Գրքեր

Խաչի քարոզությունը

«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն Ա 22-23):

Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝ Խաչի վարդապետության, այսինքն՝ անձնազոհության և, ի լրումն ամենայնի, Սիրո մեջ։ Հետևաբար, երեք կերպ մտածողներ կային։ Պողոս առաքյալը, մի կողմ թողնելով հրեաների նման՝ «նշան փնտրելու» մտածումը, և հեթանոսական իմաստությանը կառչած մնալը, շեշտում է «խաչված Քրիստոսի» քարոզության առավելությունը իր այս հակիրճ խոսքով․ «Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին»։

Որպեսզի լավ ըմբռնենք առաքյալի՝ «խաչված Քրիստոսի» քարոզության առավելությունը, նախ ուսանենք, թե ի՞նչ է նշանակում «հրեաները նշան են հայցում» խոսքը, ինչպես նաև՝ ինչ են նշանակում «և հեթանոսները իմաստություն են փնտրում» բառերը։ Հրեաները, ինչպես ամեն մի աստվածառաք մարգարեի, նույնպես և Հիսուսին հավատալու համար Նրանից պահանջում էին «երկնքից մի նշան», երկնային մի հրաշք  ցույց տալ իրենց։ Չնայած որ այդքան ժամանակ Հիսուս քարոզեց ու Իր աստվածային գործերով մխիթարություն եղավ «վաստակաբեկ ու բեռնավորված ժողովրդի» համար, սակայն այդ ժողովրդի միջից այնպիսի «տարրեր» գտնվեցին, որոնք միշտ հարցականի տակ էին թողնում Հիսուսի՝ աստվածառաք անձ լինելու հանգամանքը, և ուզում էին կասկածի ենթարկել Նրա՝ աստվածային բնություն ունենալու իրողությունը՝ առարկելով, որ մինչև Նրա ձեռքով «երկնքից մի նշան», երկնային մի հրաշք չտեսնեն, չեն կարող հավատալ, որ Նա Աստծու Որդին է։

Նրանք ասել կուզեին․ «Որպեսզի հավատանք, թե դու աստվածառաք մեկը, Աստծու Որդին ես, արա՛ այն հրաշքները, որոնք գործեցին հին մարգարեներից ոմանք, ինչպես որ Սամուելը որոտներ բերեց երկնքից (Ա Թագ․ ԺԲ 16-18), Հեսուն կանգնեցրեց արեգակն ու լուսինը (Հեսու Ժ 12), ինչպես որ Եսային հետ դարձրեց Աքազի ստվերը արեգակնային ժամացույցի վրա (Ես․ ԼԸ 8) և ինչպես որ Մովսեսը երկնքից մանանա տեղացրեց (Ելք ԺԶ 4, Հով․ Զ 31)։ Այդպիսով վերջիններս ապացուցեցին իրենց աստվածառաք մարգարեներ լինելը, նմանապես և Դո՛ւ երկնքից մի հրաշք գործիր, որպեսզի հավատանք Քեզ ու Քո աստվածային զորությանը»։ Այսպիսի մի նշան խնդրելը հայտնապես խոսում էր այն մասին, որ փարիսեցիները և փարիսեամիտ հրեաները ո՛չ հավատում էին Քրիստոսին, և ո՛չ էլ մտադրություն ունեին երբևէ հավատալու, այլ պարզապես իրենց հետաքրքրությունը բավարարելու և դիտողություն անելու ու առարկելու առիթ գտնելու մտքով էին առաջնորդվում։

«Մի՞թե այժմ էլ չկան փարիսեամիտ հրեաներ, անունով «քրիստոնյաներ», որոնք դարձյալ նշան ու հրաշք են պահանջում և չեն ուզում հավատալ Աստծուն, Հիսուսին, հոգու անմահությանը, հավիտենականությանը, աստվածային զորությանը՝ մինչև որ ըստ իրենց խելքի ու մտքի որևէ ապացույց չեն գտնում։ Այսպիսիք առհասարակ թերահավատներ են, որոնք խոհուն խորհրդածությամբ չեն քննել հոգեկան ու կրոնական վարդապետությունները, և քանի որ ուզում են կրոնական պարտավորություններից փախուստ տալ ու ամբարիշտ կյանք վարել, որևէ պատրվակով արդարացնում են իրենք իրենց ու իրենց աններելի արարքները՝ ասելով. «Չեմ հավատում կրոնին, Աստծուն․ ապացույց եմ ուզում, նշան եմ ուզում»։

