19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Կայծակնամաքուր Եսայի մարգարեն

Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում: Ամուսնացած էր և ըստ իր իսկ վկայությամբ, ուներ մարգարեուհի կին և զավակներ: Սուրբ Եսայու մարգարեական գործունեությունը սկսվում է Երուսաղեմի Ոզիա թագավորի մեռնելու տարին, երբ նա մի սքանչելի տեսիլք է տեսնում: Մարգարեական այդ կոչումը նկարագրված է իր գրքի մեջ: Մարգարեն տեսիլքի մեջ տեսնում է Տիրոջը՝ բարձր աթոռին նստած՝ փառաբանող սերովբեներով շրջապատված, որոնք անդադար կանչում էին միմյանց և ասում. «Սուրբ, սուրբ, սուրբ է զորությանց Տերը. Նրա փառքով լեցուն է ամբողջ երկիրը»: Նրանց ձայնի ուժգնությունից բացվում են Տաճարի դռները, և տունը լցվում է Աստծո ներկայությունը խորհրդանշող ծուխով: Եսային ասում է. «Վա՜յ ինձ, կորած եմ, որովհետև պիղծ շուրթերով մարդ եմ ես ու ապրում եմ պիղծ շուրթերով ժողովրդի մեջ, և իմ աչքերը տեսան զորաց Տեր Թագավորին»: Այդ ժամանակ սերովբեներից մեկն ունելիով վերցնում է Տիրոջ սեղանից կրակե կայծ և դիպցնում մարգարեի շուրթերին՝  դրանք մաքրագործելու համար: Սա է պատճառը, որ Եսային կոչվում է նաև կայծակնամաքուր մարգարե: Եսային լսում է Տիրոջ ձայնը և հրաման ստանում գնալու և ժողովրդին Աստծո պատգամները հաղորդելու:  

Եսային իր շուրջ վաթսունամյա մարգարեական պաշտոնով ուղղություն է տվել Երուսաղեմի չորս թագավորների՝ Հովաթամին, Աքազին, Եզեկիային և Մանասեին: Եսային կոչվում է նաև նախավետարանիչ կամ Ավետարանիչ մարգարե, որովհետև բազմաթիվ մարգարություններ է արել Մեսիայի, այսինքն՝ Տեր Հիսուսի մարդեղության ու փրկագործության վերաբերյալ: Օրինակ՝ նրա գրքում է գրված Կույսի հղիացման և Էմանուել անունով որդի ծնելու մասին, նաև Տիրոջ չարչարանքների և հարության: Նա էր ասողը. «Ահա կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի և նրա անունը Էմանուել պիտի կոչեն»: Հիսուս, երբ Նազարեթի ժողովարանում կարդաց Եսայի 61:1-3 համարները, հաստատեց, որ դրանք իրականացվել են իր վրա: Որոշ իրադարձություններ Եսային մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց:

Եսային՝ Աստվածաշնչի բարձրագույն իմացականություններից մեկը, ազնվական մարգարե է, ունի մշակված միտք, խոսում և պատգամում է վեհությամբ և ուժեղ հեղինակությամբ, ինչպես վայել է Բարձրյալի դեսպանին: Հաճախ կոչվել է «դիվանագետ» կամ «քաղաքագետ» մարգարե. հասկանում էր որքան կրոնական, նույնքան էլ քաղաքական խնդիրները: Աստծո կամքը հայտնում էր ժամանակակից միջազգային և ազգային հարցերի շուրջ: Կազմում էր Երուսաղեմի արքունի խորհուրդի պատվո մասը:

Եսայիի գիրքը պատգամների օվկիանոս է Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և ընկերային շատ ուրիշ հարցերի մասին: Նրա գիրքը օղակն է Հին և Նոր Կտակարանների միջև:

Իր մարգարեական ծառայության տարիների ընթացքում Եսային շարունակ ենթարկվում էր հալածանքների, և միայն բարեպաշտ Եզեկիա թագավորի օրոք էր, որ նա պատիվ էր վայելում և նույնիսկ արքայի մերձավոր խորհրդականն էր:

Սուրբ Եսայի մարգարեի կյանքն ավարտվում է նահատակությամբ: Ըստ եկեղեցական հնագույն ավանդության՝ նահատակվել է Մանասե ամբարիշտ թագավորի հրամանով՝ սղոցվելով:

Եսայի մարգարեին Հայ եկեղեցին հիշատակում է Վարդավառի տոնին հաջորդող հինգշաբթի օրը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

12.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․