19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Ժամանակը Քրիստոսից առաջ և հետո

«Ժամանակի ըմբռնումը հեթանոսության, վաղ քրիստոնեության և արդի ժամանակաշրջաններում» թեմայի շուրջ էր դեկտեմբերի 14-ի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:  Օրվա բանախոսը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողուհի Աստղիկ Գասպարյանը, երիտասարդներին ներկայացրեց, թե ժամանակն ինչպիսի զարգացում է ապրել Քրիստոսից առաջ և հետո:

Բանախոսը, անդրադառնալով հեթանոսության ժամանակաշրջանի մարդկանց, նշեց, որ նրանք ժամանակի մասին լիարժեք պատկերացում չկազմելով, չեն արժևորել այն: Նրանք ավելի շուտ ըմբռնել են տարածությունը, քան ժամանակը: Այդ շրջանում ժամանակը ցիկլային բնույթ է ունեցել և իրենից ներկայացրել է որպես ներփակ հասկացություն.  որտեղից սկսվել է, այնտեղ էլ ավարտվել է: Մարդիկ չէին պատկերացնում այդ սահմանից դուրս զարգացում և առաջընթաց:

Քրիստոսից հետո ժամանակը հետևյալ փոփոխությունները կրեց՝ Քրիստոսի ծննդյան, Նրա կյանքի և գործունեության հետ կապված ժամանակագրական տեղեկությունները կոնկրետ և հստակ են: Քրիստոսի ծննդյամբ ժամանակը գծային բնույթ՝ վեկտորի տեսք ստացավ: Մինչ Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանը մարդիկ համարել են Նրա գալստյան նախապատրաստական ժամանակաշրջան, իսկ ծնունդից հետո՝ Նրա երկրորդ Գալստյան պատրաստության շրջան: Քրիստոնեության շնորհիվ ցիկլային պատկերացումն իր տեղը զիջեց գծային պատկերացմանը, ինչը մարդիկ աստիճանաբար ընկալեցին:

Բանախոսը ներկայացրեց նաև վաղ միջնադարյան ժամանակաշրջանի պատկերը Հայաստանում. «Մարդիկ ինչ-որ չափով սկսեցին արժևորել ժամանակը՝ այն հիմնականում կապելով եկեղեցու հետ, որտեղ ծիսակատարությունները կատարվում էին կանոնակարգված ժամանակահատվածում: Այդ պատճառով միջնադարում ժամանակի հաշվման բարդությունը եկեղեցին էր կրում և զուր չէ, որ «եկեղեցի» բառն ասոցացվել է «ժամ» բառի հետ: Գնանք ժամ, այսինքն՝ գնանք ծիսակատարության: Հետագայում ժամանակը որոշելու համար եկեղեցիներին կից կառուցվեցին զանգակատներ»:

Այնուհետև ժամանակաշրջանը թևակոխում է վաճառականների ժամանակաշրջանը, որի ընթացքում ագրարային հասարակարգը քայքայվելով՝ իր տեղն է զիջում քաղաքային հասարակությանը: Նոր ժամանակաշրջանն այնքան արագ է զարգանում, որ ներկայումս շատ մեծ քաղաքներ չեն հասցնում ապրել, նման քաղաքներում առկա բիզնես կենտրոնները չեն հասցնում իրենց պլաններն իրագործել, իսկ մարդիկ էլ ժամանակ չունեն, քանի որ դարձել են բազմաֆունկցիոնալ:

Իր խոսքը եզրափակելով՝ Աստղիկն ասաց. «Հետագայում, թե ժամանակային ինչ փոփոխություններ կլինեն, այդքան էլ էական չէ, քանի որ մենք ապրում ենք այս ժամանակաշրջանում՝ վստահ լինելով, որ բոլոր ժամանակաշրջանների տնօրինողը Աստված է»:  

Բանախոսության ավարտին Տեր Վահանն իր խոսքն ուղղեց երիտասարդներին՝ ասելով. «Ժամանակը լայն հասկացողություն է, ինչը պետք է կարողանալ արժևորել: Արդեն Աստղիկն իր խոսքի մեջ կարևորեց, թե եկեղեցին ինչ դերակատարում է ունեցել ժամանակը շեշտելու կամ իմաստավորելու մեջ: Եկեղեցին ժամակարգություն ունի, ինչն օգնում է մեզ, որ տարբեր ժամերի աղոթքի կանգնելով՝ իմաստավորենք և արժևորենք ժամանակը: Յուրաքանչյուր ժամերգությանը հնչում է այդ ժամին համահունչ աղոթք: Քրիստոսի ծնունդից հետո վեկտորի տեսք ունեցող ժամանակը շատ կարևոր է մեզ համար: Շրջափուլից դուրս գալով՝ այժմ սլաքի ուղղությամբ առաջ ենք ընթանում, ընթացք, որ մեզ համար խրատ է և ուսուցում միևնույն տեղում չդոփելու, այլ դեպի առաջ՝ դեպի հավիտենություն ընթանալու: Աստված մեզ առաջնորդում է դեպի հավիտենականություն, բայց սահմանափակ հոգևոր գիտելիքներով, միայն «Հայր մեր» աղոթքն իմանալով և տարին մի քանի անգամ եկեղեցի գնալով և միայն մոմ վառելով՝ չենք կարող շրջափուլից դուրս գալ և սլաքի ուղղությամբ առաջ ընթանալ: Ժամանակի անվերջության մեջ Աստված մեզ ժամանակից մի կտոր է պարգևել՝ որպես սեփականություն, որ մի օր ավարտվելու է և որի համար մենք հաշիվ ենք տալու Աստծուն: Կարևոր է, որ խորհենք, թե ինչպե՞ս ենք օգտագործում այդ սեփականությունը»:  

Ժամանակի վերաբերյալ բանախոսությունն ավարտվեց Պահպանիչ աղոթքով:

 

Կարինե Սուգիկյան

 

14.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․