Իրականությունը, սակայն, այն է, որ մեր ժամանակի հրեամիտները, հրեաների նման, չեն ուզում Հիսուսի քաղցր լուծի տակ մտնել և Նրա Ավետարանը ընդունել։ Նրանք ուզում են իրենց կարծիքով ազատ կյանք վարել, կրոնական կապերով և կանոններով էլ չկաշկանդվել։ Նրանք ուզում են սանձարձակորեն ամեն տեսակի ամբարշտություն գործել, ու հետո էլ, իրենց խղճի խայթը որևէ կերպով ամոքած լինելու համար, ասում են. «Քանի որ ներկա քրիստոնեության մեջ հրաշքը պակասում է, չենք կարող հավատալ Նրա զորությանը»։

Մեր մեջ հավատացյալներ էլ կան, որ վշտի ու տառապանքի ծանր հարվածներ կրած և անմխիթար մնացած լինելով՝ սկսել են տարակուսել Աստծու զորության վրա ու նշան փնտրել։ Նրանց կրած թշվառությունները և տեսած անարգանքները տարակույս են առաջացրել նրանց մտքում և նրանք համարձակություն են առել՝ ասելու. «Ո՜վ Աստված, եթե գոյություն ունես, ինչո՞ւ ես լուռ մնում, ինչո՞ւ ես անտարբեր գտնվում իմ կրած այս անարգանքների առջև»։ Մարդ ինքնին միտվում է հարցնելու, թե ուր էր աստվածային արդարությունը այնժամ՝ անցյալում, երբ վշտի ու սգի մատնված ժողովրդի մեծագույն մասը չարաչար կեղեքումների ու անլուր դժոխային ցավերի և կորուստների էր ենթարկվում։

Ինչո՞ւ այդժամ աստվածային սրբությունն ու բարությունը անտարբեր մնացին, ինչո՞ւ անմեղները որևէ հրաշքով ազատ չարձակվեցին, ինչո՞ւ Աստված որևէ նշանով չզարհուրեցրեց ու չսարսափեցրեց անգութ հոգիներին, ինչո՞ւ Աստված թույլատրեց, որ այդ անխղճությունները տեղի ունենային, ինչո՞ւ անտարբեր գտնվեց այդքան կեղեքումների առաջ և, վերջապես, ինչո՞ւ մի նշանով չարգելեց այդ անօրինությունները։

Սխալ է այդպիսի նշանների ու հրաշքների սպասել. Աստված երբեք Իր զորությունը նշաններով ու հրաշքներով չի հայտնում։ Աստված մեր խամաճիկը, մեր խաղալիքը չէ, որ մեր ուզած ձևով ու մեր կամեցած կերպով նշաններ ցույց տա և հրաշքներ գործի Իր արդարությունն ու ներկայությունը ապացուցելու համար։ Ամենատկար Աստվածը կլիներ Նա, եթե շարժվեր մեր՝ տխեղծ ու տկար արարածներիս «խորհրդով», կամքով ու տրամադրությամբ։

Աստծու զորությունը ապացուցվում է տիեզերքի ներդաշնակ ու կարգավորված օրենքներով. «Երկինքը պատմում է Աստծու փառքը»։ Տիեզերքում օրենքն է, որ տիրում է, և այդ օրենքից դուրս կամ վեր որևէ այլ բացառիկ օրենք գոյություն չունի։ Հիսուս Իր աստվածային լռությա՛մբ ապացուցեց դա, երբ հրեաները երկնքից նշան խնդրեցին։ Հիսուս պատասխանեց նրանց. «Չար ու շնացող ազգը նշան է խնդրում, սակայն նրանց նշան չպիտի տրվի»։ Չէր կարելի, որ Նա նշան ցույց տար և դեռ ավելին՝ Հիսուս նշան փնտրող ազգերին «չար ու շնացող ազգեր» անվանեց։ Հիսուսի սքանչելի գործերը հրաշքներ չէին, այլ հոգևոր աշխարհում գոյություն ունեցող ուժերի հայտնություններն էին։

