանները. «Եվ Դանիելն ասաց արքային. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր. իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին և խցանեց այս առյուծների բերանները, և չվերացրին ինձ» (Դան. 7:21-22):
Ծննդաբերելու հույսը: Ծննդաբերելու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք Սառայի կյանքում: Սառան ոչ միայն ամուլ էր. «Սարան ամուլ էր և չէր ծնում» (Ծննդ. 11:30), այլ նաև կորցրել էր ծննդաբերելու կարողությունը. «...․քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը» (Ծննդ. 18:11), սակայն Աստծու զորությամբ նա հղիացավ ու Աբրահամի համար որդի ծնեց իննսուն տարեկանում (Ծննդ. 17:15–17, 21:1-5):
Բանտից ազատագրվելու հույսը: Բանտից ազատագրվելու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք Հովսեփ Գեղեցիկի կյանքում: Հովսեփը բանտարկվեց իր տիրոջ՝ Պետափրեսի կնոջ զրպարտական խոսքերի պատճառով (Ծննդ. 39:14-20): Սակայն շուրջ երկու տարի հետո Հովսեփը բանտից դուրս եկավ և ամբողջ Եգիպտոսի վրա կառավարիչ կարգվեց, որովհետև Աստծու օգնությամբ մեկնեց փարավոնի տեսած երկու երազը (Ծննդ. 41):
Պատերազմում հաղթելու հույսը: Պատերազմում թշնամուն հաղթելու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք Դավիթի կյանքում: Դավիթը՝ այդ խարտյաշ ու սիրուն աչքեր ունեցող փոքրիկը, որ Հեսեեի ութ որդիներից ամենափոքրն էր, Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով հարձակվեց Իսրայելի թշնամու բանակի ախոյանի՝ գեթացի Գողիաթի վրա, առավ մի քար և այն պարսատիկով նետեց Գողիաթի վրա: Այդ հսկա Գողիաթը, որի հասակի բարձրությունը վեց կանգուն և մեկ թիզ էր (մոտավորապես 295 սմ), և որը հագել էր հինգ հազար սիկղի (մոտավորապես 50 կգ) քաշով երկաթե շղթայագործ զրահ, երեսնիվայր ընկավ գետնին, որովհետև Դավիթի նետած քարը մտել էր նրա ճակատը: Վերջում Դավիթը գլխատեց Գողիաթին (Ա Թագ. 17):
Հոգու փրկության հույսը: Հոգու փրկության հույսի օրինակներից մեկը տեսնում ենք ավազակ (Մատթ. 27:44), չարագործ (Ղուկ. 23:32) Դիսմասի կյանքում: Նա Քրիստոսի աջ կողմում գտնվող խաչված անձն էր, որ սկզբում նախատեց Քրիստոսին, սակայն կարճ ժամանակ հետո.
Քրիստոս խոստացավ Դիսմասին, որ վերջինս լինելու է դրախտում՝ ասելով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43):
Ապրուստի կամ եկամտի հույսը: Ապրուստի հույսի օրինակներից մեկը տեսնում ենք Պետրոս առաքյալի և նրա եղբոր՝ Անդրեասի կյանքում: Նրանք ամբողջ գիշեր չարչարվեցին և ոչ մի ձուկ չբռնեցին: Նրանք գործադրեցին Քրիստոսի հրահանգը. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար» (Ղուկ. 5:4), և «Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։ Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան» (Ղուկ. 5:6-7):
Փորձություններից հաղթական դուրս գալու հույսը: Փորձություններից հաղթական դուրս գալու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք հայր Աբրահամի կյանքում: Աստված հրահանգեց Աբրահամին՝ ասելով. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ» (Ծննդ. 22:2): Մարդկային մոտեցումով այդ փորձությունը շատ դժվար էր, որովհետև Աբրահամը և իր կինը՝ Սառան, Աստծու օրհնությամբ է, որ իրենց խոր ծերության մեջ ունեցան մի որդի՝ Իսահակին, իսկ հիմա Բարձյալը հրահանգում է, որ այդ ուխտի որդին՝ Իսահակը, մատուցվի որպես ողջակեզ: Աբրահամը հաղթական դուրս եկավ այդ փորձությունից, երբ կատարեց Տիրոջ ասածները՝ եկավ այն տեղը, որ Աստված ասել էր, փայտե զոհասեղան շինելով՝ Իսահակին կապեց դրա վրա, և նույնիսկ երկարեց ձեռքը, որ վերցնի դանակը և զոհի իր որդուն՝ Իսահակին: Սակայն, Տիրոջ հրեշտակը երկնքից հրահանգեց Աբրահամին, որ ձեռք չտա պատանուն, և նաև ասաց. «Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին, քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը, որովհետև անսացիր իմ ձայնին» (Ծննդ. 22:16-18)։
Մարդկանց դարձի բերելու հույսը: Մարդկանց դարձի բերելու հույսի օրինակներից մեկը տեսնում ենք «Գործք առաքելոց» գրքում, երբ մի օրվա մեջ երեք հազար հոգի ընդունեցին քրիստոնեությունը և մկրտվեցին առաքյալների ձեռքով. «Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան» (Գործք 2:41):
Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ. Պատրիարքը, խոսելով հույսի մասին, ասում է. «Հույսը լույսի լուսամուտ է, որ շողում է խավարից ճնշված հոգու վրա»: «Հույսը ուրախության աղբյուր է, որ մխիթարում է մռայլությունից ճնշված հոգին»: «Հույսը Սուրբ Հոգու գործն է մարդու սրտում: Նա մխիթարում է մեզ հույսով»:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր