Ինքնագործուն աղոթք

- Հա՛յր, մեզ որևէ բան ասեք ինքնագործուն աղոթքի մասին:

- Ինքնագործուն աղոթք ձեռք բերած մարդը չի ջանում աղոթել, այլ աղոթքն ինքն է նրա մեջ հնչում առանց նրա կողմից որևէ ջանք գործադրելու: Անգամ երազում է աղոթում և արթնանալիս էլ աղոթքը շարունակվում է: Դրա համար էլ Սուրբ Գրքի «Երգ երգոց»-ում ասվում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է» (5:2):

Աթոսում մի բանվոր կար, որ շատ էր աշխատում՝ երեքի փոխարեն և այդ պատճառով էլ հայրերը նրան կրկնակի էին վճարում: Երբեմն նա Սուրբ Խաչի իմ խուցն էր գալիս: Մի անգամ ասացի նրան. «Աշխատելիս աղոթիր, որպեսզի արածդ աշխատանքը սրբագործվի»: Նա պարզասրտությամբ ընդունեց ասածս և աղոթելը սովորություն դարձրեց: Մի օր ինձ մոտ եկավ ու ասաց. «Քնած ժամանակ էլ եմ աղոթք ասում: Եվ արթնանալիս էլ այն շարունակվում է: Հոգումս ուրախություն եմ զգում»: «Քաղցրանուշ արշալույսը ծագեց»,- ասացի նրան: Աշխարհիկ մարդ է, իսկ ինչպիսի՜ վիճակի է հասել:

- Հա՛յր, ինքնագործուն աղոթք ունեցող մարդը կրքերից ազատվե՞լ է:

- Դե-հ, լավ վիճակի է հասել:

- Իսկ ինչպե՞ս ինքնագործուն աղոթքի հասնել:

- Երբ մարդ գիտակցում է իր մեղանչական լինելը և մշտապես հիշում սեփական երախտամոռության մասին, այնժամ հոգին պատվախնդրորեն տանջվում է, և նա խոնարհությամբ խնդրում է Աստծու ողորմությունը: Եվ ապա առանց նրա կողմից հատուկ ջանքերի, աղոթքը սկսում է ինքն իրեն գործել նրանում:

- Նա դա զգում է որպես անհրաժեշտությո՞ւն:

- Ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ արդեն սովորություն է դառնում: Մարդու մեջ հարատև աղոթքի բարի սովորություն է մշակվում նրա գործած ջանքերից:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

04.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․