Երբ Հիսուսի փորձության ժամանակ սատանան պահանջեց, որ Նա քարերը հաց դարձնի, Հիսուս չարեց այդպիսի բան, քանի որ քարերը երբեք հաց չեն կարող դառնալ, և դա հակառակ է բնության օրենքներին։ Հրաշագործներն էլ, ի վերջո, խաբեբաներ համարվեցին, իսկ հրաշագործների հիմնադրած կրոնները առավելագույնը մեկ դար միայն կարողացան գոյություն ունենալ, քանի որ հրաշքների վրա հիմնված որևէ կրոն երբևէ աստվածային ու տևական լինել չի կարող։ Հրաշքներն ու նշանները երբեք Աստծու գոյությունն ապացուցելուն չեն նպաստել, և եթե նպաստեն էլ, շատ խախուտ ու վաղանցիկ դեր պիտի կատարեն։ Նշանների վրա հիմնված կրոններն ամենից մոլեռանդ ու սնամեջ կրոններն են են եղել երբևէ։

Մի՛ սպասեք, որ երբ չարագործը հանդգնում է պղծել եկեղեցին կամ երբ անարգում է սրբությունները, այդ պահին իսկ շանթահար պիտի լինի։ Այդ պահին անբացատրելի ու խորախորհուրդ մի լռություն է տիրում և չարագործը սանձարձակորեն գործում է իր չարիքը, սակայն եթե այդ պահին նա ազատորեն գործում է, ապա դա չի նշանակում, որ նա երբևէ կարող է ճողոպրել աստվածային արդարությունից, քանի որ, բնության օրենքի նման, անխուսափելի է Աստծու արդարությունը։ Աստծու արդարությունն այնպես է գալիս ու գտնում այդ չարագործին, որ վերջինիս ձեռքերը գոսանում են, բերանը՝ կարկամում, աչքերը՝ կուրանում, նրա խղճի խայթը մեծամեծ վերքեր է բացում իր հոգում, որոնք, վերջիվերջո, ապականում են նրա մարմինն էլ, հոգին էլ, և նրա վիճակն ավելի սոսկալի է լինում, քան դու կարող էիր երևակայել։

Աստծու արդարությունը հոգևոր աշխարհում գործում է իրեն հատուկ օրենքներով, որոնք բնության օրենքների նման անխուսափելի ու հաստատուն են։ Չարագործն իր չարությանն ի պատասխան վաղ թե ուշ չարիք է գտնում. «Մեղավոր մարդուն իր չարագործությունները կորստյան կմատնեն» (Սղմ. ՃԼԹ 12), «որպեսզի գիտենան, թե ինչով որ մեղանչում է մարդ, նույն բանով էլ պիտի պատժվի» (Իմաստ. ԺԱ 17): Ինչպես որ բնության դեմ գործողը բնությունից էլ պատժվում է, այսինքն՝ ինչպես որ մոլեգին մեկը իր մոլությունից էլ վնասվում է, նմանապես և անօրենն էլ իր անօրինությամբ պիտի պատժվի:

Հետևաբար, հրեաների նման՝ չպիտի կարծենք, որ աստվածային զորությունը հրաշքների մեջ է դրսևորվում: Եթե Աստված միշտ հրաշքներ գործեր, ինչպես վերևում նշեցի, այդպիսով Իր տկարությունն ապացուցած պիտի լիներ, փոփոխական մի աստված, սուտ մի աստված պիտի լիներ: Հրաշագործ աստվածների մասին անթիվ-անհամար պատմություններ ունեն հեթանոսները, ուրեմն պիտի հավատա՞նք այդ աստվածներին: Սնամիտ ու սնոտիապաշտ ժողովուրդները ամենից ավելի հրաշախնդիր են: Ուրեմն, ավելորդ է փնտրել Աստծու զորությունն ու իմաստությունը հրաշքների մեջ: Ապա որտե՞ղ է պետք փնտրել այն:

«Եվ հեթանոսները իմաստություն են փնտրում». հեթանոսներն Աստծու զորությունն ու իմաստությունը փնտրում էին իմացականության, հանճարի մեջ: Նրանք աստվածային էին համարում այն բոլոր իմաստասեր հանճարներին, որոնք բանականության լույսով բարության և առաքինությունների սկզբունքներ էին սահմանել և կարգ ու կանոն էին հաստատել: Հեթանոսներն աստվածային իմաստությունը և զորությունը մարմնացած էին կարծում այդպիսի մտքի ու հանճարի տեր մարդկանց մեջ: Հիրավի, փիլիսոփայական պատմություն կարդացող մեկը պիտի հանդիպի այնպիսի մեծագույն դեմքերի, որոնք բարոյական ճշմարտություններ են քարոզել և մշտապես կարևոր դեր են ունեցել:

