Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության | Kendani Asttsu Ekeghecin Orpes Syun Ev Hastatutyun Chshmartutyan



Գրքեր

Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության

«Եկեղեցին ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղության մեջ էր և, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով, Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք 9:31):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօր տոնում ենք Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի եկեղեցու հիմնահաստատմանը: Աստծո տունը, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը, Կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության (Ա Տիմոթեոս 3:15): Ինչպես գրում է հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն. «Եկեղեցիները ո՛չ թագավորի պարգև են, ո՛չ ճարտարարվեստների գործ, ո՛չ իմաստունների գյուտ, ո՛չ զինվորների քաջության ավար և ո՛չ էլ դևերի ստապատիր խաբեություն. այլև ինչ էլ որ ասելու լինես երկրավորներիցս, վեհ բաներից թե վատթարներից, ոչ մի տեղ նրանցից ամենևին եկեղեցի չի ստեղծվի: Այլ Մեծ Աստծու շնորհն է այն, որ տվել է ոչ թե մարդկանցից որևէ մեկին, այլ բոլոր բանական ազգերին, որոնց վիճակված է այս արեգակի ներքո բնակվել: Նրա հիմքը դրված է հաստատուն վեմի վրա. ո՛չ ներքևինները կարող են այն շարժել և ո՛չ էլ վերևինները դրդվեցնել: Իսկ ինչ որ երկինքն ու երկիրը չեն կարող խախտել, թող մարդկանցից ոչ ոք չխրոխտա հաղթել նրան»:

Եկեղեցին հիմնվեց և հաստատվեց աշխարհում Քրիստոսի աշակերտների տիեզերական քարոզչությամբ: Համբարձումից առաջ Տերն ուղարկեց նրանց քարոզելու բոլոր ազգերին. «Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28:19, 20): Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքների ու չարչարանքների շնորհիվ դրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աներեր և անխախտ հիմքը:

Դարեր շարունակ մարդը մշտապես ելքեր է որոնել մաքրագործվելու, զանազան հոգևոր և ֆիզիկական ախտերից սրբվելու, չաստվածների բարեհաճությունը շահելու, չար ոգիներից ազատվելու և բարօրություն ապահովելու համար: Եվ այդ նպատակով նա դիմել է հմայական, ոգեպաշտական զանազան միջոցների՝ մարդկանց ու կենդանիներ զոհաբերելով: Իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար այդ ճանապարհը և փրկությունը մկրտությունն է ու վերստին ծնունդը մեր մայր եկեղեցու արգանդից և Սուրբ Հաղորդությունը, որ է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Քանզի Հիսուս ասում է. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհաննես 3:5):

Եկեղեցին երբեք մեզ չի դատապարտում մեր մեղքերի համար, այլ կոչված է մեղանչական էությունից մեզ մաքրելու, մեզ չի՛ տարորոշում իրարից, ինչպես այս աշխարհը, Աստծո սիրով ընդունում և իր պաշպանության տակ է առնում բոլորիս՝ մեծ թե փոքր, առողջ թե հիվանդ, մենք եկեղեցի մտնում ենք աղտոտված, սակայն Սուրբ Պատարագի շնորհիվ դուրս ենք գալիս մաքրագործված: Քանի որ Աստծո Որդին շարունակաբար պատարագվում է առաքելադիր և առաքելահաստատ եկեղեցիներում՝ ի փրկություն ողջ մարդկության:

Մեր Տերը եկեղեցու սպասավորների վրա դրեց կապելու և արձակելու մեծագույն շնորհը, ուստի մենք ուրախ ենք, որ կարող ենք Քրիստոսի զոհաբերությամբ և շնորհով փրկություն ստանալ և ապաշխարության ու խոստովանության միջոցով թողություն ստանալ մեր մեղքերի համար, քանի որ Ինքը Տերն է ասում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթեոս 18:18):

Եկեղեցում է մարդ վերստանում աշխարհի բովում կորցրած իր խաղաղությունն ու անդորրը, եկեղեցին զորավիգ է լինում մեզ մեր տկարություններում: «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ», – ասում է Տերը (Մատթեոս 11:28):

Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ և կատարեց մարգարեների կանխասացությունը. «Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու, և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18, 19): Ուստի Նրան հետևում էին բազում հիվանդներ, դիվահարներ՝ ակնկալելով բժշկություն, ապաքինում և փրկություն. «Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև Նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին» (Ղուկաս 6:19): Այդպես էլ Աստծո եկեղեցին է պարգևում մեզ հավատ, հույս, սեր, մկրտություն, բժշկություն, մխիթարություն:

Բազմիցս մեր հայրերի կողմից եկեղեցին նմանեցվել է Նոյյան տապանին, որտեղ մտնելով՝ Նոյն իր ընտանիքի հետ փրկվեց ջրհեղեղից: Օրվա ավետարանական ընթերցվածքում էլ պատմվում է այն մասին, թե ինչպես Քրիստոս Իր աշակերտների հետ նավակի մեջ էր, և ծովի վրա փոթորիկ է բարձրանում: Քրիստոս ննջում էր, և Նրա աշակերտները սարսափած արթնացնում են Նրան. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»: Նա վեր կացավ, սաստեց ծովին ու հողմերին, և խաղաղություն եղավ (Մատթեոս 8:23-27):

Այդպես էլ, սիրելինե՛ր, մենք պետք է ինքներս մեզ հանձնենք Քրիստոսի եկեղեցու փրկարար առաջնորդությանը, որովհետև մեր հոգիներն էլ Աստծո տաճար են, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա կորնթացիներ 3:16, 17): Մենք պետք է հետևողական լինենք մեր հոգու տաճարը և մեր մայր եկեղեցին մաքուր և սուրբ պահելու հարցում: Թույլ չտանք, որ մեր հոգին, սիրտն ու միտքը լցվեն ապականությամբ ու մեղքերով: Ջանանք պայքարել մեր հոգու տաճարի մաքրության համար: Փորձության հորձանուտում արթնացնենք մեր մեջ ննջած Քրիստոսին, որպեսզի Նա խաղաղեցնի մեր հոգին, սաստի մեր կյանքի փոթորկալից հողմերին՝ հասցնելով մեզ կենաց նավահանգիստը: 

Հայցենք Ամենակարող Աստծուց, որ հարատև կանաչ լինի սուրբ եկեղեցու պարտեզը, որպեսզի Քրիստոսի հարությամբ շարունակաբար ծաղկի և պտղաբերի, և նրանում հանգիստ փնտրողներն ու հոգու քաղցը հագեցնել ցանկացողները կարողանան ըմբոշխնել Երկնային Տիրոջ պարգևած բարիքները: Իսկ մեր հոգու տաճարը անվերջ բուրի Սուրբ Հոգու անուշահոտությամբ: 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

15.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․