Այդ փիլիսոփաների գրվածքներն ուշադիր կարդացողը պիտի ասի, որ դրանցում աստվածային ներշնչում կա, սակայն չի կարելի ասել, որ ամեն մի փիլիսոփայի գրածը կամ վարդապետածը ամբողջական ճշմարտություններ են, քանի որ այդ փիլիսոփաների գրվածքներում այնպիսի թերի, տկար, միակողմանի ու հակասական հատվածներ էլ կան, որ բարոյական բարձր նշանակություն ունեցող հատվածների իմաստները վերիվայր շրջում են, ուստի մարդը չպիտի վստահի ու հանձնվի այդ գրվածքների «հոսանքին»:

Բացի այս՝ քննե՛ք, ու պիտի տեսնեք, որ հեթանոս իմաստասերների քարոզությունները ստորացուցիչ կյանքի ու կրոնի են առաջնորդել մարդկանց և մարդ սոսկումով է միայն հետևում պատմության այդ ժամանակահատվածին: Հեթանոսական կյանքը՝ լինի ընտանեկան, թե՝ ընկերական, կատարելապես գարշելի մի ապականություն է եղել: Անգթությունն ու անասնականությունը ծայր աստիճանի են հասած եղել, և եթե փիլիսոփաների հանճարով աշխարհը լուսավորվեց իմացականությամբ, ապա բարքերով մնաց բարոյազուրկ ու վատթար վիճակում. փիլիսոփայությունը ապականություն ու անեծք դարձավ բարոյական աշխարհի համար: Հույների ու հռոմեացիների մեջ տեսնում ենք, որ նրանք սովորաբար անգթորեն սպանում էին նորածին տկար ու տգեղ մանուկներին, կամ էլ, զրկելով խնամքից, շան լակոտների նման տանից դուրս էին նետում:

Եվ, ինչպես վկայում է Արիստոստելը, վրեժխնդրությունն ու անգթությունը իրենց գագաթնակետին էին հասած՝ այն աստիճան, որ վրեժ լուծելը արժանապատությունը բարձր պահել էր նշանակում: Այս «վարդապետության» հետևանքով ի՜նչ անգթություններ ասես, որ չէին գործվում: Կարո՞ղ ենք արդյոք երևակայել հանուն այդ նպատակի ինչպիսի՜ գազանություններ էին կատարվում: Եթե Սպարտայում պատկառելի ու իմաստուն ծերերը հույժ հարգվում էին, ինչի մասին հույների մեջ առակ էր դարձել այն խոսքը, թե «Սպարտայում քաղցր է ծերանալը», սակայն և հիվանդ ու տկարաշարժ ծերերը սպանվում էին անգութ մահվամբ կամ «հրավիրվում» էին թույն խմելու և այս աշխարհից, իբրև ավելորդ տարր, բաժանվելու համար՝ և այդ անգամ այն դեպքում, երբ նույնիսկ իր ուժասպառ վիճակում ծերունին ուզում էր ապրել:

Լիկուրգոսն օրենք էր սահմանել, որ մարդ իր մանկությունից վարժվեր տարածքներ ասպատակելուն և ամեն բան ավար վերցնելուն: Բարոյական կյանք, ընտանեկան կյանք գոյություն չուներ: Պլատոնը, Պյութագորասի նման, ուսուցանում էր, որ քաղաքացիներին իրար հետ սիրով լծորդված պահելու համար անհրաժեշտ է կանանց դարձնել հասարակության սեփականությունը: Կարո՞ղ եք երևակայել, թե սրա հետևանքով ինչքա՜ն սովորական պիտի դառնար անառակաբարո կյանքը, ապականությունն ինչպիսի՜ մեծ ծավալներ պիտի ստանար: Ինչպես որ պատմվում է, համայն Աթենքը մի յուրահատուկ հասարակաց տան էր վերածվել:

Երբ Պլատոնը իր «Հանրապետություն» աշխատության մեջ քարոզում է կանանց՝ «հասարակական» դառնալու առավելությունները, երբ Արիստոստելը մի տեսակ տկարություն է համարում ընկերոջը կարեկցելը և վրեժխնդրությունն էլ ջատագովում է, երբ մի ոմն Էպիկուրյան ուսուցանում է, որ ծայրագույն երջանկությունը հեշտասիրության պահանջները բավարարելու մեջ է, երբ Ստոյիկյանների ներկայացուցիչ Զենոնը անտարբերությունն ու անդյուրազգաց լինելն է կարևորում կյանքի տևականության համար, երբ հեթանոսների իմաստունները ժողովրդին այս ամենն են վարդապետում, ինչպե՞ս կարող է ժողովրդի կյանքը մնալ բարոյական բարձունքում: Այսպիսի քարոզության մեջ մի՞թե կարելի է աստվածային զորություն ու իմաստություն տեսնել:

Այս բոլորն է, ահա՛, գիտնականների ու իմաստունների և աշխարհի բոլոր օրենսդիրների՝ «բնական» լույսով սովորեցրած, քարոզած բարոյականությունը: Սակայն այսպիսի մոլություններով ու մոլորություններով ինչպե՞ս կարելի է մարդկանց սրտերն ազնվացնել ու վսեմ հոգիներն՝ աստվածացնել: Եթե փիլիսոփաները մի քանի մասնակի ճշմարտություններ սովորեցրին էլ, սակայն տարօրինակ երևույթներ վարդապետելուց էլ անմասն չեղան, որով և ապականությունը, խառնակություններն ու ոճրագործությունները անհամեմատելիորեն շատացան:   

«Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին». Առաքյալի պես մենք էլ ո՛չ պիտի հրեաբար մտածենք, ո՛չ էլ հույսներս իմաստասիրության ու փիլիսոփայության վրա դնենք: Նշաններ, հրաշք փնտրող ժողովուրդները միշտ էլ մոլեռանդ ու հետամնաց են եղել: Իմաստասիրության ու փիլիսոփայության վրա հույս դնողներն էլ միշտ առաջնորդվել են բարոյականության համատարած անկումով ու հանգել են քայքայման:

Այս երկու ծայրահեղությունները մարդուն շեղում են իր ուղուց: Պողոս առաքյալը, հակառակ իր՝ ազգությամբ հրեա փարիսեցի լինելուն, հակառակ փիլիսոփայությունը լավ ուսանած և հելլենական իմաստասիրությանն էլ հմուտ լինելուն, վերոհիշյալ երկու ծայրահեղություններից և ոչ մեկին արժեք չտվեց. ո՛չ հրեական նշանին, հրաշագործություններին ու սքանչելիքներին, և ո՛չ էլ փիլիսոփայությանն ու իմաստասիրությանը, այլ՝ Խաչի վարդապետությունն ու Քրիստոսի՛ն ամեն բանից վեր ու գերազանց համարեց:

Խաչի վարդապետությունն իր մեջ բովանդակում է համայն երկնային Սերը, ըստ որի՝ Աստծու առաջ բոլոր մարդիկ հավասար են, ամենքը մեկ խմորից են, ուրիշ նյութից «շինված» մարդիկ չկան: Որևէ մեկին չպետք է արհամարհել և ամենքի հետ պետք վարվել ինչպես հավասարների, ինչպես եղբայրների՛ հետ, ու մանավանդ՝ հարկ է սիրե՛լ նրանց: Պետք է լինել խոնարհ, հեզ, համբերատար, ներող, անոխակալ, մարդասեր և մանավանդ՝ թշնամասեր:

Մանուկներին՝ քաղցրությամբ նայել, ծերերին՝ հարգանք ընծայել, քաղցրություն, բարություն ունենալ ամենքի՛ հանդեպ: Հրեաների ու հեթանոսների աչքին հիմարություն էին նկատվում այս քարոզությունները, սակայն այս առաքինությունները քարոզողները այնպիսի բարի վարքով հանդես եկան աշխարհում, որ զարմանք ու հիացում պատճառեցին նույնիսկ թշնամիներին: Հարստահարումները, լլկանքները, զրկանքները ներելը, թշնամուն, վնասողին, հալածողին ողորմելը, հեզ ու հնազանդ բնություն ունենալը նրանք իրենց անձո՛վ ցույց տվեցին և իբրև Խաչի վարդապետություն՝ «խաչված Քրիստոսի՛ն» վարդապետեցին:

Այս ամենը համայն աշխարհի հեթանոսներին անծանոթ էր ու նրանց անհնար էր թվում, որ մարդ այդչափ խոնարհ, հեզ ու համբերատար հոգի ունենար, որ «նվաճված» հոգին ըստ ամենայնի վսեմական բարձրություն և արժանապատվություն ունենար: Խոնարհությունն ու արժանապատվությունը, նվաստությունն ու վսեմությունը կամ, ռամկորեն ասած՝     ծառայությունն ու աղայությունը, հեթանոսների կարծիքով, միևնույն հոգու էական ու սեփական հատկությունները լինել չէին կարող:

Ասվում է, թե կրոնը որևէ դեր չի կատարել աշխարհում, ու քրիստոնեական կրոնին պատկանող ժողովուրդները կոտորել են միմյանց: Այս խոսքը ճիշտ կլիներ, եթե պատերազմողների մեջ քրիստոնեական ոգին կորսված չլիներ: Ավետարանի քարոզությունը, քրիստոնեական կրոնի բարոյականությունը երբեք չե՛ն առաջնորդել նմանատիպ մարդասպանությունների: Մի՛ կարծեք, որ մերօրյա պատերազմաշունչ վիճակը երկնային մի նշանով վերջ է գտնելու: Եթե իսկ ասեն էլ, թե աստվածային նշան երևաց երկնքից, բանդագուշանք է դա և ոչ այլ ինչ: Աստվածային զորությունը երկնային նշաններով չի ցուցադրվում, և պատերազմն էլ երկնային նշաններով չէ, որ պիտի ավարտվի:

Մի՛ կարծեք նաև, որ իմաստուն, խելացի ու հանճարեղ մարդկանց խորհուրդներով ու ծրագրերով հնարավոր կլինի այս դժոխային տրամադրությունների առաջն առնել: Աստվածային զորությունը մարդկանց իմաստությամբ ու նրանց խորհուրդներով էլ չի արտահայտվում: Բայց հավատացե՛ք ու վստա՛հ եղեք, որ այս աննախընթաց, պատմության մեջ չլսված ու չերևակայված քաոսային վիճակը, եթե «երկնքից՝ նշանով» չի վերջանալու և «հեթանոսների իմաստությամբ» չի դադարելու, սակայն կարող է դադարել, ու խաղաղությունն էլ կարող է ապահովվել «խաչված Քրիստոսի» քարոզությամբ:

Մինչև որ ժողովուրդների սրտում չգա, չբնավորվի քաղցրության, ներողամտության, զիջողության, սիրո ոգին, այս չքնաղ ու երկնային առաքինությունները մինչև որ չիշխեն սրտերի վրա ու սրտերի մեջ, մինչև որ խաչված Քրիստոսի քարոզությունը չըմբռնվի ու չյուրացվի ժողովուրդների կողմից, հնարավոր չէ, որ խաղաղությունն իրականանա, քանի որ աստվածային զորությունը հենց այդ ավետարանական առաքինությունների մե՛ջ է դրսևորվում:

Որքան էլ որ հաղթանակներ տարվեն, հնարավոր չէ այդպիսով խաղաղություն բերել: Որքան էլ որ նորանոր դժոխային գործիքներ հնարվեն՝ թշնամուն պարտության մատնելու համար, հնարավոր չէ բաղձալի պայմաններով խաղաղություն հաստատել: Մինչև որ սրտերի ու հոգիների խաղաղություն չգա, բռնի միջոցներով, պատերազմական հաղթություններով, աշխարհների գրավումներով ու աշխարհակալություններով հնարավոր չէ տևական խաղաղություն ապահովել:

Ահա այդ պատճառով է, որ այսօր մեկ անգամ ևս առաքյալի հետ կրկնում եմ, որ աստվածային իմաստությունն ու աստվածային զորությունը «խաչված Քրիստոսի» վարդապետության մեջ է: Երանի՜ թե ազգերն ու լեզուները գիտենային հաշտարար տրամադրություններով, Ավետարանի ոգու համաձայն, Խաչի քարոզության ըմբռնումով հասկանալ մեկմեկու, լրացնել միմյանց «շահերն» ու հիմք գցել  խաղաղության համար: Իսկ մինչ այդ մենք և՛ս կրկնենք Պողոս առաքյալի հետ. «Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին», որին միայն վայել է փա՜ռք, պատիվ և երկրպագություն: Ամեն:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

10.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․